Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 03-02-2016
Նադեժդա Մեյխեր. «Ես ճիշտ ժամանակին հեռացա «Վիա Գրայից»»
Հարցազրույց Նադեժդա Մեյխերի հետ:
«Վիա Գրա» խմբի թխահեր երգչուհին երրորդ երեխայի ծննդից հետո «Ուկրաինա» հեռուստաալիքով առաջին անգամ հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Էֆոսինայի ծրագրին՝ «Անկեղծ Մաշա Էֆոսինայի հետ»: Նա անդրադարձել է ե՛ւ ընտանեկան, ե՛ւ աշխատանքային հարցերին: - Դա պլանավորված հղիությո՞ւն էր: - Կարող եմ ասել, որ 3 հղիություններս էլ պլանավորված չեն եղել: Առաջինը Միխայելն արձագանքեց: Նա ասաց, որ երազին տեսել է իմ եւ իր մայրերին: Նրանք ասել են, որ երեխա ենք ունենալու: Միշտ ծննդաբերել եմ բնական ճանապարհով, եւ այս անգամ էլ բացառություն չէր: Հրաժարվել եմ բոլոր տեսակի ցավազրկող միջոցներից: Օրինակ՝ Իգորի (երգչուհու ավագ որդին) ժամանակ ավելի դժվար է եղել: Նա առաջնեկն էր, մի քիչ էլ շուտ ծնվեց, բայց, միեւնույնն է, ես ամեն ինչ զգացել եմ ու ապրել: Դստերս անվանել ենք Մարիկա: Նա առողջ է ծնվել (3.700 կգ քաշով, 53 սմ հասակով): Երեք երեխաների մայր լինելը շատ հաճելի է: Եվ եթե Աստված մեզ եւս մեկ երեխա պարգեւի, մենք ուրախությամբ կընդունենք: - Դուք ին՞չ պատասխան տվեցիք Միխայելի երազի առումով: - Երազը շուտով կիրականանա: - Իսկ Միխայելն ինչպե՞ս արձագանքեց: - Հիանալի: - Իգորի արձագանքն ինչպիսի՞ն էր: - Մինչ Անիի ծնունդը նա քույր կամ եղբայր էր ուզում: Կարեւորն այն է, որ չզբաղեցնի իր սենյակը: Իգորն Անիին հետեւում է, նրանք ե՛ւ տանն են միասին, ե՛ւ զբոսնելու են միասին գնում: Իգորը փոքրիկ տղամարդ է, ով արդեն պատասխանատվության զգացում ունի: Նա բավականին վաղ սկսել է խոսել իր ծրագրերի մասին: Ցանկանում է ունենալ սեփական տուն եւ մեծ ընտանիք, նաեւ ինձ ու Միխայելին ապահովելու պատրաստակամություն է հայտնում: Մինչ Միխայելի հետ ծանոթանալը ես կարծում էի՝ ունենալու եմ ընդամենը մեկ երեխա, քանի որ ինձ համար գերկարեւոր է, թե ումից եմ երեխա ունենալու: Պետք է փոխադարձ զգացմունքներ լինեն, պետք է ճակատագրական հարաբերություններ լինեն: - Ճիշտ հասկացա, որ Միխայելն Իգորի հայրը չէ: - Այսպես ասեմ, ես սիրահարված եմ եղել Ալեքսանդրին՝ ավագ որդուս՝ Իգորի հորը: Դա իմ առաջին փորձն էր հասուն հարաբերություններում: Ես այն ժամանակ 18 տարեկան էի, այդ ժամանակ կյանքս փոխվեց. ես վերածվեցի կնոջ եւ ուզում էի ճանաչել կյանքը: Ես ուզում էի ապրել տղամարդու հետ: - Հատկապես ինչո՞վ է նա Ձեզ հետաքրքրել: - Նա տարբերվում էր մյուսներից: Լռակյաց էր, հստակ: Երեւի թե այդ պատճառով էլ նրա մեջ ավելի շատ տեսա տղամարդու, քան մարդու, ով ավելի շատ խոսում է, քան գործում: Նա ինձանից 10 տարի մեծ էր: - Ինչքա՞ն ժամանակ միասին ապրեցիք: - Մոտավորապես երեք տարի, Իգորի ծննդից հետո մենք բաժանվեցինք: - Դու ես հեռացե՞լ: - Այո՛: - Ինչո՞ւ: - Նա ամբողջությամբ նվիրվել էր աշխատանքին, միշտ տանը չէր լինում, փորձում էր բիզնեսմեն դառնալ: Մենք ծանոթացել ենք 2000 կամ 2001 թվականին: - Դուք ամուսնացած չե՞ք եղել: - Ո՛չ: - Դուք երբեւէ չե՞ք շտապել հղիանալու հարցում: - Ո՛չ, չի եղել: Ես ներքուստ պատրաստ էի դրան: Ես ծննդաբերել եմ, քանի որ շատ էի ուզում: Բացարձակապես գիտակցել եմ, հղիությունն ինձ ոգեշնչել է, ինձ մոտ արթնացել է մայրության բնազդը: Դժվար է բացատրել այդ երջանկությունը, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր մայր կհասկանա: - Տանը հաճա՞խ էիք վեճեր ունենում: - Ինձ համար շատ կարեւոր է, որ տանը քննարկվող հարցերին տրվեն վերջնական լուծումներ: Մենք փակում ենք թեման եւ անցնում առաջ: - Դա վերաբերում է յուրաքանչյուր հարցի՞ն: - Ես փորձում եմ ցանկացած գործ իմ կյանքում չթողնել չարված կամ չասված: Մշտապես այդպես է եղել՝ մինչեւ ապագա մասնագիտություն ընտրելը, շատ եմ երազել: Երբ ես մենակ էի լինում, հորինում էի պատկերներ եւ տեսարաններ: - Որտեղի՞ց է դա գալիս: - Երեւի կինոն էր ինձ ոգեւորում: Այսօրվա պես հիշում եմ. պատերազմի ժամանակ երեխաներին տանում էին մի կողմ, իսկ ծնողներին՝ մյուս: Իմ մեջ դրոշմվել է, թե այնտեղ կանգնած տղան ինչպես էր լացում: Եվ այդ բաժանումից ես հոգեբանական սթրեսներ ունեցա: Մինչ այսօր հիշում եմ այդ տեսարանը: - Հաճա՞խ եք ստիպված եղել ապրել առանց ծնողների: - Ես երկար ժամանակ անցկացնում էի հայրիկիս հետ, նա ինձ շատ էր սիրում: Մայրիկիս հետ էլ եմ շատ ժամանակ անցկացրել: - Ի՞նչ մասնագիտություններ ունեն ծնողներդ: - Հայրս ու մայրս սկզբում աշխատում էին զինվորական գործարանում: Հետո մայրս սկսեց առեւտրով զբաղվել: Ինչ-որ մանկական իրեր էր վաճառում Լեհաստանում, Թուրքիայում: Մի խոսքով, անընդհատ շարժի մեջ էր: - Ձեր ընտանիքն ապահովվա՞ծ էր: - Մենք միջին էինք ապրում: Գորգեր ունեինք, իսկ տեսամագնիտոֆոն՝ ոչ, բայց, ա՛յ, մագնիտոֆոն ունեինք, այդ ժամանակ էլ ծանոթացել եմ երաժշտության հետ: Ամեն ինչ սկսվեց Մայքլ Ջեքսոնից: Մայրիկս Լեհաստանից բերել էր նրա ձայներիզը: - Իսկ Ձեր ընտանիքում տաղանդավոր մարդիկ եղե՞լ են: - Երբ ես փոքր էի, մայրիկս աշխատում էր գործարանում, նա կուլտուրայի տանը երեկույթներ էր կազմակերպում: Եվ ես տեսնում էի, թե ինչպես է մայրիկս բալետային պարեր պարում: Իսկ երբ ես նստած էի հանդիսատեսի շարքում եւ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է նա երգում, դա ինձ շատ հուզեց: Եթե մայրս դառնար երգչուհի, երեւի թե ես այլեւս չէի ընտրի այս մասնագիտությունը: Սակայն մայրիկս ամեն ինչ պահում էր իր ներսում, իսկ հայրիկս սկսեց աստիճանաբար հետաքրքրվել ալկոհոլով: Դա շատ տհաճ էր հատկապես մայրիկիս համար, չէ՞ որ նա հայրիկիս սիրում էր: - Այդ ժամանակ ի՞նչ էիր ցանկանում անել: - Հեռանալ: Եվ դա ինձ հաջողվում էր: Ինձ հետ էին բերում, եւ բոլոր վեճերը հարթվում էին: - Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ նրանք բաժանվեցին: - Ինձ համար դժվար էր ընտրություն կատարելը, չգիտեի՝ ում կողմը բռնեմ: Երբ հայրս վերջնականապես հեռացավ, ես գիտակցաբար ընտրեցի մայրիկին: - Հիմա ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները հայրիկի հետ: - Ես փորձում էի նրա համար կին գտնել: Ես շատ էի ուզում դասավորել նրա անձնական կյանքը: Ցավոք, խմիչքը նրան ոչ մի լավ բանի չբերեց: - Նա նոր ընտանիք ունի՞: - Ո՛չ: Իմ հայրը շատ փխրուն է: Երբ ես 15 տարեկան էի, մեզ մոտ շատ դժվար ժամանակներ էին: Ես չէի ցանկանում շարունակել ուսումս: Ես որոշել էի զբաղվել պարով, իսկ մայրս բոլորովին այլ ոլորտում էր ինձ տեսնում, նա ցանկանում էր, որ ես սովորեմ Տերնոպոլի օտար լեզուների ֆակուլտետում: Այդ նույն ժամանակ ինձ հրավիրեցին մանկավարժական քոլեջ, մի անգամ տեսել էին ժողովրդական պարի մրցույթում: Պարն ինձ համար կիրք է: - Դուք ազատասեր մարդ եք, իսկ ինչպե՞ս էիք կարողանում հարմարվել խորեոգրաֆիայի դասի դաժան պայմաններին: - Ես ընդունում էի քոլեջի պայմանները: Ես ուզում էի արդյունք տեսնել, եւ այն, որ ես պիտի լինեմ բեմի վրա, վաղուց արդեն որոշված էր: - Դուք 18 տարեկան էիք, ամուսին չունեիք եւ աշխատում էիք «Վիա Գրա» խմբում: Ինչպիսի՞ն էր պրոդյուսերների վերաբերմունքը: - Մի անգամ «Վիա Գրա» խմբի պրոդյուսերին ասացի. «Ես ծննդաբերում եմ եւ վերադառնում»: Չնայած նրան, որ նեղացած էին ինձանից, այնուամենայնիվ այցելեցին եւ իհարկե նայում էին, թե չեմ գիրացել: - Քանի՞ տարեկան էր Իգորը, երբ վերադարձաք բեմ: - Գրեթե անմիջապես վերադարձա: Մեկ ամիս անց արդեն տեսահոլովակ էինք նկարահանել: - Մինչ օրս ապացուցում ես, որ ավելին կարող ե՞ս: - Այո՛: Ուրախ եմ, որ կարողացա իմ մեջ ուժ գտնել: Այդ խումբը արդեն հեռանկար չուներ: Անձամբ ինձ համար «թագավորությունում» տեղը նեղ էր: Ես ավելին էի ուզում, ավելի լուրջ գործունեություն էի ցանկանում ծավալել: Ես ճիշտ ժամանակին հեռացա «Վիա Գրայից», ես իմ մեջ ուժ գտա խոստովանելու, որ այդ խմբում ես ապագա չունեմ: - Ո՞րն է Ձեր մաքսիմումը: Ինչի՞ եք ուզում հասնել: - Պատասխան չեմ կարողանում գտնել: - Կարո՞ղ ես պատկերացնել, որ մի օր կանգ կառնես եւ այլեւս գործունեություն չես ծավալի: - Ո՛չ, դա երբեք չի լինի: Երբ ինչ-որ գաղափարներ են ծնվում, փորձում ես անմիջապես իրագործել: Ես սկսեցի նկարել, հետո զբաղվեցի հագուստներ արտադրելով: Ես վաղուց երազել եմ նորաձեւությամբ զբաղվելու մասին: Սակայն միայն հիմա դա իրականություն դարձավ: Այս նոր զբաղմունքն իմ ընտրած մասնագիտությանն ավելի է հարստացնում եւ ավելի փոխլրացնող է: Ինքս ինձ համար դառնում եմ հետաքրքիր: - Ձեր կողքին կա ուժեղ տղամարդ, եւ դա մեծ պատասխանատվությո՞ւն չէ: - Միշան իմ առաջին եւ վերջին տղամարդն է, ում կողքին ապրելու եմ ողջ կյանքս: Այն, որ նա իմ ճակատագիրն է, ես շատ շուտ համոզվեցի դրանում: Երբ երկու մարդ՝ ոչ այնքան հեշտ ճակատագրերով, հարաբերություններով, տարբեր երկրներից միացել են եւ որոշել, որ պետք է Կիեւում ապրեն միասին, ապա դա սիրահարվածություն չէ: Ես միանգամայն համոզված եմ դրանում: - Ինչո՞վ է Ձեր ամուսինը զբաղվում: - Նորաձեւությամբ: Նա զբաղվում է հագուստի արտադրությամբ: Նա մի քանի ապրանքանիշ ունի: - Իսկ դա ինչ-որ կերպ կա՞պ ունի Ձեր նոր աշխատանքի հետ: - Ո՛չ, այդ ցանկությունը վաղուց ունեի: Այն ինձ համար անակնկալ չէր: - Դժվա՞ր էր Իգորին ծանոթացնել Միխայելի հետ: - Երբ զգում ես, որ այդ մարդու հետ ուզում ես ավելի հեռուն գնալ, անկասկած, որդուս արձագանքը, նրանց փոխադարձ հասկացված լինելը շատ կարեւոր են: Սակայն Իգորը շատ զգայուն է, նա շատ արագ է մարդկանց հետ լեզու գտնում: - Ինչպե՞ս նա արձագանքեց, երբ ներկայացրեցիք միմյանց: - Իգորն ընդունեց նրան: Միշան նրան դուր եկավ: - Ինչո՞վ եք նախատեսում զբաղվել: - Ես շարունակելու եմ զբաղվել երգարվեստով: Տեսահոլովակներ եմ նկարահանելու: Այս տարի կնկարահանվեմ նաեւ ֆիլմում: Թարգմանությունը՝ Սրբուհի Սարգսյանի, Աղբյուրը՝ www.segodnya.ua