Նյութը՝ Ա. Տուրյան
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-03-2016
2016 թվական. ինչպիսին է հայկական ֆուտբոլն հենց այս պահին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին անգամ հաղթանակ է տոնել գրեթե 2 տարի առաջ. մինչեւ այսօր դեռ պարզ չէ, թե ինչպես է պետք հաղթահարել մրցակիցներին:

Ընդամենը հաշված րոպեներ անց Երեւանում` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը` 19:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղով կտա այս տարում իր առաջին ֆուտբոլային խաղի մեկնարկը: Որպես այս ընկերական խաղի մրցակից է ընտրվել Բելառուսի ազգային հավաքականը, որը նախորդիվ հասցրել է երկու անգամ հյուրընկալվել Հայաստանում (երկու անգամ էլ հանդիպումը տեղի է ունեցել չեզոք մարզադաշտում), իսկ մեկ անգամ էլ հյուր է ընդունել Հայաստանի ազգային հավաքականին. դա եղել է առաջին դիմակայությունը, այն էլ` հեռավոր 2000 թ.-ին: Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների մրցակցության վիճակագրությունից ակնհայտ է (բելառուսները հայերին հանդիպել են 5 անգամ, ըստ որում` հաղթել են 3 անգամ, 1-ական անգամ էլ ոչ-ոքի են խաղացել ու պարտվել), որ մրցակցի հարկի տակ հանդես գալն ամենեւին էլ խոչընդոտ չի լինելու Բելառուսի ազգային հավաքականի հաղթանակի համար, որը չնայած վաղուց հանդես է գալիս առանց ֆուտբոլային խոշոր աստղերի, սակայն ի տարբերություն Հայաստանի ազգային հավաքականի` ավելի կայուն ֆուտբոլ է ցուցադրում` անձանագրելով երկրպագուների համար ընդունելի արդյունքներ: Օրինակ, անցկացրած վերջին 3 պաշտոնական խաղերում բելառուսները այդպես էլ պարտություն չեն կրել` մրցելով Լյուքսեմբուրդի, Սլովակիայի եւ Մակեդոնիայի ազգային հավաքականների դեմ, չնայած այս «անպարտելիության» շրջանին նախորդել էին 3 անընդմեջ պարտություններ` Ռուսաստանի, Իսպանիայի եւ Ուկրաինայի ազգային հավաքականների դեմ խաղերում: Ինչեւէ, չենք կարծում, թե ամենեւին խնդիր է դրված մանրամասնորեն անդրադառնալու եւ վերլուծելու Բելառուսի ազգային հավաքականի` 2015 թ.-ին ունեցած մրցելույթները. դա ոչ թե մեր գործն է, այլ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի եւ նրա գլխավոր մարզչական շտաբի, որն էլ, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն ծանոթ է մրցակցին, գիտի վերջինիս թույլ եւ ուժեղ կողմերը: Կարեւոր է մեկ այլ բան. պատասխանել է պետք այն հարցին, թե ինչպիսին է այսօր ֆուտբոլը հայաստանյան պայմաններում: Ահա այդ մասին է, որ փորձել ենք թեկուզ հակիրճ, բայց համակողմանի անդրադառնալ: Հայաստանի ազգային հավաքականի «թարմացված» կազմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` վերջին երկու տարիների գործունեության մասին կարելի է բազմաթիվ հակասական տեսակետների հանդիպել. դրական տեղաշարժը նկատելի է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումից մինչեւ մարզադաշտերի, ֆուտբոլային նոր ենթակառուցվածքների ստեղծում, սակայն դրանից զատ կան արդյունքներ, որոնք ոչ միայն գոհացուցիչ չեն, այլեւ ուղղակի կարելի է խայտառակ կոչել: ՀՖՖ-ի ակտիվ գործունեության` հանրության առջեւ ամենատեսանելի