Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-09-2016
Միստր x. «Իմ սիրտը լեռներում է…»
90-ականների սերունդը հատկապես լավ է հիշում սկզբնական շրջանում դիմակով հանդես եկող, հաճելի ձայնով այն երգչին, ում փակ աչքերի հետ կապված բազմաթիվ առասպելներ էին հյուսվում:

Խորհրդավորությունը կորավ, երբ երգիչը բացեց աչքերը եւ հանդիսատեսը համոզվեց, որ այն բեմում զուտ հետաքրքրություն առաջացնելու, տարբերվելու համար է միայն: Նա սիրվեց իր երգերով, կատարումներով, օպերային ձայնով: Միստր x-ի` Արթուր Հակոբյանի հետ ենք զրուցել հայրենիքից, կարոտից, երջանկությունից, սիրուց, արվեստից…

Միստր x-ը երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:  

- Արթո՛ւր, երկար ժամանակ է` Ձեզ  էկրաններից քիչ ենք տեսնում: Գիտեմ, որ ԱՄՆ-ում եք ապրում, պատմե՛ք՝ ինչո՞վ եք զբաղվում:

- 2012 թ.-ին մենահամերգով մեկնեցի ԱՄՆ, գործնական առաջարկ եղավ, եւ այդպես էլ մնացի այստեղ: Էկրաններին շատ չեմ երեւում գուցե այն պատճառով, որ այստեղի հեռուստաընկերություններն այնքան ակտիվ եւ ուժեղ չեն, որքան Հայաստանում: Ինչ խոսք, տեսահոլովակ էլ հաճախակի չեմ նկարում: Չնայած վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցի «Սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ:

- Կարոտո՞ւմ եք Հայաստանը:

- Կարոտում եմ անչափելի մեծ կարոտով… Կարոտում եմ Հայաստանը, երբեք այսքան երկար չէի բացակայել հայրենիքից… ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է:

- Ի՞նչ է պակասում արտերկրում ապրող, ստեղծագործող արվեստագետին:

- Արտերկրում ապրող եւ ստեղծագործող արվեստագետին պակասում է հայրենիքը, հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու հնարավորությունը:

- Երեւանում ամենաշատը ինչի՞ն եք կարոտել (պահեր, զգացողություններ…):

- Կարոտում եմ ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանն ամբողջությամբ… Նորավանքը, Հաղարծինը, Սեւանա լիճն ու Խոր Վիրապը, Գառնիի տաճարն ու Ամբերդի հրաշք ամրոցը: Կարոտում եմ հայկական գյուղերը: Կարոտել եմ երեւանյան փողոցներով զբոսնելուն… Հյուսիսային պողոտան, Կասկադը… երեւանյան սրճարանները… Դավիթաշենը, որտեղ իմ տունն է:

- Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կարող եք նշել Արթուր Հակոբյանի եւ Միստր x-ի միջեւ:

- Միստր x-ը դիմակով ամեն տեղ չէր հայտնվում կամ երգում, իսկ Արթուրը երգում է բազմաթիվ փոքր եւ մեծ բեմերից, տարբեր առիթների ժամանակ: Մի քիչ ավելի երկրային է Արթուրը, իսկ Միստր x-ն ավելի հեքիաթային կերպար է:

- Արթո՛ւր, Դուք սկզբնական շրջանում դիմակով էիք հանդես գալիս, իսկ կյանքում «դիմակներ» կրո՞ւմ եք:

- Ոչ միայն ես, այլեւ շատ մարդիկ հաճախ տարբեր իրավիճակներում հայտնվելիս դիմակ են կրում, որպեսզի դիմանան… Գուցե իրենց են թաքցնում կամ այն գանձերը, որոնք հավաքել են եւ չեն ուզում փռել չգնահատողների առջեւ:

- Որեւէ տարբերություն զգում էիք հանդիսատեսի ընկալման առումով, երբ սկսեցիք առանց դիմակի հանդես գալ:

- Խորհրդավորությունը կորավ, բայց ես ավելի եմ լավացրել երգելս, ձայնս ավելի եմ մարզել եւ շատ ավելի վստահ եմ ինձ զգում բեմում: Շատ ավելի դժվար ստեղծագործություններ են հնչում իմ կատարմամբ: Հանդիսատեսն արդեն ավելի շատ սիրում է իմ ձայնը, այլ ոչ թե այն գաղտնիքը, թե տեսնես ինչ կա դիմակի հետեւում:

- Աչքերը կապած երգչի մասին բազմաթիվ առասպելներ էին հյուսվում. նա կույր է, դեմքին սպի ունի… Ո՞րն է Ձեր լսած ամենածիծաղելի առասպելը:

- Ասում էին, որ շատ հարուստ ընտանիքից եմ, եւ հայրս իբր արգելել է ինձ երգել, եւ ես դիմակով եմ հանդես գալիս, որպեսզի ինձ չճանաչեն: Սակայն դա, իհարկե, այդպես չէր:



- Ձեզ համար ո՞րն է երջանկությունը:

- Երջանկության ամենաճիշտ բանաձեւը հայրս էր ասում, այն է՝ երջանկություն է, երբ շտապում ես աշխատանքի, որովհետեւ սիրում ես աշխատանքդ եւ շտապում ես տուն, որովհետեւ տանը քո սիրելիներն են:

- Սիրո դերը Ձեր կյանքում…

- Առանց սիրո ամեն ինչ ունայն է ու ձանձրալի: Սերը մեծ իմաստ ունի, ներառում է ներողամտություն, կարոտ, բարություն…. Առանց սիրո մարդն ուղղակի կդառնա ռոբոտ, մեխանիկական մեքենա… Այժմ սիրո պակաս շատ կա աշխարհում:

- Ինչո՞վ եք առաջնորդվում կյանքում:

- Բարություն, արդարություն, ճշմարտություն… Պետք է լինել ազնիվ եւ հիշել, որ վաղը հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր:

- Ի՞նչ կուզեիք անել, որ մինչեւ հիմա չեք արել:

- Կուզեի իմ երկրի համար շատ բաներ անել, օգնել դժվարության մեջ գտնվող ամեն մարդու: Հեծանիվ երազողին մեքենա նվիրել, աշխատատեղեր ստեղծել, որ բոլորը աշխատանք ունենան… Չգիտեմ, դեռ շատ բաներ կան, որ կուզեի անել, բայց դեռ չեմ արել կամ կիսատ եմ թողել:

- Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Երգում եմ հիմնականում սիրո մասին, եւ անծանոթ գեղեցկուհին անգամ կարող է լինել նոր երգի կամ ստեղծագործության ոգեշնչման աղբյուր: Վերջին երգերս ունեն արդեն իրենց ոգեշնչման աղբյուրը...