Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Նարե Վարդումյանի
Տեղադրվել է 08-06-2016
Հերոս Հարություն Բադալյան. «Վախենում եմ միայն իմ երկրորդ կեսին ընտրելուց…»
Բարձրանում էին ամբիոն, համեստորեն նայում ներկաներին եւ շատ հանգիստ տոնով ընդամենը մեկ-երկու նախադասություն ասում` «Խփել եմ 3 տանկ», «Պայթեցրել եմ հակառակորդի ուղղաթիռը», «Դիրք ենք հետգրավել՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ»...

Փոքրամարմին, զուսպ տղաների սխրանք, քաջություն արտահայտող թեթեւ նախադասությունների ծանրակշիռ իմաստը մի ազգի ճակատագիր է փոխել: Նրանք ապրիլյան պատերազմի մեր հերոսներն են` Հարություն Բադալյան, Արթուր Աղասյան, Գեւորգ Մանուկյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Գեւորգ Խաչատրյան, Սամվել Սահակյան… Այս շարքը երկար կարելի է շարունակել:

Մենք բախտ ենք ունեցել մեկ ամբողջ օր լինել նրանց կողքին, մեր սահմանների հզոր պաշտպանների հետ զրուցել, ծանոթանալ, մտերմանալ, լցվել դրական ու քաջության էներգիայով:

Քաջերի հետ ես հասկանում միայն հարցերիդ, ձայնագրիչի, պաշտոնական ներկայանալու անզորությունը. ի՜նչ հարցեր, պատերազմ տեսած, ընկեր կորցրած զինվորին ամենակարեւորի մասին հարցեր չեն տալիս, այլ կարդում են նրա խորը աչքերում…

Մարտակերտում ենք, զրուցում եմ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ, 20-ամյա Հարություն Բադալյանի հետ:

- Հարո՛ւթ, իմ հերո՛ս, թո՛ւյլ տուր՝ գրկեմ քեզ եւ շնորհավորեմ ինձ, որ երկիրս քեզ նման պաշտպան ունի…

- Ուզում էի գնայի ծառայության եւ անպայման դիրք պահել: Վեց ամիս պատրաստվելուց հետո կամավոր ընտրեցի Թալիշի ամենավտանգավոր դիրքը: Ծառայության ընթացքում միշտ փորձել եմ ինչ-որ մի բարձունքի հասնել. տեղում դոփել, մի բանով սահմանափակվել չեմ սիրում: Ամեն անգամ կարող ես նոր բանի հասնել…

Ապրիլի 2-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ, շարքային Հարություն Բադալյանը նկատում է հակառակորդի՝ դիրքին մոտեցող դիվերսիոն խմբին եւ զեկուցում դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին:

- Նկատեցի թշնամու մեծաքանակ զորքը, առաջին բանը, որ մտածել եմ` էլ չեմ լինի: 7-ից 8 րոպե մարտի բռնվելուց հետո վիրավորվեցի նռնակի բեկորից, ընկա գետին, նորից վեր կացա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին: Վազեցի այդ ուղղությամբ, մոտ 2 մետր հեռավորությամբ նրանց դեմ դիմաց դուրս եկա եւ կրակահերթով ոչնչացրեցի: Կողքի զինվորը վախեցավ, փախավ, փախչելու ընթացքում նրան էլ խփեցի,- հիշում է Հարություն Բադալյանը:

Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների ներքո կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմակերպում է շրջանաձեւ պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվում դիվերսանտների հետ: Նռնակով վիրավորում է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետեւ ինքնաձիգով ոչնչացնում, որից հետո նրան քարշ է տվել գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:

Վիրավոր Հարությունին տեղափոխում են հոսպիտալ: Հոսպիտալից փորձում է փախչել եւ նորից դիրք գնալ: Այնտեղից  տեղափոխում են Սիսիան քաղաքի հոսպիտալ: Նշում է, որ հենց իր ծննդյան օրն է վիրավորվել:

Հարությունը հերոսի իր պատկերացումն ունի.

- Բոլոր դիրքապահ զինվորները, ովքեր գործը ոչ թե կատարել, այլ գերակատարել են, նրանք հերոսներ են

«Մարտական խաչ» շքանշան ստանալիս ուրախացել է, բայց  տխրությունն ավելի մեծ է եղել.

- Շքանշանը ստանալիս լիարժեք չուրախացա, զոհվածներից շատերն իմ զինակից ընկերներն էին: Ինչքան էլ ներկայացնեմ,  դժվար է ինձ հասկանալը: Պատմելիս այդ ամենը ես նորից վերապրում եմ: Զոհված իմ ընկերները հերոս, քաջ տղաներ էին

Մի պահ լռում է. աչքերում թախիծն է խոսում… Մարտական գործողություններից հետո կյանքի ընկալումներում շատ բան է փոխվել.

- Երբ զգում ես մահվան վախը, կյանքի նկատմամբ պատկերացումդ կտրուկ փոխվում է: Սկսում ես ամեն ինչ արժեւորել

Հարություն Բադալյանն ընդունվել է Երեւանի ազգային ագրարային համալսարան եւ զորակոչվել բանակ: Ուզում է ուսումն ավարտելուց հետո սովորել նաեւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում:  Հարութը ծառայության մեջ ոչնչից չի վախենում, բայց վախենում է քաղաքացիական կյանքից եւ կյանքի ընկեր ընտրելուց.

- Քաղաքացիական կյանքն ավելի դժվար է, քան բանակում ծառայելը: Վախենում եմ իմ երկրորդ կեսին ընտրելուց: Շատ կարեւոր է, որովհետեւ ամբողջ կյանքում մեկի հետ ես լինելու: Պետք է ճիշտ ընտրություն անել, որպեսզի ժամանակի ընթացքում չհոգնես նրանից, հետաքրքիր լինի նրա հետ ապրելը:

Հարություն Բադալյանին ընդամենը 14 օր է մնացել մինչ ծառայության ավարտը: Անկախ քաղաքացիական կյանքի իր պատկերացումներից եւ պլաններից՝ հարկ եղած դեպքում կրկին պատրաստ է մեկնել դիրքեր եւ արժանի հակահարված տալ հակառակորդին: