Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-05-2016
«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը բաց է հանրության համար
Երեսուն տարի փակված մնացած ստեղծագործությունն արդեն հասանելի է հանրությանը: Երեւանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում բացվել է Արտաշես Հովսեփյանի` 1984-1988 թթ. ստեղծած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը:


Այն նկարիչ Հակոբ Կոջոյանի համանուն նկարի քանդակն է, պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ եւ կոմպոզիցիոն անսովոր կառուցվածք ունի: Կենտրոնում ազգային էպոսի գլխավոր հերոսն է` Դավիթը՝ հեծած իր ձին եւ Թուր-Կեծակին ձեռքին` սրընթաց գրոհի ժամանակ: Այդ դրվագը շրջանակող մանր հատվածների մեջ հայոց դյուցազնի կյանքը լուսաբանող պատկերներ են` Սասունցի Դավթի ծնունդը, առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ պայքարի պատկերներ եւ այլն:

«Որմնաքանդակը ստեղծվել է 1980-ականներին` Կասկադի շինարարությանը զուգահեռ: Երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման պատճառով ինչպես Կասկադի, այնպես էլ որմնաքանդակի ստեղծումը կիսատ է մնացել: Կային ֆինանսական դժվարություններ, մի շարք առաջնահերթություններ փոխվեցին: «Գաֆեսճեան» հիմնադրամի կողմից Կասկադը ձեռք բերելուց հետո քանդակը պահպանության հանձնվեց եւ քանի որ անավարտ վիճակում էր, ծածկվեց: «Թանգարանային գիշերվա» շրջանակում որոշվեց, որ պետք է այն բացվի, թեկուզ՝ անավարտ տեսքով»,- մեզ հետ զրույցում նշեց «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի աշխատակից Եսայի Քարամյանը:

Նշենք, որ մայիսի 18-ին տեղի է ունեցել որմնաքանդակի հանդիսավոր բացումը, որին ներկա է գտնվել նաեւ հեղինակը` Արտաշես Հովսեփյանը:

1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը համալիրի սրահներից երկուսը ձեւավորելու առաջարկով դիմել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանին: Քանդակագործի համար ազգային էպոսի թեման միշտ էլ մեծ հետաքրքրություն է ներկայացրել:

Արտաշես Հովսեփյանի հայտնի աշխատանքներից են նաեւ մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները, Սիսիան քաղաքի մուտքի արծիվը, Երեւանի Կոնյակի գործարանի որմնաքանդակները, «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները եւ այլն:

Պատկերասրահ՝ Թանգարանային գիշեր - 2016