Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 24-01-2016
Արթուր Արզումանյան. «Մենք ուղղակի մեր զգոնությունը թուլացնելու բարոյական իրավունք չունենք»
Հարցազրույց զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Արզումանյանի հետ:
Հունվարի 28-ին Բանակի տոնն է: Նշենք, որ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» օրենքը, եւ հետագայում այդ օրը հռչակվեց որպես Հայկական բանակի ծննդյան օր: Eritasard.am-ի խմբագրությունը տոնի առթիվ շնորհավորում է հայությանը, մասնավորապես՝ հայոց սահմաններն անառիկ պահող զինծառայողներին: Տոնի շրջանակում էլ մեր թղթակիցը զրուցել է ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Արզումանյանի հետ: Արթուր Արզումանյանը ծնվել է 1996 թ.-ի մարտի 8-ին Երեւանում: Արդեն 1.5 տարի է, ինչ նա ծառայում է Զինված ուժերում: Ակտիվ ու նախաձեռնող երիտասարդը կարճ ժամանակահատվածում հասցրել է վայելել զինակից ընկերների հարգանքն ու սերը: Նա բազմիցս հանդես է եկել մշակութային եւ ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպմամբ: Ունի մի շարք նախասիրություններ, որոնցից առաջնայինները երգն ու գրքերն են… Ազատ ժամանակ ունենալուն պես երգում է ու կարդում… Նշենք նաեւ, որ Արթուր Արզումանյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի եւ կապի ֆակուլտետի երկրորդ կուրսում: Արթուրն ինքն իր մասին խոսելիս առաջին հերթին... Արթուրը նշում է, որ ինքը հայ ազգի մի զինվոր է, ով սիրով է կատարում իր սահմանադրական պարտքը: Նրա հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը շատ լայն է. բացի երգելուց ու գեղարվեստական գրականություն կարդալուց՝ գրում է նաեւ բանաստեղծություններ ու փոքրիկ պատմվածքներ: Մեր հերոսն առանձնանում է նաեւ իր ընկերասիրությամբ: Որպես զինվոր նախընտրում է ծառայության մասին շատ չխոսել եւ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ զինվորը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի. «Հանուն հայրենիքի ծառայելը կարեւոր է ու նպատակային: Յուրաքանչյուր հայ տղայի համար ծառայելը պետք է լինի ոչ թե պարտավորություն, այլ պարտականություն»: Հայոց բանակում ծառայելն ինձ տալիս է... Արթուրն այս հարցը լսելիս միանգամից մտաբերեց իր հրամանատարի խոսքերը. «Ծառայությունից Դուք Ձեզ հետ ոչինչ չեք տանելու՝ բացի լավ ընկերներից ու լավ հիշողություններից»: Թեեւ մեր զինվորին մնացել է ընդամենը վեց ամսվա ծառայություն, այնուամենայնիվ նա համոզվել է դրանում եւ հակված է հետեւյալ կարծիքին. բանակն է, որ երիտասարդին տղամարդ, լիարժեք անձնավորություն է դարձնում… Հայ զինվորն առանձնանում է իր... «Գիտեք, ես միշտ մտորում եմ ու հասկացել եմ մի բան, որ հայ զինվորն առանձնանում է իր մտածելակերպով, խելքով, ունակություններով ու տոկունությամբ: Համեմատականներ տանելով մեր եւ թշնամու բանակի միջեւ՝ ակնհայտ է դառնում, որ, ճիշտ է, քանակապես քիչ ենք, բայց ավելի մարտունակ ենք, քանի որ մեր ազգը դժվարություններ ի սկզբանե է տեսել»: Հայ զինվորին գոտեպնդում է… «Յուրաքանչյուր զինվոր ինձ հետ կհամաձայնի, որ մեզ նախեւառաջ գոտեպնդում է պատասխանատու եւ պարտավորված լինելը. այդ գիտակցումն ակամայից քեզ տալիս է դրական էներգիա»,- ասում է մեր հերոսն ու ավելացնում, որ պատասխանատվությունը բխում է նաեւ սահմանում առկա վիճակից, հրադադարի ռեժիմի պահպանումից, ծնողներից ու սիրած անձնավորությունից: Արթուրը նաեւ հավելում է. «Այսօր, երբ լսում ենք բանակին առնչվող լուրերն ու տեսնում սահմանի վիճակը, հասկանում ենք, որ մենք ուղղակի մեր զգոնությունը թուլացնելու բարոյական իրավունք չունենք, որովհետեւ յուրաքանչյուր պահ հայ ազգի համար ճակատագրական կարող է լինել: Ազատության համար մարտնչած տղերքի թափված արյունն է, որ հայ զինվորին պարտավորեցնում է երբեք չնահանջել»: Ես երջանիկ եմ, որովհետեւ... «Ուրախ եւ երջանիկ եմ, որ առաջին հերթին ունեմ առողջ ծնողներ, ովքեր սատար են կանգնում իմ յուրաքանչյուր որոշմանն ու միշտ ձեռք են մեկնում ինձ: Առանձնակի երջանիկ եմ նաեւ, որ ունեմ ինձ սիրող ու սպասող մի էակ, ով իմ կողքին է ամենադժվար պահերին: Սա է երջանկությունը. այն իսկական երջանկությունը, որից դու քեզ լավ ես զգում ու հասկանում բառի իրական արժեքը»: Ամենադժվար բանը զինվորի համար... «Հաղթահարել կարոտը (ժպտում է)»: Արթուրը թեեւ ժամանակի գործոնը դժվար է համարում, այնուամենայնիվ վստահ է, որ մյուս դժվարությունները հիմնականում կապված են զուտ ծառայության բնույթի հետ, որոնք ե՛ւ լուծելի են, ե՛ւ ուսանելի: Հայ երիտասարդի համար դժվար բան չպետք է լինի: Բանակն այն դարբնոցն է, որը քեզ ուղղվելու, թրծվելու, որպես անհատ ձեւավորվելու լիարժեք հնարավորություն է ընձեռում: Ծառայության ժամանակ փոխվում են կյանքի վերաբերյալ թե՛ մոտեցումները, թե՛ ընկալումները: Բանակ-հասարակություն կապը... Երաժիշտ զինվորը մեծ կարեւորություն է տալիս նաեւ բանակ-հասարակություն կապին ու դրա ամրապնդմանը: Արթուրը վստահ է՝ եթե չլինի հասարակության հետ կապը, զինվորի համար ծառայությունն ավելի դժվար կլինի. «Բոլորիս հայտնի մի արտահայտություն կա, այն է՝ մարդը հիմնականում շուտ հոգնում է նույնությունից: Մեզ՝ զինվորներիս, բացի ռազմական հետաքրքրություններից, հարկավոր են նաեւ «դրսի աշխարհի» հետ շփումները»: Արթուրը նախաձեռնող զինվոր է, նա իր զորամասում պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, հանդես գալիս հետաքրքիր գաղափարներով: Մեր հերոսը կողմնակից է ազգագրական երգեր ու պարեր կատարելուն, դրանց տարածմանը: Ես երգում եմ, որովհետեւ... Հայրենիքի նորօրյա պաշտպանը թեեւ երաժշտական կրթություն չի ստացել, այնուամենայնիվ այնքան ջերմ է երգում, որ բանակ զորակոչվելուց առաջ նրա կատարումները հավանության են արժանացել շրջապատի կողմից. «Կիթառ նվագելը եւ միաժամանակ չերգելը նույնն են, ինչ մարդն առանց աչքերի լույսի: Հիմնականում երգում եմ կիթառով, այն իմ անբաժան ուղեկիցն է: Ուրախ եմ, որ կարողանում եմ երգերի միջոցով ոգեւորել իմ զինակից ընկերներին: Այն բոլորիս օգնում է ե՛ւ թեթեւանալու, ե՛ւ մտորումների գիրկն ընկնելու առումով (ժպտում է): Վերջաբանի փոխարեն… Մեր հերոսը զրույցի վերջում դեռ չծառայած տղաներին խորհուրդ տվեց անպայման անցնել այդ «փորձությունը», ծառայության ժամանակն էլ անտեղի չվատնել, կոփվելուց, ռազմական գիտելիքներ ձեռք բերելուց զատ էլ՝ պարբերաբար կարդալ ու լինել նախաձեռնող… Զրուցեց Հովհաննես Վարդանյանը