Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-09-2016
Ջուս. «Բեմում ես ապրում եմ ուրիշ աշխարհում»
Ջուսը հայկական շոու բիզնեսի եզակի «խենթ» կերպարներից է: Նրան կարելի է տեսնել տարբեր ոճերում՝ գյուղական աղջնակից մինչեւ անհավանական թվացող կերպարներում:

Հասարակության մի մասին խորթ են նրա կերպարները, սակայն ոմանց էլ Ջուսի կերպարները հիացնում են յուրօրինակությամբ: Ինչեւէ, իր խենթությունների եւ  ամուսնության  մասին էլ զրուցեցինք երգչուհի Ջուսի հետ:

- Ինչո՞ւ է Ջուսն այսքան խենթ:

- Միգուցե շատերը կզարմանան, բայց պետք է նշեմ, որ  իրականում էությամբ շատ հանգիստ մարդ եմ, պարզապես իմ բեմական կերպարին նայելով՝ կարծում են, որ ես շատ աշխույժ   եմ եւ խենթ: Գիտեք, կարծում եմ՝ պատճառն այն է, որ բեմում ես ապրում եմ ուրիշ աշխարհում եւ չեմ նկատում այն ամենը, ինչ կատարվում է շուրջս:

- Ի՞նչ եք կարծում՝ հասարակությանը Ձեր խենթություններն ավելի շատ դո՞ւր են գալիս, թե՞ հակառակը:

- Նախկինում հասարակությանը մի փոքր խորթ էին իմ արարքները թե՛ բեմում, թե՛ իմ POP արվեստում, սակայն պետք է խոստովանեմ, որ շատերն արդեն սպասում են, թե ինչ նոր բան է անելու Ջուսը:

- Ջո՛ւս, վերջերս կազմեցիք ընտանիք: Հետաքրքիր է՝ ինչպես է ընթանում ամուսնական կյանքը:

- Մեր ամուսնական կյանքն անցնում է շատ հետաքրքիր: Ես եւ ամուսինս դրական մարդիկ ենք, հետեւաբար երբեք միասին չենք տխրում:



- Նախորդ մեր հարցազրույցում նշել էիք, որ ցանկանում եք երեխա ունենալ, սակայն ժամանակ չունեք. դեռ չի՞ եկել այդ ժամանակը:

- Դեռ շատ հարցեր կան, որ պետք է  կարգավորվեն մինչ երեխա ունենալը: Ես կարծում եմ, որ եթե երեխան լույս աշխարհ է գալիս, ապա նա պետք է ոչնչի պակաս չունենա: Ծնողները պետք է միշտ մտածեն այդ մասին, որպեսզի երեխան չտխրի:

- Ձեր ամուսինը մասնագիտությամբ իրավաբան է, ինչպե՞ս է վերաբերում Ձեր բեմական կերպարներին եւ առհասարակ արտիստիկ կյանքին:

- Վահագը արվեստ սիրող եւ գնահատող անձնավորություն է: Նա շատ է սիրում եւ գնահատում այն, ինչ ես անում եմ: Նա ինձ  չի արգելում  հագնել այս կամ այն բանը կամ երգել, բեմում հանդես գալ հետաքրքիր կերպարներով: Ինչպես ամուսինս է ասում, նա ինձ հենց իմ յուրահատկության համար էլ սիրեց:

- Բեմում փայլում եք, իսկ հետաքրքիր է՝ խոհանոցում հաճա՞խ եք լինում:

- Եփող-թափող արտահայտությունը հենց ինձ համար է, խոհանոցային գործերն ինձ մոտ շատ լավ են ստացվում: Խոհանոցում լավ է ստեղծագործում նաեւ ամուսինս. Վահագն իրոք շատ «համեղ» ձեռք ունի:

- Ջո՛ւս, շատ ռիսկային անձնավորություն եք: Կա՞ մի բան, որը երբեւէ  չեք անի:

- Շատ բաներ կան, որ չեմ անի, օրինակ՝ չեմ թռչի օդապարիկով, գլուխս չեմ թողնի կոկորդիլոսի բերանի մեջ, չեմ ուտի տապակած խավարասերներ եւ այսպես շարունակ:

- Ի՞նչ նոր անելիքներ ունեք երգարվեստում:

- Անելիքները շատ են՝ ե՛ւ նոր տեսահոլովակներ, ե՛ւ նոր երգեր: Ներկա պահին ունեմ երկու հիանալի երգեր, որոնց հիման վրա կնկարահանեմ տեսահոլովակ: Դրանք երկու տարբեր ոճերի երգեր են, եւ ես վստահ եմ, որ այդ երգերը կզարմացնեն իմ երկրպագուներին: Այնտեղ կլինեն շատ անսպասելի կերպարներ: