Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-06-2016
Վարդ Մարգարյան. «Ես պարով ապրում եմ»
Շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել սիրված պարող Վարդ Մարգարյանը, ով բազմիցս հաղթել է Dance Sport-ի մրցաշարերում:

Տարիներ առաջ Վարդը հանրությանը ներկայացավ «America’s Got Talent» մրցույթում, որտեղ ելույթ ունեցավ 97-ամյա Տաո Պորչոն-Լինչի հետ: Այդ ելույթը զարմացրեց ողջ աշխարհին: Eritasratd.am-ի զրուցակիցը 2011 թ. մամբոյի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ լատինաամերիկյան պարերի դափնեկիր, «FredAster» ընկերության վեցակի չեմպիոն եւ 4 տարի անընդմեջ ամերիկյան «Emerald Ball»-ի լավագույն պարուսույց ճանաչված Վարդ Մարգարյանն է:

- Վա՛րդ, ո՞րն է Հայաստան կատարած այցի նպատակը:

- Արդեն շուրջ երեք շաբաթ է, ինչ այստեղ եմ, երեք օրից արդեն պետք է մեկնեմ: Հիմնական պատճառը եղբորս պսակադրությունն է, սակայն տարվա ընթացքում ես մի քանի անգամ գալիս եմ հայրենիք, քանի որ այստեղ է իմ ողջ ընտանիքը՝ հայրիկս, մայրիկս, եղբայրս, տատիկս եւ պապիկս:

- Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանը շատ է փոխվել Վարդի համար:

- Հայաստանը ավելի է զարգանում: Ուրախությամբ պետք է փաստել, որ անհամեմատ շատացել են կանաչապատ տարածքները, շատացել են նաեւ ժամանցի վայրերը, որոնք հատկապես կարեւոր են երիտասարդների համար:

- Նշեցիր, որ Հայաստանում կան բազմաթիվ փոփոխություններ,  իսկ այդ փոփոխությունները Վարդին այնքան չե՞ն գրավում, որ վերադառնա Հայաստան:

- Հայաստանը Վարդին վաղուց է գրավել, սակայն այստեղ կա մի բայց. մի կողմում իմ հայրենիքն է, մյուս կողմում՝ իմ կարիերան: Հիմա ինքս էլ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ամեն դեպքում ես կարեւորում եմ ե՛ւ իմ Հայաստանը, ուր հաճախ եմ այցելում, ե՛ւ գնահատում ու սիրում եմ իմ կարիերան, որը Հայաստանում այդքան էլ զարգացում չունի:

- Վա՛րդ, այսօր Ձեր ոլորտում պրոֆեսիոնալ եք, սակայն հետ գնանք եւ հիշենք «Զվարրթնոց» պարային ստուդիան, որտեղից էլ սկսեցիք Ձեր առաջին քայլերը: 

- Հինգ տարեկանում մայրիկիս օգնությամբ հայտնվեցի մի պարային խմբում, գնացի մոտ մի քանի ամիս, սակայն քիչ անց ես ապրեցի հիասթափություն: Պարի ուսուցիչս անընդհատ ասում էր, որ պետք է համերգներ ունենանք, սակայն այդ համերգներն այդպես էլ տեղի չունեցան: Մայրս, տեսնելով՝ որքան եմ սիրում պարը, ինձ տարավ Էջմիածնի «Զվարթնոց» պարային ստուդիա, որտեղից էլ սկիզբ առավ իմ պրոֆեսիոնալ կարիերան: 2000 թվականին իմ պարի ուսուցչուհին մեկնեց ԱՄՆ: Նրանից բաժանումը ինձ կրկին հիասթափեցրեց: Մայրս անընդհատ հետեւում էր նորություններին, պարային խմբակների հայտարարություններին եւ ահա մի օր ասաց, որ գնում ենք Երեւան, քանի որ Պարարվեստի ուսումնարանը հայտարարել է ընդունելություն: Ընդունվեցի բալետի եւ հայկական պարի բաժին, այնուհետեւ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ, եւ դրան զուգահեռ ծառայությունս ավարտեցի Սպայի տան «Սարդարապատ» համույթում, որից հետո իմ ուսուցչուհին՝ Իրինա Սարուխանյանը, ով ինձ դասավանդել էր «Զվարթնոց» ստուդիայում, ինձ հրավիրեց ԱՄՆ:

- ԱՄՆ-ում սկզբնական շրջանում չկայի՞ն դժվարություններ:

- Միանշանակ կային: Դժվարությունները շատ էին, անգամ երկու ամիս անց ետ վերադառնալու ցանկություն ունեի: Միայնության մեջ էի, մի կողմից ծնողներիս հանդեպ ունեցած կարոտն էր, մյուս կողմից՝ օտար լեզուն: Ի դեպ, սկզբնական շրջանում միայն երեք բառ գիտեի՝ hello, Bye, how much, սակայն քիչ-քիչ սովորեցի օտար միջավայրին, կարողացա վերագտնել ինքս ինձ:

