Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-02-2016
Սոնա Շահգելդյան. «Փոքրիկս ինձ շատ մեծ ուժ է տալիս»
Հարցազրույց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ:
Նախորդ տարին Սոնա Շահգելդյանի համար յուրահատուկ էր. ծնվեց երգչուհու առաջնեկը: Ի դեպ, օրեր առաջ Սոնան նշեց իր ծննդյան տարեդարձը: Այս անգամ Eritasard.am-ը զրուցել է երգչուհու հետ` պարզելու համար՝ այդ կարճ ժամանակահատվածում ի՞նչ է փոխվել երգչուհու կյանքում: - Սոնա՛, նախ շնորհավորում եմ մայրանալու առիթով: Արդեն հասցրե՞լ եք վայելել մայրական կյանքի բերկրանքը: - Այո՛, իհարկե, արդեն հասցրել եմ զգալ մայրական բերկրանք ասվածը, այն ուղղակի անբացատրելի զգացողություն է: Գիտեք, հիմա ավելի լավ եմ սկսել հասկանալ մայրիկիս: Հասկանում եմ, թե ինչ դժվարությունների միջով անցնելով է ինձ մեծացրել: Մայր լինելն ունի իր դժվարությունները, բայց չենք կարող թաքցնել, որ դա շատ հաճելի բերկրանք է, որը պետք է գնահատել: - Ասում են՝ կինը հոգեբանորեն մայրանում է այն ժամանակ, երբ առաջին անգամ լսում է փոքրիկի սրտիկի բաբախյունը եւ զգում է փոքրիկի հարվածները: Ինչպիսի՞ հղիություն եք ունեցել: - Անբացատրելի զգացողություններ եմ ունեցել թե՛ հղիության ընթացքում, թե՛ հղիությունից հետո: Բավական է՝ նայեմ բալիկիս, սիրեմ նրան եւ մոռանում եմ ամեն բան, նա դարձավ իմ կյանքի իմաստը: Ես էլ փորձում եմ ամեն կերպ ճիշտ իրականացնել իմ մայրական պարտականությունները: Հղիությունս շատ լավ է անցել. այդ հրաշք ինը ամիսների ընթացքում ե՛ւ երգել եմ, ե՛ւ պարել, իսկ ահա երբ սկսում էր խաղալ, խփել, ուղղակի չեմ կարող ասել՝ ինչ էր կատարվում ինձ հետ: Ինձ համար այդ ամենը Աստծո մեծ հրաշք էր: - Արդյո՞ք փոքրիկ հրաշքի ներկայությունն ինչ-որ չափով փոփոխություն մտցրեց Ձեր ստեղծագործական կյանքում: - Իրականում կինը մայրանալուց հետո լուրջ սթրես է ապրում: Փոքրիկս ոչ թե ինչ-որ չափով փոխեց իմ կյանքը, այլ առհասարակ փոխեց այն: Հիմա փոքրիկս ինձ շատ մեծ ուժ է տալիս թե՛ առօրյա, թե՛ ստեղծագործական կյանքում: - Երեւի արդեն ցանկանում եք կրկին մայրանալ եւ կրկին ապրել այդ զգացողությունները, չէ՞: - Աստծո կամոք ցանկանում եմ երկու կամ երեք երեխա ունենալ, սակայն ներկա պահին երկրորդ բալիկիս դեռ չեմ պլանավորում, քանի որ պետք է վստահ լինես, որ կկարողանաս նրանց պահել: Խոսքս ոչ միայն ֆինանսական խնդրի մասին է, այլեւ առհասարակ երեխային ամենաշատը լավ դաստիարակություն է պետք, ծնողը պետք է ամեն բան անի, որ իր զավակը հետագայում լավ մարդ դառնա: - Սոնա՛, գիտեմ` հաղթանակները Ձեր կյանքում շատ են եղել: Ի վերջո, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաղթանակը: - Եթե փորձեմ մասնագիտական հաղթանակ ասել, ապա դա «Նոր ալիք»-ն էր, իսկ ահա կյանքիս հաղթանակը բալիկս է, ամուսինս եւ, իհարկե, մեր ամուր ու ջերմ ընտանիքը, որը ես հիմա ունեմ, փառք Աստծո: - Սոնա՛, բազմաթիվ հարսիկների Ձեր գեղեցիկ կատարման ներքո հանում են հայրական տնից, բայց ահա անձնական կյանքի հարցում շատ լուռ եք… Գիտեմ, որ հարսի շոր նույնպես չեք կրել, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված այդ ամենը: - Այո՛, շատ զույգերի եմ երջանկացրել, շատերին էլ դեռ կերջանկացնեմ: Իմ երգի ներքո ոչ միայն հարսիկները դուրս են գալիս հայրական տնից, այլեւ պարում են, ինչն էլ ինձ մեծ բավականություն է պատճառում: Իսկ ահա իմ դեպքում ես չկրեցի հարսանեկան զգեստ: Չգիտեմ, այդպես ստացվեց, բայց չի բացառվում, որ մի օր կկրեմ: Իրականում կոնկրետ պատճառ չի եղել, երեւի թե՛ իմ, թե՛ ամուսնուս լռությունն է պատճառը: Մենք հարսանեկան զգեստը եւ նմանօրինակ բաներն այդքան էլ չենք կարեւորում, փոխարենը շատ ենք կարեւորում սերը, եկեղեցին… - «Ես լռում եմ, երբ...». ինչպե՞ս կշարունակեիք միտքը: - Երբ ամուսինս եւ բալիկս կողքիս են, այդժամ ես այնքան երջանիկ եմ, որ ասելու ոչինչ չեմ ունենում: - Ձեր տեսահոլովակներում, առօրյայում Դուք շատ գունեղ եք, մշտապես վառ գույներ եք կիրառում: Ո՞ր գույնն եք ամենից շատ սիրում, եւ ինչո՞վ է դա պայմանավորված: - Այո՛, ճիշտ եք նկատել, շատ եմ սիրում գույներ կիրառել, ինքս էլ շատ գունավոր մարդ եմ: Իրականում շատ են նախընտրած գույներս, հիմա փորձեմ առանձնացնել դրանցից մի քանիսը: Շատ եմ սիրում կրակոտ կարմիր գույնը, որն աչքի է ընկնում իր կրքոտությամբ, սիրում եմ նաեւ մուգ կապույտը, մանուշակագույնը, կանաչը: - Սոնա՛, Ձեր անվան շուրջ շատ են բամբասանքները, խոսակցությունները: Հետաքրքիր է, սովորե՞լ եք արդեն այդ ամենին, թե՞ այնուամենայնիվ դրանք Ձեզ զայրացնում են: - Իրականում փորձում եմ արհամարհել բամբասանքները, դրանց լուրջ չեմ մոտենում: Հիմնականում շատ զբաղված եմ լինում դրանց կարեւորություն տալու համար, սակայն երբ համբերությանս բաժակը լցվում է, լավ էլ պատասխան եմ տալիս: - Ընդամենն օրեր առաջ Ձեր ծննդյան տարեդարձն էր: Ինչպե՞ս նշեցիք այն, ի՞նչ յուրահատուկ նվերներ ստացաք այս անգամ: - Շատ ջերմ մթնոլորտում անցկացրի ծննդյանս տարեդարձը: Շրջապատված էի ընտանիքիս անդամներով եւ հարազատներով: Յուրահատուկ նվերներ շատ ստացա, հատկապես շնորհակալ եմ ամուսնուս նրա մատուցած նվերի եւ գեղեցիկ ծաղիկների համար: Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու