Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Համացանցից
Տեղադրվել է 06-04-2016
Համախմբում՝ հանուն սահմանների պահպանության
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները կարճ ժամանակամիջոցում համախմբեցին համայն հայությանը:

Բազմաթիվ մարդիկ կամավորագրվեցին գնալու Արցախ: Անմասն չմնացին նաեւ տարբեր բուհերի ուսանողներ: Հայրենիքի պաշտպանների կողքին կանգնելու ու նրանց սատարելու համար Երեւանի պետական համալսարանում հարյուրից ավելի ուսանողներ ցանկություն հայտնեցին կամավոր մեկնելու ռազմի դաշտ: Նշենք, որ նրանց թվում կային նաեւ զինծառայություն չանցածներ եւ աղջիկներ: Բոլորի նպատակը մեկն է՝ նույնիսկ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու թշնամուն չզիջել եւ ոչ մի թիզ հող: 

Մեր համազգային մտահոգության կողքով անտարբեր չանցան նաեւ եզդիները. կամավորագրվեցին ու հայերի հետ մեկնեցին Ստեփանակերտ: Մի քանի ժամ սպասելուց հետո ընդգրկվեցին տարբեր զորամասերում։ Հիշեցնենք, որ մեր կողմի զոհերի մեջ էր նաեւ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը:

Չմեկնողներն էլ ձեռնամուխ եղան սահմանին անհրաժեշտ իրերի հավաքման գործին: Մի շարք մտահոգ քաղաքացիներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարածեցին առաջին անհրաժեշտության իրերի, սննդի հավաքագրման եւ Արցախ տեղափոխման մասին տեղեկություն: Նախաձեռնությունն անցկացվեց ապրիլի 4-ին եւ 5-ին Մաշտոցի պուրակում: 

«Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաեւ կամավորական ջոկատներ, եւ հնարավոր է՝ նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել եւ ուղարկել առաջնագիծ»,- ասված է հայտարարության մեջ: 

Երեւանի պետական համալսարանի 6-րդ հարկ ուսանողների ու աշխատակիցները հոսքը չէր դադարում: Սահման ուղարկելու համար յուրաքանչյուրը բերում էր այն, ինչ կարող էր՝ հագուստից մինչեւ ծխախոտ, բժշկական պարագաներից մինչեւ քաղցրեղեն: Նախաձեռնությանը միացել էին գրեթե բոլորը: 

Լիանա Գրիգորյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է: Տեղեկանալով Ուսանողական խորհրդի նախաձեռնության մասին՝ հավաքել է հագուստ ու հաջորդ օրն իսկ բերել համալսարան: 

«Բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր հողի համար: Շատերն այսօր կենաց ու մահու կռիվ են մղում, եւ սա ամենաքիչն է, որ կարող եմ ու պարտավոր անել սահմանին կանգնած մարդկանց համար»,- մեզ հետ զրույցում նշեց ուսանողուհին:

Կարճ ժամանակամիջոցում հավաքվեցին բավականին քանակությամբ անհրաժեշտ իրեր: Հավաքում, տեսակավորում, փաթեթավորում. այս գործընթացն ավարտելուց հետո իրերը զինվորներին ուղղված նամակների հետ «կճանապարհվեն» Արցախ: Ի դեպ, դրանք ոչ միայն զինծառայողների ու կամավորականների համար են, այլեւ սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչների: Հիշեցնենք, որ նրանցից ոմանք ռազմական գործողությունների պատճառով ստիպված ժամանակավորապես լքել են իրենց տները:

Իրերի փոխանցումը առաջնագծում կանգնած հայրենիքի պաշտպանների համար ոչ միայն նյութական, այլեւ բարոյահոգեբանական աջակցություն է. կարեւոր է, երբ զինծառայողն ու կամավորականը զգում են թիկունքի աջակցությունը: Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան նաեւ դրամական փոխանցումներ կատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցելու համար:

Հուսանք, որ կրակոցներ այլեւս չեն հնչի, ու հաղթանակի գրավական միախմբվածությունը կշարունակվի նաեւ խաղաղ ժամանակ: