Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-06-2016
Կարապետ Բալյան. «Հաղթանակները խաբող իմպուլսներ են»
Կարապետ Բալյանն իր կուրս հետ շաբաթներ առաջ մեկնել էր Սոչի, որտեղ նրանք մասնակցել են «Պատանիների տարածություն» անկախ թատրոնների միջազգային մրցույթ-փառատոնին:

Հայկական կողմը վերադարձել է հաղթանակած: Մեր զրուցակիցը ռեժիսոր Կարո Բալյանն է, ով հանրությանն է ներկայացել մի շարք անկրկնելի ներկայացումներով, որոնք հանդիսատեսին ծիծաղեցրել են, ստիպել են մտածել, իսկ երբեմն էլ՝ հուզվել:

- Պարո՛ն Բալյան, Ձեր մասին անձնական տեղեկություններ հնարավոր չէ գտնել օնլայն տիրույթում: Գիտենք՝ բեմադրիչ-ռեժիսոր եք, հիանալի դերասան:Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել թատրոնի աշխարհ:

- Մանկուց որոշել էի իրավաբան դառնալ: Մորեղբայրս հայտնի իրավաբան էր, ուստի արդեն որոշված էր, որ ցեղի երեխաներով շարունակելու ենք նրա մասնագիտական ուղին: Հիշում եմ, երբ նա վեր էր կենում իր աթոռից,  բոլոր երեխաներով շտապում էինք րոպե առաջ վազել եւ նստել նրա աթոռին՝ երազելով, որ այն մի օր մերը կլինի: Սակայն արի՛ ու տե՛ս, որ մորաքույրերիս երեխաներից եւ ոչ մեկն էլ իրավաբան չդարձավ: Իմ ավարտական տարում այնպես ստացվեց, որ ոսկե մեդալով ավարտած շրջանավարտները կարող էին միանգամից ընդունվել բուհ: Այդ ժամանակ բոլորն իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու ցանկություն հայտնեցին: Ես հայտնվեցի խուճապի մեջ եւ մտածեցի՝ միգուցե ընդունվե՞մ Թատերական: Առաջին հայտով նշեցի դերասանական, երկրորդով՝ թատրոնի ռեժիսուրա, երկու հայտով էլ ընդունվեցի, սակայն Ն. Ծատուրյանն ասաց, որ պետք է անպայման ընդգրկվեմ իր կուրսում: Ինձ համար ճակատագրական դարձավ  «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը, որը բեմադրելուց հետո որոշեցի մագիստրատուրան շարունակել Մոսկվայում, ավելի հմտանալ ռեժիսուրայի մեջ:

- Ինչպե՞ս է ստացվում, որ Կարո Բալյանի բեմադրած յուրաքանչյուր ներկայացում հաջողություն է ունենում:

- Բայց ունենո՞ւմ է… Իմ կարծիքով՝ հաջողություն ասվածը հարաբերական է՝ կախված նրանից, թե մենք ինչ ենք հասկանում հաջողություն ասելով: Իմ ցանկությունն այն է, որ հայտնվեմ միջազգային թատերարվեստում, ա՛յ դա կհամարեմ հաջողություն: Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային մասնակցելուց հետո ես էլ ավելի գնահատեցի եւ կարեւորեցի միջազգային աշխատաշուկան, ուստի կարծում եմ, որ այդտեղ կարելի է շատ բան սովորել, շատ ավելին տեսնել: Այսօր ուսանողներիս նույնպես խորհուրդ եմ տալիս մասնակցել միջազգային փառատոներին, ձեռք բերել փորձ:

- Ձեր բեմադրած ներկայացումներից յուրաքանչյուրը բարձրաձայնում է որեւէ խնդիր: Հետաքրքի՞ր է, Ձեր ներկայացումները նպաստել են այդ խնդիրների լուծմանը:

- Ըստ երեւույթին, թատրոնը ոչ խնդիր է լուծել, ոչ էլ կլուծի: Դա մի հարթակ է, որտեղ ռեժիսորը դրամատուրգի միջոցով կարող է հայտնել իր մտահոգությունը: Մենք փորձում ենք վեր հանել խնդիրներ մարդկային փոխհարաբերությունների մասին: Կարծում եմ, որ այդ առումով պետք է պահպանել անկեղծությունը, ներկայացնել այն, ինչ կա, քանի որ եթե մի փոքր շինծու բան լինի, հանդիսատեսը այն միանգամից կնկատի: Ներկայացումը պետք է լինի հրաշք, այն պետք է պարունակի ճշմարտության նորմեր: 

- Տարվա լավագույն բեմադրիչ-ռեժիսորն եք, երկար էի՞ք սպասել այդ հաղթանակին:

- Մրցանակն ուղղակի գնահատական է, որը քեզ ոգեւորում է, որ դու նոր ուժով աշխատես, սակայն այդ հաղթանակով ռեժիսորի ֆինանսական խնդիրները ո՛չ պակասում են, ո՛չ էլ կարգավորվում: Գիտեք՝ հաղթանակները խաբող իմպուլսներ են, որոնք քեզ գրավում են, եւ որոշ ժամանակ կրկին այդ խնդիրները չնկատելով՝ ռեժիսորը շարունակում է նվիրումով աշխատել:

- Գործողությունը, որը կարող է նյարդայնացնել Ձեզ, այն է, երբ ափսեի մեջ, Ձեր կամքին հակառակ, ուտելիք են դնում: Ի վերջո, ո՞րն է այն ուտեստը, որի առկայությունը Ձեր ափսեում Ձեզ չի նյարդայնացնի:

- Միանշանակ՝ բանան: Շատ եմ սիրում, սակայն հիմա դժվարանում եմ նշել որեւէ ուտեստ, իսկ միակ բանը, որից երբեք չեմ հրաժարվի եւ միշտ հաճույքով կուտեմ, բանանն է:

- Մարդիկ, ովքեր հասարակության մեջ հայտնի են, մշտապես վիրահատություններ են անում՝ առավել գեղեցիկ լինելու համար: Դուք եւ Անդրանիկը դեմ եք քթի վիրահատությանը, թե՞ հնարավոր է, որ Կարո Բալյանն անի այդ վիրահատությունը:

- Իրականում իմ քիթը փոքր քիթ էր, ես «վիրահատեցի» այն, մեծացրեցի, որպեսզի նմանվի Անդրանիկի քթին, բայց, ի վերջո, նրա քթից ավելի վատը դուրս եկավ: Դե՛, քիթս է, էլի: Գիտեք՝ պետք է փորձես սիրել մարմինդ, քեզ, այնպես, ինչպես կաս: Ես չեմ կարող դատել ուրիշներին, չգիտեմ, կարող է՝ մի օր վիրահատեմ այն, սակայն մինչ օրս այդ գիտակցության մեջ չեմ:

- Գիտեմ, որ վախենում եք անորոշությունից, իսկ նմանօրինակ վիճակներում հաճախ եք լինո՞ւմ, եւ եթե՝ այո՛, ապա ի՞նչ եք անում այդ դեպքում:

- Գոյություն ունեն անորոշության աստիճաններ: Եթե հայտնվում եմ անորոշության վերջին աստիճանում, երեխայի նման հայտնվում եմ խուճապի մեջ: Ես ինքս ինձ հետ խոսում եմ, համոզում եմ, ձեռքս հարվածում եմ սեղանին, փորձում ինքնակարգավորվել: Հիշում եմ իմ փիլիսոփայության դասերը, որոնց ընթացքում դասախոսից շատ բան եմ սովորել, սակայն ամեն դեպքում, իրոք, անորոշության մեջ հայտնվելը շատ  դժվար է եւ անտանելի երեւույթ է: 

- «Եթե Կարո Բալյանը հայտնվեր անմարդաբնակ կղզում, ապա…». շարունակե՛ք միտքը:

- Ապա կդադարեի ստեղծագորել, քանի որ ստեղծագործելու համար պետք է ոգեշնչվես, մտնես մարդկային փոխհարաբերությունների մեջ, իսկ ահա հիմա դժվարանում եմ ասել, թե ինչն ինձ կոգեշնչեր անմարդաբնակ կղզում: Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե Կարո Բալյանը չհայտնվի անմարդաբնակ կղզում:

- Պարո՛ն Բալյան, նկատում եմ, որ շատ նյարդային եք:

 - Անհանգիստ եմ բնավորությամբ, ինձ թվում է, որ իմ նյարդային լինելու պատճառով շուտ եմ հեռանալու կյանքից: Ամեն ինչից շուտ եմ բռնկվում, նյարդայնանում, բայց՝ ինչ արած: 

 - Ո՞ւմ եք շնորհակալ կյանքում ունեցած հաջողությունների համար:

- Միանշանակ շնորհակալությունների շարքը պետք է սկսվի մորաքրոջիցս, այնուհետեւ՝ ծնողներիցս: Այո՛, թող շաբլոն չհնչի, բայց իրոք իսկական հաջողություն է, երբ զգում ես, որ ունես այնպիսի ծնողներ, ովքեր միշտ քո կողքին են, հասկանում են քեզ: Ընդհանուր առմամբ շնորհակալ եմ բոլորին: Գիտեք, եթե փորձենք փոքր-ինչ ուշադիր լինել մեր շրջապատի հանդեպ, ապա կհասկանանք, որ կյանքը հիմնված է հենց մարդկային հարաբերության վրա, մենք ամեն րոպե շնորհակալություն ենք հայտնում մեկս մյուսին, գնահատում ենք դիմացինին, մեզ են շնորհակալություն հայտնում, եւ այդ իրողությունը իրականում շատ կարեոր է: Ես միշտ ասում եմ՝ շնորհակալ եմ անգամ այն մարդկանց, ովքեր ինձ շնորհակալ չեն:

- Մեզանից յուրաքանչյուրը կյանքում միայնակ մնալու կարիք ունի: Հետաքրքիր է, արդյո՞ք Կարո Բալյանը հասցնում է իր հետ առանձնանալ:

- Փորձում եմ աշխատանքից հետո իրոք կտրվել առօրյայից, կարդալ, հանգստանալ: Փորձում եմ ծովի ափին հաճախ նստել: Այս տարի Դուբայում մասնակցում էինք փառատոնի, որտեղ Մարիամը ներկայանում էր իր «Մարսել» ներկայացմամբ: Այդ ժամանակ ես հասկացա, որ ծովի ալիքների ձայնը կարծես թե մաքրում են մարդուն, ավելին՝ կարծում եմ՝ մեր՝ հայերիս նյարդային լինելը պայմանավորված է ծով չունենալով: Գիտեք՝ միայնակ մնալը կարեւոր պայման է: Հանրահայտ եւ հաջողված ստեղծագործությունները հենց միայնության շրջանում են մարդիկ ստեղծել եւ ստեղծում են: 

- Վերջերս հանրությանը ներկայացաք «Պլյուս-Մինուս»  ներկայացմամբ: Ի՞նչ անելիքներ ունեք ապագայում:

- Անկեղծ ասած, մի քանի նոր ներկայացումներ եմ մտմտում, դեռ նոր պատվերներ չկան, հուսով եմ, որ ժամանակս  կբավարարի, եւ կկարողանամ իրականացնել այն գաղափարներից մեկը, որի շուրջ մտմտում եմ: