Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-12-2015
Դմիտրի Դյուժեւ. երազանքի ծիլերը
Հարցազրույց դերասան, ռեժիսոր Դմիտրի Դյուժեւի հետ:
Ռուսաստանի թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր Դմիտրի Պետրովիչ Դյուժեւը www.psyh.ru կայքին տված հարցազրույցում անդրադարձ է կատարում իր անձնական եւ աշխատանքային գործունեությանը՝ հոգեբանական տեսանկյունից: - Դմիտրի՛, ինչպե՞ս եք վերաբերում հոգեբանությանը: Երբեւէ հոգեբանի դիմելու առիթ ունեցե՞լ եք: - Դեռ մանկուց հետաքրքրություն եմ ունեցել հոգեբանության նկատմամբ: Այդ ժամանակ ինձ թվում էր՝ դառնալու եմ կա՛մ մանկավարժ, կա՛մ քահանա, կա՛մ էլ հոգեբան: Սակայն երբ հանդիպեցի ապագա կնոջս՝ Տատյանային, ով ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը, մենք ունեցանք ընտանեկան բժիշկ: Կինս հոգեբան է, եւ նա ինձ շատ բան է սովորեցրել: Հիմա բավականին հաճախ եմ մտնում տարբեր հոգեբանական կայքեր եւ լրացնում բոլոր տեսակի թեստերը, հարցաթերթիկները, այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Թատերական աշխարհում որպես ռեժիսոր իմ առաջին քայլերը սկսել եմ կնոջ եւ տղամարդու հարաբերությունների մասին Գելմանի «Նստարան» հոգեբանական պիեսով: Ըստ պիեսի՝ գործողությունը տեւում է 90 րոպե, որը հավասար է մի ամբողջ կյանքի: Այդ կերպ փորձում եմ ցույց տալ, թե որքան հաճախ ենք ասում մի բան, բայց հասկանում մեկ այլ բան եւ մտածում մի ուրիշ բան: Մենք ուզում ենք հանդիսատեսի հետ բաց խաղ խաղանք, ինքներս մեզ հարց տանք. ինչո՞ւ մենք չենք հասկանում՝ ինչ են մեզ ասում, կամ հասկանում ենք այսպես, այլ ոչ թե այնպես: - Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը: - Հայրս է ինձ ստիպել, նա նույնպես դերասան էր եւ ասաց ինձ. «Դու կգնաս Մոսկվա եւ կսովորես թատերական ինստիտուտում»: Մենք ընտանիքով շատ քաղաքներ ենք տեղափոխվել եւ այդ ժամանակ մենք ապրում էինք Աստրախանում: Մի տեսակ անհավատալի էր, որ 16 տարեկան տղան, ով սովորում էր բարձր դասարանում, կարող էր Աստրախանից մենակ գնալ Մոսկվա: Դա նման է Ժյուլ Վեռնի արկածներին: Հարազատ քաղաքում ունենում ես քո միջավայրը: Այդտեղ քեզ ճանաչում են դեռ բարուրից, դու հոգեբանորեն ապահով ես, քեզ աջակցում են, եւ միշտ ապահովագրված ես: Սակայն երբ 16 տարեկանից լքում ես այդ վայրը, հոգեբանորեն դառնում ես ազատ, հասկանում ես, որ ազատությունը վախենալու է: Առաջին կուրսում մեզ հանձնարարություն տվեցին, որ դուրս գանք փողոց եւ հնարավորինս գրավենք անցորդների ուշադրությունը: Ես ներքնաշապիկիս վրայից հագնում եմ վերարկուս, գլխիս դնում եմ կաթսա, իսկ վրայից էլ հագնում գլխարկ եւ այդ հանդերձանքով գնում Կարմիր հրապարակ: Ինձ մոտեցավ ոստիկանը, հետաքրքրվեց իմ ճակատագրով եւ մի քանի րոպեում հասկացավ, որ ես նորմալ մարդ եմ, պարզապես կատարում եմ «տնային աշխատանքս»: - Հետադարձ հայացք գցելով՝ ի՞նչ եզրահանգման եք եկել, արդյո՞ք Ձեր հայրը ճիշտ է վարվել: - Իհարկե, ես մեծ երախտագիտությամբ եմ հիշում իմ հոր խրատը եւ հիմա հաճույք եմ զգում իմ մասնագիտությունից: Դժվար ժամանակներ էին, հայրս թատրոնում վաստակում էր 80 ռուբլի, իսկ մայրս կրթության վարչությունում՝ 100 ռուբլի: Այդ ժամանակ հայրս թողեց իր մասնագիտությունը եւ զբաղվեց առեւտրով, բայց մինչ հեռանալը նա երկար ժամանակ աշխատել է թատրոնում. փնտրում էր իր ռեժիսորին, իր դերը: Երբ հայրս հեռացավ կյանքից, ես հասկացա, որ նա ինձ նվիրել է իր երազանքը, իսկ այն իմ սրտով է: - Դժվար էր «Բրիգադա» սերիալում մարմնավորել բացասական հերոսի դերը: Բացահայտե՞լ եք Ձեր մեջ այդ մութ անկյունը: - Այո՛, հեշտությամբ եմ հարմարվել: Կյանքում ես ունեցել եմ այդպիսի օրինակներ եւ զգացողություններ, որոնք էլ ինձ օգնեցին այդ դերը մարմնավորելու գործում: Սերիալում շատ բան կախված էր ռեժիսորական երեւակայությունից եւ դերասանների ճիշտ խաղից: Իհարկե, դերը խաղալու համար մեզ օգնել են հանցավոր աշխարհի մարդիկ, համակարգերում աշխատողները: Անգամ մեզ՝ տղաներիս, ոստիկանական փաստաթուղթ տվեցին, որ մենք համակարգի աշխատող ենք, որպեսզի սերիալի դուրս գալուց հետո մեզ չնույնականացնեն մեր մարմնավորած հերոսների հետ: - Ի՞նչ եք կարծում, կյանքում անհրաժեշտ է ինչ-որ բան հանդուրժել՝ զոհաբերելով ինքդ քեզ: - Այսպիսի փիլիսոփայություն կա. փախի՛ր նրանից, ինչը քեզ չի երջանկացնում: Միեւնույն ժամանակ կյանքն այնքան տարբեր է, եւ հենց դա է նրա հանճարեղությունը. այն համատեղում է սեւը եւ սպիտակը: Հանուն սիրո պետք է հանդուրժել, բայց ինչպե՞ս կարող է, որ կինը հանդուրժի խմող կամ թմրամոլ ամուսնուն: Փախչե՞լ այդ ամենից, թե՞ մինչեւ վերջ հանդուրժել՝ հանուն սիրո: Դժվար հարց է: - Իսկ եթե այդ սերը քեզ չի երջանկացնո՞ւմ: - Եթե կյանքի իմաստը երջանիկ լինելն է, ապա փախի՛ր: Եթե կյանքի իմաստը սերն է, ապա մեռի՛ր սիրելով: Եթե կա սեր, կա նաեւ հանդուրժողականություն: - Կյանքում ունեցե՞լ եք բացթողումներ եւ ափսոսո՞ւմ եք դրանց համար: - Մաքիավելին է ասել. «Ավելի լավ է ափսոսամ չարածներիս համար, քան արածներիս»: Ես հազվադեպ են անում այնպիսի քայլեր, որոնց համար հետո զղջում եմ: Ես ամեն ինչ անում եմ գիտակցաբար, անգամ եթե իմ արարքները չեն տալիս այն արդյունքը, որը ես ակնկալում եմ: - Դուք կշռադատող, կատարյալ մարդու տպավորություն եք թողնում: Մարդ, ով ամեն ինչ հաշվարկում է: Դա Ձեր մասնագիտությանը չի խանգարո՞ւմ: - Իմ նյարդային համակարգը շատ ամուր է: Հեշտությամբ կարող եմ փոխել կերպարները. դա սովորեցնում են Թատերական ինստիտուտում: Պետք է այնպես վերամարմնավորես քեզ տրված կերպարը, որ համոզիչ լինի: Այդ ժամանակ ծանոթանում եմ, բախվում հերոսի հոգեֆիզիկական վիճակի, նրա սովորույթների հետ եւ արդեն իմ ներսում սկսում եմ ղեկավարել այդ կերպարին: Սարսափելի է քո կերտած հերոսի տեսանկյունից ծիծաղելի թվալը. դա անթույլատրելի է: Ինձ շատ է օգնել Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելը: Երբ դու բեմ ես դուրս գալիս եւ պետք է խաղաս կենդանու դերն այնպես համոզիչ, որ կարծեն, թե իրական է եւ կենդանի: Դա իսկապես դժվար է: - Ինչի՞ց եք վախենում: - Աստծուց, էլ ոչ մի բանից: Մի անգամ ես փախա տնից, մտա եկեղեցի եւ հանդիպեցի շատ հարազատ մի մարդու՝ քահանային: Ես շնորհակալ եմ նրան, ով ինձ նվիրել է վախ Աստծո հանդեպ եւ բացատրել, որ նրան հավասար ոչ մեկը չկա: - Ի՞նչը երբեք չեք ների: - Ամեն ինչ կարող եմ ներել: Մեր ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ հասկանանք եւ ներենք, զերծ մնանք եսասիրությունից: Աշխարհում սիրուց ավելի ուժեղ բան չկա: Ես որդուս ոչ մի անգամ չեմ հարվածել: Ինձ աղի վրա ծնկներով անկյուն էլ են կանգնեցրել, գոտիով էլ են ծեծել. ծնողներս չեն զսպել իրենց: Ես նրանց ներել եմ եւ նույնիսկ չեմ չարացել: Մենք կյանքը հասկանում ենք համեմատության մեջ: Թարգմանությունը՝ Սրբուհի Սարգսյանի, Աղբյուրը՝ www.psyh.ru