Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-03-2016
«Եթե ես այսքան կյանք էլ ունենայի, կիսատ մնացած գործերս կիրագործեի…»
Հարցազրույց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հետ:
«Ես այնպես երիտասարդ եմ, ինչպես ամենագեղեցիկ ցանկությունն իմ սրտում, եւ այնպես ծեր, ինչպես իմ կյանքի բոլոր չիրականացած երազանքները». այս տողերը զետեղվել են Ռազմիկ Դավոյանի «Մեղրահաց» գրքի առաջաբանում: - Պարո՛ն Դավոյան, Ձեր բանաստեղծություններից մեկում արտացոլել եք մանկության հետ ճակատ առ ճակատ հանդիպման վախը: Ինչո՞վ է դա պայմանավորված… - Մանկության բարդություններով… Իմ մանկությունն անցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բոհում, որն իր մեջ զգայնություններ ուներ՝ կապված պատերազմի ու գոյաբանության հետ: Դժվարին ու ծանր տարիներ էին… Մանկության հետ ճակատ առ ճակատ հանդիպելու վախն իրապես եղել է: Դա պայմանավորված էր նաեւ տարիների ծանրությամբ: Նշեմ նաեւ, որ բնավորությանս գծերում լուրջ բարդություններ չեմ ունեցել, փոխարենն իմ ներսում առավել արտահայտված էր դյուրահավատությունը, որը, այնուամենայնիվ, հետեւանքներ թողեց… - Հաճա՞խ է Ձեր տխրությունը սպիտակ շուքով պարուրվում… - Հաա՜, շա՜տ, որովհետեւ չեմ ուզում այդ տխրության գերին մնալ… Ուզում եմ, որ այդ տխրությունը պսակավորվի լույսով… - Իսկ ուրախությո՞ւնը… - Ամեն բան ուրախություն է, եթե կենսունակ է ու կապ ունի կյանքի հետ: Ամեն լավ բանից կարող եմ ուրախանալ՝ կապված թե՛ ստեղծագործական, թե՛ մարդկային միջավայրի ու հարաբերությունների հետ: Ասեմ, որ այն առանձնահատուկ վիճակ է, ու աշխատում եմ, որ ուրախանալու ընդունակությունս երբեք չկորչի: Ուրախությունս ուրիշ երանգ է ստանում, երբ ընտանիքիս ու թոռներիս է վերաբերում… Աղոթում եմ Աստծուն, որ նրանց առնչվող տխրության որեւէ երանգ չխառնվի իմ ուրախությանը… - Պարո՛ն Դավոյան, Ձեր «Մղձավանջ» բանաստեղծական շարքում բազմիցս անդրադարձել եք «ծակ գուլպաներին»: Որո՞նք են դրանց հիմնական հաղորդագրությունն ու խորհուրդը… - Ծակ գուլպայի ծակից աշխարհին նայելը յուրահատուկ վիճակ է ստեղծում, եւ առհասարակ մղձավանջներով լի հեքիաթը գալիս է գաղափարական ճնշման պարտադրանքից: Այն տարիներին, երբ գոյություն ուներ այդ ճնշումը, թույլ չէր տալիս, որ ուղղակիորեն արտահայտես կյանքի բոլոր վատ իրողությունները… Այդ հեքիաթն ու մղձավանջները փրկեցին այն իմաստով, որ ինձ լիարժեք արտահայտվելու հնարավորություն տվեցին: - Ո՞րն է ստեղծագործելու Ձեր բանաձեւը… - Ստեղծագործելու հստակ բանաձեւ չկա, քանի որ ստեղծագործությունն ինքն աստվածային պարգեւ է, եւ եթե դու կարողունակ ես արտահայտելու եւ մարմնավորելու, ապա դա ինքնին բանաձեւ կդառնա… Ստեղծագործելը ոչ թե մտային, այլ ավելի շատ ինքն իրեն թելադրվող զգայական աշխատանք է: Եթե տիրապետում ես լեզվին եւ բոլոր հնարավորություններին, որոնք պահանջում է ստեղծագործությունը, կարող ես անել դա… - «Քո նե՜տը, քո նե՜տը - ահա նա,». պարո՛ն Դավոյան, իսկ ո՞ւր է թռչում Ձեր մտքի նետը… - Իմ մտքի նետը հեռուն գնաց… 55 տարվա երազանք էր վերականգնել հայոց հնագույն նախապատմական էպոսը, որի անունը