արդյունքը Հայաստանի ազգային հավաքականի խաղն է, որին հետեւում են թե՛ ֆուտբոլասերները, թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ լրագրողները: «ԵՎՐՈ 2016»-ի ընտրական մրցաշարի ավարտից հետո մեծ փոփոխությունների սպասում էր առաջացել. հավաքականը տապալել էր ընտրական մրցափուլը, որի ընթացքից մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել: Սարգիս Հովսեփյանը` Հայաստանի ազգային հավաքականի երբեմնի փառապանծ ավագը, չկարողացավ օգտվել ընձեռված բացառիկ հնարավորությունից եւ մեկը մյուսի հետեւից ոչ գոհացուցիչ արդյունքներ արձանագրեց: Արդյունքն էլ ակնհայտ էր. Սարգիս Հովսեփյանն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարից ավելին դառնալ չկարողացավ: Իհարկե, հուսով ենք, որ տարիների ընթացքում նախկին ֆուտբոլիստը փորձ կկուտակի ու մի օր կրկին շանս կստանա, սակայն հենց այս պահին նրան իսկապես մի փոքր ժամանակ է պետք` սեփական ֆուտբոլային փիլիսոփայությունը ստեղծելու համար: Եթե անգամ հնարավոր չլինի սեփականը ստեղծել, ապա գոնե տարիների փորձը կարող է լավ հենք դառնալ` հետագայում դրական արդյուքներ գրանցելու համար: Մի փոքր դադարից հետո ՀՖՖ-ն հանրությանը ներկայացրեց Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչին, որն ամենեւին էլ, ըստ էության, նոր կերպար չէր հայկական ֆուտբոլում. ազգային հավաքականի ղեկը վստահվեց Վարուժան Սուքիասյանին, ով դեռ տարիներ առաջ հավաքականը մարզելու հնարավորություն արդեն ստացել էր, սակայն... Ինչեւէ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի առջեւ իսկապես բարդ խնդիրներ դրվեցին. պետք էր գտնել նախորդ ձախողումների հիմնական պատճառը, վերացնել դրանք եւ ամեն ինչ նորից սկսել: Դեռ 2015 թ.-ին էր հայտնի դարձել, որ 2016 թ.-ի մարտին Երեւանում ընկերական հանդիպում կկայանա Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ, այնպես որ մարզիչը հավաքականի կազմը որոշելու ժամանակ էր ստացել եւ կարող էր ուսումնասիրել մի շարք նոր թեկնածուների, որոնք նախկինում «անուշադրության» էին մատնված: Ակնհայտ էր, որ 2016 թ.-ին Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստների ցանկում եւս փոփոխություններ կլինեն, ինչը պայմանավորված կլինի ոչ ֆուտբոլային արժեհամակարգով: Դեռ 2016 թ.-ի փետրվարին հայտնի էր, որ մարտի սկզբին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Ավելին որպես մրցակից ազգային հավաքականի դեմ հանդես կգային երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները: Թե ինչպիսի արդյունք ունեցավ սույն հավաքը, տեղեկացված են գրեթե բոլոր ֆուտբոլասերները. ազգային հավաքականի հավաքին մասնակցելու էին եկել բազում նոր դեմքեր, որոնք դեռ 4-5 ամիս առաջ գուցե տարիների երազանք էին համարում ազգային հավաքականում հանդես գալը: Նշյալ ուսումնամարզական հավաքին զուգահեռ կայծակնային արագությամբ սկսեցին մի շարք լուրեր շրջանառվել այն մասին, թե ինչու որոշ ֆուտբոլիստներ հրավիրված չեն սույն հավաքին: Որպես կրակին յուղ ավելացավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան (չենք կարծում, թե ճիշտ կլինի այս դեպքում կիրառել նախկին բառը) Ռոբերտ Արզումանյանի հայտարարությունը, թե ֆուտբոլիստը որոշում է կայացրել ավարտել մրցելույթները ազգային հավաքականի կազմում: Հանրության առաջին արձագանքը զարմանքն էր. ինչո՞ւ պետք է իր` Հայաստանի հավաքականում վերջին խոսքը չասած, դեռ ընդամենը 31-ամյա պաշտպանը, առանց որի գրեթե անհնարին էր պատկերացնել Հայաստանի հավաքականի ուժեղագույն մեկնարկային կազմը, հայտարարի հավաքականի կազմում իր մրցելույթներն ավարտելու մասին: Ռոբերտ Արզումանյանի քայլը մեկնաբանվեց ոչ միանշանակ, սակայն ինչպես եւ սպասվում էր, ամեն ինչ դեռ առջեւում էր: Երբ օրերս գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին նախապատրաստվող եւ Բելառուսի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին պոտենցիալ մասնակցող ֆուտբոլիստների ցանկը, պարզ դարձավ, որ Ռոբերտ Արզումանյանի հայտարարությունը ամենեւին էլ զարմանալի իրողություն չպետք է լիներ. ի վերջո, միայն գլխավոր մարզիչը չէ, որ պատասխանատու է ազգային հավաքականի կազմի ընտրության հարցում: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին եւ Գեւորգ Կասպարովին հավաքական չհրավիրելը իմ պահանջն է, որ նրանք այլեւս չեն լինելու մեր գլխավոր թիմում»,- այսպես էր արտահայտվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում կարծիքով` դեռեւս ամիսներ առաջ` Ալբանիայի ազգային հավաքականին սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվելուց հետո իր կողմից հնչեցված «Տեղի է ունեցել դավաճանություն» նախադասությունն ամենեւին էլ չի նշանակում, որ չհրավիրված ֆուտբոլիստներին պետք է մեղադրել խաղ վաճառելու մեջ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշմամբ գլխավոր թիմից հրավեր չի ստացել նաեւ Գեւորգ Ղազարյանը, ով վերջին շրջանում ամենեւին էլ ոչ կայուն մրցելույթներ է ունենում պորտուգալական «Մարիտիմու» ակումբի կազմում: Որոշակիորեն զարմանալի էր նաեւ «Փյունիկի» եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանի` ազգային հավաքական այդպես էլ չհրավիրվելու փաստը: Ըստ ՀՖՖ նախագահի` սույն որոշումը կրկին գլխավոր մարզչինն է. «Ես ասել եմ միայն 3 ֆուտբոլիստի անուն, որոնք չպետք է լինեն հավաքականում: Իսկ մնացածների հարցում որոշողն ինքն է: Սա պաշտոնական խաղ չէ, որ ես միջամտեմ»: Ստացվո՞ւմ է, որ մի բան էլ գլխավոր մարզիչը պետք է գոհ լինի. չէ՞ որ կարող էին նաեւ շատ այլ ֆուտբոլիստների հրավիրելն արգելել: Եվ սա այն պայմաններում, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես է գալիս արդեն ոչ թե 8, այլ ընդամենը 7 թիմ, դե իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասն էլ ավելի շուտ հայտնվում է այս կամ այն խաղին` իր թիմի ներկայացրած հայտացուցակում, քան թե դուրս է գալիս խաղադաշտ. ոչ բոլոր ֆուտբոլիստներն են իրենց թիմերում առաջատար կամ գոնե պարբերաբար ժամանակ են ստանում խաղալու, ինքնադրսեւորվելու եւ աճելու: Ահա այսպիսի պայմաններում ՀՖՖ նախագահն անկեղծորեն հայտարարում է. «Մարզիչը ցանկացել է տեսնել բոլոր 3 ֆուտբոլիստներին, պարզապես ես եմ արգելել, որ նրանք ոտք դնեն հավաքակական: Իհարկե, մարզիչը կուզենար այդ խաղացողներին, բայց սկսենք նրանից, որ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է հավաքականից, բայց ես դրանից 3 ամիս առաջ եմ ասել, որ նա հավաքականում չի լինելում»: Խոսելով իր պահանջով ազգային հավաքական չհրավիրված 3 ֆուտբոլիստների մասին ՀՖՖ նախագահը ասել էր նաեւ. «Չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց եւ ուզում եմ հայտարարել, որ քանի դեռ ես Ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական: Ինձ մեղադրում են, որ ես խառնվում եմ հավաքականի ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատուն է եւ պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ»: Հենց այսպիսի պայմաններում էլ աշխատող Վարուժան Սուքիասյանը բավականին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել` մի շարք նորեկների հրավիրելով: Դեռ նոր-նոր ազգային հավաքականը գլխավորելիս Վարուժան Սուքիասյանը խոստացել էր` հավաքականում նոր անուններ կլինեն: Փորձառու մասնագետը նշել էր, որ կհրավիրվեն նրանք, ովքեր խաղային պրակտիկայի պակաս չեն ունենա եւ հավաքականին կմիանան լավ մարզավիճակում: Իհարկե, Հայաստանի առանց այն էլ թույլ խաղամակարդակ ունեցող առաջնության թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները, որոնք հավաքականում հանդես գալու հրավեր են ստացել, իրոք չունեն խաղային պրակտիկայի խնդիր, սակայն այս դեպքում խնդիրն այլ է. արդյո՞ք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղամակարդը բավարարում է ազգային հավաքականում առկա պահանջներին: Խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ այսօր Ինչեւէ, այժմ արագորեն «սահենք» ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկի վրայով եւ ըստ խաղային գոտիների ներկայացնենք խնդիրները, որոնք կարող են առաջանալ այսօր կայանալիք խաղի ընթացքում: Դարպասապահի դիրքը մինչեւ վերջերս կասկածի տեղիք չէր տալիս, սակայն ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոման Բերեզովսկին հրաժեշտի խաղ կանցկացնի: Միայն մեկ խաղ, որի ժամանակ Հայաստանի հավաքականի դարպասը կրկին կպաշտպանի իսկապես ֆուտբոլային լեգենդ: Եթե տեսականորեն ընդունենք 41-ամյա Ռոման Բերեզովսկիի փոխարինումը երկրորդ խաղակեսում (մարզասերները կարող են որպես իրենց հարգանքի տուրք անվերժ ծափահարել լեգենդար դարպասապահին, ով Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996 թ.-ից), ապա թե՛ Արսեն Բեգլարյանը «Միկայից», թե՛ Գոռ Մանուկյանը «Փյունիկից» եւ թե՛ Գեւորգ Պրազյանը «Արարատից» ամենեւին էլ լրացուցիչ վստահության երաշխիք չեն եւ ազգային հավաքականում հանդես գալու մեծ փորձ չունեն: Մտահոգիչ է հատկապես պաշտպանական գիծը: Ֆրանսիական «Դիժոն» ակումբում հանդես եկող Գաել Անդոնյանը վաղուց արդեն չի համարվում իր ներկայիս ակումբի հիմնական կազմի անփոխարինելի խաղացող: Չնայած նույնպիսի կարգավիճակ հայազգի ֆուտբոլիստը ուներ եւ «Մարսելում», սակայն գոնե երկրորդ թիմում հնարավորություն էր ստանում դրսեւորվելու: Պաշտպանական գծում հանդես եկող լեգիոներներ Հովհաննես Համբարձումյանը եւ Հրայր Մկոյանը խաղային պրակտիկայի խնդիր չունեն իրենց թիմերում` համապատասխանաբար մակեդոնական «Վարդարում» եւ Թեհրանի «Էսթեղլալում»: Հատկապես ուրախացնող են «Վարդարում» հանդես եկող, գրեթե թիմի առաջատար դարձած Հովհաննես Համբարձումյանի մրցելույթները. ֆուտբոլիստը լիովին ինտեգրվել է թիմում եւ այժմ աչքի է ընկնում գրագետ ու արդյունավետ խաղով` մասնակից դառնալով թիմային հաջողության: Հայաստանի բարձրագույն առաջնության թիմերում հանդես եկող Լեւոն Հայրապետյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Արթուր Քարտաշյանը (չորսն էլ «Փյունիկ») եւ Սերգեյ Ավագիմյանը («Միկա») ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն պայքարել միմյանց դեմ` մեկնարկային կազմում տեղ ապահովելու համար: Չնայած «Հանրապետական» մարզադաշտում սպասվող մրցակցությունն ընկերական բնույթ կկրկի, սակայն այնուամենայնիվ հավանական է, որ Վարուժան Սուքիասյանը կվստահի ազգային հավաքականում ելույթների փորձ ունեցող «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Կիսապաշտպանական գիծը, թերեւս, ամենից որակյալն է ֆուտբոլիստների խաղային որակները հաշվի առնելու դեպքում: Հրաշալի մարզավիճակում գտնվող եւ Դորտմունդի «Բորուսիային» իր հետեւից տանող Հենրիխ Մխիթարյանին կարող են օգնել ինչպես Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի խաղացողները` ի դեմս Զավեն Բադոյանի («Բանանց»), Արտակ Եդիգարյանի («Ալաշկերտ»), Դավիթ Մանոյանի («Փյունիկ»), այնպես էլ արաբական ֆուտբոլին արդեն հարմարված Մարկոս Պիզելլին («Ալ-Ռաեդ», Ս. Արաբիա), վերջապես ֆուտբոլային ռիթմ ստացած Արաս Օզբիլիսը (ֆուտբոլիստն արդեն 3-րդ անընդմեջ հանդիպմանն է մասնակցել «Լա Լիգայի» ներկայացուցիչ «Ռայո Վալյեկանոյի» կազմում` որոշակի արդյունավետ գործողությամբ ու խաղն ակտիվացնելու կարողությամբ աչքի ընկնելով) եւ ուկրաինական ֆուտբոլին արդեն հարմարված Գոռ Մալաքյանը: Իհարկե, չարժե մոռանալ Տիգրան Բարսեղյանի («Գանձասար»), Դավիթ Հակոբյանի («Շիրակ») եւ Բենիկ Հովհաննիսյանի («Արարատ») մասին, սակայն նրանք ամեն դեպքում հավաքական են հրավիրվել ոչ անմիջապես պայքարին միանալու նպատակով: Թեեւ ով կարող է գուշակել Վարուժան Սուքիասյանի միտքը. միայն թե այս դեպքում էլ խաղի տակտիկան եւ մեկնարկային կազմն ընտրողին պետք է իմանալ... Հուսանք, որ գոնե դա անում է մարզիչը. չէ՞ որ գլխավոր մարզչին վճարում են հենց այդօրինակ որոշումների համար... Հարձակման գծում Յուրա Մովսիսյանի բացակայության պարագայում այժմ որպես հիմնական տարբերակ է դիտարկվում Արթուր Սարկիսովը: Հարձակվողական գործողություններով աչքի կարող է ընկնել նաեւ հավաքական հրավիրված Էդգար Մանուչարյանը, ով չնայած «Ուրալի» կազմում ապացուցել է իր արժեքը, սակայն ըստ ՀՖՖ նախագահի` նրան արդեն կործանել են լրագրողներն ու երկրպագուները. «Եթե ինձնից լիներ, նա հավաքական չէր հրավիրվի: Ես անձամ նրան ասել եմ, որ հիմա էլ վստահ չեմ, որ կարող է լավ խաղալ: Բայց մարզիչն է հրավիրել եւ դրա համար ինքն է ինձ պատասխան տալու»: Բացի ռուսաստանյան առաջնություններում հանդես եկող վերոնշյալ երկու ֆուտբոլիստներից Վարուժան Սուքիասյանը հավաքականում մարզվելու եւ Բելառուսի ազգային ընտրանու դեմ խաղին պատրաստվելու հնարավորություն է տվել նաեւ Գեղամ Կադիմյանին (Տրակայ) եւ Դավիթ Արշակյանին («Կարպատներ»): Թե վերոնշյալ ֆուտբոլիստներից ովքեր հանդես կգան այսօր կայանալիք խաղում դժվար չէ գուշակել, սակայն հաշվի առնելով Վարուժան Սուքիասյանի խոստումը` գուցե որոշակի նոր դեմքեր այնուամենայնիվ մասնակցեն բելառուսների դեմ հանդիպմանը: Եվ, իհարկե, եթե այս անգամ էլ ՀՖՖ ղեկավարի կողմից չդրվեն.... Ինչեւէ, սպասենք, կերեւա ամեն ինչ... Բողոքներ ու հակամարտություններ, որոնք այսօր առկա են հայկական ֆուտբոլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցելույթներից այսօր դժգոհ են բոլորը, անգամ անձամբ խաղերին մասնակցող ֆուտբոլիստները, սակայն տվյալ պարագայում կուզեինք խոսել երկրպագուների մասին: Հայ ֆուտբոլասերը վերջին երկու տարիներին միայն պարտություն ու հատուկենտ դեպքում ոչ-ոքի արդյունք է տեսել, իսկ սա արդեն բողոքելու տեղիք է տալիս: Եթե այս ամենին գումարենք դեռ նախորդ տարվա վերջին հայտարարված պահանջները, որոնք ՀՖՖ-ի առջեւ դրել էին որոշ երկրպագուական խմբավորումները, ապա կարելի է ներկա իրավիճակը քաոսային անվանել: Իսկապես հայկական ֆուտբոլում այսօր քաոս է, իսկ երկրպագուները այդ քաոսի մի մասնիկն են կազմում: 2016 թ.-ի սկզբին սկանդալ տեղի ունեցավ Բարձրագույն խմբի մասնակից «Ուլիսի» մարզիչների եւ ֆուտբոլիստների մասնակցությամբ, ավելի ուշ ակումբի ղեկավարությունը հրաժարվեց ելույթ ունենալ Բարձրագույն խմբում` ֆինանսական խնդիրների պատճառով լուծարելով ֆուտբոլային ակումբը: Ստեղծվեց իրավիճակ, երբ անգամ հարցեր էին բարձրացվում, թե արդյոք Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը չի կորցնելու պորֆեսիոնալ կարգավիճակը: ՀՖՖ-ն ստիպված էր հերքելու առաջ քաշված բազմաթիվ հարցեր ու տեսակետներ: Այսպիսով` Հայաստանի առաջնության գարնանային շրջանը սկսվեց կորուստով: Ներկայում Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում են 7 թիմեր` ակումբային ֆուտբոլն իրենց հետեւից տանելով դեպի կործանում: Առաջնության ներկայիս վիճակի համար ՀՖՖ նախագահը օրերս որոշակի մեկնաբանություններ եւս տվել էր: Ըստ ՀՖՖ ղեկավարի` առաջնությանն այս պահին մասնակցող 7 ակումբներն էլ սեփականատեր ունեն. «Օրինակ բերեմ Ռուսաստանի առաջնությունը: Այնտեղ ընդաամենը 4 թիմ ունի սեփականատեր: Մնացածը պետական կառույցներից են ֆինանսավորվում: Ղազախսանում թիմերը մարզպետարանների ենթակայության տակ են: Հարեւան Վրաստանում պետությունը մեծ գումարներ է հատկացնում ինչպես ֆուտբոլի զարգացմանը, այնպես էլ ակումբներին»: Ստացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ մեղավորություն չունի ստեղծված «ոչ ֆուտբոլային իրավիճակի պատճառով»: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի, դե իսկ ՀՖՖ-ն իր հերթին անում է այն ամենը, ինչ իր ուժերի սահմաններում: Ինչ խոսք, այս հարցում ճշմարտության ոչ թե հատիկ կա, այլ ամբողջն ավելի մոտ է ճշմարտությանը. չէ՞ որ եթե ինչ-որ ակումբ պատկանում է ինչ-որ անհատի, ապա ցանկացած պահի վերջինս կարող է դադարեցնել դրա գործունեությունը` խնդրի առաջ կանգնեցնելով ոչ միայն սեփական ֆուտբոլիստներին, ֆուտբոլային հանրությանը, այլեւ տրվյալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային: Ահա այսօրինակ պայմաններում է, որ ի հայտ է եկել նաեւ բողոք ոչ միայն ֆուտբոլով միշտ հետաքրքրվող, իրեն ֆուտբոլային գիտակ համարող հանրության շրջանում, այլեւ բազմաթիվ լրագրողների շրջանում: Թերեւս զարմանալի չէ, որ Հայաստանի ազաջատար մարզական լրագրողներից մեկը, ով քիչ բան չի արել ֆուտբոլի մասսայականացման հարցում, այդպես էլ չի ստացել հավատարմագիր` լուսաբանելու Հայաստան-Բելառուս հանդիպումը: ՀՖՖ ղեկավարը նաեւ վերոնշյալ լրագրողի` ՀՖՖ-ի «սեւ ցուցակում» հայտնվելու պատճառն է հայտնել օրերս. «Վերջին երկու տարիներին նա ապատեղեկատվություններ է տարածել, բացի այդ հրապարակել է հավաքականի 9 ֆուտբոլիստի ստորագրությամբ հայտարարություն, որից 7 ֆուտբոլիստ տեղյակ չեն եղել»: Ինչեւէ, փաստը մնում է փաստ. կա որոշակի պահվածք, որի չպահպանելու դեպքում լրագրողը կարող է հայտնվել ՀՖՖ-ի «սեւ ցուցակում»: Կարելի է ասել երկրպագուական «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ Առաջին հայկական ճակատ (FAF) երկրպագուական ֆան շարժման անդամները: Վերջիններս թե՛ անցած տարի, թե՛ այս տարի բազմիցս հանդես են եկել մամուլի ասուլիսներով` բարձրաձայնելով խնդիրներ, որոնք, ըստ իրենց, պետք է վերջնական լուծում ստանան ՀՖՖ-ի կողմից` անկախ կառույցի ղեկավարի` FAF ֆան շարժման դեմ մշտապես արտահայտած մտքերի: Երկրպագուներին հատկապես զայրացնում է այն հետեւողական քաղաքականությունը, որն այսօր վարում է ՀՖՖ-ն ընդդեմ FAF-ի անդամների: Ֆան շարժման ակտիվիստները փաստում են, որ իրենք նպատակ ունեն մշտապես սատարելու, երկրպագելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին: Եթե նախկինում ֆան շարժումների անդամները տեղ էին զբաղեցնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի Արեւելյան տրիբունայում, ապա արդեն 3-րդ տարին է երկրպագուական շարժումների համար տեղեր են հատկացվում Հարավային տրիբունայում, սակայն այս անգամ նույնիսկ այդ տեղերը սահմանված չեն երկրպագուների համար. ինչ-որ մեկը ամրագրել է այն: Թերեւս դա է պատճառը, որ չնայած ավանդույթի համաձայն այսօր էլ FAF-ը կազմակերպում է հերթական միասնական երթը դեպի մարզադաշտ, սակայն ֆան շարժմանը միացած բազում երկրպագուներ տեղ կզբաղեցնի Հյուսիսային տրիբունայում: Հուսանք, որ սրանից Հայաստան-Բելառուս հանդիպման ամբողջ ընթացքում ազգային թիմին սատարելը հետին պլանում չի լինի: Խոսելով FAF-ի անդամների եւ ՀՖՖ-ի միջեւ գոյացած տարաձայնության մասին հանդիպումից դեռ օրեր առաջ ՀՖՖ ղեկավարը չէր մոռացել խոսել նաեւ պատժամիջոցների մասին. «Ո՞րն է նրանց տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների համար իրոք ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ FAF-ը հավաքականի երկրպագու է: FAF-ը երկրպագու չէ: Նրանք արհեստական եւ քաղաքական ինտրիգներ են սարքում: Նրանք եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսեւորել, մարզադաշտ այլեւս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ եւ դուրս են մնալու»: Ի դեպ, ՀՖՖ ղեկավարը կոչ էր հղել` ասելով, թե եթե FAF-ի անդամները ցանկանում են լոգոներ բերել խաղադաշտ, ապա պետք է վճարեն գովազդվելու համար: Իհարկե, FAF-ի անդամները արագորեն արձագանքել էին ՀՖՖ ղեկավարի խոսքին, սակայն դա ամենեւին էլ իրավիճակը հանգստացնելու միտում չուներ: Այնպես որ երկրպագուներ-ՀՖՖ մի նոր լարված դիմակայություն է ստեղծվել, որի լուծումը ներկայում անհնար է պատկերացնել: Հավաքականի լուսավոր կետը Անշուշտ, դեռեւս դժվար է պատկերացնել Հայաստանի ազգային հավաքականն առանց թիմի բազմափորձ առաջատար, պաշտպանության իսկական հենասյուն, դարպասապահ Ռոման Բերեզովսկիի, ով որոշել է խաղակոշիկները մեխից կախել: Այսօրվա Հայաստան-Բելառուս հանդիպումը յուրատեսակ հարգանքի հանդիպում է` կազմակերպված ի պատիվ ազգային հավաքականի 41-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների: Ի դեպ, վաստակաշատ ֆուտբոլիստը, ով Հայաստանի հավաքականի կազմում խաղացել է հեռավոր 1996 թ.-ից, արդեն մասնակցել է 93 հանդիպման: Բավականին համեստ, կիրթ ու միանշանակ դրական բազում հատկանիշների կրող Ռոման Բերեզովսկիին դեռ երեկվանից էին սպասում: Ֆուտբոլիստի պատվին երկրպագուները մեծ ընդունելություն էին կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում` այդ կերպ իրենց հարգանքն արտահայտելով ֆուտբոլային լեգենդի հանդեպ: Գուցե կթվա, թե Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղը ամենեւին էլ ուրախ առիթ չէ, սակայն ինչօպես չուրախանալ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հաջողությունների համար: Խոսքը Հենրիխ Մխիթարյանի մասին է, որ ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանում իր թիմին` Դորտմունդի «Բորուսիային» ուղղորդում է դեպի չեմպիոնական պայքարի` անհաղթելի թվացող Մյունխենի «Բավարիայի» դեմ: Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն գերազանց է խաղում գերմանական «Բունդեսլիգայում», այլեւ արդյունավետ է «Եվրալիգայի» այս տարվա խաղարկությունում: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը արդեն հասցրել է 20 գոլ հեղինակել եւ գրեթե նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ է, սակայն պետք է հիշել, որ դեռ հնարավորություն կա ավելի լավ արդյունքներ գրանցելու համար: Պատահական չէ, որ Հայաստանի հավաքականի ավագը օրերս խոսել էր ազգային թիմում իր նոր դերի` առաջատարը լինելու մասին: 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստակամություն էր հայտնել իր հետեւից տանելու թիմին: Ինչպես երեւում է նրա մարզավիճակից, այժմ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն պատրաստակամ է, այլեւ գերազանց պատրաստականություն ունի, ինչը հույս է ներշնչում, որ ապագայում շատերը կփորձեն անցնել Հենրիխ Մխիթարյանի ուղով` հայ ֆուտբոլիստի աճը որպես օրինակ աչքի առաջ ունենալով: Հ.Գ.: Իհարկե, հայկական ֆուտբոլում բազմաթիվ այլ խնդիրներ եւս կան, սակայն այս պահին դեռեւս այսքանն էին առանձնացրել, որոնց լուծումը հնարավոր կլինի տեսնել արագորեն. եթե Հայաստանի ազգային հավաքականը հաջողություններ գրանցի, ապա բողոքելու ավելի քիչ առիթ կլինի... Հեղինակ` Հարություն Ծատրյան