Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Աշոտ Ղազարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 18-12-2015
Աշոտ Ղազարյան. «Ամենահումորային սիրո խոստովանությունը կնոջս եմ արել»
Հարցազրույց Աշոտ Ղազարյանի հետ:

Զրույցն Աշոտ Ղազարյանի հետ սովորականից տարբերվում էր: Այն միայն հարց ու պատասխան չէր, այլ համեմված էր ծիծաղով, լռությամբ, որ փոխում էր մտքերիդ ընթացքը, ստիպում խորհել եւ կատարել եզրահանգումներ: Աշոտ Ղազարյանին հանդիպեցի իր իսկ ստեղծած հումորի եւ խոսքի դպրոցում: Դժվար էր նրան կտրել առօրյա աշխատանքից, իր սաներից, երբ մեծ ոգեւորությամբ պատրաստվում էին ամանորյա ներկայացումներին: Մի պահ կանգնել եւ ուղղակի հետեւում էի դպրոցի ընթացիկ աշխատանքներին: Աննկարագրելի ջերմություն կար նրանց մեջ: Աշոտ Ղազարյանն իր սաներին մականուններով էր դիմում, համբուրում եւ ստիպում ժպտալ: «Երեխեքն ինձ շատ են սիրում, ես էլ իրենց եմ սիրում, նրանք զգում են իմ ջերմությունը,- ասում է դերասանն ու հավելում,-հեռախոսիս մեջ գրեթե բոլորի նկարները կան, երբ երկար ժամանակով քաղաքից դուրս եմ գնում, երեկոները նայում եմ եւ կարոտս առնում: Իմ դպրոցում լավ երեխաներ են սովորում: Մեզ մոտ ուսուցիչ, տնօրեն, աշակերտ հարաբերություն գոյություն չունի»: Այցիս նպատակը Աշոտ Ղազարյանի երիտասարդ տարիների մասին զրուցելն էր, հետադարձ հայացքով անդրադարձ կատարելը նրա անցած ճանապարհին: Պետք է խոստովանել, որ նմանօրինակ կենսախինդ մարդուն դժվար էր տարանջատել երիտասարդությունից. հարցերս ակամայից երկվություն էին առաջացնում… - Ինչպե՞ս կբնութագրեք երիտասարդ եւ ներկայիս Աշոտ Ղազարյանին: - Այսօրվա Աշոտ Ղազարյանն ավելի խելոք է, լուրջ բաների մասին է մտածում: Թեեւ նրա հումորն ասելիք միշտ էլ ունեցել է, բայց այսօրվա հումորն ավելի կիրթ է, դաստիարակչական: Էներգիայի, ձայնի առումով նույնն եմ մնացել. էներգիաս, ձայնս տեղն են, երգում եմ, խաղում եմ ներկայացումներում: Տարբերությունն այն է, որ մեծանում ես, ավելի ես լրջանում, հավաքվում, այլ աչքերով ես նայում մարդկանց, հումորին, գործին եւ առհասարակ ամեն ինչին: - Ինչպե՞ս պետք է ապրել երիտասարդ տարիները: - Երիտասարդ տարիներին պետք է աշխատել սխալներ շատ չանել. հետո դժվար է լինում: Պետք է լուրջ, հավաքված լինել, կարդալ, աշխատել, լուրջ գործերով զբաղվել, ճիշտ մասնագիտություն ընտրել: - Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ Աշոտ Ղազարյանին: - Կասեի, Աշո՛տ ջան, ճիշտ ես ապրել, լավ ես ապրել, բայց պարապ բաների վրա ժամանակ շատ ես վատնել. ժամանակն ափսոս է, ճի՛շտ օգտագործիր: Օրեր էին լինում, որ ոչ մի կարեւոր բան չէի անում, այդպիսի օրերի համար շատ եմ զղջում: Այնքան կարճ, ակնթարթային է կյանքը, որ հետո ափսոսում ես ամեն բաց թողած օրերի, րոպեների, վայրկյանների համար: - Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում: - Լինել մաքուր, պարզ, երբեք չթողնել անվանդ վրա բիծ առաջանա: Պետք է որակյալ գործ անել կամ ընդհանրապես չանել: Եթե արածդ գործը նախորդին որեւէ բանով չի գերազանցում, ապա միտք չունի դա անել: Պետք է նախորդից գոնե մեկ քայլ առաջ լինի: - Ի՞նչը տարավ Ձեզ դեպի հումորային արվեստ: - Հումորը միշտ էլ ինձ հետ է եղել: Ես ծնվել եւ մեծացել եմ հումորով ընտանիքում եւ այդպես էլ պատկերացրել եմ իմ կյանքը: Հայրս շատ հոմորով մարդ էր, մայրս էլ միամիտ էր, ու հումորներն էլ իրեն նման միամիտ էին: Եղբայրներս, քույրս՝ բոլորն էլ հումորով են եղել: - Հումորով ծնվո՞ւմ են, թե՞ հնարավոր է այն ձեռք բերել կյանքի ընթացքում: - Ո՛չ, հումորը չես կարող ձեռք բերել, այն կա՛մ կա, կա՛մ չկա: Հումորը գեներով է գալիս: Ուղղակի պետք է զարգացնել, ավելի գեղեցկացնել, ճիշտ ճանապարհի վրա դնել: Հումոր չեն սովորում: Թատերական ինստիտուտում Վարդան Աճեմյանի կուրսն եմ ավարտել, ով ասում էր՝ «Մենք տաղանդ չենք ներարկում, այլ տաղանդին ուղղություն ենք տալիս, մաքրում ենք, կտրում ենք ավելորդ մասերը: Նույնիսկ վաճառականն է այդպիսին ծնվում. ամեն մարդ վաճառական լինել չի կարող»: - Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ Դուք ավելի շատ դրամատիկ դերասան եք: - Այո՛, ես ավելի շատ դրամատիկ դերասան եմ, քան կատակերգու: Իմ ներկայացումների մեջ լիրիկական մասերն ավելի հաճույքով եմ խաղում, այդտեղ ես ինձ ավելի լավ եմ զգում: - Բնույթով ինչպիսի՞ն եք: - Բնույթով ես ուրախ մարդ եմ, ընտանիքում էլ այդպիսին եմ, մեր ընտանիքում վեճեր, կռիվներ չեն լինում, մենք միմյանց հետ բարձրաձայն չենք խոսում: Իմ ընտանիքում միշտ իշխել են հումորը, ծիծաղը, իսկ ամենակարեւորը՝ սերը: - Եթե Ձեր կյանքում հումորը չլիներ… - Չեմ պատկերացնում ինձ առանց հումորի: Մի շատ լավ ռեժիսոր կա՝ Համլետ Հովհաննիսյանը, ով ասում էր՝ «Մարդը կենդանուց տարբերվում է հումորի զգացումով»: - Ձեր լսած ամենածիծաղելի հումորային արտահայտությունը… - Մի անեկդոտ կա, դուրս շատ է գալիս: Երկու ընկեր զրուցում են, ընկերներից մեկը հարցնում է. - Տատդ մահանալիս քրտնե՞ց: - Հա՛, այնպե՜ս էր քրտնել… - Էդ ա էլի իրան փրկել… - Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողված հումորը: - Յուրաքանչյուր հումորիստ այն յուրովի է ընկալում: Ինձ համար հումորը պետք է լինի բարի, դաստիարակչական, սուր, ասելիք ունենա, մնայուն լինի: - Երիտասարդ տարիների Ձեր ամենամեծ խենթությունը… - Այն ժամանակ մարդիկ հնդկական ֆիլմեր շատ էին դիտում եւ միշտ կինոթատրոններից դուրս էին գալիս լացակումած, կարմրած աչքերով: Երբ ընկերներով գնում էինք հնդկական ֆիլմեր նայելու, այնպես էր ստացվում, որ ավելի շատ ծիծաղում էինք, քան տխրում, ֆիլմի ցուցադրման ժամանակ այնպիսի արտահայտություններ էի անում, որ ամբողջ դահլիճը ծիծաղում էր: Այն օրը, երբ ընկերներով գնում էինք հնդկական կինո նայելու, այդ օրը հանդիսատեսը լացող աչքերով դուրս չէր գալիս: - Հումորային սիրո խոստովանություն երբեւէ արե՞լ եք: - Ամենահումորային սիրո խոստովանությունը կնոջս եմ արել: Մարդիկ, երբ նոր են հանդիպում, իրենց ամենադրական կողմերով են դրսեւորում՝ կիրթ, ուշադիր աղջկա նկատմամբ: Երբ ամուսնանում են, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, պարզվում է, որ այդքան էլ այդպիսին չեն, ինչպես որ ներկայացել են: Ես հենց առաջին օրը հարցրի կնոջս. «Ես հիմա քեզ դո՞ւր եմ գալիս»: Ասաց՝ այո՛, շատ: Ասացի. «Ես հինգ օր, տասը օր հետո, մի տարի հետո էլ նույնն եմ լինելու, եթե ավելի չլավանամ, վատը չեմ դառնա, քեզ ձեռք տալի՞ս է»: Ասաց՝ այո՛: Ասացի. «Դե՛, արի՛ ամուսնանանք»: Այսօր արդեն տոնելու ենք մեր ամուսնության 40-ամյակը: Աշխարհում կինս իմ ամենամոտ ընկերն է: Եթե ինչ-որ բաների հասել եւ հասնում եմ, իմ ընտանիքի եւ կնոջս շնորհիվ է: Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր կայացած եւ խելացի տղամարդու մեջքին խելացի կին է կանգնած: - Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: - Որոշ առումներով՝ այո՛, ինչ-որ առումներով էլ՝ ո՛չ: Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, աշխատանք, ընկերներ, բայց էգոիստ չեմ, աշխարհում այնքան բաներ են կատարվում՝ կռիվներ, ավերածություններ: Եթե դրանք չլինեին, ինձ հարյուր տոկոսով երջանիկ կհամարեի: Հ.Գ.: Աշոտ Ղազարյանն իր ամենամեծ ձեռքբերումները համարում է ընտանիքը, սերը, աշխատանքը: Ափսոսում է միայն իր չխաղացած դերերի համար. «Շատ դերեր ունեի իմ մեջ, որ չեմ խաղացել, պետք էր երիտասարդ տարիներին դա անել»: