Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Տալիթա Բաղդասարյանի
Տեղադրվել է 09-06-2016
«Ես սովորական զինվոր եմ, ով իր գործն է արել…»
ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գեւորգ Մանուկյանն ապրիլյան պատերազմի ժամանակ խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռը:

Մարտակերտում «Մարտական խաչ» շքանշան ստացած ասպետների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Գեւորգը: Նա պատմեց, որ  ապրիլի 2-ին, գտնվելով մարտական հերթապահության մեջ, «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի մարտական ուղղաթիռը:

- Բարձրացա խրամատ, նկատեցի ուղղաթիռը եւ մեկ-երկու րոպեի ընթացքում ոչնչացրի այն: Այդ պահին գլուխս աշխատում էր միայն մարտի ուղղությամբ, ուզում էի ամեն կերպ խոցել ուղղաթիռը: Ուղղաթիռը խոցելուց հետո ընկերներով ուրախացանք, շնորհավորեցինք միմյանց,- հիշում է Գեւորգը:

Երբ լարված իրավիճակը փոքր-ինչ հանդարտվում է, մտածում է միայն ընտանիքի անդամների մասին, շատ էր ուզում գոնե մեկ րոպեով տեսնել նրանց…

- Հետաքրքիր զգացողություններ ունեի այդ պահին, չեմ կարող նկարագրել, ինձ լավ էի զգում, որ երկու տարվա ծառայության ընթացքում կարեւոր գործ եմ արել, կարողացել եմ ինչ-որ բանով օգտակար լինել Հայոց բանակին, իմ հայրենիքին, պաշտպանության գործում կարեւոր խնդիր կատարելով` մարդկանց կյանքեր փրկել:



Երբ մարտը թեժացել է, անհանգստության, վախի զգացում ունեցել է, բայց դա շատ չնչին է եղել հերոսական գործին խանգարելու համար:

- Վախի զգացումը հայրենասիրության վրա չի ազդում…

Հերոս Գեւորգը, սակայն, հերոսի իր պատկերացումը չունի…

- Ես սովորական զինվոր եմ, ով իր գործն է արել, իր պարտքն է կատարել…

Ապրիլյան պատերազմից հետո նրա ընկալումներում շատ բան է փոխվել…

- Կարծում եմ՝ պատերազմին մասնակից յուրաքանչյուր զինվորի աշխարհընկալման մեջ շատ բան է փոխվում, այլ կերպ է նայում աշխարհին: Երբ անգամ մեկ վայրկյան մտածում ես մահվան մասին, դրանից հետո շատ իրերի, երեւույթների այլ կերպ ես  նայում, ամենամանր բաներն անգամ արժեւորվում են:

Գեւորգը ծնվել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: ԵՊՀ ուսանող է, քաղաքացիական կյանքի հետ կապված էլ շատ նպատակներ եւ ծրագրեր ունի: Նրան հաշված օրեր են մնացել մինչ ծառայության ավարտը:

- Հարկ եղած դեպքում նորից պատրաստ եմ գալ սահման՝ իմ ներդրումն ունենալու հայրենիքի պաշտպանության գործում,- եզրափակում է Գեւորգը: