Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Համացանցից
Տեղադրվել է 22-04-2016
«Թուրքական վերնախավում շարունակում է դոմինանտ լինել ցեղասպան մտածողությունը»
«Հայոց ցեղասպանությունից բխող պահանջատիրության խնդիրը դանդաղ, բայց հաստատակամ առաջ է գնում»:

Այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ եւ գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա` պետական մակարդակով հարցի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է նախորդ տարվա հունվարի 29-ի հռչակագրով. «Այն հարցը իրավաքաղաքական դաշտ է տանում: 1965 թ.-ից մենք պայքարել ենք Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ջանքերն ուղղել ճանաչման համար, իսկ հիմա մեզ համար հատուցման խնդիրն է կարեւոր»:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Հայոց ցեղասպանության պահանջատիրության ուղղությամբ մեր քայլերը երբեմն դանդաղ են, բայց մենք, թեկուզ ուշացած,  մշակում ենք իրավաքաղաքական փաթեթ՝ մեր պահանջները ներկայացնելու համար: Համաշխարհային մասշտաբով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս պիտի ասենք՝ Հռոմի պապի ելույթը կարեւոր էր: Աշխարհի բարոյականության առաջ դա յուրահատուկ քննություն էր: Լուռ մնացողներն էլ ապացուցեցին՝ կապված են ցեղասպան մտածողություն ունեցողների հետ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Նա փաստեց, որ Թուրքիան, տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ լինելով, շարունակում է հայկական մշակույթը ավերել ու վանդալիզմի ենթարկել Արեւմտյան Հայաստանում. «Թուրքական վերնախավում շարունակում է դոմինանտ լինել ցեղասպան մտածողությունը: Քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց այդ պարզ ճշմարտությունը»:

Արա Պապյանն էլ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայոց պահանջատիրության մեջ հաջողության հասնելու համար կարեւորեց շեշտը գիտական աշխատությունների վրա դնելու հարցը. «Սերունդները պետք է Հայոց ցեղասպանության մասին գիտական աշխատություններ կարդան, իսկ այդ ուղղությամբ դեռեւս շատ աշխատանքներ կան, որ պետք է իրականացվեն: Հարկավոր է խորը գիտական ուսումնասիրություններ անել»:

Ըստ նրա` ժամանակն է, որպեսզի ուղղորդիչ դեր ունեցող գիտական աշխատություններ գրվեն, որոնցում ներառված կլինեն նաեւ պահանջատիրության դրույթները. «Գործնական քաղաքականության մեջ չեմ տեսնում որեւէ փոփոխություն Հայոց ցեղասպանության առումով, իսկ գիտական առումով չեմ տեսնում առավել ֆունդամենտալ գիտական աշխատանքներ։ Մենք պետք է բազմահատոր նոր ժողովածուներ, հանրագիտարաններ ունենայինք։ Գիտական ներուժը, եթե աջակցություն ստանա, իհարկե, կարող է շատ բան անել, բայց դրա համար ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր»։