Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-08-2016
Ժակ. «Ռադիոն իմ առաջին սերն է»
Երկար ժամանակ է, որ հաղորդավար Ժակը չի ներկայանում հարցազրույցներով, նորություններով, սակայն ամեն օր հավատարմորեն «հանդիպում» է իր ունկնդիրների եւ հեռուստադիտողների հետ: Eritasard.am-ն այս անգամ զրուցել է սիրված հաղորդավարի հետ:

- Ժա՛կ, ինչպե՞ս եք դիմանում այս շոգ եղանակին եւ արդյո՞ք սիրում եք ամառը:

- Շատ եմ սիրում ամառը, քանի որ ես ծնվել եմ ամռանը: Ենթադրում եմ, որ հենց այդ ամենի հետ կապված մարդիկ ունեն գենետիկ կոդավորում, ովքեր ձմեռն են ծնվում, ձմեռն ավելի շատ են սիրում, եւ այդ նույնը կարող եմ ասել տարվա տարբեր եղանակներին ծնված մարդկանց մասին: Ամռան վերջում եմ ծնվել եւ կարծում եմ, որ ինձ համար ընդունելի է պայծառ, արեւոտ եւ շոգ եղանակը եւ ոչ թե ցուրտը: Շոգը մեր պարագայում հաղթահարելի է. բարեբախտաբար կան օդորակիչներ, որոնք մեզ ամեն տեղ ուղեկցում են:



- Անցում կատարենք ռադիոյին: Դերասաններն ասում են, որ թատրոնն իրենց համար կյանք է, երաժիշտներն ասում են, թե ինչպես են ապրում երաժշտության շնոհիվ, իսկ ռադիոն ի՞նչ է Ձեզ համար:

 - Ռադիոն իմ առաջին սերն է, որից հետո հանդիպել եմ մյուս ձեւաչափերին: Եթե փորձեմ համեմատել կնոջ հետ, ապա այն իմ առաջին սերն է, որ ունեցավ հաջողություն, չէ՞ որ գիտենք՝ առաջին սեր ասվածը միշտ չէ, որ շարունակական է լինում, ես այս ընթացքում «ամուսնացել եմ» ռադիոյի հետ: Համերգներ, հեռուստատեսություն, այլ նախագծեր. այո՛, դրանք նույնպես աշխատանք են, սակայն դրանք ծնվում են ընդհանուր այն ճանապարհից, որը դու ընտրել ես: Հիմա ես նույնպես մեծ սիրով եւ մեծ նվիրումով շարունակում եմ աշխատել: Այժմ պետք է փաստել, որ ռադիոյի համար բարդ ժամանակաշրջան է, այն պետք է ապրեցնել: Մենք այսօր անցում ենք կատարում դեպի համացանց, եւ ռադիոն վաղուց այն չէ, ինչ ես ժամանակին ընտրել էի, եւ այսօր ռադիոն ունի փոքր-ինչ անհանգստության նոտաներ: 



- Ժա՛կ, այսօր մի փոքր դժվար շրջան է բոլոր հաղորդավարների համար: Այսօր մի շարք դերասաններ, երգիչներ՝ որպես հաղորդավար, մուտք գործեցին ռադիո եւ հեռուստատեսություն: Ի՞նչ կասեք այս մասին եւարդյո՞ք  ոլորտում մրցակցություն տեսնում եք:

- Մրցակցություն միշտ էլ կա, սակայն տարբեր ժամանակաշրջաններում փոխվում են այդ մրցակցության ձեւերը: Այսօր մրցակցությունը կապված է դիտումների քանակի, հավանությունների թվի, ինֆորմացիայի տարածման հետ: Ժամանակին այս ամենը չկար, եւ մրցակցությունը մեկն էր. դու քո ձայնով, քո տեսակով, քո կերպարով եթերում եւ բեմում պետք է հասնեիր որոշակի հաջողության: Բոլոր ժամանակներում էլ կան աշխատանքի ոչ ընդունելի մեխանիզմներ: Մեծ ոգեւորությամբ գնահատում եմ մարդկանց, ովքեր, սկսելով շատ սովորական ճանապարհից, հասել են մեծ հաջողությունների եւ ճանապարհ են անցել: Ինձ համար կարեւոր է գործի նվիրումը, եւ մրցակցում եմ այն մարդկանց հետ, ովքեր որոշակի ժամանակահատված անցել եւ կոփվել են իրենց մասնագիտության մեջ, ամուր են մնացել, ունեն տարիների փորձ եւ անցողիկ չեն: Պետք է, դրոշակդ հստակ պահած, ուղիղ գնաս առաջ՝ հաղթահարելով դժվարություններն ու հիասթափությունները:

- Ի՞նչ է անհրաժեշտ եթերում հայտնվելու համար:

- Այսօր եթերում հայտնվելու համար դասական մոտեցումներ անհրաժեշտ չեն, բավարար է լինել վառ անհատականություն, մարդկանց գրավելու, քո տեսակով տարբերվելու ունակություն: Դու կարող ես հայտնվել, դառնալ մեդիա դեմք, բայց՝ ոչ հաղորդավար, ռադիոհաղորդավար: 



- Ընդունվեցիք Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ճարտարագիտական ֆակուլտետ, սակայն…

- Որպես անհատի այդ շրջանն իմ կյանքի ամենաթույլ շրջանն էր: Ես չեմ ընտրել իմ մասնագիտությունը, ես գիտեի, որ պետք է անպայման լինել ուսյալ: Ինձ համար ակնհայտ էր, որ մարդ պետք է ունենա  բարձրագույն կրթություն: Շատ տարբեր ոլորտներ կային, որոնք ինձ հետաքրքրում էին, սակայն որպես թույլ անհատականություն իմ փոխարեն որոշում կայացրին ծնողներս` չճնշելով իմ հետաքրքրությունները: Ես պետք է  իրականացնեի մեր «ընտանեկան-պետական պլանը», այն է՝ պարապել, աչքաթող չանել պարապմունքները եւ իհարկե ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ես արեցի այն, ինչ ինձանից պահանջվում էր: Ես առաջին տեղը, որ գնացի, Ագրարային համալսարանն էր: Հայրս այնտեղ ծանոթ ուներ, ով ինձ ներկայացրեց ֆակուլտետները, որոշեցի ընդունվել այնտեղ եւ լինելով պատասխանատու մարդ, անգամ զգալով, որ ոլորտն իմը չէ, ես ի վերջո ուսումս կիսատ չթողեցի, ավարտեցի այն, քանի որ այդպես պետք է լիներ: Եթե ես ինչ-որ բան եմ սկսում, ապա այն պետք է հասցնեմ ավարտին, եւ եթե հույսեր կան՝ ինձ հետ կապված, դրանք պետք է արդարացվեն:



- Ժա՛կ, ցանկանում եմ խոսել հավատարմությունից, բայց մշտապես հավատարիմ եք մնում ռադիոյին, «Ռադիո Վանին», անգամ հաղորդավարուի Լուսինե Բադալյանին. որտեղի՞ց այդքան հավատարմություն:

- Պահպանողականությունն է, որ ծնում է հավատարմություն ասվածը: Պատանեկան տարիներին ես ֆուտբոլային ակումբներից որոշեցի առանձնացնել Մադրիդի «Ռեալը» եւ իմ նվիրումը խորացրեցի: Սեզոններ էին լինում, երբ նրանք մշտապես պարտվում էին, եւ կարելի էր հիասթափվել, սակայն ես, ինքս ինձ հետ խոսելով, հասկացա, որ եթե ես մեկ անգամ նվիրվել եմ, ուրեմն այդ նվիրումը պետք է լինի մինչեւ վերջ: Եթե դու ընտրում ես, վայելում ես հաղթանակները, պարտությունները, ապա պետք է պահպանես այն, ինչին  նվիրվել ես եւ հիասթափությունից չպետք է կորցնես հետաքրքրությունդ եւ հավատարմությունդ: «Ռադիո Վանը» գլոբալ առումով փոփոխություն մտցրեց իմ կյանք, այն ինձ տվեց նոր անուն, սիրելի աշխատանք, երազանքի իրականացում: Իմ կյանքի գլխավոր ցանկությունն ու ամենամեծ հաղթանակը կապված է «Ռադիո Վանի» հետ:
Լուսինեի հետ աշխատում եմ տարիներ շարունակ: Ժամանակին մենք մի թիմ էինք, որից  հինգս այսօր ոլորտում ենք, միայն մեկն է, ումից տեղեկություն չունենք: Նրա անունը Նազելի է, եւ եթե ընթերցի այս հարցազրույցը, կցանկանամ, որ արձագանքի: Պատմության քառուղիներում կորցրեցինք միայն նրան: Ես եւ Լուսինեն, ունենալով խառը բնավորություն, միմյանց լրացնելով, լավ  դիվանագետներ լինելով, բավական երկար աշխատեցինք եւ շարունակում ենք աշխատել միասին: 



- Ժա՛կ, տեսնում ենք, ինչպիսին եք եթերում, ռադիոյում: Հետաքրքիր է` ինչպիսի՞ հայրիկ է սիրված հաղորդավարը:

- Ես հիմնականում ավագ եղբայր եմ, քան հայր, սակայն եթե դուստրս սահմաններն անցնում է, իսկ հիմա նրա մոտ թինեյջերական տարիքն է, անընդհատ հակասությունների մեջ ենք հայտնվում, սակայն մինչ այդ տարիքը ես եղել եմ աշխարհի ամենաերջանիկ հայրիկը, ով եղել է շատ բարի: Մենք՝ ծնողներս, ունենք առաքելություն, այն է՝ լավ մարդ մեծացնելը: Հիմա ես հանգիստ եմ, քանի որ նա լավ մարդ է, սակայն բոլորս էլ գիտենք` ինչպիսի վտանգներ եւ տարբեր իրողություններ կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ լավ մարդու կայացման համար: Շատ կատակասեր հայրիկ եմ:

- Մի քանի օրից  Ձեր ծննդյան տարեդարձն է, ինչպե՞ս եք նշելու այն:

- Անցած տարի կորցրել եմ եղբորս` մորեղբորս տղային, հենց իմ ծննդյան օրը, ուստի պարզ է, որ այս տարի ավելի շատ հիշելու ենք նրան, հետեւաբար, որպես այդպիսին, ծննդյան տարեդարձս չեմ նշելու: