Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 2016-05-07 21:00
Ալտի եւ թավջութակի փառատոն՝ շուտով
Մայիսի 18-ից մեկնարկելու է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը:

Փառատոնը նվիրվում է 2016 թ.-ին անվանի երաժիշտների ծննդյան` Առնո Բաբաջանյանի (95), Էդվարդ Միրզոյանի (95), Գերոնտի Թալալյանի (90), Միխայիլ Կոկժաեւի (70), Դ. Շոստակովիչի (110), Բ. Բարտոկի (135), Վ. Ա. Մոցարտի (260) հոբելյաններին եւ Ն. Մետնեռի (65), Ռ. Շումանի (160), Ա. Վիվալդիի ( 275), Ջ. Պերգոլեզիի (280) մահվան տարելիցներին:  

Փառատոնն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

2008 թվականին հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն (գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյան)՝ այն 2010 թվականից ընդլայնվեց եւ դարձավ ալտի եւ թավջութակի փառատոն՝ Արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ: 2013 թվականից փառատոնի կազմակերպչական գործունեությունը ստանձնեց «Արս լունգա» հասարակական կազմակերպությունը՝ ծրագրերում ընդգրկելով ինչպես մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի: 

Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա փառատոնի նպատակն է ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ եւ այլազգի երաժիշտների միջեւ, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ եւ պատանի կատարողների զարգացմանը:

Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ եւ դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված ալտի եւ թավջութակի համար:

Փառատոնն առանձնակի կարեւորում է տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումը, որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը եւ Մ. Կոկժաեւը, ինչպես նաեւ անվանի թավջութակահար Գերոնտի Թալալյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյան (ջութակ/Բելգիա): 

Արդեն 3-րդ տարին է, ինչ փառատոնը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ում հետ այս տարի ելույթ կունենան պատանի (12-13 տարեկան) շնորհալի թավջութակահարներ: