Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 31-03-2016
Տ. Գյուլումյան. «Տիգրանը հրաժարվեց թատրոն հիմնարկից, բայց ոչ թատրոն երեւույթից»
Արեւոտ օր, բարձր տրամադրություն, հաճելի զրուցակից. այս անգամ Eritasard.am-ը զրուցել է մերօրյա համով-հոտով եւ միշտ յուրահատուկ դերասան Տիգրան Գյուլումյանի հետ:

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն դերասանը ժամանեց փոքր-ինչ ուշացումով: Ո՛չ, իրականում Տիգրանն անպարտաճանաչ չէ, ոչ էլ` հպարտ, այլ մեքենայի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Դե՛ ինչ, օրը սկսում ենք Տիգրան Գյուլումյանի հետ:

- Տիգրա՛ն, այս անգամ օրը սկսեցիք մեզ հետ, պատրաստեցիք սուրճ, իսկ առօրյայում իր օրն ինչպե՞ս է սկսում Տիգրան Գյուլումյանը:

- Առհասարակ, երբ արթնանում եմ, հասցնում եմ տանն ըմպել մեկ բաժակ սուրճ եւ դուրս եմ գալիս տնից: Պետք է նշեմ, որ, որպես կանոն, իմ օրը կանոնակարգված չէ, քանի որ յուրաքանչյուր օր իր հետ բերում է նոր խնդիրներ, որոնց մշտապես անհրաժեշտ է լուծումներ տալ: Իհարկե, կան օրեր, որոնք արդեն խիստ պլանավորված են, բայց հիմնականում օրվա թելադրած խնդիրներով եմ առաջնորդվում:

- Պարզեցինք՝ ինչպես եք սկսում օրը, իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչու Տիգրան Գյուլումյանին չհաջողվեց ընդունվել Թատերական ինստիտուտ:

- Հնարավոր է, որ դա ճակատագիր էր: Մեր ժամանակվա ընդունող հանձնաժողովն ինձ չտեսավ որպես դերասան, պատճառաբանեցին, որ հասակս կարճ է: Ճիշտն ասած, այդ ընթացքում ինձ համար հեղաշրջում սկսվեց. սկսեցի կռիվ տալ ինքս ինձ հետ, Աստծո հետ, թե ինչու է հասակս կարճ, հետո սկսեցի մտածել, որ եթե հասակս կարող է խնդիր լինել, ապա ինչո՞ւ ընդունելության հայտարարության մեջ այդ մասին նշված չէ: Սակայն միեւնույն ժամանակ հիշում էի այն փայլուն դերասաններին, որոնց ցածր հասակը չի խանգարել, որ դառնան դերասան: Հասկացա, որ հանձնաժողովը պարզապես չէր պլանավորել, որ ես պետք է ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Հաջորդ տարի կրկին դիմեցի, այս անգամ՝ Մանկավարժական ինստիտուտ՝  Թատրոն եւ մասսայական միջոցառումների ռեժիսուրա բաժինը, բայց այս անգամ որոշեցի դառնալ ռեժիսոր, քանի որ այդ առումով հասակը նշանակություն չուներ: Ի դեպ, այն մարդը, ով ինձ ասաց, թե թատրոնի համար իմ հասակը չի բավարարում, իրականում ինձանից ավելի ցածրահասակ էր: Այսպիսով, կարճ ժամանակ անց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեց երիտասարդ դերասանների ընդունելություն: Գնալով թատրոն` հանդիպեցի այդ նույն անձնավորությանը: Տեսնելով ինձ` նա հիշեց եւ հայտարարեց, որ ես եմ լինելու խմբի ավագը:

- Սունդուկյան անվան թատրոնում անցկացրած տարիների մասին մի փոքր կխոսե՞ք:

- Թատրոնում ուսանող Տիգրանին վստահվեցին փոքր դերեր, որոնք իրականում ինձ համար շատ կարեւոր էին: Ես գտնվեցի իմ մանկության, պատանեկության եւ գիտակից կյանքի երազանքի բեմում, որտեղ խաղացել են Փափազյանը, Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը: Այդ բեմն ինձ համար ոչ թե աշխատավայր էր, այլ սրբավայր: Կարճ ժամանակ անց ինձ, մասսայական դերերից զատ, սկսեցին վստահել նաեւ կերպարային դերեր, եւ կարծես թե ուսանող դերասանի համար կյանքը շռայլ էր ու բարենպաստ:

- Ասում են՝ թատրոնն «անբուժելի հիվանդություն» է...