երկար փնտրտուքներից եւ ուսումնասիրություններից հետո որոշեցինք անվանել «Ծովինար»… Կյանքի սկիզբը ջուրն է, իսկ ջրերի աստվածների թագուհին միայն մենք ունենք՝ Ծովինար անունով: Առհասարակ, այն ավելի շատ հեռուն գնացող խնդիր էր, որովհետեւ մեր ժողովրդի պատմության ողնաշարը փշրվել էր, եւ ցավալի է, որ դրանից միայն հատվածներ գիտեինք… Ես այդ ողնաշարը վերականգնելու խնդիր ունեի… Իմ խնդրանքով առաջին անգամ ստացա ստեղծագործական պատվեր եւ որոշեցի կյանք տալ այդ էպոսին… «Ծովինար» հայոց հնագույն նախապատմական էպոսը կարդալիս կտեսնեք, թե այդ աշխատանքն ինչ էր նշանակում, եւ ուր էր գնացել այդ մտքի նետը… - 1980-ականների՞ն էիք ավելի շատ ստեղծագործում, թե՞ հիմա: - Այս տարիների ընթացքում ես ստեղծագործական դադար չեմ ունեցել, գրել եմ վեպեր, որոնք տարբեր լեզուներով արդեն թարգմանվել են: Այդ կապակցությամբ «Литературная газета»-ն հիանալի հոդվածներ է զետեղել: Կան ստեղծագործություններ էլ, որոնք չեմ ուզում հրատարակել, որպեսզի ինձ չզրկեմ նրանց հետ լինելու տաքությունից (ժպտում է)… Մշակութային կամ ընթերցողական դաշտն այժմ ավերված է. երկրում սոցիալական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այսօր ընթերցողների մեծ մասը զբաղված է իր օրվա հացը հայթայթելու հոգսերով, քան գիրք կարդալով ու փնտրելով… Իհարկե, առաջներում խնդիրն այլ էր. չէ՞ որ ընթերցողները հափշտակությամբ էին սպասում, թե երբ պետք է գիրք թողարկվի: Չեմ դժգոհում, քանի որ այսօր ընթերցողական մի շրջանակ կա, որ դաշտ դառնալու հեռանկար ունի: Անշուշտ, այն կլինի, քանի որ առանց գրքի ու ընթերցանության մեր ժողովուրդը չի կարող ապրել… - Ովքե՞ր են եղել Ձեր գրական ընկերները… - Իմ առաջին՝ «Իմ աշխարհը» գիրքը խմբագրել է Պարույր Սեւակը: Այդ գրքի մասին գրախոսություն է գրել, ինչպես նաեւ երկրորդ գիրքս է խմբագրել Գուրգեն Մահարին: «Ռեքվիեմ» պոեմը երկու տարի չէր տպագրվում. հետո, երբ ինձ ընձեռվեց այդ գիրքը հրատարակելու հնարավորություն, առաջաբանը գրեց Սերո Խանզադյանը: Համո Սահյանը, Վիգեն Խեչումյանը, Վահագն Դավթյանն ու Հրանտ Մաթեւոսյանը պայծառագույն անձնավորություններ էին, որոնց հետ շփվելը, ընկերություն անելն ինձ տալիս էին ստեղծագործելու մղում… Հենց նրանց հետ եմ գրական ընկերություն արել… - Ըստ Ձեզ, բուն իրականությունն ինչո՞վ է տարբերվում գրական իրականությունից… - Նախ՝ գրական իրականությունը պետք է հարազատորեն արտացոլի բուն իրականությունը, եւ միաժամանակ խառնի այն երազանքը, որն ակնկալում է ապագայում դառնալ նոր իրականություն: Այդ երազանքը պետք է կարողանա դրսեւորվել. չէ՞ որ գոյություն ունեցող թնջուկային իրականությունը պետք է առաջարկի նոր ելքեր. դա հենց գրական իրականության խնդիրն է… - Երիտասարդ տարիքում ի՞նչ երազներ ունեիք եւ ինչպե՞ս էիք պատկերացնում դրանց կույր ապագան… - Երբեք երազանքներիս ապագան կույր չեմ պատկերացրել… Իմ միտումը եղել է այդ երազանքները պաշտպանելը: Այն, ինչ մտածել եմ, որ կարող եմ իրականություն դարձնել, արել եմ, ընդ որում՝ անխաթար ու առանց դավաճանության: Եվ իսկապես ինձ համար երազանք էր «Ծովինար» էպոսը վերականգնելը, եւ եթե չլիներ երազանքի այդ մղումը, ապա այն կյանքի չէր կոչվի, որի համար շնորհակալ եմ սատար կանգնողներին… - Պարո՛ն Դավոյան, երիտասարդների շրջանում տեսնո՞ւմ եք արժանապատիվ ապրելու իդեալը… - Առհասարակ, արժանապատիվ ապրելու իդեալը վերաբերում է ոչ միայն ստեղծագործողներին, այլեւ մեր ժողովրդի ազնվազարմ հատվածին: Ես ուզում եմ, որ նրանք ապրեն ու ստեղծագործեն այդ գիտակցմամբ, ինչպես նաեւ արժանապատվորեն կրեն իրենց մարդկային ու ազգային տեսակը: Երիտասարդների առջեւ իմ պարտականության զգացումն ունեցել եմ. երիտասարդների ստեղծագործություններն եմ երկու հատորով հրատարակել: Շրջելով Հայաստանի, Արցախի բոլոր մարզերով ու Ջավախքով՝ փորձել եմ գտնել այն երիտասարդներին, ովքեր ոչ թե արմունկներով են իրենց համար ճանապարհ բացում կամ վայրիվերո, գռեհիկ ստեղծագործություններով, այլ նրանց, ովքեր ազնվորեն հետեւում են գրականությանը: Երիտասարդների շրջանում տեսել եմ այդ իդեալը, հակառակ դեպքում՝ չէի անի: Հույս ունեմ, որ ապագայում շատ երիտասարդներ ավելի զորավոր ձեւով մեջտեղ կգան: - Հետադարձ հայացք նետելով Ձեր անցած ուղուն, արած ու չարած գործերին, ապրած ու չապրած օրերին` արդյոք դեռ կիսատ մնացած գործեր կա՞ն… - Լի՜քը… Եթե ես այսքան կյանք էլ ունենայի, այդ կիսատ մնացած գործերը կիրագործեի… Հիմա գրում եմ իմ նոր՝ «Գերդաստան» վեպը, որից մի հատված արդեն տպագրվել է «Նորք» ամսագրում… Բանաստեղծությունների մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետեւ դրանք յուրաքանչյուր քայլափոխի զուգահեռաբար ծնվում են: Մտածում եմ նաեւ մի քանի վեպեր գրելու մասին: Կհասցնեմ, թե՝ ոչ, չգիտեմ. չէ՞ որ դա Աստծո կամքն է… Գիտեք, ես ունեմ ցանկություններ, ու եթե Աստված գնահատում է դրանք, ապա ինձ կտանի դեպի իրագործում… Անշուշտ, կիսատ մնացած գործեր կան, որոնց մի մասը դրամաներ են, բայց փորձում եմ դրանց աչքաթող չանել, հակառակ պարագայում՝ մոռացության կմատնվեն… - Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ստեղծագործողներին… - Երբեք չտարվել անցողիկ հրապուրանքներով ու էժանագին տպավորություններով… Խորհուրդ եմ տալիս կատարելագործել ու կուտակել իրենց մեջ այն ահռելի հարստությանը պատկանող գիտելիքներն ու որակները, որ ունենք ե՛ւ մենք, ե՛ւ համաշխարհային գրականությունը: Պետք է ուշադրությամբ հետեւել, թե մեր մեծերն ինքնարտահայտվելու ինչ հնարքներ ու միջոցներ ունեին: Անհրաժեշտ է խորապես տիրապետել նրանց վարպետությանը… Ու թեեւ Աստված մեր մեծերին այդ շնորհի մասնիկը տվել էր, այնուամենայնիվ եթե նրանք այդ վարպետությանը չտիրապետեին, ոչինչ էլ չէր ստացվի… Իմ ցանկությունն այն է, որ երիտասարդների մեջ ապրող հոգին ու կենսական էներգիան իրենց ստեղծագործությունների միջոցով փոխանցվեն ընթերցողներին… Հ.Գ.: Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունները Խորհրդային Միության տարիներին Հայաստանում տպագրվել են 30.000, իսկ Ռուսաստանում՝ 500.000 տպաքանակով: Դրանցից շատերը լույս են տեսել նաեւ անգլերենով, իսպաներենով, չեխերենով, բալկանյան երկրների լեզուներով… Հարցազրույցը՝ Հովհաննես Վարդանյանի Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի