Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 16-01-2016
Ռաֆայել Երանոսյան. «Կյանքում հեշտ բան չկա»
Հարցազրույց երիտասարդ դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:
Երիտասարդ դերասան, հումորիստ եւ վառ անհատականություն Ռաֆայել Երանոսյանը շատ հավատարիմ է ոչ միայն իր ընկերներին եւ հարազատներին, այլեւ թատրոնին եւ բեմին: Ակտիվ դերասանին այսօր կարելի է տեսնել թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմում: Eritasard.am-ն այս անգամ զրուցել է յուրահատուկ Ռաֆայելի հետ: - Ինչպե՞ս ստացվեց, որ Ռաֆայել Երանոսյանն Արմավիրի մարզից եկավ Երեւան եւ հայտնվեց Կամերային թատրոնի բեմում: - Մինչ բանակ գնալը գործերս տվել էի Թատերական ինստիտուտ, սակայն ինչ-ինչ պատճառներով ինձ չհաջողվեց ընդունվել, բայց այդ հանգամանքն ինձ չկոտրեց, եւ ես չնահանջեցի, քանի որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ առհասարակ բեմը: Բանակից հետո ընդունվեցի «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիա, որտեղ սովորեցի երկու տարի, ցավոք, չկարողացա կրթությունս շարունակել, քանի որ սկսեցի աշխատել, եւ աշխատանքն ուսման հետ համատեղել չհաջողվեց: Այդ ժամանակ աշխատում էի որպես մատուցող-բարմեն, աշխատանքս, կարելի է ասել, դարձավ ճակատագրական, քանի որ իմ աշխատավայրում ծանոթացա Անդոյի հետ, ով արդեն աշխատում էր Կամերային թատրոնում: Այդ ծանոթությունից հետո սկսեցի նկարահանվել «Կարգին հաղորդումում», այնուհետեւ սկսեցի այցելել նաեւ Կամերային թատրոն. նայում էի փորձերը, հետագայում աշխատանքի անցա թատրոնում որպես բեմի բանվոր, բեմ էի դնում: Հավատացե՛ք՝ ես այնքան եմ սիրում թատրոնը, որ դա ինձ համար շատ կարեւոր աշխատանք էր: Մեր սիրելի ղեկավար Արա Երնջակյանն այդ ընթացքում ինձ նկատեց եւ վստահեց մի շատ կարեւոր բան, որն այսօր ես ունեմ: Մինչ այսօր ես աշխատում եմ այդ թատրոնում: - Ռաֆայե՛լ, աշխատում եք մի թատրոնում, որտեղ դերասաններից յուրաքանչյուրն աչքի է ընկնում ինչ-որ յուրահատկությամբ: Ո՞րն է Ձեր յուրահատկությունը: - Չստացվի, թե ես զբաղվում եմ ինքնագովեստով, բայց հանդիսատեսին գրավելու ջիղ ունեմ, ես կարողանում եմ անել այնպես, որ հանդիսատեսն ինձ սիրի: Մեր թատրոնում ոմանք ունեն դերասանական կրթություն, ոմանք՝ ոչ, բայց ահա նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ յուրահատկությունը: Առհասարակ Կամերային թատրոնը յուրահատուկ վայր է, որտեղ մեծ տեղ է տրվում երիտասարդներին, ովքեր գալիս են, հղկվում եւ դառնում մեր վաղվա կադրերը: - Հումորային հաղորդումներից, ներկայացումներից հետո հանդիսատեսը Ձեզ բացահայտեց մեկ այլ տեսանկյունից: Խոսքս «Ամնեզիա» ներկայացման մասին է. կերպարային եւ ժանրային փոփոխությունն արդյո՞ք դժվար չէր: - Կյանքում հեշտ բան չկա: Պետք է խոստովանել, որ «Ամնեզիան» ինձ համար փորձություն էր: Այդ ներկայացման համար հիմք է ծառայել «Սկոտչ&Վիսկի» ներկայացումը, որտեղ Արշալույս Հարությունյանը փորձեց կոտրել այն կարծրատիպը, որ Ռաֆայել Երանոսյանը միայն կատակերգու դերասան է, այնուհետեւ նկարահանվեց «Սկոչ եւ վիսկի» ֆիլմը: Ինչ վերաբերում է «Ամնեզիային», ապա առաջարկը ստացել եմ Գոռ Մարգարյանից, փորձերը տեւեցին մի քանի ամիս, եւ այդ ընթացքում ես փորձեցի աշխատել ինքս ինձ հետ, քանի որ մեկ բան է, երբ տեսնում ես գործը եւ ասում՝ այո՛, մեկ այլ բան է, երբ գալիս է այն իրագործելու պահը: Արդեն մեկ տարի է՝ այդ ներկայացումը բեմին է, սակայն ինքս իմ մեջ շարունակում եմ փնտրտուքը, ցանկանում եմ ավելի համոզիչ դառնալ, որպեսզի հանդիսատեսը ոչ միայն դիտի իմ խաղը, այլ մտնի իմ դրության մեջ: - «Սկոչ եւ վիսկի», «Ամնեզիա». երկուսի հիմքում էլ ընկած է կին-տղամարդ հարաբերությունը: Հետաքրքիր է, Դուք ի՞նչն եք կարեւորում այդ հարաբերություններում: - Միանշանակ՝ սերը: Ի դեպ, իմ կարծիքով, ոչ միայն կին-տղամարդ հարաբերություններում, այլեւ առհասարակ ամեն տեղ կարեւորը սերն է: Գիտեք՝ պետք է կինն ունենա տեսակ: Հաճախ մարդիկ ասում են, որ կինը պետք է լինի տղամարդու ընկերը: Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ նմանօրինակ հարաբերությունը հետագայում կարող է ձանձրալի դառնալ: Կարծում եմ՝ կինն անպայման պետք է ունենա տեսակ, որի համար էլ տղամարդը պետք է պայքարի: - Մինչեւ այսօր չե՞ք հանդիպել այդ տեսակ կնոջ: - Ես չեմ նստում ու մտածում այդ մասին, դա պլանավորելով չէ, որ պետք է կատարվի: Այդ կնոջ տեսակը կարող է մի օր հայտնվել կամ էլ հենց հիմա աչքի առաջ է, այդ զգացմունքը մի օր կայցելի ինձ: - Ռաֆայե՛լ, ներգրավված եք տարբեր ներկայացումներում, մշտազբաղ գրաֆիկն արդյո՞ք Ձեզ չի հոգնեցնում: - Հավատացե՛ք, որ՝ ո՛չ: Երբ ազատ եմ լինում, արդեն սկսում եմ մտածել, որ դարձել եմ անպիտան: Պատրաստ եմ ամեն փորձության գնալ թե՛ ֆիլմի, թե՛ ներկայացման համար: Դա իմ աշխատանքն է, ես այդ ամենից անասելի երջանկություն եւ էներգիա եմ ստանում: - «Եթե հանդիպեի ինքս ինձ ...». շարունակե՛ք միտքը: - Եթե հանդիպեի ինքս ինձ, ձեռքով ամուր կբարեւեի եւ կասեի՝ ապրես, ապրես, որ կաս: Իրականում պետք է ասել, որ խռով չեմ ինքս ինձ հետ եւ հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում, ինքս ինձ հետ անկեղծանում: Ես ոչ միայն աշխատանքում, այլեւ առհասարակ յուրաքանչյուր փոխհարաբերությունում փորձում եմ անել ամեն բան, որպեսզի դրականը թողնեմ: - Ռաֆայե՛լ, հարցազրույցներից մեկում նշել եք, որ պետք է ստեղծեք եւ արարեք միայն հայրենիքում, քանի որ մեկ այլ վայրում Դուք կլինեք սովորական «բոյով» տղա: - Այո՛, եթե ես ծնվել եմ այստեղ, ունեմ յան վերջավորությամբ ազգանուն, եթե իմ ընկերներն ու հարազատները այստեղ են, ապա ես պարզապես պարտավոր եմ ապրել եւ արարել այստեղ: Դրսում աշխատելու հնարավորություն շատ ունեմ, բայց ես սիրում եմ այստեղ ամեն բան, անգամ այն մարդկանց, ովքեր ինձ ատում են, իրո՛ք, այստեղ ամեն բան շատ եմ սիրում եւ հենց այդ պատճառով էլ երբեւէ չեմ լքի իմ Հայաստանը: Անգամ երբ գործով մեկնում եմ այլ երկիր, ժամերն եմ հաշվում՝ երբ պետք է վերադառնամ, սպասում եմ, երբ պետք է ինձ դիմավորեն, երբ պետք է նվերները բաժանեմ... - Ո՞ւմ եք ամենից հաճախ նվերներ նվիրում: - Ընկերներիս, հնարավոր է, որ նրանց չբերեմ, բայց նրանց երեխաների համար անպայման բերում եմ: Շատ եմ սիրում նվերներ տալ, նվիրելուց հաճույք եմ ստանում: - Երկար տարիներ բեմում եք, ընդամենը տասը րոպեից սկսվելու է Ձեր հերթական ներկայացումը. հուզվո՞ւմ եք: - Հուզմունքը միշտ կա, քանի որ բեմ դուրս գալուց առաջ չես կարող ասել՝ ինչ կկատարվի հինգ րոպե անց, ինչպիսին կլինի հանդիսատեսը, բայց մեծ լավատեսությամբ եմ դուրս գալիս բեմ՝ փորձելով իմ խաղով գոհացնել հանդիսատեսին: - 2015 թ.-ը հագեցած տարի էր, ի՞նչ անելիքներ ունեք ապագայում: - 2015 թ.-ն իրոք հագեցած տարի էր, ունեցա երկու ֆիլմի պրեմիերա, երեք ներկայացման պրեմիերա, փորձեր, արդեն ստացել եմ տարբեր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնց աշխատանքները սկսվելու են ապրիլից, իսկ ահա հյուրախաղերով պետք է մեկնենք ԱՄՆ, Իրան, նոր ներկայացումներ են սպասվում, առաջիկայում հանդիսատեսն ինձ կտեսնի մոնոներկայացման շրջանակում, որը դեռ ընթացքի մեջ է, երեւի թե բեմ կբարձրանա գարնանը: Մարիամ Հովունի