Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 02-06-2016
Մեզ մոտ տոներ նշելու արվեստը զարգացե՞լ է
Տարեցտարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն էլ ավելի պայծառ եւ գունեղ է դառնում:

Մեկ օր անց էլ դեռեւս փողոցներում կարելի է նկատել փուչիկներ, խաղալիքներ, նվերներ, որոնք միգուցե մատնվել են իրենց փոքրիկ տերերի անտարբերությանը: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մեր՝ երիտասարդներիս մեծամասնության շրջանում հունիսի 1-ն այդքան էլ չի տարբերվել մյուս օրերից:



Դավիթ Պետրոսյանը, ով 90-ականների ծնունդ է, փաստում է, որ իր կյանքում հունիսի մեկն այդքան գունեղ չի եղել. «Մենք այժմ շատ ենք միջազգայնացվել, մեր երեխաները, մենք էլ միշտ սիրված եւ պաշտպանված ենք եղել, երեւի դրա համար հունիսի 1-ն այդքան չի առանձնացվել»:



Լուսինեն էլ 90-ականների ծնունդ է, չի հիշում, որ հունիսի մեկն իր համար տոնի վերածված լինի. «Իմ մանկության ընթացքում ուրախ եւ հետաքրքիր օրեր անցկացնելը պայմանավորված չի եղել տոնական օրերով: Մեր ազգային առանձնահատկությամբ պայմանավորված՝ մենք մեր բոլոր օրերն ենք նվիրում մեր երեխաներին»:



Ամեն դեպքում դրական է, որ ներկայումս մանուկների հանդեպ անսահման սերն ու հոգատարությունը ավելի խորհրդանշական եւ տեսանելի են արտահայտվում հունիսի 1-ին: Մեզ մոտ տոներ նշելու արվեստը զարգացել է, եւ պետական ուշադրությունը կենտրոնացել է  հասարակության բոլոր շերտերի վրա:



Պետք է նշել, որ այս տարի Երեւանում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնք ոչ միայն ժամանցային բնույթ ունեին, այլեւ երեխաներին ծանոթացնում էին մեր պատմամշակութային արժեքներին, իրավունքներին եւ նպաստում ընդհանուր զարգացվածությանը: Տոնակատարություններ էին անցկացվում «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում, որի շրջանակում կայացան «Գարնանային կառնավալ» կրթական ծրագրի արդյունքում ստեղծված բեմական մոդելների ցուցադրություն, բացօթյա նկարչություն մոլբերտների վրա եւ այլն:



Երեւանի Սիրահարների այգում էլ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր «Երեխաների ձայնը» միջոցառումը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք իրենց մաղթանքներն են հղել երեխաներին:



Հյուսիսային պողոտայի Տերյան-Թումանյան հատվածում կազմակերպվել էր «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, ընտանեկան բռնությունների, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդիրների վրա:



ՀՀ փաստաբանների պալատը նույնպես անմասն չէր մնացել տոնական միջոցառումներից: Զաքյան-Խորենացի փողոցների հարակից տարածքում գտնվող Մանկական զբոսայգում կազմակերպվել էին ուրախ համերգ-տոնակատարություն, ինչպես նաեւ «ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների մրցանակների հանձնում: Նմանօրինակ տոնական միջոցառումներից անմասն չէին մնացել նաեւ ՀՀ մարզերը: