Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 13-02-2016
Հայ ձյուդոյիստներից օլիմպիական ուղեգրերի հույսը դեռ չի մարել
Հարցազրույց ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի հետ:
Հայկական ձյուդոյի 2015 թ.-ի հաջողությունների եւ բացթողումների, ինչպես նաեւ 2016 թ.-ին սպասվող կարեւոր մրցաշարերի մասին զրուցել ենք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի հետ: 2015 թ.-ին միջազգային պաշտոնական մրցումներում հայ ձյուդոյիստներն առանձնապես աչքի չընկան մրցանակային տպավորիչ ելույթներով, թեեւ ողջ տարվա ընթացքում նվաճվեց ավելի քան 30 մեդալ, որոնցից 6-ը վարկանիշային էին: 2016 թ.-ի փետրվարի 6-ից 7-ը տեղի ունեցավ Փարիզի, այսպես կոչված, «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որի ժամանակ հայ ձյուդոյիստներին կրկին չհաջողվեց մեդալներ նվաճել, թեեւ նրանց ելույթներն ընդհանուր առմամբ գոհացնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահին: - 2015 թ.-ին հայ ձյուդոյիստները մասնակցել են օրացուցային տարվա բոլոր մրցումներին: Ձեռք բերված արդյունքներն իսկապես գոհացնո՞ղ են: - Օրացուցային տարվա ընթացքում նվաճել ենք 33 մեդալ: Քանակային առումով բավարար արդյունք է, բայց խնդիրն այլ է՝ պաշտոնական մրցաշարերում չկարողացանք բավարար քանակի մեդալներ նվաճել: Ուրախալի է, որ առանձնապես լավ ելույթներ են ունեցել մեր երիտասարդ ձյուդոյիստները. Եվրոպայի առաջնության ժամանակ նրանք 2 բրոնզե մեդալ են նվաճել: Նույնպիսի արդյունքներ ֆեդերացիան ակնկալում էր Աշխարհի առաջնությունից, սակայն մրցավարական սխալների պատճառով Վահագն Հովսեփյանը ցավալիորեն դուրս մնաց պայքարից: - Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը 2015 թ.-ի մրցաշրջանի վերաբերյալ: - Արդեն ասացի, որ կարող ենք բավարար գնահատել կատարված աշխատանքը եւ գրանցված արդյունքները: Անցյալ տարվա սկզբին Հովհաննես Դավթյանն անգամ ընդգրկված չէր 60 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգրի հավակնող 22 մարզիկների անվանացանկում, բայց այսօր արդեն նրանց թվում է: Նկատելիորեն առաջադիմել է նաեւ Ժաննա Ստանկեւիչը: Բացի դրանից՝ ունեցանք Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիր: Այսօր հիմնական խնդիրն առնչվում է պատանեկան հավաքականին, որի անդամները վերջին երկու տարիներին բավարարվում են միայն եվրոպական մրցաշարերում մեդալներ նվաճելով, սակայն տարիքային այդ խմբի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից վերադառնում են ձեռնունայն: Խնդիրը գուցե այն է, որ ֆեդերացիայի ֆինանսական հնարավորությունները չեն ներում, որպեսզի ուսումնամարզական հավաքներ կազմակերպենք նրանց համար: 2015 թ.-ին հավաքներում անցկացրել են 45 օր, որը խիստ անբավարար է: Ցավոք, առանց հավաքների չի հաջողվում պատրաստականության համապատասխան մակարդակ ապահովել: - 2015 թ.