Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-07-2016
Արման Նշանյան. «Ամենամութ պահից հետո է գալիս արշալույսը»
Ժառանգաբար փոխանցված տաղանդը երբեւէ չի կորչում: Երբ ունես քո գործունեությունը շարունակող զավակ, փոխարինող, դա նշանակում է, որ ոչ միայն կպահպանես ազգանունդ, այլեւ կհիշվես սերնդեսերունդ: Մեր զրուցակիցն է այդպիսի հարուստ ժառանգությունը կրող եւ շարունակող երգիչ, դերասան Արման Նշանյանը:

- Արմա՛ն, նայելով Ձեր անցած ճանապարհին՝ ինչպե՞ս կներկայացնեք այն, որտե՞ղ էիք եւ ո՞ւր հասաք: 

- Երբ հասկանամ, թե որտեղ էի եւ որտեղ եմ գտնվում հիմա, միգուցե պատասխանեի Ձեր հարցին: Մանկուց կյանքին փիլիսոփայորեն եմ մոտեցել: Միշտ հավատացել եմ Աստծո գոյությանը եւ այն ասույթին, թե ինչ տրված է ի վերուստ, այն էլ պիտի լինի: Չկան լավ եւ վատ իրավիճակներ, լինում է այն, ինչ քեզ անհրաժեշտ է այդ պահին: 

- Ի՞նչ կասեք այսօրվա արվեստի մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ որակ է այն ձեւավորում: 

- Արվեստը միշտ եղել է, կա եւ կլինի: Այն մնայուն է, ինչպես ամեն ինչ: Դա մարդուն, մարդկային զգացմունքներն ու էությունը յուրահատուկ կերպով կերտելու կարողություն է՝ ներկայացնելով անշահախնդրորեն եւ ճշմարիտ: Արվեստը արվեստ է մնացել, պարզապես բարդացել է նրա մատուցումն ու հեռարձակման միջոցը:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգն արվեստի ոլորտում:

- Միակ վտանգը վախն է: Յուրաքանչյուր օր ունի լուսաբաց եւ մայրամուտ: Պետք է պարզապես իմանալ, որ գիշերը նույնպես ունի իր իմաստը. առանց միջնադար չէր կարող լինել վերնատուն:

- Եթե մշակույթի տեսանկյունից զուգահեռներ անցկացնենք հին եւ նոր սերնդի միջեւ, ապա Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ դրական եւ բացասական կողմեր կան: Արվեստը կշարունակի՞ փթթել, նոր շունչ կունենա՞նք այս ոլորտում: 

- Ամենամութ պահից հետո է արշալույսը: Միշտ չի կարող լինել ոսկեդար: Շատ լավ երիտասարդություն ունենք: Ընդամենը այլ հզոր պետությունների ճնշման խնդիրներով է պայմանավորված, որ մեր ժողովրդի վիճակն այսքան վատ է, սակայն մեր պատմության մեջ մենք շատ ավելի բարդ օրեր ենք տեսել: Հայ ազգի երակներում հոսում է ամենահին ու որակյալ արյունը: Մենք հարատեւելու ենք: 

- Ձեր եւ Ձեր հայրիկի հայացքները արվեստի վերաբերյալ որքանո՞վ են համընկնում, թե, այնուամենայնիվ, տարաձայնություններ լինում են:

- Հայր եւ որդի տարաձայնություններն անխուսափելի են հատկապես արվեստի աշխարհում: Աշխատանքի ժամանակ մեր կարծիքները գրեթե միշտ հակասում են իրար: Այդ ամենի արդյունքում լինում են  թե՛ լուսավորում եւ թե՛ ցավալի խոցումներ: Շատ եմ հարգում իմ հայրիկի կարծիքը, շատ մեծ փորձ ունի եւ մեծանուն արվեստագետ է: Ես դեռ շատ բան ունեմ նրանից սովորելու: 

- Ունե՞ք սիրելի խաղընկեր նախկինում եւ հիմա:

- Պատիվ եմ ունեցել աշխատելու շատ տաղանդավոր դերասանների հետ: Դժվար է տարբերակել, բայց հայրիկիս հետ խաղալը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ հոգում:

- Դուք էլ այլ տաղանդավոր դերասանների նման ընդգրկվեցիք սերիալներում, ի՞նչ կարծիքի եք սերիալների մասին, եւ ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը: 

- Ես միշտ ասել եմ, որ կան վատ եւ լավ սերիալներ, վատ եւ լավ ներկայացումներ: Վերաբերմունքից է գալիս: Կտրականապես չի կարելի որեւէ միջոց քննադատել: Մի քանի լավ բան կա սերիալ երեւույթի մեջ, նախ սերիալի միջոցով մարդիկ աշխատանք ունեն՝ սցենարիստը, մոնտաժողը, օպերատորը եւ այլք: 

Հեռուստաընկերությունը հսկայական կառույց է, անհավատալի կամ աբսուրդ կարող է հնչել, բայց հավաստիացնում եմ, որ ես իմ աչքով եմ տեսնում, թե ինչպես այն բոլոր երկրներում բնակվող հայերին կարողացավ սիրով վերավարակել դեպի հայկականը: Թե՛ բեյրութահայության, թե՛ պարսկահայերի եւ այլ սփյուռքահայերի տանը դիտում են միայն հայկական հեռուստաալիքները: Ամեն ինչ սկսում եւ ավարտվում է հայրենասիրությամբ: Եթե կորցնենք դա, կկորցնենք մեր հայրենիքը:

- Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա շնորհալի երիտասարդներին: 

- Մենք մաքուր արյուն ունենք: Մեր մարդկության աղբյուրը հոսել է Արարատյան դաշտավայրից: Կուզեի, որ բոլոր հայ երիտասարդներն ուսումնասիրեն իրենց պատմությունը եւ յուրաքանչյուր օր ապրեն այնպես, ինչպես իսկական հայ: