Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-09-2016
Նարե Գեւորգյան. «Երազանքներն ինձ համար նպատակներ են»
Երգչուհի Նարե Գեւորգյանը հանրությանը գրավեց հենց առաջին իսկ ելույթից: «Հայ սուպերսթար» նախագծի սիրված մասնակիցը մի քանի տարի անց դարձավ «Պրեմիերա» նախագծի հաղթողը:

Նարեին սիրում են բոլորը, հատկանշական է, որ յուրաքանչյուր ելույթի ժամանակ  հավատարիմ կերպով երգչուհու կողքին են լինում Նարեի երկրպագուները: Eritasrad.am-ի զրուցակիցն այս անգամ Նարե Գեւորգյանն է:

- 2001-03 թթ. «Էջմիածին» երգի մրցույթում ստացել եք «Գրան պրի», ստացվում է՝ հաղթանակները միշտ են ուղեկցել Ձեզ: Երկար ժամանակ չի անցել «Պրեմիերա» նախագծի հաղթանակից, ի՞նչ է փոխվել այս ընթացքում Ձեր կյանքում, կարծում եմ` դա բավականին լուրջ հաղթանակ էր: 

- «Պրեմիերա» նախագծին մասնակցելն ու առավել եւս հաղթելը ինձ համար պարտավորեցնող էին, քանի որ բացի նրանից, որ մասնակցել էի «Պրեմիերա 1»-ին եւ չէի հաղթել /այդ եթերաշրջանում ես ունեի բավականին լուրջ մրցակիցներ, կոլեգաներ, որոնցից շատերն արդեն սիրված էին հեռուստադիտողի կողմից/, հետեւաբար հաղթելու ցանկությունս մեծ էր: «Պրեմիերա 3»-ում պարտվելն ավելի ցավոտ կլիներ, քան առաջինում: 

- Նարե՛, հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր վերջին հաղթանակը Ձեզ նոր շունչ է հաղորդում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ ստեղծագործական փուլում եք գտնվում հիմա:

- «Պրեմիերա» նախագծում ձեռք բերեցի երկու երգ: «Իմ փոխարեն» եւ «Արեւ» երգերի հեղինակ Լինա Թորոսյանն ինձ նվիրեց նաեւ «Անձրեւ» երգը, որի գործիքավորման վրա էլ այժմ աշխատում ենք: Հուսամ` շուտով կներկայանամ նոր տեսահոլովակով: Կարծում եմ՝ շուտով կներկայանամ «Թաքնված սեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով, որը հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» սերիալի երգը: Առաջիկայում Մոսկվայի հանրությանը կներկայանամ նաեւ մի համերգային ծրագրով, որը հագեցած կլինի ժողովրդական երգերով:

- Երգերը «սեփականացնելու» ճանապարհին ի՞նչն եք ավելի շատ կարեւորում:

- Կարեւոր եմ համարում այն, որ երգը լսելու առաջին իսկ տասը վայրկյանից հասկանամ, որ այն իմն է, ես պետք է յուրովի զգամ եւ ապրեմ այն: Գիտեք, երբեմն մենք կատարում ենք երգեր, որոնք իրականում մենք ներքուստ չենք զգում, եւ դա անպայման անդրադառնում է երգի վրա: Կարծում եմ, որ երգերը հաջողված են միայն այն դեպքում, երբ դու այն կատարում ես ապրելուց հետո՝ հասկանալով եւ ընկալելով այն, ինչ պետք է կատարես:

- Նարե՛, ի վերջո, ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Կարծում եմ, որ այն, որ երգում եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով, առողջ եւ երջանիկ ապրում եմ ընտանիքիս եւ սիրելի ընկերներիս հետ, արդեն մեծ ձեռքբերում է: 



- Այսօր երգիչներից շատերը հայտնվել են սերիալում, հնարավո՞ր է՝ մի օր էլ Նարե Գեւորգյանին տեսնենք ֆիլմերում:

- Չի բացառվում, չնայած գիտեմ, որ չունեմ դերասանական ոչ մի տվյալ, սակայն ստանալով հետաքրքիր առաջարկ՝ կմտածեմ այդ ուղությամբ:

- Կապը «Շանթ» հեռուստաընկերության հետ պահպանվո՞ւմ է:

- Կապը «Շանթի» հետ շարունակվել է, շարունակվում է եւ կշարունակվի, որքան էլ անհատական գործունեություն ծավալեմ: Գիտեմ, որ ցանկացած պահի, երբ օգնության կարիք ունենամ, «Շանթը» կրկին իմ կողքին կլինի: Ի վերջո, երգարվեստում առաջին քայլերս կատարել եւ կայացել եմ հենց այդ հեռուստաընկերությունում, ուստի կապս այդ հեռուստաընկերության հետ միշտ կպահվի:

- Նարե՛, ես գիտեմ, որ շատ փխրուն հոգի ունեք, ուստի միանշանակ կարելի է ասել, որ նաեւ նեղացկոտ եք եւ երազկոտ, այդպե՞ս է:

- Ընկերներս կփաստեն, որ ամենեւին էլ նեղացկոտ չեմ, եթե նույնիսկ նեղանում եմ, դա տեւում է շատ քիչ, հաշված րոպեներ անց ես նույնիսկ մոռանում եմ, որ նեղացել եմ: Այո՛, երազկոտ եմ, բայց ոչ չափից դուրս, չեմ սիրում ապրել երազանքներով, քանի որ երբ դրանք չեն իրականանում, կոտրվում եմ եւ հուսահատվում: Երազանքներն ինձ համար նպատակներ են, որոնց իրականացման դեպքում հպարտանում եմ ինքս ինձնով, որ իմ առջեւ նպատակ եմ դրել եւ հասել դրան:

-Ի վերջո, բոլորս ունենք երազանքներ, ինչի՞ մասին եք երազում:

- Ներկա պահին չկա երազանք, սակայն գիտեք, վերջերս մի բանի մասին եմ երազում: Անվերջ խնդրում եմ Աստծուն, որ ազգիս զինվորները ողջ եւ առողջ վերադառնան իրենց օջախ, ա՛յ դա իսկական երազանք է…

- «Նարեն երբեք չի դադարի». շարունակե՛ք միտքը:

- Նարեն երբեք չի դադարի զարմացնել, անակնկալներ  մատուցել իր լսարանին, վայելել իրեն տրված կյանքի ամեն մի վայրկյանն ու մնալ այնպիսին, ինչպիսին որ կա: