Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-08-2016
Անի Լուպե. «Ինձ ոգեշնչում է նույնիսկ լավ եղանակը»
Սիրված դերասանուհի Անի Լուպեն հանրությանը հայտնի է որպես հրաշալի դերասանուհի, յուրահատուկ մարդ, սակայն քչերը գիտեն, որ Անին նույն կերպ փայլում է երգելուց, պարելուց եւ առհասարակ: Eritasard.am-ն այս անգամ զրուցում է լուսավոր եւ գունեղ Անի Լուպեի հետ:

- Անի՛, ե՛ւ պարում եք, ե՛ւ երգում, ե՛ւ փայլում բեմում:Բեմը մեծ էներգիա է պահանջում: Պատկերացնում  եմ՝ մի քանի ժամ շարունակ այդքան բան անելն ինչ դժվար կլինի: Չե՞ք հոգնում եւ որտեղի՞ց եք ետ վերադարձնում էներգիան:

- Շնորհակալ եմ այդպիսի կարծիքի համար: Հարցին կպատասխանեմ կեսկատակ-կեսլուրջ: Գիտեք՝ ընկերներս ինձ հաճախ նմանեցնում են հայելու, որն անդրադարձնում է արեւի լույսը, իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ ո՛չ. ես չեմ հոգնում աշխատանքից, այն ինձ ուժ է տալիս, իսկ ինչ վերաբերում է էներգիա ստանալուն, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ էներգիա է տալիս եւ ոգեշնչում է նույնիսկ լավ եղանակը:

- «Ոչ մի դերից չեմ հրաժարվել եւ չեմ հրաժարվի». Դուք ասել եք հարցազրույցներից մեկի ժամանակ: Ի վերջո, մասնագիտության շրջանակում չկա մի բան, որից կհրաժարվեք, օրինակ՝ դեր, ժանր կամ խաղընկեր: 

- Այո՛, ես չեմ ժխտում իմ  ասածները: Իրականում թե՛ թատրոնը, թե՛ կինոն ինձ համար կյանք են: Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում ես չեմ հրաժարվում ինձ բաժին հասած փորձություններից եւ պարգեւներից:

- Գիտեմ, որ ազատությունը համարում եք ամենալավ ու արժեքավոր երեւույթներից մեկը: Հոգեբաններն ասում են, որ ազատություն սիրող մարդիկ երազում են թռչելու մասին…

- Չեմ ճանաչում մի մարդու, ով խելագարվում է անազատության համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի ազատության իր չափորոշիչներն ու սահմանները:Այո՛, ես ազատ եմ սիրելու, ստեղծագործելու եւ ուղղակի ապրելու մեջ եւ եթե ես որոշեմ թռչել, ես դա ուղղակի կանեմ:



- «Ամեն առավոտ արթնանալով՝ ես ունեմ իմ նոր ծրագիրն ու նոր տեսիլքը». իսկ ի՞նչ եք մտածում, երբ  բացում եք աչքերը:

- Այո՛, ամեն առավոտ ինձ համար մի նոր հնարավորություն է, եւ եթե ես ունեմ եւս մեկ հնարավորություն, նոր ծրագիր, նոր գաղափար, ապա համաձայնե՛ք, որ կյանքը հրաշալի է:

- Անի՛, մարդիկ ապրում են երազանքներով, ո՞րն է Ձեր ամենաարտասովոր երազանքը:

- «Երբ ես մեկին չափազանց շատ եմ սիրում, երբեք չեմ տալիս նրա անունը, դա նույնն է, ինչ ուրիշներին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկը: Ես դարձել եմ գաղտնապահ, ինձ դուր է գալիս մարդկանցից թաքցնել իմ գաղտնիքները, ամենաաննշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում ես այն». այս խոսքերը գրել է Օսկար Ուայլդը իր «Դորյան Գրեյի դիմանկարը» վեպում, իսկ ես այս խոսքերին կավելացնեմ, որ իմ երազանքները նույնպես գաղտնիք են:

- Անի՛, ես գիտեմ, որ Ձեր էությամբ խենթ եք: Արդյո՞ք ձեր երկրորդ կեսը նույնպես պետք է աչքի ընկնի խենթությամբ:

- Ես չէ, որ պետք է որոշեմ, թե ինչպիսին պետք է լինի իմ երկրորդ կեսը, այդ կարեւոր թելադրանքը կատարում է իմ սիրտը, որի դեմ ես անզոր եմ:

- Աշխատում եք մի թատրոնում, որն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ. Կամերային թատրոնում այլ է ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ աշխատակազմը, ե՛ւ ներկայացումների թեմատիկան: Բավական ժամանակ է, ինչ «ապրում» եք այդ թատրոնում, ի՞նչ եք սովորել այդ տարիների ընթացքում:

- Ընդունված է ասել, որ թատրոնն ամբիոն է, որտեղից ասվում է ճշմարտությունը, սակայն մեր թատրոնն ունի մի յուրահատկություն. այստեղ ներկայացումները ծնվում են այսօր եւ այսօրվա մասին: Մենք սովորում ենք մեր հանդիսատեսից, իսկ ահա հանդիսատեսն էլ սովորում է մեզանից:



- Վերջին գիրքը, որ կարդացել եք:

- Չ. Բուկովսկու «Makulatura»-ն, որը, ի դեպ, դեռ ընթացքի մեջ է:

- Անի՛, ո՞ր հեքիաթի հերոսին եք Ձեզ նմանեցնում:

- Գիտեք՝ այնքան տարբեր են հերոսները: Ես մի օր կարող եմ լինել Փոքրիկ Իշխանը, մի օր՝ Մոխրոտը, իսկ երբեմն էլ Սառցե թագուհին: Իսկ թե ինչ հերոսի կնմանվեի վաղը, դեռ պարզ չէ:

- Սիրված դերասանուհի եք, սակայն հեռուստատեսությամբ Ձեզ այդքան էլ հաճախ չենք տեսնում, առաջարկներ չկա՞ն, թե չեք սիրում սերիալներն ու ֆիլմերը:

- Առաջարկներ հաճախ եմ ստանում, սակայն ոչ բոլորի ստեղծագործական միտքն է համընկնում իմ մասնագիտական նախասիրությունների հետ:

- «Ես ամեն օր հայտնվում եմ…». շարունակե՛ք միտքը:

- Ես ամեն օր ճիշտ ժամանակին հայտնվում եմ ճիշտ տեղում: