Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Արթուր Խաչենցի անձնական արխիվից
Տեղադրվել է 01-07-2016
Արթուր Խաչենց. «Տղաներ, ովքեր անկոտրում ու անվախ են ոգով, չհանձնվող ուժով…»
20-ամյա Արթուր Խաչենցը Հադրութից է: Ծնվել եւ մեծացել է Արցախ աշխարհի հարավարեւելյան հատվածում: Ծառայում է Պաշտպանության բանակի N զորամասում:

Արթուրին առաջին անգամ հանդիպեցինք Ասկերան կատարած մեր այցելության ժամանակ: Երգում էր Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված երգերից մեկը: Նկատեցինք, որ բացի երաժշտական ունակություններից՝ նաեւ օժտված է ընդգծված հայրենասիրությամբ: Արթուրի հետ մեր զրույցը բանակային կյանքի առանձնահատկությունների, սահմանը պահող տղաների, ինչպես նաեւ իր առաջիկա անելիքների մասին է:

Բանակ զորակոչվելուց առաջ…

Բանակ զորակոչվելուց առաջ ես շատ ուրախ էի եւ արդեն իսկ ինձ մարտունակ էի զգում, քանի որ դպրոցում նախնական զինվորական պատրաստության դասերին, միջոցառումներին, ինչպես նաեւ շրջանային ու հանրապետական մրցույթներում ինձ շատ լավ էի դրսեւորել, հաջողություններ արձանագրել: Ընդհանրապես բանակ գնալուն նախապատրաստվել էի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Երկու անգամ հաղթող եմ ճանաչվել Հադրութում անցկացված կրակային մրցաշարերում: Մի բան էլ՝ զինղեկս պատերազմին մասնակցած անձնավորություն է, պահեստազորի սպա. նա ինձ շատ բան է սովորեցրել: 

Ես առողջական խնդիրներ, ըստ այդմ՝ավելի հանգիստ վայրում ծառայելու հնարավորություն ունեի, բայց չցանկացա… Արցախյան գոյամարտում զոհված հորեղբորս անունն եմ կրում եւ պետք է նրա կիսատ թողած գործը շարունակեմ, իր չապրած կյանքը պատվով ապրեմ…

Սահմանին կանգնած զինվորին անհրաժեշտ է…

Սահմանին կանգնած զինվորին շատ բան է անհրաժեշտ: Պարտադիր եւ շատ կարեւոր է, որ նրա ոգին տեղը լինի, հայրենասիրական գաղափարները միշտ արթուն լինեն, ու միշտ հիշի, որ ինքն ուրիշների անդորրն է հսկում: Կարծում եմ, որ դրանից լավ զգացում չկա, երբ գիտակցում ես, որ կյանքդ վտանգելով՝ հազարավոր մարդկանց կյանքն ես պաշտպանում. դա շատ ոգեւորիչ է: Այդ ժամանակ ինքնաբերաբար հպարտություն ես ապրում. չէ՞ որ այդ սահմանն ու հենց այդ հատվածը քեզ է վստահված, եւ դու պետք է պատվով ու արժանապատվորեն պահպանես ու ցանկացած պահի պատրաստ լինես հանուն հայրենիքի կյանքդ չխնայելուն…

Բանակային կյանքը երիտասարդին պետք է, որովհետեւ…

Բանակում ծառայելը պարտադիր է, քանի որ երբ տղաները գալիս են բանակ, զորացրվում են արդեն իսկ տղամարդ դարձած: Մենք հարմարվում ենք դժվարություններին, վարում ենք ինքնուրույն կյանք, եւ բանակն ընդհանրապես կյանքի ամենալավ դասն է, որը պետք է սերտենք: Մենք երկու տարվա ընթացքում հասցնում ենք ինքնադրսեւորվել ու կայանալ որպես անհատ:

Մեր բանակը պատրաստ է թշնամուն հակահարված տալուն, որովհետեւ…

Եվ իսկապես մեր բանակը պատրաստ է թշնամու ցանկացած գործողությանը պատասխան տալուն: Մենք բազմիցս դա ապացուցելու հնարավորություն ունեցել ենք: Նույնն էր ե՛ւ Արցախյան ազատամարտում, ե՛ւ քառօրյա պատերազմում: Մենք ունենք տղաներ, ովքեր անկոտրում ու անվախ են ոգով, չհանձնվող ուժով, ինչպես նաեւ հայրենիքի հանդեպ տածած անսահման սիրով ու նվիրումով:



Սահմանից անդին կանգնած քաղաքացին չգիտի, որ…

Սահման չտեսած ու ծառայություն չանցած մեր հայրենակիցները չգիտեն, թե հայրենիքը պաշտպանելիս մենք ինչ օրեր ենք ապրում, թե քանի դժվար գիշերներ ենք անցկացնում սահմանին: Թող ինձ ներեն չծառայածները, բայց պետք է ասեմ, որ հեշտ է ասֆալտի վրա լավ տղա «խաղալը», բայց նրանք չգիտեն, որ իսկական տղերքն այստեղ են՝ առաջնագծում կանգնած: Եվ, իրոք, սահմանապահ զինվորները «թագավոր տղերք» են՝ ամեն մեկը մի տան կրակ, հպարտություն ու դաստիարակության վառ ապացույց, ամեն մեկը՝ կենդանի լեգենդ…

Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, քանի որ…

Մարտական ոգին բարձր է, քանի որ նրանք լավ գիտեն իրենց ազգի պատմությունը, իրենց պապերի ու հայրերի արդար քրտինքով կառուցած երկիրը: Մենք մեր նախնիներից ենք ժառանգել անսպառ արիությունը, քանզի հանուն մեզ՝ մեր նախնիները զոհեցին իրենց կյանքը, ու մենք էլ նույնը կանենք՝ հանուն մեր հաջորդ սերնդի:

Կան գրողներ, որոնց շատ եմ սիրում…

Այո՛, կան գրողներ, որոնց շատ եմ սիրում, հոգու ամբողջ քնքշանքով ապրում նրանց ապրումներով, զգում եւ ուղղորդվում դրանցով: Գարեգին Նժդեհ, Գրիգոր Զոհրապ, Ավետիք Իսահակյան, Պարույր Սեւակ, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Համո Սահյան. այս անունները մշտապես իմ մեջ են, նրանց ստեղծագործությունները:



Քառօրյա պատերազմը մեզ ցույց տվեց…

Ապրիլյան դեպքերը մեզ ցույց տվեցին, որ Գարեգին Նժդեհը խոսել է, այսպես ասած, իրականության լեզվով: Նրա ամեն մի թեւավոր խոսքում խորը իմաստ կա: Նա ասում է. «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր: Նրանում է, որ կան թուրքանման հայեր…»: Մենք հասկացանք, որ կարող ենք մարտական դիրքը մինչեւ վերջին շունչը պահել, իսկ շատերն էլ, իրենց կյանքը մարելով, հերոսացան, անմահացան. փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Պետք է սիրել Արցախ աշխարհը, որովհետեւ…

Պետք է սիրել Արցախը, որովհետեւ այստեղ ամեն թիզ հողի վրա մեր տղերքն իրենց արյունն են թափել: Արցախի հողը, ջուրն ու օդը սուրբ են: Մոնթեն ասում է. «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Ունենք-չունենք՝ մի դրախտ ունենք, ո՞նց կարող ենք չկռվել հանուն նրա գոյության: Մենք առաջնագծում կանգնած ենք նրա համար, որ չթողնենք թշնամու առաջխաղացումը, որ թշնամին չպղտորի մեր ջուրը, որ նրա ձեռքը մեր հարազատներին, ծնողներին, մեր օջախին չհասնի…

Զորացրվելուս մնացել է…

Մնացել է 24 օր… Ու առաջին բանը, որ անելու եմ, հայրենի օջախ գնալն է, որ մորս ու հորս հույսերն ու սպասումներն արդարացնեմ: Չեմ ուզում մենակ գնացած լինեմ. արդեն հինգ ամիս է, ինչ հարազատ եղբայրս ինձ հետ ծառայում է: Շատ կցանկանայի, որ միասին տուն մտնեինք, այդ հարցով դիմելու եմ հրամանատարին: Զորացրվելուց հետո՝ հաջորդ առավոտյան, բարձրանալու եմ Հադրութի շրջանի Դիզափայտ լեռնաշղթան, որը ծովի մակերեւույթից բարձր է 2478 մետր: Լեռնաշղթայի բարձունքին 14-րդ դարում կառուցված Կատարո վանքն է: Մինչ բանակ զորակոչվելս ընկերներիս հետ բարձրացել ենք, նույն առաքելությունը պետք է կատարենք նաեւ զորացրվելուց հետո…