- ԱՄՆ-ում ունենո՞ւմ եք վարպետության դասեր: Չե՞ք մտածում ինչ-որ նախագծով Հայաստանում հանդես գալու մասին:

- Այսօր առաջին օրն է, երբ «Լոֆթում» պետք է նմանօրինակ նախագծով հանդես գամ: Ընկերոջս հետ Կալիֆորնիայում պարի ակադեմիան զարգացնելու նպատակ ունեմ. այդտեղ կլինեն տարբեր ոճերի եւ ազգերի պարեր: Հետագայում շատ եմ ցանկանում, որ Հայաստանի հետ լինի մասնագետների եւ փորձի փոխանակում: Ցանկություն ունեմ սերտորեն համագործակցելու Հայաստանի մասնագետների հետ, նրանց փոխանցեմ այն հմտությունները, որոնք ձեռք եմ բերել տարիների ընթացքում:

- Հայկական պարը Ձեր կյանքում մեծ տեղ ունի, որքանո՞վ այն ներկայացրիք ՄԱՆ-ում, եւ որքանո՞վ այն հետաքրքրեց Ձեր գործընկերներին:

- ԱՄՆ մեկնելուց հետո իմ գործընկերներին, պարարվեստի ներկայացուցիչներին ներկայացրի հայկական պարը: Ընկերոջս աջակցությամբ բեմադրեցինք շալախոն, եւ պատկերացրե՛ք՝  համարից հետո ծափահարությունները չէին ավարտվում, ներկաները մոտ 5 րոպե հոտնկայս ծափահարում էին եւ ցանկություն հայտնում, որ համարը շարունակվի: Անցել է մոտ 2 տարի, բայց մարդիկ դեռ խոսում են մեր համարի մասին:

- Արվեստի բնագավառում հաջողության հասնելը դժվար է, պարարվեստը դժվարության առումով երեւի թե առաջին տեղում է: Պարի ոլորտում հիասթափություններ եղե՞լ են:

- 23 տարի է, ինչ պարի ոլորտում եմ, սակայն հիասթափություն չի եղել, քանի որ ես պարից միայն ու միայն հաճույք եմ ստացել, ասեմ ավելին՝ պարը միակ միջոցն է, որով հաղթահարում եմ բոլոր հիասթափությունները: Ես պարով ապրում եմ, կյանքիս մեծ մասը նվիրել եմ պարին եւ երբեւէ չեմ զղջացել դրա համար:

- Ունե՞ք կյանքի կարգախոս:

- Կարգախոսներով չեմ առաջնորդվում: Կարող եմ ասել, որ պետք է ժպտալ եւ ուրախ լինել՝ փորձելով անտեսել կյանքի բոլոր խոչընդոտները:

- Ցանկանում եմ անդրադառնալ «America’s Got Talent» մրցույթին, որտեղ ելույթ ունեցաք 97-ամյա Տաո Պորչոն-Լինչի հետ: Նոր պլաններ չունե՞ք:

- Ի դեպ, նա արդեն իմ աշակերտուհին է: Մեկ շաբաթ առաջ նամակ ստացա Ֆրանսիայի մշակույթի կենտրոնից, որտեղ նշված էր, որ ցանկանում են՝ օգոստոսին մեկնենք Ֆրանսիա, որտեղ կայանալիք շոուի բացման արարողությունը կազդարարվի մեր համարով:

- Իսկ միասին Հայաստան գալու եւ ելույթ ունենալու նպատակ չունե՞ք:

- Կարծում եմ՝ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ Տաո Պորչոն-Լինչին կլինի 100 տարեկան: Օգոստոսին նա կլինի 98 տարեկան եւ շատ է ցանկանում գալ Հայաստան:

- Հետեւո՞ւմ եք հայկական պարարվեստին, ի՞նչ ձեռքբերումներ ունենք այդ ոլորտում:

- Հայկական ազգային պարը շատ լավ վիճակում է: Ներկա էի նաեւ Պարի պետական անսամբլի համերգին, որից մեծ բավականություն ստացա, իսկ ահա լատինաամերիկյան պարաձեւերը ավելի շատ սիրողական մակարդակի վրա են, ինչը շատ ցավալի է:

- Վա՛րդ, ի՞նչ եք մտածում, երբ հայտնվում եք պարահրապարակում:

- Միշտ մտածում եմ իմ ընտանիքի, իմ ուսուցչուհու, իմ ու իմ հաճույքի մասին: Ես այդ րոպեին միշտ հիշում եմ՝ ում եմ շնորհակալ, ում շնորհիվ է, որ այդ րոպեին ես պարահրապարակում եմ:

- Որո՞նք են այն երեք բառերը, որոնք Ձեզ լավ են բնութագրում:

- Անկեղծ, նվիրվող եւ հավատարիմ:

Պատկերասրահ՝ Վարդ Մարգարյան