Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Զեյնալյանի
Տեղադրվել է 18-09-2016
Ամփոփվեց «Ամառային ընթերցանություն-2016» ծրագիրը
Սեպտեմբերի 16-ին «Զանգակ» հրատարակչությունն ամփոփեց իր «Ամառային ընթերցանություն-2016» մանկապատանեկան ծրագիրը, որն արդեն երեք տարի է, ինչ պարբերաբար իրականացվում է:

Երեխաների ամառային արձակուրդը հետաքրքիր եւ ուսանելի դարձնելու նպատակով անցկացվող ծրագիրը միտված է մանկապատանեկան գրքերի ընթերցանությանը, որին մասնակցողները ոչ միայն կարդում եւ վերլուծում են դրանք, այլեւ ամենաակտիվները ստանում են արժեքավոր նվերներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում դեպի գրախանութներ երեխաների հոսքի պակաս է նկատվում, խնդիրն իր վրա է վերցրել «Զանգակ» հրատարակչությունը:

«Կարդա՛ եւ փոխանակի՛ր». ահա այս կարգախոսով է առաջնորդվում «Զանգակ»-ը՝ դպրոցականներին հնարավորություն տալով կարդալու այն գրքերը, որոնք հանգրվանել են մանկական տնակում: Դրանք կարելի էր գտնել մի շարք գրախանութներում: Գնելով մեկը՝ աշակերտն ամռան ամիսների ընթացքում տնակում  ժամանակավոր «բնակվող» այլ գրքերի հետ այն փոխանակելու հնարավորություն էր ստանում:

Ըստ հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի՝ Հայաստանում դեռ ընդունված չէ երեխաների մուտքը գրախանութներ, այնինչ շատ զարգացած երկրներում երեխաներին ուղեկցում են նաեւ ծնողները՝ նրանց ժամանցը միաժամանակ կազմակերպելով հենց գրախանութներում. «Այս ծրագիրն այդ բացը լրացնելու նպատակ ունի: Այս փոքրիկ, բայց հաստատուն քայլերը պետք է տրամադրեն եւ ոգեւորեն երեխաներին ավելի հաճախ այցելելու գրախանութներ, իմանալ, թե որտեղ են դրանք գտնվում, ինչ գրքեր են վաճառվում եւ այլն: Երեխաների այցելություններն էլ պետք է հրատարակիչներին ստիպեն, որպեսզի նրանք ստեղծեն ավելի բարենպաստ միջավայրեր»:



- Պարո՛ն Մկրտչյան, ծրագիրը հասանելի եղե՞լ է նաեւ մարզերում սովորողների համար: Բացի դրանից՝ քանի՞ դպրոցական է մասնակցել…

- «Ամառային ընթերցանություն» ծրագիրը չի սահմանափակվել միայն մայրաքաղաք Երեւանով, ծրագրին մասնակցել են նաեւ մարզերի դպրոցականները: Թեեւ մարզերում վիճակը ցավալի է՝ պայմանավորված գրախանութների սակավությամբ, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մարզային մի շարք ներկայացուցիչների հետ մեր՝ առաջիկայում նախատեսվող համագործակցությունները նկատելի արդյունք կտան: Մանկապատանեկան ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 400 դպրոցական, իսկ ընդհանուր առմամբ այս երեք տարիների ընթացքում դպրոցականների թիվն անցել է 1000-ի սահմանը: Ուրախալին այն է, որ այս թիվը պարզապես թիվ չէ. բանն այն է, որ ծրագրի մասնակիցները դառնում են ընթերցասեր: Բացի մեր գրախանութից՝ նմանաբնույթ միջոցառումներ կազմակերպում ենք նաեւ այլ գրախանութներում, որպեսզի երեխաները մանկուց կապվեն գրքին, գրականությանը:

- Ի՞նչ ձեւով խրախուսվեցին լավագույն ընթերցասերները…

- Հաղթողներին բաժանել էինք երկու խմբի՝ լավագույնների եւ ամենաակտիվների: Ծրագրին մասնակցած 400 դպրոցականներից հաղթեցին 26-ը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցանակն անձնական չէր, այլ հանրային: Ամենաշատ գրքեր ընթերցած դպրոցի աշակերտները 6 ամսով տնակը տեղափոխում են իրենց դպրոցի գրադարան, որպեսզի իրենց ընկերները նույնպես կարդան դրանք: Այս տարվա հաղթողը համար 26 դպրոցն էր: Լավագույնը չճանաչված, բայց ակտիվություն ցուցաբերած դպրոցականներին էլ պարգեւատրեցինք գրքերով, զեղչի քարտերով եւ այլն: Բացի դրանից՝ հաղթողներին ընդգրկելու ենք նաեւ մանկապատանեկան ծրագրերի կազմակերպչական գործերում:

- «Զանգակ» հրատարակչությունում տպագրվում են նաեւ դպրոցական դասագրքեր: Ի՞նչ սկզբունքով են դրանք տպագրվում եւ վերահրատարակվում:

- Դպրոցական դասագրքերի հիմնական մասը տպագրում ենք Կրթության եւ գիտության նախարարության պատվերով: Մեր հրատարակչությունը պարբերաբար մասնակցում է այդ մրցույթներին: Դրանց զուգահեռ՝ մենք տպագրում ենք նաեւ բազմաթիվ կից ձեռնարկներ՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Համագործակցում ենք նաեւ ոլորտի առաջատար մասնագետների հետ, նրանց մեծ մասն ընդգրկված է հրատարակչական խորհրդում: Յուրաքանչյուր գրքի լույսընծայումից առաջ քննարկումներ եւ վերլուծություններ են կատարվում: Ինչ վերաբերում է վերահրատարակումներին, ապա դրանք որոշակի լրացումներով ու ժամանակակից մոտեցումներին համապատասխան՝ կրկին տպագրում ենք:



- Արդյո՞ք ուսումնասիրվում է միջազգային փորձը…

- Բնականաբար: Պետք է հպարտորեն նշեմ նաեւ, որ հրատարակչության գրքերն իրենց բովանդակային որակով չեն զիջում միջազգային գրքերին: Օրինակ՝ մեր կողմից հրատարակված «Մաթեմատիկա» դասագիրքն արդեն իսկ թարգմանվել է մի շարք լեզուներով: Ղրղզստանում մաթեմատիկան անցնում են հենց մեր հրատարակած դասագրքերով: Սա նույնպես ցուցանիշ է, քանի որ մեր գրքերը բովանդակային որակով մրցունակ են նաեւ միջազգային շուկայում: Մեր ստեղծագործական թիմը մշտապես հետեւում է մասնագետների, ծնողների եւ աշակերտների կարծիքներին, հետեւություններ անում:

- Վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է նաեւ թարգմանական գրականությունը: Ի՞նչ սկզբունքով են որոշվում դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ՝ ո՞րն է այն գիրքը, որ շուտով դրվելու է ընթերցողի սեղանին:

- Այդ գրքերը շատ են, եւ մենք դժվարությամբ ենք կողմնորոշվում, թե որից սկսենք, հատկապես՝ մանկական գրականության դեպքում. ցուցակը բավականին մեծ է: Բացեր, անխոս, շատ կան, բայց մենք փորձում ենք հնարավորինս աշխատել այնպես, որպեսզի դրանք լինեն ոսկե ֆոնդից:  Թարգմանական գրականությունը չպետք է լինի միայն տվյալ ժամանակահատվածին բնորոշ: Մենք ցանկանում ենք հիմնականում տպագրել այնպիսի գրքեր, որոնք կլինեն մնայուն: Հիմնականում տպագրում ենք 500 օրինակով, ինչը, բնականաբար, լավ ցուցանիշ չէ բիզնեսի տեսանկյունից… Դա է հիմնական խնդիրը, որ չենք կարողանում շատ գրքեր թարգմանել: Սպասումը մեծ է «Հարրի Փոթթեր-2»-ը տպագրելու առումով. մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: