Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 20-12-2015
Փաշիկ Ալավերդյան. «Ծանրորդները կատարել են իրենց առջեւ դրված պահանջները»
Հարցազրույց Փաշիկ Ալավերդյանի հետ:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրաշալի արդյունք է համարում այն, որ 7 ծանրորդներ Հայաստանը կներկայացնեն 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ: Նոյեմբերի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում տեղի ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը բավականին կարեւոր նշանակություն ուներ հայ ծանրորդների համար. այն օլիմպիական վարկանշային մրցաշար էր: Չնայած ոսկե մեդալներ չունեցանք, իսկ հայ ծանրորդներն էլ պատվո հարթակում չհայտնվեցին, ամեն դեպքում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կարծում է, որ տվյալ պահին հայ մարզիկները հանդես են եկել հիմնականում ուժերի ներածին չափով: - Աշխարհի առաջնության ժամանակ հայ ծանրորդներից լավագույն արդյունքը ցուցադրեցին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը. նրանք 4-րդ տեղը գրավեցին երկամարտում եւ մեկական փոքր բրոնզե մեդալ նվաճեցին: Սա արդյո՞ք չի ստիպում մտահոգվել, չէ՞ որ անգամ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում միայն 5-րդն էր (Հ.Ծ.՝ ծանրորդը բրոնզե մեդալի արժանացավ պոկում վարժությունում): - 2016 թ. Բրազիլիայում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից գրեթե 250 օր առաջ մեզ հաջողվեց տղամարդկանց մրցումների 5, կանանց՝ 2 ուղեգիր նվաճել: Այս պահին մեր առաքելությունը որոշակիորեն կատարված եմ համարում: Բոլոր ծանրորդներն էլ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում: - 69 կգ քաշային ծանրորդ Վանիկ Ավետիսյանը միայն 12-րդն էր, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը` 8-րդը, իսկ ամենից անսպասելին 2010 թ. աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանի ելույթն էր. նա ուղղակի զրո ստացավ... Մի՞թե սա է մեր մարզիկների ներուժը: - Շատ կուզեի, որ չմոռանայիք, թե ինչպիսին է այսօր մեր կազմը: 69 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկն արդեն 28 տարեկան է: Նա կատարեց առաջադրանքը՝ չտալով դժգոհության տեղիք: Բոլոր ծանրորդներն էլ շարունակելու են մարզվել: Իսկ թե ամառային օլիմպիական խաղերին մեր ծանրորդներից ովքեր կմասնակցեն, ինչ կազմով կներկայանանք այդ կարեւոր ստուգատեսին, դա արդեն այլ հարց է: Մենք ծանրորդների գրանցած արդյունքը չեն գնահատում միայն արդյունավետ մոտեցումների թվով: Եթե ծանրորդը կարողանում է մեկ մոտեցմամբ դրսեւորել իր հնարավորությունները, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, թե մնացած փորձերը չկատարելով` նա դադարում է լավ մարզիկ համարվելուց: - Ի վերջո, Վանիկ Ավետիսյանի դեպքում ի՞նչը պակասեց ավելի բարձր արդյունք գրանցելու համար: - Նորից կկրկնեմ. ծանրորդի աշխատանքը մրցահարթակի վրա համարում եմ գերազանց: Նա փորձառու, տարիքով մարզիկ է եւ կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում հասնել մեր նպատակին: Գուցե իր անձնական ձգտումներն ավելի մեծ էին, բայց այս անգամ նրան դա հաջողվեց: Պոկում եւ հրում վարժությունների վերջին մոտեցումների ժամանակ մեր մարզիկը չբարձրացրեց համապատասխանաբար 142 եւ 182 կգ, բայց, կարծում եմ, նա ոչ միայն ի զորու է իր գլխավերեւում պահել այդ ծանրությունը, այլեւ անգամ 2-ական կիլոգրամներով բարձր արդյունք գրանցել: Սակայն վերջնարդյունքի առումով դա առանձնապես ոչինչ չէր փոխի: - Հույսեր կային, որ մեդալ կնվաճի 2010 թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, ով 77 կգ քաշային կարգում հանդես եկավ երեւի թե մեր բոլոր մարզիկներից լավագույնս աշխարհի առաջնությանը մասնակցած Անդրանիկ Կարապետյանի հետ: Ինչո՞ւ ձախողվեց մեր` 2010 թ. աշխարհի չեմպիոնը, ինչպիսի՞ գնահատական կտաք Անդրանիկ Կարապետյանի ելույթին: - Տիգրան Մարտիրոսյանի` վերջին երեք ամառային օլիմպիական խաղերից առաջ կայացած աշխարհի առաջնությունների մրցելույթներն ուսումնասիրելու դեպքում Ձեզ համար էլ պարզ կլինի, թե ինչու նա այս անգամ էլ ձախողվեց: Օլիմպիական խաղերին նախորդած աշխարհի ոչ մի առաջնությունում մարզիկը բարձր արդյունք ցույց չի տվել, ձախողվել է նույն կերպ: Այդ ընթացքում երեք տարբեր մարզիչներ են եղել: Պեկինի օլիմպիական խաղերին նախորդած աշխարհի առաջնությունում հավաքականի մարզիչը եղել է Աշոտ Մխիթարյանը, իսկ 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ հավաքականը մարզել է Պողոս Պողոսյանը: Այժմ էլ իմ գլխավորությամբ է հավաքականը պատրաստվում Ռիոյում 2016 թ. կայանալիք խաղերին: Խնդիրն ամենեւին էլ մարզիչները չեն: Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանի ելույթին, ապա նա հաստատեց, որ իր քաշային կարգում լավագույններից է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: Պատահական չէ, որ եվրոպական ստուգատեսում երիտասարդ մարզիկն այս տարի բրոնզե մեդալ է նվաճել: Հյուսթոնում նրա կատարած աշխատանքից, մրցելույթից միանգամայն գոհ եմ: Առավել եւս, որ մրցման ժամանակ գերազանցեց իր մարզումային լավագույն ցուցանիշները, ինչն արդեն իսկ վարպետության եւ ապագայում նոր բարձունքներ գրոհելու ունակության լավ նշան է: Ցավոք, հանրագումարային արդյունքում նա միայն անձնական քաշի տարբերությամբ հայտնվեց 4-րդ տեղում: Դա պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ մարզումային լավագույն արդյունքից 5-ական կիլոգրամով արդեն շատ էր բարձրացրել: Եթե իմանայինք, որ նրա մրցակիցներն ավելի քիչ կամ գոնե նրա արդյունքին հավասար արդյունք կգրանցեն, ապա վստահաբար բոլորովին այլ իրավիճակ կլիներ: - Արդյո՞ք 2016 թ. ամառային օլիմպիական խաղերին Տիգրան Մարտիրոսյանը մասնակցելու է: - Ծանրամարտում եւս թիմային պայքարը կարեւոր բաղադրիչ է: Կարող է մարզիկներից մեկը միավորներ բերել, բայց օլիմպիական խաղերին ներկայանա մեկ ուրիշը: Մեր ծանրորդի այդ ձախողումը դեռ չի նշանակում, որ նա վերջնականապես զրկվել է Ռիո գնալուց: Նրան մեծ մասամբ այդ ձախողումը չի վնասում, բայց նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է պայքարի մեջ մտնել օլիմպիական մրցահարթակում: Սա վերաբերում է ոչ միայն Տիգրանին: Մեր մյուս ծանրորդները, ովքեր միավոր են վաստակել աշխարհի առաջնությունում, դեռ չեն ապահովել իրենց մասնակցությունն օլիմպիական խաղերին: - Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, բայց հետո արդեն երկամարտի արդյունքով ճանաչվեց միայն 5-րդը: Ո՞րն էր պատճառը, որ ծանրորդը զիջեց մրցանակային դիրքը: - Շատ կարեւոր է, որ հաշվի առնեք մարզիկների փորձն ու տարիքը: Սիմոնն ընդամենը 18 տարեկան է, այդ արդյունքի համար նա արժանի է դրվատանքի խոսքերի: Նա իսկապես լավ հանդես եկավ: Նա երիտասարդ տղա է: Այս պահին նրա մրցելույթի մասին քննադատական խոսքեր ասելը միայն չարախոսություն կլինի: Սիմոնն ինչ էլ անում է՝ մեր գլխի վրա տեղ ունի, նա դեռ երեխա է... Իհարկե, պոկում վարժության վերջին մոտեցմանը Սիմոնը չկարողացավ գլխավերեւում պահել 191 կիլոգրամանոց ծանրաձողը, բայց դա խնդիր չէ այս պահին: Դեռ իր մարզումների ընթացքում նրան հաջողվել է բարձրացնել 190 կգ: Այս պահին մարզիկը մոտ 5 կգ քաշ է գցել: Գուցե հենց այդ հանգամանքն էլ զգացվեց հրում մրցաձեւում. միայն վերջում գերլարելով ուժերը՝ Սիմոնը խուսափեց վատագույն հեռանկարից: Ընդհանրապես նրանից մենք ավելի քիչ պահանջ ունեինք: - Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքն այնքան լուրջ էր, որ խանգարեց նրան: Ինչպե՞ս է այսօր մարզիկի ֆիզիկական վիճակը: - Ցավալի է, որ մարզիկը վնասվածք ստացավ, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ կարգավորվել է: Լուրջ վնասվածք չէր: Մենք ամեն ինչ կանենք, որ լիարժեք վերականգնվի եւ մյուսների պես ապացուցի, որ արժանի է այդ հինգ ուղեգրերից մեկի տերը լինելուն: Ինչեւէ, ես կարծում եմ, որ հաշվի առնելով վերջին տարիներին նրան հետապնդող վնասվածքները, դրանցից բխող արդյունքները՝ 8-րդ տեղը կարելի է լավ ցուցանիշ համարել: - Գերծանր քաշային կարգում հանդես եկող մեր մյուս ծանրորդը Գոռ Մինասյանն էր: Նրա արդյունքից գո՞հ եք (Հ.Ծ.՝ ծանրորդը երկամարտում գրավել է 4-րդ տեղը): - Նախ ասեմ, որ Գոռին հաջողվեց պոկել 203 կգ: Դա այնպիսի արդյունք է, որը Աշոտ Դանիելյանի մարզական կարիերայի ավարտից հետո մեր ծանրորդներից ոչ մեկին չէր հաջողվել ցույց տալ: Հրում վարժությունը հաջողված էր այնքանով, որքան մարզիկը պատրաստ էր՝ 234 կգ: Մարզումների ժամանակ 3 կիլոգրամ ավելի էր բարձրացրել, բայց չստացվեց, քանի որ ուժերը ներդրել էր հիմնականում պոկում մրցաձեւում լավ ելույթ ունենալու վրա: Շատերն ասում են, թե նա հայտնություն է, ինձ համար եւս նա դեռ շարունակում է մնալ հայտնություն: Նա դեռ երիտասարդ մարզիկ է եւ ապագայում շատ կուրախացնի իր հաջողություններով: Աշխարհի առաջնությունում ինձ հիացրեց ոչ միայն Գոռ Մինասյանը, այլեւ Անդրանիկ Կարապետյանը: - 2016 թ. գլխավոր իրադարձությունն ամառային օլիմպիական խաղերն են, սակայն տարվա առաջին միջազգային մեկնարկը լինելու է Եվրոպայի առաջնությունը: Դրանում ծանրորդների գրանցած արդյունքները որոշիչ կլինե՞ն օլիմպիական թիմի ընտրության հարցում: - Եվրոպայի առաջնության արդյունքները, անշուշտ, ցանկալի ուղեցույց կլինեն մեզ համար: Ընդհանրապես գալիք մրցաշրջանին սկսելու ենք պատրաստվել հունվարի 15-ից, իսկ մինչ այդ ուժերը վերականգնելու ժամանակ է տրված ծանրորդներին: - Եթե փորձենք հակիրճ ամփոփել Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը, ի՞նչ ընդհանուր կարծիք ստացաք մրցաշարից, ի՞նչ համեմատականներ կարող եք տանել դեռ նախորդ տարվա արդյունքների հետ: - Այս առաջնությունում մոտ 100 միավոր վաստակեցին, ավելի ստույգ` 97 միավոր, մինչդեռ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո ընդամենը 80 միավոր ունեինք: Ընդհանուր հաշվարկով այս պահին 157 միավոր ունենք: Դա մեզ տալիս է հինգ լիարժեք օլիմպիական ուղեգիր: Ցավոք, մենք այլեւս այդ հինգ ուղեգրերից ավելին չենք ունենա. յուրաքանչյուր մարզիկ ընդամենը երկու անգամ իրավունք ունի մասնակցելու վարկանշային մրցումներին: Մեր մարզիկներից այլեւս ոչ մեկ չի կարող պայքարել վարկանշային միավորներ վաստակելու եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: - Ընդհանուր առմամբ գո՞հ եք այս տարվա արդյունքներից: - Այնքանով եմ գոհ, որ մեր մարզիկները իմ պահանջները հաջող կատարեցին: Ունենք նաեւ երկու օլիմպիական ուղեգիր աղջիկների համար, իսկ դա հրաշալի արդյունք է, քանի որ մինչ օրս հայկական ծանրամարտի պատմության մեջ չի եղել նմանօրինակ հաջողություն. մենք յոթ ծանրորդով կմասնակցենք ամառային օլիմպիական խաղերին: Պատրաստեց Հարություն Ծատրյանը Լուսանկարը ՀԱՕԿ-ի կայքից