- Իսկապես, թատրոնն «անբուժելի հիվանդություն» է, եթե դու այդ հիվանդությունը տարածել ես քո ներսում: Գիտեք՝ թատրոնը չի սիրում լինել սիրուհի, թատրոնը պետք է սիրես, հակառակ դեպքում այն քեզ չի ընդունի: Արվեստը խանդոտ երեւույթ է, հատկապես՝ թատրոնը. եթե դու նրան սիրում ես, անպայման հիվանդանում ես անհասկանալի այդ երեւույթով:

- Որքանո՞վ  է թատրոնը փոխել Տիգրան Գյուլումյանին:

- Խորհրդային Միությունից հետո ակամայից հայտնվեցինք մի իրավիճակում, որտեղ պետությունը կա՛մ չէր ուզում, կա՛մ այն իրավիճակում չէր, որ թատրոնի կողքին լիներ, որպեսզի այն շարունակեր մնալ իր դիրքում: Հիմա, ինչպես տեսնում եք, դերասանները, ներկայացումներից զատ, սկսել են զբաղվել նաեւ մի շարք այլ աշխատանքներով, որպեսզի փոքր-ինչ բարեկեցություն ապահովեն: Իրականում հայտնվում ես մի խաչմերուկում. մի կողմում դու ես, բեմը, որտեղ ամփոփված է քո էությունը, մյուս կողմում ընտանիքդ է, որի համար պետք է փոքր-ինչ բարեկեցիկ պայմաններ ստեղծել:Եվ սա է պատճառը, որ այսօր շատ դերասաններ նկարահանվում են սերիալներում կամ էլ զբաղված են այլ աշխատանքներով: Վեց տարի աշխատելով թատրոնում՝ ես ժամանակի հրամանով ինքս որոշեցի կատարել ընտրություն: Թողեցի թատրոնը` մտածելով, որ ավելի լավ կլինի թողնեմ այն, քան կողքիս պահեմ որպես սիրուհի: Սակայն թատրոնն ամբողջությամբ թողնել այդպես էլ չկարողացա, քանի որ շատ շուտով «MEA CULPA» ներկայացման մեջ խաղալու առաջարկ ստացա, որտեղ թերեւս ամենաերիտասարդն էի եւ չճանաչվածը: «MEA CULPA»-ին հաջորդեց մյուս ներկայացումը` «Ժանգոտ բանալին», եւ այսպես շարունակ. ստացվեց, որ Տիգրանը հրաժարվեց թատրոն հիմնարկից, բայց ոչ թատրոն երեւույթից՝ ներկայացումից:

- Տիգրա՛ն, վերջերս ներկայացաք «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» ֆիլմում: Ասում են՝ ֆիլմը Ձեզանով եք արել

- Ես արել եմ իմ աշխատանքը, արել եմ այն ամենը, ինչ պահանջում էր տվյալ կերպարը: Իրականում ֆիլմը, ներկայացումը սինթետիկ արվեստ են, եւ ասել, որ տվյալ ստեղծագործությունն ինձանով եմ արել, այնքան էլ ճիշտ չէ, համամիտ չեմ: Հնարավոր է, որ կերպարը լինի հետաքրքիր, հումորային եւ լինի հանդիսատեսի ուշադրության կենտրոնում, դրական էմոցիաներ բերի: Բլոտի կերպարը, ըստ էության, այդպիսին է, բայց այդքան էլ համաձայն չեմ «ֆիլմն ամբողջությամբ ինձանով եմ արել» արտահայտության հետ:

- Առողջական խնդիրներ ունենալով` շարունակել եք մնալ նկարահանման հրապարակում: Դժվա՞ր չէր:

- «Ընտանյոք հանդերձ» կատակերգական սերիալի ընթացքում ես կոտրել էի մատս եւ դաստակս, ուղիղ երկու օր հետո սկսվելու էին իմ նկարահանումները «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» ֆիլմում, որտեղ պետք է ներկայանայի շատ ակտիվ եւ դինամիկ դերասանական խաղով: Այնտեղ կա մի տեսարան, որտեղ Բլոտը փորձում է երկու ձեռքով պաշտպանել իր շեֆին, իսկ ահա իմ մի ձեռքը գիպսի մեջ էր: Ի վերջո, հանեցի գիպսը, նկարահանումներն իրականացրինք, ամեն բան կարգին էր, բայց պետք է խոստովանեմ, որ իրոք շատ ցավոտ էր: Գիտեք, շատ հետաքրքիր էր այն, որ վերադառնալով տուն` ես ինձ շատ ուժեղ էի զգում, քանի որ անցել էի փոքրիկ փորձության միջով:

