Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 10-07-2016
Նորա Գրիգորյան. «Սիրում եմ, դերասանի հետ մեկ օրգանիզմ դառնալով, կերպար ստեղծել…»
«Ես շատ եմ հավատում մարդկանց, շատ եմ նվիրվում, իսկ թատրոնում այդպիսի բնավորությունը խանգարում է…»:

Դերասան, ռեժիսոր, բեմադրիչ Նորա Գրիգորյանին հանդիպեցի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում իր բեմադրած «Մրգերով համար» ներկայացման փորձի ժամանակ: Եռյակի սպասող, բավականին կլորացած որովայնով Նորան, սակայն, թեթեւության հաճելի զգացումով դեռեւս վազվզում էր այս ու այն կողմ՝ ներկայացման բեմադրության համար վերջին մանրուքները կարգավորելով:

-    Ինձ ռեժիսոր անվանել չեմ կարող. ես դեռ սովորում եմ… Դերասաններից էլ եմ սովորում. բեմադրություններիս մեջ ամեն անգամ նոր դերասան եմ հրավիրում եւ ինչ-որ նոր բան եմ սովորում: Գործիս մեջ ազատ եմ, սիրում եմ հետեւել դերասանին, թե ինչպես է ստեղծում կերպարը, սիրում եմ, դերասանի հետ մեկ օրգանիզմ դառնալով, կերպար ստեղծել, որովհետեւ, երբ դերասանը ինձ չի հասկանում, ես նրան արդեն իմ բեմադրության մեջ չեմ տեսնում:

Լինելով դերասան, ռեժիսոր, բեմադրիչ՝ իրեն ավելի հոգեհարազատ է համարում բեմադրիչի մասնագիտությունը:

-    Այդ հարցը շատ են ինձ տալիս, սկզբից չէի կարողանում պատասխանել, բայց հիմա հստակ կարող եմ ասել, որ ինձ ավելի շատ բեմադրիչ եմ ուզում տեսնել, ավելի շատ ծրագրեր ունեմ բեմադրելու, քան դերեր խաղալու հետ կապված:

Նորան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է: Խոստովանում է, որ այդ հանգամանքն իրեն ավելի շատ խանգարել է, քան օգնել:

-    Ինձ համար շատ դժվար է: Դեռեւս փոքրուց մայրս ինձ համոզել էր, որ Գրիգորյանի աղջիկն եմ, եւ դրանից է, որ գնահատականներս բարձր են նշանակում: Երբ անգամ երաժշտական դպրոցում կարմիր դիպլոմ ստացա, այդ ժամանակ էլ ինձ ասում էին, որ հայրիկիս հանգամանքը կապ ունի: Ինձ մոտ այդ ամենն արդեն բարդույթ էր դարձել: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին հայրիկից սկզբնական շրջանում աջակցություն չեմ ստացել, միայն երրորդ կուրսում նրան հրավիրեցին ինստիտուտ, որպեսզի տեսնի, որ ինձանից իսկապես գոհ են, որ ես իմ գործը լավ եմ անում, եւ դա նրանից չէ, որ ես Ալեքսանդր Գրիգորյանի աղջիկն եմ: Այդ փաստն ինձ ավելի շատ խանգարում էր, ձգտում էի հայրիկիցս առանձին լինել, նրա խորհուրդները շատ չլսել: Հետո հասկացա, որ մեծ բացթողում եմ արել: Թատրոնի բոլոր դերասանները լսում էին, օգտագործում էին նրա խորհուրդները, նրա մտքերից շատ բան գիտեին, բայց ես չգիտեի, հիմա հակառակն է: Ինչքան հնարավոր է, շատ ինֆորմացիա եմ փորձում վերցնել նրանից՝ անգամ ժեստեր, տարբեր հնարքներ:



«Մտածի՛ր էմոցիոնալ եւ գործի՛ր գիտակցված». հայրիկից ստացած ամենամեծ խորհուրդն է, որ միշտ կիրառում է:

- Հայրիկիս էլ այդ  խորհուրդն իր դասախոսն է տվել: Բեմադրության մեջ այն շատ է օգնում: Աշխատելիս հենց այդ կանոնով էլ առաջնորդվում եմ:

Նորա Գրիգորյանի առաջին բեմադրությունը Նադեժդա Պուշկինայի «Աննորմալը» ներկայացումն է եղել: Օր օրի կատարելագործել է իր հմտությունները եւ այժմ էլ մայր դառնալու ճանապարհին, ընկալումներում, մոտիվացիայի մեջ շատ բան չի փոխվել: 

-    Հիմնականում միայն ֆիզիկական փոփոխություն եմ զգում: Առաջ հենց մի բան այն չէր լինում, միանգամից բեմ էի վազում, հիմա ավելի դժվար է շարժվելը: Սակայն այն ինձ նոր մտահղացումներ է տալիս: Օրինակ` ուզում եմ մոտ ժամանակներս պիես գրել եւ բեմադրել, թե տղամարդը ինչպես է կողքից տեսնում կնոջ հղիությունը, ինչ պատկերացումներ ունի: Իմ ամուսնու օրինակով էլ բեմադրելու եմ:

Աշխատանքի մեջ եւ ընտանիքում շատ է տարբերվում…

-    Աշխատանքի մեջ ես բեմադրիչ եմ, ամուսինս` դերասան, երբ աշխատում ենք մյուս դերասանների հետ, ոչ մի տարբերություն չեմ դնում: Նա միշտ նկատում է եւ ամեն անգամ զարմանում է իմ էմոցիոնալ բնավորությունից, եւ թե ինչպես եմ ամեն ինչից զարմանում:

Ներկայացումների պրեմիերաների ժամանակ ես շատ վատ կին եմ: Ճիշտ է, ամուսինս, ինքն էլ դրա մեջ լինելով, հասկանում է: Բայց միեւնույն ժամանակ ինձ ուշադիր կին եմ համարում, ինձ համար շատ կարեւոր է ընտանիքը: Իմ մտքերի մեծ մասը իմ ընտանիքի անդամներով է զբաղված: Շատ եմ սիրում անակնկալներ անել, բոլորի ծննդյան օրերը, օրինակ, փորձում եմ անմոռանալի դարձնել:

Նորա Գրիգորյանը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր է, դերասան Էրվին Ամիրյանի կինը: