Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 04-01-2016
Աննա Մելիքյան.«Իմ ֆիլմը կանացի է. ես չեմ ամաչում դրա համար»
Հարցազրույց հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ:
Սոչիում կայացած «Կինոտավր» 26-րդ բաց ռուսական կինոփառատոնում մեր հայրենակցուհի Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին: Ժամանակակից ռուսական կինոարտադրության ամենահայտնի եւ ամենահամոզիչ ռեժիսորներից մեկն է Աննա Մելիքյանը: Նրա ձեռագիրը միանգամայն ճանաչելի է եւ յուրօրինակ, միեւնույն ժամանակ՝ հասկանալի եւ հոգեհարազատ հանդիսատեսի լայն շրջանակներին: Աննան ծնվել է Բաքվում, մեծացել՝ Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ապրում է մինչ օրս: Հայազգի ռեժիսորը www.elle.ru-ին տված հարցազրույցում պարզաբանում է, թե ինչպե՞ս պետք է նկարահանել հուզիչ եւ ծիծաղելի ֆիլմ՝ առանց գենդերային խտրականության: - Ձեր ֆիլմերում Մոսկվան միշտ տարբեր է: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այդ քաղաքն ամեն անգամ նորովի ներկայացնել: - «Տարբեր Մոսկվան» կազմում է գեղարվեստական լուծումների մի մասնիկը, բացի դրանից՝ ես պատմում եմ պատմություններ, որոնք տեղի են ունենում ոչ վերացական տարածության մեջ, այլ իրական վայրում: Ֆիլմը միշտ ունի իր գույները, իր ձայնը. մի դեպքում՝ թեթեւ եւ արեւոտ, իսկ մյուս դեպքում՝ հակառակը: «Աստղ» ֆիլմի նպատակն էր Մոսկվան ցույց տալ սառը, եւ այն նկարահանել ենք սարսափելի ցուրտ եղանակին՝ 25 աստիճան ցրտի պայմաններում, որն ազդեց ե՛ւ ողջ անձնակազմի, ե՛ւ ֆիլմի վրա: Իսկ սիրո մասին ֆիլմը, հակառակը, ամառային է եւ արեւոտ: - Իսկ Դուք անձնապես ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այդ քաղաքի հանդեպ: - Շատ եմ սիրում Մոսկվան: Չնայած ես այստեղ չեմ ծնվել, բայց հենց տեղափոխվեցինք Մոսկվա, ես միանգամից սիրահարվեցի. դա սեր էր առաջին հայացքից: Ինչ-որ նկարահանում եմ, այս կամ այն կերպ կապված է Մոսկվայի հետ: Ես՝ որպես ռեժիսոր, աշխատել եմ տուրիստական ծրագրերում, որի շնորհիվ էլ շրջագայել եմ ողջ աշխարհով, սակայն հենց Մոսկվան է ինձ հոգեհարազատ դարձել: Հավանաբար, պատճառը նրա էներգիան է: Մի կողմից հասկանում ես, որ ծանր քաղաք է, մյուս կողմից էլ, երբ լքում ես այն, միշտ ուզում ես վերադառնալ: - Որո՞նք են Ձեր սիրած վայրերը Մոսկվայում: - Շատ եմ սիրում կամուրջները, օրինակ՝ Ղրիմյան կամուրջը: - Ինչո՞ւ հատկապես այդ կամուրջը: Այն աղմկոտ է եւ փոշոտ: - Բայց չէ՞ որ այն մեծ է: «Ջրահարսը» եւ «Սիրո մասին» ֆիլմերում էլ առկա է Ղրիմյան կամուրջը: Ես ամեն անգամ պտտվում եմ իմ սիրած վայրերի շուրջը: - Նկատելի է, որ Ձեր բոլոր հերոսներն օժտված են արտաքին գեղեցկությամբ: Ինչո՞ւ են Ձեզ հատկապես հետաքրքրում այդպիսի դերակատարները: -Հատուկ վերաբերմունք ունեմ գեղեցկության հանդեպ. ես դրանում իմաստ եմ տեսնում: Գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ իրերն ինձ վրա կախարդական ազդեցություն են ունենում: «Սիրո մասին» ֆիլմում հերոսներից մեկը վազում է քաղաքով մեկ, փնտրում անտեսանելի գեղեցկություն, տպավորվում դրանով, դարձնում այն ստեղծագործության գործողություն, իսկ հետո կորցնում է հետաքրքրությունը եւ ցանկանում է մեկ այլ բան: Կարծում եմ՝ տղամարդկանց շրջանում հաճախ է այդպես պատահում. նրանք շատ երկար վազում են կնոջ հետեւից, հասնում նրան, տպավորվում նրանով, իսկ կինը տղամարդկանց վրա մեծ ազդեցություն ունենալու հատկություն ունի, բայց որոշ ժամանակ անց տղամարդիկ կորցնում են այդ հետաքրքրությունը, եւ նրանց անհրաժեշտ է ներշնչանքի մեկ այլ աղբյուր: Իմ ֆիլմը կանացի է. ես չեմ ամաչում դրա համար: Չեմ ուզում կենտրոնանալ սեռային հատկանիշների վրա: - Ինչպե՞ս դերասանուհի Ռավշանա Կուրկովային առաջարկեցիք այդպիսի տարօրինակ դեր: - Ռավշանան ինքն է ցանկություն հայտնել նկարահանվելու իմ ֆիլմում: Այդ ժամանակ բոլոր դերերը բաշխված էին, իսկ ես նրան անկեղծ ասացի, որ դեր չկա: Նա պատասխանեց, որ պատրաստ է ցանկացած դեր խաղալուն: Ես նրան առաջարկեցի մի փոքրիկ հատված, որտեղ կին ոստիկանը կոկային է փնտրում քահանայի մոտ: Այդ դերը նախատեսված էր մասսայական տեսարաններում խաղացող մի աղջկա համար: Սակայն Ռավշանան համաձայնեց: Փորձերի ժամանակ սկսեցինք իմպրովիզացիա անել, եւ Ռավշանան ինձ զարմացրեց: Նա սկսեց անհավատալի ծիծաղելի ռեպլիկներ կերտել, ես միայն հասցնում էի ձայնագրել, որից հետո որոշեցի ընդարձակել նրա դերը: Ռավշանային բոլորը նկարահանում են որպես գեղեցկուհի, նա իրականում էլ շլացուցիչ տեսք ունի: Ինձ թվում էր՝ նրան կարելի էր հնարավորություն տալ խաղալու թերարժեքության բարդույթով հերոսուհու դերը, որտեղ նա կանհանգստանար իր արտաքին տեսքի համար: Դա նման է իմ նախկին «Աստղ» ֆիլմին, որտեղ աղջիկն իրեն համարում է տգեղ, նրա միակ ցանկությունը նոր ոտքեր, շրթունքներ, կազմվածք ունենալն է, բայց իրականում նա գեղեցիկ էր: Ամեն ինչ գլխից է գալիս: Խոսենք գեղեցկուհիների հետ, եւ նրանք այնքան շատ թերություններ կասեն իրենց մասին: Միեւնույն ժամանակ կարելի է հանդիպել սովորական կնոջ, ով վստահ է իր հմայքի վրա եւ պարզապես փայլում է: - Համարում ե՞ք Ձեզ ռուսական կանացի կինոյի նոր ալիքի մաս: - Չեմ սիրում ամեն տեսակի գենդերային խտրականություն: Կան բազմաթիվ կանանց կինոփառատոներ, որտեղ ինձ մշտապես հրավիրում են: Սակայն ես երբեք չեմ ընդունել դրանք եւ նույնիսկ մղձավանջում չեմ կարող դա պատկերացնել: Այնտեղ միայն կանայք են: Սարսափելի է: Վերջերս Պետերբուրգում նկարահանեցին ալմանախ՝ «Պետերբուրգ. Սելֆի», եւ ռեժիսորները, ըստ նովելի, չգիտես ինչու, որոշել էին, որ բոլոր հերոսները պետք է կանայք լինեն: Ես հրաժարվեցի: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ իմ ֆիլմը շատ կանացի է, եւ ես դրանից չեմ ամաչում, հակառակը՝ կարծում եմ, որ այն իմ ուժեղ կողմն է: Սակայն համաձայն չեմ, երբ կենտրոնանում են սեռային հատկանիշների վրա: Կարելի է ասել, որ գոյություն ունի «նորմալ» եւ «կանացի» ֆիլմ: - Եվս մեկ գենդերային հարց: Կնոջ համար դժվա՞ր է նկարահանումների ղեկավարումը: - Նախկինում ստիպված էի ապացուցել, որ ես ինչ-որ բանի ընդունակ եմ, բայց, որպես կանոն, նկարահանման հրապարակում հավաքվում են փորձառու մարդիկ եւ անմիջապես տեսնում են՝ արդյո՞ք կարողանում ես մի բան անել, թե՝ ոչ: Այդ պարագայում կարեւոր չէ՝ կին ես, թե՝ տղամարդ: Կա՛մ քեզ հարգում են եւ լսում, կա՛մ լուրջ չեն վերաբերվում, բայց դա առնչություն չունի սեռի հետ: Թարգմանությունը՝ Սրբուհի Սարգսյանի, Աղբյուրը՝ www.elle.ru