Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-04-2016
24 տարի անց՝ դեռեւս անպատիժ
Ապրիլի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Մարաղայի կոտորածի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Նախաձեռնողը ՀԱՀ Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժինն էր: Ցուցադրվեց Մարաղայի ջարդերի մասին պատմող ֆիլմ, բանախոսությամբ էլ հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ կազմակերպության նախաձեռնությամբ 1995-96 թթ. հավաքագրվել, լրացվել է մի փաթեթ՝ ամբողջացնելով այն ամենը, ինչ 1992 թ. տեղի է ունեցել Մարաղայում: Փաթեթը ներառում է ականատեսների, տուժածների ու զոհվածների ընտանիքների վկայություններ, գյուղին հասցված վնասների մասին տեղեկություններ: Կազմակերպիչներն այն հանձնել են ԼՂՀ իշխանություններին, որոնք էլ գործերը ներկայացրել են ՄԱԿ-ում համապատասխան կարգավիճակ ունեցող միջազգային 3 կազմակերպությունների: Մինչեւ անգամ լսում է եղել, սակայն, ցավոք, հարցումների փուլով գործընթացն ավարտվել է:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ մենք ունենք ոչ միայն հնարավորություն, այլեւ իրավական հարթություններում Մարաղայի գործը ներկայացնելու պարտականություն. «Մեզ հիմա թվում է, թե բոլորը գիտեն ամեն ինչ եւ ահա վաղը սկսելու են դատապարտել: Եթե մենք չլինենք հետեւողական ու հմուտ, եթե մենք մասնագիտացված ձեւով հանդես չգանք ու չներկայացնենք հարցը, դա շարունակվելու է»:

Միջոցառման ընթացքում խոսվեց նաեւ վերջին շրջանի ղարաբաղա-ադրբեջանական  քառօրյա պատերազմի, հակառակորդի կողմից մեր զինծառայողների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված դաժանությունների մասին: Նշվեց, որ Մարաղայի դեպքերի՝ միջազգային ատյաններին պատշաճ կերպով չհասցնելու, չդատապարտելու հետեւանք են, օրինակ, սահմանամերձ Թալիշ գյուղում կատարված բռնությունները:

Տիկին Ալավերդյանի խոսքով՝ կարեւոր է խոսել նման դեպքերի մասին, որովհետեւ թե՛ տարածաշրջանային, թե՛ եվրոպական անվտանգության խնդիր է դառնում: Եվրոպան այսօր պակաս վտանգված տարածքներից չէ, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, անմիջապես արտացոլվում է Եվրոպայում:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Թարթառի շրջանի հարեւանությամբ գտնվող Մարաղա գյուղում, որտեղ, 1989 թվականի մարդահամարի համաձայն, ապրում էր 4660 մարդ՝ հիմնականում հայ, ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին իրականացրել են կոտորած: Մինչ այդ գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության: 

Ըստ հայկական անվանական ցանկի՝ զոհվել է 57 եւ գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, ինչի հետեւանքով բնակչությունը լքել է գյուղը: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում՝ 21 կին եւ 6 երեխա:

Հավելենք նաեւ, որ ջոկատի հրամանատարն այդ սպանդն իրականացնելու համար ստացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։