- Դերասանները միշտ ունենում են երազանքներ` կապված պիեսների, դերերի հետ: Հետաքրքիր է,Դուք ունե՞ք այդպիսի երազանք:

- Այո՛, հատկապես ուսանողական տարիներին դրանք առավել շատ էին: Ինձ համար դասականների ստեղծած կերպարներն են հետաքրքիր: Ես միշտ երազել եմ Շեքսպիրի Ռիչարդ Երրորդի կերպարը մարմնավորելու մասին. կարծում եմ՝ այդ դերը հնարավորություն կտա ցույց տալու ամեն բան` էմոցիա, դերասանի վարպետություն եւ այլն: Ուսանողական տարիներին ընկերներով մի փոքր բեմադրեցինք, աշխատեցինք, բայց ի վերջո մինչեւ այսօր Ռիչարդ Երրորդի կերպարն ինձ համար շարունակում է մնալ երազանք:

- Ունե՞ք մասնագիտական բացառություններ:

- Չեմ խաղա անճաշակ ֆիլմում, չեմ մարմնավորի գռեհիկ կերպար, կան նմանօրինակ բաներ, որոնք իմը չեն: Նախ եւ առաջ պետք է կերպարը դարձնեմ իմը, տեսնեմ՝ որքանով է այն համապատասխանում իմ էությանը: Անգամ եթե լինում է շատ լավ ֆիլմ, պրոֆեսիոնալ անձնակազմ, բայց եթե կերպարն իմը չէ, ես հրաժարվում եմ այդ դերից, քանի որ կերպարը մարմնավորելուց առաջ դերասանները շատ բան են հաշվի առնում:

- Ծանոթանալով սցենարին` ի՞նչն եք կարեւորում ամենից շատ:

- Առաջինը՝ գեղարվեստականությունը, այնուհետեւ ծանոթանում եմ կերպարին, որը պետք է մարմնավորեմ, եւ փորձում եմ հասկանալ տվյալ կերպարի կենսագրությունը, կերպարի էությունը, հասկանում եմ` արդյոք Տիգրան դերասանը ճանապարհ ունի տվյալ կերպարի հետ: Փորձում եմ գնահատել տվյալ ֆիլմի շանսերը` որքանով այն հաջողված կլինի:

- Դերասանի աշխատանքը մի շարք դժվարություններ է ենթադրում: Գիտեմ, որ ունեք երկու բալիկ, դեմ չե՞ք լինի, եթե ընտրեն հայրիկի մասնագիտական ճանապարհը:

- Երկուսն էլ նկարահանվելու, խաղալու ցանկություն ունեն: Մեր տանը մշտապես հյուր են լինում արվեստի ներկայացուցիչները: Ես չեմ խառնվում երեխաներիս մասնագիտության ընտրության հարցին: Գիտեք, արվեստի, թատրոնի մարդ չեն դառնում, Աստված մարդուն շնորհ է տալիս, որի հետ պետք է ճիշտ աշխատել: Մնացած նրբությունները կրթությունն է ապահովում, դարձնում էլ ավելի պրոֆեսիոնալ: Ինչ վերաբերում է երեխաներիս, ապա նշեմ, որ տղաս շատ լավ ասմունքում է, կերպարների վերլուծություն է անում. ես չեմ խառնվելու, բայց շատ հետեւողական եմ լինելու այդ հարցում:

- Ապագա պլանների մասին ի՞նչ կասեք:

- Ունեմ մի հետաքրքիր գաղափար, ընկերներիս հետ աշխատում ենք մի նախագծի շուրջ, որը լինելու է մանկական ներկայացման տեսքով: Այն լինելու է հեքիաթ, որի հիմքում հնի ու նորի սինթեզն է: Ի դեպ, այս տարի ամենայն հավանականությամբ կներկայացնենք «MEA CULPA 2» ներկայացումը:
 

Պատկերասրահ՝ Առավոտը՝ դերասան Տիգրան Գյուլումյանի հետ