Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 25-12-2015
Նիկոլ Քիդման. «Ամեն օր արթնանում եմ այն մտքով, որ ես հղի եմ»
Հարցազրույց դերասանուհի, երգչուհի, մոդել եւ պրոդյուսեր Նիկոլ Քիդմանի հետ:
Ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել եւ պրոդյուսեր Նիկոլ Քիդմանը www.womanhit.ru-ին տված հարցազրույցում պատմել է իր նախկին ամուսնու՝ դերասան Թոմ Քրուզի հետ բաժանման, երաժիշտ, երգիչ Քիթ Ուրբանի հետ ամուսնության եւ նորից մայր դառնալու երազանքի մասին: Կարմրահեր եւ ձյունաճերմակ արտաքինով գեղեցկուհին միշտ թվացել է նուրբ ու փխրուն, սակայն նրա անցած ուղին այդքան էլ հեշտ չի եղել: Վաղ մանկուց դերասանուհին ստիպված էր հաղթահարել կյանքի դժվարություններն ու անհաջողությունները: 15 տարեկան հասակում նրա մայրը հիվանդանում է կրծքի քաղցկեղով, եւ Նիկոլը ստիպված էր վաղաժամ թողնել ուսումը եւ իրեն ամբողջովին նվիրել տան հոգսերին: Այդ ընթացքում մայրն անցավ բուժման եւ վերականգնողական կուրսեր։ Շատ երիտասարդ տարիքում նա մեկնում է ԱՄՆ՝ նկարահանվելու «մեծ» ռեժիսորների համար, եւ այդ ժամանակ հանդիպում է իր առաջին ամուսնուն՝ Թոմ Կրուզին: 10 տարի շարունակ նրա ե՛ւ անձնական, ե՛ւ աշխատանքային կյանքն ընթանում էր խաղաղ, սակայն այդ ամենը մի ակնթարթում հօդս է ցնդում: Նիկոլը եւ Թոմ Քրուզն ամուսնալուծվում են, ինչին չէին սպասում թե՛ ԶԼՄ-ները, թե՛ ընկերները, եւ հենց ինքը՝ Նիկոլը: Մինչ օրս էլ նա զարմացած է, թե ինչը կարող էր լինել Թոմի անսպասելի որոշման պատճառը: Ամուսնալուծությանը հետեւեցին աշխատանքային անհաջողությունները, այդ շրջանում նա չուներ շատ հաջողված գլխավոր դերեր: Սակայն Քիդմանն այն մարդկանցից չէ, ով միանգամից կոտրվում է կյանքի հանգամանքների բերումով: Հինգ տարի անց նա ամուսնանում է երաժիշտ Քիթ Ուրբանի հետ: Դերասանուհին երջանիկ է ու սիրահարված, սակայն այս անգամ էլ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես թվում էր: Նրա ամուսինն ալկոհոլից կախվածություն ուներ: Սակայն Նիկոլին հաջողվեց փրկել իրենց նորաստեղծ ընտանիքը: «Ամուսնությունն ամենօրյա աշխատանք է եւ պայքար խնդիրների դեմ: Ես հատուկ ոչինչ չեմ արել»,- ասում է դերասանուհին: - Դուք այնքան շուտ եք սկսել Ձեր կարիերան եւ հասել հաջողությունների: Ինչպիսի՞ն էր Ձեր ընտանիքի վերաբերմունքն այդպիսի անսպասելի հաջողությանը: - Իմ ընտանիքը միշտ կարծել է, որ ես շատ նուրբ ու փխրուն եմ իմ մասնագիտության համար: Հիմա ես նրանց հասկանում եմ որպես մայր: Ոչ մի գիտակից ծնող չի ցանկանում, որ իր երեխան ունենա դերասանի կյանք. այն շատ, շատ ծանր կյանք է: Մենք միշտ ինչ-որ մեկին սպասում ենք, ով մեզ կասի. «Ես քո ուժերին հավատում եմ», եւ իմ ծնողները հենց այդպիսին էին: Պարզապես թվում է, որ իմ կարիերայում ամեն ինչ հարթ է: Եթե միայն իմանայիք՝ ինչքան մերժումներ եմ ես ունեցել, ինչքան վայրէջքներ: Իհարկե, եթե իմ երեխաները որոշեն գնալ իմ ճանապարհով, ես նրանց կաջակցեմ եւ կփորձեմ հնարավորինս պաշտպանել վայրէջքներից ու հիասթափությունից, ինչը սպասվում է սկսնակ դերասաններին: - Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք, երբ վայելում էիք այդքան մեծ հանրաճանաչություն: - Կինոփառատոներում առաջին հանդիպումն իսկապես սարսափելի էր: Ես այնքան երիտասարդ էի, այնքան անվստահ: Չէի հասկանում՝ ինչպես եմ հայտնվել այդպիսի շքեղության, աղմուկի եւ լրագրողների մեջ: Մտածում էի. «Աստված իմ, մի՞թե սա իմ կյանքն է: Չի կարող պատահել»: Հետո, իհարկե, սովորեցի բարձրակրունկների վրա քայլել, թանկարժեք հագուստներ կրել եւ ժպտալ յուրաքանչյուր տեսախցիկին: Սակայն երկար ժամանակ ինձ դեռ հետապնդում էր դպրոցական մականունը՝ «Կռունկ»: Ինձ այդպես էին անվանում իմ հասակի համար: Այդ ժամանակ կարծում էի, թե ես աշխարհի ամենատգեղ արարածն եմ: Դպրոցական երեկույթների ժամանակ ինձ հետ ոչ ոք չէր ուզում զույգ լինել: Պատկերացրե՛ք իմ զարմանքը, երբ ինձ գովում են, նկարում եւ անվանում գրավիչ ու գեղեցիկ: Պետք է խոստովանեմ, որ մինչ օրս հուզվում եմ, երբ բարձրանում Կաննի սանդուղքներով: Սակայն մեր մասնագիտությունը պահանջում է մի քիչ քաջություն: - Ձեր ծնողները սխալվե՞լ են, որ Ձեզ անվանել են «փափկամարմին»: - Իհարկե: Իրականում որքան երիտասարդ ես, այնքան ավելի հեշտ ես հաղթահարում անհաջողությունը, ամեն դեպքում ինձ մոտ այդպես է: Հիշում եմ, որ ես աղոթում էի, որպեսզի ինձ ընդունեն ֆիլմում նկարահանվելու, եւ ինձ ընդունում էին: Եթե անգամ չէին ընդունում, ես էլի աղոթում էի, եւ այդպես իմ ցավն անցնում էր: Գլխավոր դեր ստանալը շատ դժվար է: Այսօր կարող եմ ասել, որ անչափ շնորհակալ եմ ինձ հնարավորություն ընձեռած անձանց, Աստված վկա, ես օգտագործել եմ ինձ տրված բոլոր հնարավորությունները եւ ինձ լիարժեք նվիրել իմ աշխատանքին: Հիմա էլ ես իմ կաղապարից դուրս գալու եւ իմ երազանքների ու գաղափարների ուղղությամբ նորից աշխատելու մեծ ցանկություն ունեմ: Կարծում եմ՝ դեռ չեմ խաղացել իմ լավագույն դերը: - Ի՞նչ եք ասում, ինչպես թե՝ «Մուլեն Ռուժ», «Դոգվիլ», «Ժամեր»: - Պետք է ասեմ, որ ես ավելին կարող եմ: Այդ բոլոր ֆիլմերում ես խաղացել եմ իմ կյանքի ամենավատ ժամանակներում (հենց այդ ժամանակ նա ամուսնալուծվել էր): Այնքան տարօրինակ էր, երբ դու վայելում ես մեծ հեղինակություն, բայց ներսումդ ամեն ինչ կոտրված է: Հիշում եմ «Մուլեն Ռուժ» ֆիլմի համար ստացած պարգեւը, հետո՝ «Ժամեր» ֆիլմի «Օսկարը»: Երբ ստացա «արձանիկը», ինձ մոտ զգացմունքների խառնաշփոթ էր: Մի կողմից քեզ պատել են ուրախությունը, հրճվանքը, իսկ մյուս կողմից՝ մենակության զգացումը, երբ հյուրանոցի մութ սենյակում մենակ նստած՝ ձեռքիդ մեջ սեղմում ես «Օսկարը» եւ չես հասկանում՝ ինչի համար է այդ ամենը: Այո՛, այդ ժամանակաշրջանն իմ կարիերայի վերելքն էր, բայց՝ անձնական կյանքիս վայրէջքը: Հուսով եմ՝ էլ երբեք դա չի կրկնվի: - Հիմա Ձեզ մոտ ամեն ինչ լավ է. հանգիստ ընտանեկան կյանք, կայուն աշխատանք: - Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, այն դեռ առավելագույնը չէ: Իհարկե, ես փորձում եմ ամեն ինչին փիլիսոփայորեն մոտենալ: Միշտ չէ, որ բոլորի կյանքում վերելքներ են լինում, այդպես չէ՞: Բոլոր դեպքերում իմ անձնական կյանքն ավելի կարեւոր է, քան աշխատանքը: Չեմ ուզում օգտագործել «զոհաբերել» բառը, բայց ես ուրախությամբ կզոհաբերեմ ինձ Քիթին եւ երեխաներիս: Իմ ամուսինը եւ ընտանիքը միշտ առաջին տեղում են. դա քննարկման ենթակա չէ: - Շատ դերասաններ աշխատում են նույնիսկ հղի վիճակում, համարյա ծննդաբերում են նկարահանման հրապարակում... - Նույնն էլ ինձ էին ասում իմ ընկերները, դերասանները եւ ռեժիսորները: Ես, անկասկած, հրաժարվեցի իմ աշխատանքից, երբ երեխայի էի սպասում: Ես դա գիտակցաբար եմ արել: Գիտեք, ամբողջ կյանքում ուզել եմ երեխա ունենալ. մի ողջ կյանք սպասել եմ դրան: (Թոմ Քրուզի հետ ամուսնության ժամանակ նա ունեցել է արտաարգանդային հղիություն, այնուհետեւ՝ վիժում): Ես կարծում եմ՝ միայն նա կարող է հղիությունը եւ նկարահանման հրապարակը համատեղել, ով արդեն ունի շատ երեխաներ: Ես շատ էի ուզում լույս աշխարհ բերել առողջ եւ երջանիկ երեխա, ամբողջությամբ վայելել եմ իմ այդ կարգավիճակը, արել եմ ինձանից կախված ամեն ինչ: Այդ ժամանակ ինձ հրավիրեցին նկարահանվել «Ընթերցող» ֆիլմում, սակայն դերը տվեցի Քեյթ Ուինսլեթին: - Քեյթ Ուինսլեթն այդ աշխատանքի համար «Օսկար» է ստացել, չեք ափսոսո՞ւմ դրա համար: - Իրականում՝ հակառակը: Դա եղել է իմ կյանքի ամենաճիշտ եւ կարեւոր որոշումներից մեկը: Իմ աղջիկը՝ Ռոուզը, մեծանում է սիրո եւ ուրախ մթնոլորտում, եւ՝ ոչ միայն նա: Իմ երկու ավագ երեխաները՝ Էլլան եւ Քոնորը, դարձել են լավ երիտասարդներ: Էլլան ապրում եւ աշխատում է Լոնդոնում, իսկ Քոնորը դիջեյ է, ճանապարհորդում է աշխարհով մեկ: Ես շնորհակալ եմ, որ ունեմ երջանիկ եւ առողջ երեխաներ: Միայն թե աչքով չտան: - Հիմա էկրանին է հայտնվելու «Անապատի թագուհի» ֆիլմը Ձեր մասնակցությամբ: Որոշ բաներ պատմե՛ք այդ ֆիլմի մասին: - Ես եւ ֆիլմի ռեժիսոր Վերներ Հերցոգը մեծ հույսեր ունենք այդ ֆիլմի հետ կապված: Ֆիլմը պատմում է բրիտանուհի հնէաբան Գերտրուդ Բելլի կյանքի մասին: Ցավոք, նրա մասին շատ քչերը գիտեն: - Դուք այնքան գեղեցիկ եք: Ո՞րն է Ձեր գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքը: - Մինչ «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» պատմության մեջ ամենաշատ մրցանակներին ներկայացված դերասանուհի Մերիլ Սթիփի ժամանակը մեր մասնագիտության մեջ ծերանալը սարսափելի էր, չափազանց վախենալու: Կինոյի աշխարհը «ղեկավարում են» գեղեցկությունը եւ երիտասարդությունը, բայց նայե՛ք՝ մի՞թե Սթրիփը երիտասարդ, գեղեցիկ չէ՞: Երբ դարձա 40 տարեկան, ես զգում էի, որ սկսվում է իմ կյանքի երկրորդ փուլը: Գուցե ես սխալվում եմ, գուցե սա իմ նախավերջին կյանքն է կամ գուցե հենց վերջինը, չգիտեմ: Հուսով եմ՝ դեռ խնայել եմ եւս մի քանի տասնամյակ: - Հիմա Դուք նկարահանվո՞ւմ եք: - Այս պահին՝ ո՛չ, ես պատրաստվում եմ վերադառնալ Նեշվիլ՝ մեր տուն՝ Քիթի եւ երեխաներիս մոտ: Գուցե տարօրինակ թվա, բայց շքեղ հագուստների, բարձրակրունկների եւ կարմիր գորգերի վրա ես ինձ անիրական եմ թվում, կարծես թե վիրտուալ աշխարհում լինեմ: Այդ ամենն այդքան էլ իմը չէ: Ուզում եմ ստուգել երեխաներիս տնային աշխատանքները եւ ուղղակի զրուցել մարդկանց հետ: - Այդպես էլ անցկացնո՞ւմ եք Ձեր օրերը: - Այո՛, ինչպես օրինակելի տատիկները: Դա դեռ ինչ է, Դուք չեք տեսել իմ պարտեզի վարդերը: Հասկանում եմ, որ խոսում եմ թոշակառու տատիկի պես, բայց այդ ամենն ինձ երջանկացնում է: Ես նաեւ աճեցնում եմ ծիրան եւ թուրինջ, իսկ հետո մուրաբա եմ պատրաստում եւ բաժանում ընկերներիս: - Ասեկոսներ են պտտվում, որ Ձեր ամուսնությունը փլուզման եզրին է. դա այդպե՞ս է: - Իհարկե՝ ո՛չ, ես եւ Քիթը սիրում ենք իրար եւ մտադիր չենք բաժանվել: Վերջերս նայում էի, թե ինչպես է ամուսինս մասնակցում հանպատրաստից համերգի: Այդ պահին մտածում էի. «Աստված իմ, ես պաշտում եմ այդ մարդուն: Այնքան ուրախ եմ, որ Քիթը կա իմ կյանքում»: Ես կուզեի՝ ավելի շուտ հանդիպած լինեի ամուսնուս, եւ ունենայինք ավելի շատ երեխաներ, եւ դա հրաշալի կլիներ: - Չեք ափսոսո՞ւմ, որ Թոմ Քրուզի հետ նկարահանվել եք «Լայն փակված աչքերով» ֆիլմում: Ասում են, որ այդ ֆիլմն է փլուզել Ձեր ընտանիքը: - Անհեթեթություն… Դա այդպես չէ: Համատեղ նկարահանումը այն ժամանակ մեր կյանքի մեծ մասն էր կազմում, եւ այն, ինչ տեղի է ունեցել, հանգեցրել է այն բանին, ինչ հիմա ես ունեմ: Ես երբեք էլ չեմ հավատացել, որ բաժանությունը, ցավը եւ կոտրված սիրտն իմ ողջ կյանքի ուղեկիցներն են լինելու: Ես միշտ հավատացել եմ սիրուն: Այդ ժամանակ շատ թանկ էին հանգուցյալ հորս խոսքերը. «Նի՛կ, պատահել է այն, ինչ պատահել է, գուցե այն, ինչ չպետք է լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Ընդունի՛ր եւ ապրի՛ր»: - Կյանքի այդ ծանր փորձն ազդե՞լ է Ձեր եւ Քիթի հարաբերությունների վրա: - Իհարկե, նա ինձ հոգեբանորեն օգնել է, որ բարձրանամ, դառնամ ավելի իմաստուն եւ համբերատար: Այն հարգանքը, որ ես ունեմ Քիթի նկատմամբ, լիարժեք փակում է այն բացը, որ ունեցել եմ առաջին ամուսնության ժամանակ: - Ունե՞ք ընտանեկան սովորույթներ, որոնք թանկ են Ձեզ համար: - Գիտեմ՝ մի քիչ հնաոճ կհնչի, բայց ընտանիքի գլուխ ես համարում եմ ամուսնուս եւ նրա հետ քննարկում եմ մեծ ու փոքր հարցերը: Նա մեր նավապետն է: Նա է տալիս ուղղությունը, եւ մենք՝ ես եւ երեխաները, գնում ենք նրա հետեւից: Սակայն Քիթը կարող է ինձ հետ չքննարկել, վերջ ի վերջո իսկական տղամարդը գիտի՝ ինչպես եւ ինչ անի: - Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագայից: - Իմ եւ Քիթի փոքրիկը լույս աշխարհ է եկել 5 տարի առաջ, երբ ես 43 տարեկան էի: Իմ տատիկը երեխա է ունեցել 49 տարեկանում: Չեմ կարծում, որ մայրանալու համար սահմանված տարիք կա: Չէ՞ որ միշտ էլ կարող ես երեխա որդեգրել: Ամեն օր արթնանում եմ այն մտքով, որ ես հղի եմ: Թարգմանությունը՝ Սրբուհի Սարգսյանի, Աղբյուրը՝ www.womanhit.ru