-ի դեկտեմբերին՝ տարեվերջին, անցկացվեց Հայաստանի առաջնությունը: Արդյո՞ք դա նպատակաուղղված քայլ էր: - Ինչպես մի քանի այլ մարզաձեւերում, երկրի առաջնության ժամկետը պայմանավորված էր ազգային հավաքականի շահերով: Մրցման արդյունքներով մեր երկրի գլխավոր թիմն արդեն վերջնական տեսք ստացավ, եւ մարզիկներին հնարավորություն տրվեց հանգստանալու եւ լիարժեքորեն պատրաստվելու գալիք մրցաշրջանին: - 2016 թ.-ի գլխավոր մարզական իրադարձությունը Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունի ֆեդերացիան: Հայաստանը քանի՞ ձյուդոյիստ կներկայացնի: - Դեռ 2015 թ.-ի տարեվերջին պարզ էր, որ ֆեդերացիան ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու հիմնական հույսերը կապում է 3 մարզիկների՝ արդեն իսկ օլիմպիական ուղեգիր նվաճած Հովհաննես Դավթյանի եւ ուղեգրերի համար դեռեւս պայքարող Ժաննա Ստանկեւիչի ու Ֆերդինանտ Կարապետյանի հետ: Ճիշտ նկատեցիք, որ 2016 թ.-ին մեր հիմնական սպասելիքները կապված են օլիմպիական խաղերի հետ: Հույս ունենք, որ կունենանք առնվազն 3 մասնակից եւ գոնե 1 մեդալ: Իհարկե, շատ կարեւոր է նաեւ, որ մեր երիտասարդները լավ մասնակցություն ունենան տարբեր միջազգային մրցաշարերում: - Ինչպիսի՞ն է իրավիճակը ձյուդոյի կանանց առաջնությունում: Վերջին տարիներին առաջին անգամ 2015 թ.-ի Հայաստանի առաջնությունն անցկացվեց երեք տարբեր քաշային կարգերում: Հետաքրքրվողները շատացե՞լ են, արդյո՞ք դա վկայում է նաեւ մրցակցության աճի մասին: - Առաջնության մասնակիցների քանակն անցած տարի ավելացել էր 3-ով՝ հասնելով 15-ի: Այդ պատճառով էլ ավելացրել էինք նոր քաշային կարգեր: Սակայն ցավալիորեն, ինչպես նախկին տարիներին, այժմ էլ չունենք Ժաննա Ստանկեւիչի պես մարզուհիներ, ովքեր միջազգային ասպարեզում իսկապես մրցունակ կլինեն: Ուրախալի է, որ Ժաննան դեռեւս պահպանում է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը, որն իրականություն դարձնելու համար պետք է տեղ զբաղեցնի 14 առաջատարների թվում: - Մարզուհին լավ հանդես չեկավ Փարիզում օրերս կայացած միջազգային մրցաշարում: Ձեզ հայտնի՞ են նրա՝ ոչ իր կարողությունների շրջանակում հանդես գալու պատճառները: - Իմ կարծիքով՝ պատճառը հոգեբանական է եղել: Ամենայն հավանականությամբ Հայաստանը ներկայացնող մեր մարզուհուն հիասթափեցրել է վիճակահանությունը, ըստ որի՝ առաջին իսկ գոտեմարտում հաղթանակ տանելու դեպքում նա ուժերը պետք է չափեր Կոսովոն ներկայացնող, բավականին անվանի մարզուհու՝ Մաջլինդա Կելմենդիի հետ, ով Ժաննայից իսկապես բավականին ուժեղ է: - Արդյո՞ք դա իրոք կարող էր պատճառ հանդիսանալ առաջին իսկ մրցամարտը տապալելու համար: - Մեր մարզուհու հետ դեռեւս չեմ զրուցել, բայց ահա նրա գոտեմարտը նայելով՝ եկել եմ այն եզրակացության, որ նրա մոտ իսկապես մի փոքր հոգեբանական ընկճվածություն կար. նա հաղթելու կամք չդրսեւորեց: Ամեն դեպքում դեռ Ժաննա Ստանկեւիչի հետ պետք է խոսեմ, որ հիմնական պատճառն իմանամ: Հնարավոր է՝ նաեւ հոգնածությունն է եղել պատճառը: - Փարիզում կայացած մրցաշարի ընդհանուր արդյունքներից ֆեդերացիան գո՞հ է: - Պետք է նախ նշեմ, որ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն անցկացրեց 4 հաղթական գոտեմարտ: Միայն կիսաեզրափակչում նա զիջեց ճապոնացի Տորու Շիշիմեին: Ցավալի է, բայց բրոնզե մեդալի համար պայքարում մեր ձյուդոյիստը եւս պարտվեց. կորեացի Վոն Ջին Կիմն ավելի ուժեղ գտնվեց: Մրցաշարի արդյունքում Հովհաննես Դավթյանը վաստակեց մոտ 100 վարկանիշային միավոր: Մի՞թե սա գոհացնող արդյունք չէ: Չնայած, իսկապես, մեդալներ ակնկալում էինք, բայց հաշվի առնելով, որ այս մրցաշարի մակարդակը շատ բարձր է, եւ բոլոր ուժեղագույն ձյուդոյիստները մասնակցում էին, մեր խնդիրը միայն մեդալներ նվաճելը չէր: - Ֆերդինանտ Կարապետյանի գոտեմարտերից ինչպիսի՞ տպավորություն եք ստացել: - 66 կգ քաշային ձյուդոյիստը 2 հաղթական գոտեմարտերից հետո պարտվեց ճապոնացի Մասաշի Էբինումային: Մրցաշարի ընթացքում մեր մարզիկին հաջողվեց վաստակել 48 վարկանիշային միավոր: - Ձեր խոսքերից կարող ենք ենթադրել, որ մեր մարզիկներն իրենց ելույթների ընթացքում կարողացել են կատարել այն, ինչ նրանց ասել են մարզիչները մարզումների ժամանակ: - Մենք ունեինք առաջադրանքներ, որոնց ուղղությամբ արդեն բավական ժամանակ է, ինչ մարզիչներն աշխատում էին: Մենք ուզում էինք տեսնել՝ արդյոք այսպիսի բարձր կարգի մրցումներում մարզիկներն այդ առաջադրանքները կարողանում են կատարել: Փաստորեն առաջընթաց նկատվում է: - Կմանրամասնե՞ք, թե ինչ առաջադրանքների մասին է խոսքը: - Հիմնականում դրանք մարզիկների տեխնիկական պատրաստությանն էին վերաբերում, բայց մրցաշարի ընթացքում երեւաց, որ դեռեւս որոշակի խնդիրներ կան տակտիկական դաշտում, որովհետեւ թե՛ Ֆերդինանտը, թե՛ Հովհաննեսը պարտվեցին՝ նկատողություններ ստանալով, իսկ նկատողությունները հիմնականում սխալ մարտավարության հետեւանք են: Մեր խնդիրը պետք է լինի նաեւ տակտիկական պատրաստվածության վրա ուշադրություն դարձնելը, իսկ ֆիզիկական պատրաստությունը մեզ բավարարում է: Հ.Գ.: Փետրվարին ձյուդոյի վարկանշային դեռ երկու միջազգային մրցաշար կա. փետրվարի 19-ին Գերմանիայում տեղի կունենա ձյուդոյի վարկանիշային Գրան Պրին, իսկ ահա ամսվա վերջին՝ փետրվարի 27-ին, ձյուդոյի վարկանիշային միջազգային մրցաշար տեղի կունենա Չեխիայում: Հետաքրքրական է, որ փետրվարի 25-ից 26-ը Հայաստանում կանցկացվի երկրի պատանիների առաջնությունը, որը պետք է կայանար դեռ նախորդ ամիս՝ հունվարի 23-ին, սակայն հետաձգվել էր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի որոշմամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը: Դրանով պայմանավորված՝ հետաձգվել են օրացուցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները եւս: Հեղինակ՝ Հարություն Ծատրյան, Lուսանկարները՝ www.judo.ru կայքից