Նյութը՝ Անի Եղիազարյանի
Լուսանկարները՝ Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանից
Տեղադրվել է 20-09-2016
12 երիտասարդ` 12 միջազգային դիպլոմ
Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դիպլոմային ծրագրի բոլոր 12 անդրանիկ շրջանավարտներն արժանացել են միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմների՝ International Baccalaureate Diploma:

Ճեմարանի սաների քննությունների միջին արդյունքը գերազանցել է աշխարհի միջին ցուցանիշը. առավելագույն 45 միավորից աշխարհի միջին գնահատականը 30 է, ճեմարանականներինը` 33:

«Սա ամենաբարձր` 100% ցուցանիշ է, երբ 12 աշակերտներն էլ գրանցվել, դիմել եւ ստացել են միջազգային բակալավրիատի դիպլոմները»,- ասաց ճեմարանի միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը:
Այս արդյունքը արձանագրվել է հենց առաջին տարում, իսկ համեմատության համար նշենք, որ նման առաջադիմության դպրոցները հասնում են տարիների տեւական աշխատանքի արդյունքում:

«Այս արդյունքը, իսկապես, մեծ նվաճում է, սա նշանակում է, որ մեր աշակերտները լիարժեք յուրացրել են ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային կրթական ծրագրերը, ստացել դիպլոմ, ինչը նրանց համար ազատ մուտք է ապահովել դեպի ցանկացած միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություն»,- ասաց ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: 

Ճեմարանի շրջանավարտների հաջողությունը բարձր է գնահատում նաեւ ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովան. «33 միավորը բարձր ցուցանիշ է, դա նշանակում է, որ ձեր ուսուցիչները կարողացել են աշխատել միջազգային չափանիշներով, իսկ դիպլոմային ծրագրում ձեռք բերած ձեր հմտություններով շատ հեշտ է լինելու սովորել միջազգային հեղինակավոր համալսարաններում»: 



Շրջանավարտների՝ առաջատար բուհերի ցանկը բավականին մեծ աշխարհագրություն ունի՝ Չինաստանից մինչեւ ԱՄՆ, եվրոպական հայտնի համալսարաններից մինչեւ ԱՄԷ: 

Միայն մեկ քննությամբ միջազգային բուհերում իրենց տեղը զբաղեցրած շրջանավարտներից շատերն արդեն մեկնել են, մյուսները կմեկնեն առաջիկա օրերին:

«Դիպլոմային ծրագիրը ինձ տվեց գիտելիքներ, եւ ինձ մնում է միայն խորացնել այդ գիտելիքները արդեն Շեֆիլդի համալսարանում»,- ասաց Ալեք Պետրոսյանը:

Ճեմարանում դիպլոմային ծրագիրը ներդրվել է երկու տարի առաջ եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած աշակերտների համար:

Ուսման տեւողությունը երկու տարի է եւ իրականացվում է անգլերենով: Ճեմարանի միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները ստանում են նաեւ ՀՀ պետական վկայական:

Հիշեցնենք, որ Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Հայաստանի միակ կրթահամալիրն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար միջազգային բակալավրիատի՝  Primary Years Programme, Middle Years Programme եւ Diploma Programme ծրագրերով:

Ժնեւում 1968 թ.-ին հիմնադրված միջազգային բակալավրիատի համակարգը այսօր արդեն ներառում է 3882 դպրոց 148 երկրում եւ իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ։