Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 14-12-2015
Վանեսա Մեյ. «Երբեմն պետք է սխալվել՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար»
Հարցազրույց աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսա Մեյի հետ:
Բրիտանուհի, աշխարհահռչակ ջութակահարուհի, կոմպոզիտոր, լեռնադահուկորդ Վանեսա Մեյը www.lady.mail.ru կայքին տված հարցազրույցում անդրադառնում է գեղեցկության, երջանկության ու հաջողության թեմաներին: - Ո՞րն է Ձեր գեղեցկության գաղտնիքը: Ինպե՞ս եք պահպանել այն: - Չեմ սիրում չափազանց շատ շպարվել, այնքան էլ այն ինձ չի հետաքրքրում: 16 տարեկանից օգտագործում եմ աչքերի համար նախատեսված քսուք, ինչպես նաեւ արեւից պաշտպանող քսուքներ, քանի որ նրա ճառագայթները կարող են վնասել մաշկը: Արեւի ճառագայթների սարսափելի ազդեցությունը զգացել եմ, երբ ապրում էի Շվեյցարիայի լեռներում: Այդ ժամանակ մաշկս շատ ուժեղ վնասվել էր: Մենք պետք է մեզ պաշտպանենք արեւի վնասակար ճառագայթներից: Ճիշտն ասած, վերջերս ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը դեմ է կենդանիների վրա կոսմետիկայի թեստավորմանը: Դրա համար պետք է շեշտեմ, որ դեմքի քսուք ընտրելիս կարեւոր է մտածել այն կենդանի էակների մասին, որոնք մեզ հետ ապրում են նույն մոլորակի վրա: - Սեփական անձը գնահատելու եւ ինքնավստահ լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ: - Շատ կարեւոր է ամեն օր նայել հայելու մեջ եւ ինքդ քեզ հետ լինել ներդաշնակ՝ անկախ նրանից՝ այդ օրը լվացել ես գլուխդ կամ ավելորդ քաշ ես գցել, թե՝ ոչ: Պետք է գիտակցես քո բնավորության լավ ու վատ կողմերը, ճանաչես մարմնիդ թերություններն ու առավելությունները, բայց շարունակես սիրել ինքդ քեզ: Պետք է ընդունել անձնական թերությունները եւ ապրել դրանցով: Կարծում եմ՝ միայն ինքնավստահ մարդը կարող է ցույց տալ իր ներքին գեղեցկությունը: Նայում ես աղջիկներին. երիտասարդ են, գեղեցիկ, ոտքերը՝ երկար, կուրծքը՝ մեծ, մաշկը փայլում է, բայց ինքնավստահություն չունեն: Նրանք չգիտեն, թե ինչպես իրենց դրսեւորեն, ինչպես ապրեն, դրա համար էլ դատապարտված են դժբախտության: Չընդունելով ինքդ քեզ՝ վանում ես մարդկանց, իսկ երբ ուրախ ես եւ մտածում ես, որ բախտդ բերել է, նույն զգացումը փոխանցում ես ուրիշներին: - Ճի՞շտ է, որ Ձեր շնիկը Ձեր մշտական ուղեկիցն է: - Նախկինում ինձ դուր չէր գալիս հյուրախաղերի գնալը: Ժամանակի մեծ մասն անցկացնում էի հյուրանոցներում, օդանավակայաններում, դիմահարդարման սենյակներում եւ ուրիշ ոչինչ չէի անում: Հիմա ինձ հետ ճամփորդում է նաեւ շնիկս, իսկ նրան պարզապես անհրաժեշտ է դուրս հանել: Իմ շնիկը չիխուախուա ցեղատեսակի է, իսկ անունը՝ Մաքսիմուս, բայց ես նրան Մաքս եմ ասում: Գիտեք՝ շատ զարմանալի է, բայց շնիկս շատ է սիրում ճանապարհորդել: Հետաքրքիր է, որ ասում են՝ չպետք է փոխեք շների ռեժիմը, նրանք փոփոխություններ չեն սիրում: Դա կատարյալ անհեթեթություն է: Իհարկե, Մաքսին չես բացատրի՝ ուր ես գնում, պարզապես նրան դնում եմ պայուսակի մեջ եւ ուղեւորվում դեպի օդանավակայան կամ նստում մետրո եւ մեքենա: Սակայն հենց հայտնվում ենք հյուրանոցում, նա արդեն ուսումնասիրում է սենյակը եւ վազվզում միջանցքով մեկ: Նա շատ է ոգեւորվում, ուրախանում, երբ բացահայտում է նոր վայրեր: Միայն մեկ խնդիր ունենք. Մաքսին դուր չի գալիս բարձր երաժշտությունը, իսկ իմը հենց այդպիսին է: Այդ պատճառով շոուի ժամանակ ստիպված ենք լինում «թաքցնել» նրան: Նրան ավելի շատ դուր է գալիս դասական երաժշտությունը (ծիծաղում է): - Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք: Ի՞նչ է հարկավոր դրա համար: - Ինչքան շատ ենք ունենում, այնքան ավելի շատ ենք ուզում: Այդպիսին է մարդ արարածը՝ փառասեր, շփացած: Այն, ինչ տեսնում ես, երբ մաքրում ես աչքդ տրորող «փայլ»-ից, հենց դա աշխարհում ամենագեղեցիկն է: Երջանկությունն այն է, ինչը չես գնի փողով: Դա բնությունն է, քո սիրելի մարդիկ: Խոստովանեմ, որ իմ երջանկությունը գնել եմ գումարով. դա իմ սիրելի շնիկն է (ծիծաղում է): Իսկապես սիրում եմ ջութակ նվագել, դահուկ քշել եւ ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ: Գիտեք՝ այն րոպեները, որոնք անցկացնում եմ անկողնում՝ շանս հետ խաղալով, ինձ օգնում են, որ ողջ օրվա համար էներգիա հավաքեմ: Հիմա իմ միակ երջանկությունը 3.6 կիլոգրամանոց չիխուախուան է: - Ո՞րն է հաջողության գաղտնիքը, արդյո՞ք դա կապ ունի բախտի եւ սխալներ անելու հետ: - Կարծում եմ՝ կյանքում ե՛ւ հաջողությունն է կարեւոր, ե՛ւ անհաջողությունը: Ես տանել չեմ կարողանում, երբ սխալներ եմ անում, քանի որ փորձում եմ ամեն ինչ վերահսկել, բայց չէ՞ որ հենց սխալների վրա ենք սովորում: Առաջընթացի համար երբեմն պետք է սայթաքել: Հենց դա է կյանքի գեղեցկությունը: Եթե անգամ քեզ թվում է, թե գնում ես սխալ ճանապարհով, դա դեռ վերջը չէ, ճիշտ ճանապարհ էլ գոյություն ունի: Եվ երբ անցնես բոլոր փորձությունները, դրանք ավելի արժեքավոր կթվան: Երբեմն պետք է սխալվել՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար: Բացի դրանից՝ կարծում եմ՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կյանքում պետք է ճիշտ «լարած» լինես: Ջութակն ընդամենը գործիք է, բայց եթե ուզում ես այն գեղեցիկ նվագել, ապա բացի մեխանիկայից՝ ուրիշ բան էլ է հարկավոր. զգացմունք, լարում: Այդպես է նաեւ կյանքում: Կարեւոր են ճիշտ հասկանալը եւ կյանքի ճիշտ ընկալումը: Թարգմանությունը՝ Սրբուհի Սարգսյանի, Աղբյուրը՝ www.lady.mail.ru