Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 28-08-2016
Արմեն Մովսիսյան.«Երիտասարդ տարիները պետք է ապրել խելառ, բայց ոչ գժի թղթով»

Գիշե’ր, ես քո պահակն եմ,

Հավերժ աստղիդ անցվոր վկան,

Ես հասարակ մի երգահան եմ,

Որ պիտ երգեմ, ջնջվեմ գնամ…

Իր երգերի տողերով է բնութագրում իրեն երգահան Արմեն Մովսիսյանը: Նրա հետ զրուցել ենք երիտասարդ տարիներից, անցած ճանապարհից, երջանկությունից, սիրուց, հայրենիքից:

Արմեն Մովիսյանին երիտասարդները ճանաչում եւ սիրում են հատկապես «Քեզ իմ սիրելիս», «Հանդիպում», «Վեր կաց եղբայր իմ», «Հուսո առագաստ», «Հաց եմ բերել, տղե’րք» ստեղծագործություններով: Իր երգերով սիրված արվեստագետին, սակայն, ժամանակին անգամ երաժշտական դպրոց չեն ընդունել լսողության բացակայության պատճառով: Ծննդավայրի` Կումայրիի «Բանվոր» թերթի «Պիոներ կանչի» մի բանաստեղծ էլ խորհուրդ է տվել պատանի պիոներին հարիր բաներ գրել: Ցանկացել է աստղագնաց դառնալ, որն այդպես էլ չի հաջողվել:

-Ոչ մի հեռանկար, նույնիսկ հեռավոր երազանք չեմ ունեցել դեպի երգարվեստը գնալու: Երբեք բեմ դուրս գալու մասին չեմ երազել: Մի պահ եկավ, որ ինձ լսողներն ասացին` վատ չի, եւ ծնվեցին իմ ստեղծագործությունները:

Քսան տարի առաջվա եւ ներկայիս Արմեն Մովսիսիյանի մեջ ոչինչ չի փոխվել:

-Քսան տարի առաջ ես ուղղակի երիտասարդ էի: Ստացվեց, որ ամեն ինչ կամ շատ բան է փոխվել:

Կյանքում առաջնորդվում է` փորձելով չխախտել մի՛ շնանանա, մի՛ խաբիր, մի՛ գողացիր պատվիրանները:

-Իսկ եթե անցել ես այդ սահմանը (ով չի անցել թող քար նետի իմ վրա), փորձել շտկել, ուղղել, որ էլ չկրկնվի: Այդ մասին Աստվածաշնչում է գրված, շատերը մեջբերումներով գիտեն, բայց միեւնույնն է, ճիշտ հակառակն են անում: 

Հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին` դժվարանում է առանձնացնել իր ամենամեծ ձեռքբերումը: 

-Տիեզերական ժամանակի հետ համեմատած` այնքան կարճ է կյանքը, որ մեր լուսամուտից երեւացող ձեռքբերումը կարող է ուրիշին ուղղակի ծիծաղելի թվալ: Ապրում եմ էլի, մնացածն իմ դատելիքը չէ: 

Եթե հնարավորություն լիներ, ապա երիտասարդ Արմեն Մովսիսյանին խորհուրդ կտար ավելի ուշադիր եւ նրբանկատ լինել ծնողների նկատմամբ:



-Երիտասարդական մաքսիմալիզմը նրանց ի ցույց դնել պետք չէ, նրանք մեզ միշտ սիրում են: 

Երիտասարդ տարիները պետք է ապրել խելառ…բայց ոչ գժի թղթով: 

-Կյանքի համը սերն է, որն հեռանում է եւ հայտնվում անէությունից: 

Տարիներ անց էլ նրա զգացմունքների մեջ ոչինչ չի փոխվել: Եթե այժմ էլ գրեր «Հանդիպում», «Քեզ իմ սիրելիս» երգերը, ապա բառերի մեջ ոչինչ չէր փոխի:

-Ինչ ապրել եմ իմն է, ինչո՞ւ փոխել, օդից չեմ վերցրել այդ բառերն ու զգացմունքները:

Երիտասարդ տարիների հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների մեջ հատկապես տպավորել են Ազատության հրապարակի ցույցերը, երբ նույնիսկ թերթերն են գրել, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրպանահատության դեպք անգամ չի գրանցվել:

-Անհավատալի բյուրեղացում էր, ազնիվ ռոմատիզմ: Իսկ ընդհանրապես երկարաժամկետ հիշողությունս շատ կարճ է, այնպես չէ, որ դասընկերներիս կամ ուսանողական ընկերներիս չեմ հիշում, բայց մանրամասները ջնջվում կամ շատ խորն են թաքնվում:

Իրեն երջանիկ է համարում ընտանիք, զավակներ, հաճելի աշխատանք ունենալով առումով, սակայն տանջվում է հայրենիքի կարոտից:

-Ես երջանիկ եմ մի մասով միայն. ունեմ հաճելի գործ, ընտանիք, զավակներ: Բայց երջանիկ չեմ, որովհետեւ կա կարոտ, իմ ժողովրդին տանջող անարդարության, խեղված հույսերի ու ճակատագրերի չլուծված կծիկ: Ոմանց գուցե միայն մի մասի առկայությունը բավարարում է, ինձ` ոչ: 

Չի հավատում, որ մի օր հայրենիքից հեռու գտնվողները հրաշքով կգան եւ կապրեն իրենց երկրում, սակայն համոզված է, որ երկիրը դրախտավայր դարձնելը հնարավոր է:



-Հրաշքների չեմ հավատում, սակայն հայրենիքը կարելի է դրախտ սարքել, եթե թունելի վերջում, դատարկախոսությունից բացի, թողնեն, որ լույսը երեւա: Ո՞վ չի ուզի ապրել դրախտում: Երեւի միայն նրանք, ովքեր առիթ-անառիթ բղավում են` երկիրը երկիր չի, կարող եմ ասել, որ այդ ժողովուրդն էլ ժոլովուրդ չէ: Նրանց չվերադառնալուց երկիրը չի տուժի, իսկ մնացածը սիրով կգան, որովհետեւ շատերի սիրտը Հայաստանում է:

ԱՄՆ-ում երեխաներին նվագել, երգել, երգի միջոցով նաեւ հայերեն կարդալ ու հայ զգալ է սովորեցնում: 

-Պարտադիր չէ, որ կուրծքդ ծեծես ու ասես, որ հայ ես. տեսակիդ պատկանելիությունը պետք է փաստես լավ, բարի գործով: Իմ երեխաների համար հպարտ եմ, որ գործով իրենց հայրենիքի մի մասնիկն են զգում: Դրսում ապրող եւ ստեղծագործող արվեստագետին պակասում է միայն հայրենիքը:

Երիտասարդներին խորհուրդ է տալիս վտահել սրտին…

- Ուղեղին կվստահեք ավելի հասուն տարիքում:

Արմեն Մովսիսյանը ծնվել է Գյումրիում, 2007թ.-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: