Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-06-2016
«ԵՎՐՈ 2016». ոչ դիտարժան խաղեր եւ քիչ գոլեր մրցաշարի առաջին փուլում
Հունիսի 10-ից մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրի 12 հանդիպումներից հետո գոլառատ հանդիպումների ակնկալիքներ այլեւս չկան:

«ԵՎՐՈ 2016»-ում 12 խաղերից հետո խփվել է ընդամենը 22 գնդակ, ասել է թե` միջինում 1.83 գոլ յուրաքանչյուր խաղի ժամանակ: Այս ցուցանիշն ամենեւին էլ բարձր չէ (նախորդ առաջնությունների հետ համեմատելիս), սակայն հաշվի առնելով առաջնության թիմերի եւ մրցաշարի հանդիպումների ավելացումը` պետք է այդ փաստն ընդունել որպես որոշակի ահազանգ այն մասին, որ հավաքականները պայքարում են ցանկացած միավորի եւ ավելորդ գնդակներ բաց չթողնելու համար:

Եթե միջինացված վերցնենք, ապա այնպես է ստացվում, որ թիմերին հաջողվում է արդյունքի հասնել յուրաքանչյուր 49 րոպեն մեկ անգամ, սակայն արդյո՞ք դա բավարար է դիտարժան անվանելու այն ֆուտբոլը, որին մենք ականատես ենք լինում Ֆրանսիայում: Ամենից շատ գոլեր խփվել են մրցաշարի անցած 12 խաղերի 61-75-րդ րոպեների ընթացքում, ասել է թե` թիմերին հաջողվում է արդյունքներ գրանցել հիմնականում հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում: Պատահական չէ, որ խփված 22 գոլերից միայն 6-ն են գրանցվել առաջին խաղակեսում... Թիմերը փորձում են զգուշորեն անցկացնել առաջին խաղակեսը և ռիսկի են դիմում միայն երկրորդ խաղակեսի ընթացքում: Համենայն դեպս, մինչ այժմ մենք այդօրինակ ֆուտբոլի ականատես ենք դարձել:

«A» խմբում, որտեղ ընդգրկված են Ֆրանսիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի եւ Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականները, առաջին տուրից հետո երկիշխանություն է, քանի որ մրցաշարի 1-ին խաղում ֆրանսիացիներին հաջողվեց 2-1 հաշվով հաղթել Ռումինիային, իսկ Շվեյցարիան ուժեղ գտնվեց ալբանացիներից` հաղթելով նվազագույն` 1-0 հաշվով: Երկրորդ տուրում Ֆրանսիան կընդունի Ալբանիային, իսկ Շվեյցարիան կփորձի հաջորդ փուլ դուրս գալու հարցը լուծել մինչեւ 3-րդ տուրով նախատեսված Ֆրանսիայի հետ դիմակայությունը` հաղթանակի ձգտելով ռումինացիների դեմ հունիսի 15-ին կայանալիք խաղում:

«B» խմբում ընդգրկված երկրների հավաքականների շուրջ ստեղծված իրարանցումը շատ ավելի հեռու է ֆուտբոլային լինելուց: Եթե մեկ բառով բնորոշելու լինենք, ապա միանշանակ կասենք, որ այդ խմբում ավելի շատ քննարկվում է երկրպագուների խուլիգանությունը Ֆրանսիայում: Առաջին տուրում ոչ-ոքի` 1-1 հաշվով ավարտված Անգլիա-Ռուսաստան խաղից շատ չանցած, ֆուտբոլային դիմակայության մասին խոսելուց զատ, ավելի շատ քննարկման թեմա է դարձել երկու երկրների ֆուտբոլային ֆանատների պահվածքը: Բնավ պատահական չէ, որ ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ նախազգուշական քայլեր է ձեռնարկել` սպառնալով թե՛ Անգլիայի, թե՛ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներին հեռացնել մրցաշարից: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 150 հազար եվրոյով, իսկ Ռուսաստանի հավաքականը` պայմանական որակազրկում է ստացել:

Խմբի առաջատարի դերում այժմ Ուելսի հավաքականն է, որը Գարեթ Բեյլի առաջնորդությամբ 2-1 հաշվով առաջին տուրում հաղթել է Սլովակիայի հավաքականին: Երկրորդ տուրում բրիտանական դերբի է սպասվում` Անգլիա-Ուելս հանդիպման տեսքով: Ռուսաստանի հավաքականն էլ պետք է դիմակայի դեռեւս միավոր չունեցող սլովակներին:

«C» խմբի մասին խոսելիս պետք է առանձնացնենք Գերմանիայի հավաքականի հաղթանակը` 2-0 հաշվով, ուկրաինացիների դեմ խաղում: Չնայած գերմանացիները հաղթեցին, սակայն Եվրոպան տեսավ, թե ինչպիսի ֆուտբոլ կարող են խաղալ ուկրաինացիները: Լեհաստանի հավաքականը, որն ընդգրկված է այս խմբում, իր հերթին նվազագույն` 1-0 հաշվով, սակայն վստահ հաղթանակ տոնեց Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում:

Երկրորդ տուրում` հունիսի 16-ին կայանալիք Գերմանիա-Լեհաստան խաղը կարող է տալ մի շարք բաց հարցերի պատասխաններ: Ուկրաինան իր հերթին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում պետք է ապացուցի, որ մրցաշարին մասնակցում է ոչ ամենեւին զուտ մասնակցության համար: Առկա են մի շարք խնդիրներ, որոնք Ուկրաինան ցանկանում է լուծել հենց ֆուտբոլային դաշտում...

«D» խմբի առաջին տուրում նվազագույն` 1-0 հաշվով մրցակիցներին` համապատասխանաբար Չեխիայի եւ Թուրքիայի ընտրանիներին հաղթած Իսպանիայի եւ Խորվաթիայի հավաքականները գլխավորում են մրցաշարային աղյուսակը, եւ երկրորդ տուրում փոխանակվել են մրցակիցներով: Իսպանիան ուժերը չափելու է գրեթե ոչնչով աչքի չընկած թուրքերի հետ, իսկ խորվաթները կփորձեն հաջորդ փուլ դուրս գալու հարցը լուծել Չեխիայի ընտրանու դեմ հունիսի 17-ին կայանալիք խաղում:

«E» խմբի առաջատարի դերը ստանձնած Իտալիայի հավաքականը, որը կարողացավ ֆուտբոլային աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալ իր տակտիկական ծայրահեղ գրագիտությունը եւ 2-0 հաշվով հաղթել մրցաշարին աստղային կազմով մասնակցող Բելգիայի ընտրանուն, ուժերը չափելու է Զլատան Իբրահիմովիչի առաջնորդությամբ հանդես եկող Շվեդիայի ընտրանու հետ: Իռլանդիայի հավաքականն էլ, որ առաջին տուրում ոչ-ոքի` 1-1 խաղաց շվեդների հետ, դիմակայելու է «ապտակ ստացած» Բելգիային: Չնայած այս խմբում բելգիացիների, իտալացիների եւ շվեդների շանսերը շատ ավելի բարձր են գնահատվում, սակայն իռլանդացիները փորձելու են գլխացավանք դառնալ... Այդ մասին պարզ դարձավ առաջին իսկ խաղից հետո:

«F» խմբում, որտեղ գրանցվեցին մրցաշարի առաջին անակնկալները (Ավստրիան 0-2 հաշվով զիջեց Հունգարիային, իսկ Պորտուգալիան չկարողացավ հաղթել Իսլանդիային` խաղն ավարտելով 1-1), շատ ավելի հետաքրքիր երկրորդ տուր է սպասվում: Եթե առաջին տուրում թիմերը ստիպված էին զգուշորեն գործել, ապա հունիսի 18-ին այլեւս զգուշանալու հնարավորություն չկա. Ավստրիային եւ Պորտուգալիային հաղթանակ է անհրաժեշտ միմյանց դեմ դիմակայության ժամանակ, իսկ ահա Իսլանդիան կարող է նաեւ հաղթանակի համար պայքար մղել Հունգարիայի հավաքականի դեմ խաղում: Այնպես որ մրցաշարի երկրորդ տուրն այս խմբում իսկապես հետաքրքիր կարող է անցնել:

Մրցաշարի անցած 5 օրերին բավականին հետաքրքիր վիճակագրություն է գրանցվել, որի մասին եւս արժե հիշատակել. ամենից արագը խաղադաշտում եղել է Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Կոլբին Սիգթորսոնը, ով պուրտուգալացիների դեմ խաղում զարգացրել է մինչեւ 32 կմ/ժ արագություն: Իսլանդացիների դարպասապահ Հանես Հալդորսոնն ամենից շատն է փրկել իր թիմին. 32-ամյա դարպասապահն իր թիմին օգնել է ավելի քան 10 անգամ:

Գուցե զարմանալի թվա, սակայն մրցաշարի 12 խաղերից հետո թիմերի ֆուտբոլիստներից եւ ոչ մեկին չի հաջողվել աչքի ընկնել 1 անգամից ավելի, դա է պատճառը, որ լավագույն ռմբարկուների ցանկ դեռ չկա: Առաջին տուրից հետո չկա նաեւ 1 անգամից ավելի գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ:

Ինչպես եւ ակնկալելի էր, ամենից շատ գոլային գրոհներ ու վտանգավոր պահեր ստեղծել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն եւ նրա թիմակիցները` 27 պահ: Այդ ցուցանիշով երկրորդ` 18 պահ արդյունքն ունեն 4 թիմեր` բելգիացիները, գերմանացիները, լեհերը եւ խորվաթները: Մրցակիցների հանդեպ 1-ին տուրից հետո տարածքային առավելություն ամենից շատ ունեցել է Իսպանիայի հավաքականը` 67 տոկոս, ապա՝ Պորտուգալիան` 66 տոկոս, Գերմանիան` 63 տոկոս, եւ Լեհաստանը` 60 տոկոս:

Առաջին տուրում ամենից շատ փոխանցումները (694 փոխանցում) կատարել են իսպանացիները, իսկ ամենից ճշգրիտ փոխանցման ցուցանիշ (92 տոկոս) ունեն շվեյցարացիները, գերմանացիները, ինչպես նաեւ պորտուգալացիները: Տոկոսային առումով իսպանացիների փոխանցումների միայն 91 տոկոսն է ճշգրիտ եղել: