Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-12-2015
Արթուր Աբրահամ. «Ամեն բան չէ, որ գումարի մեջ է»
Հարցազրույց բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար տարին լի էր հաջողություններով, հաղթանակները ոչ միայն մասնագիտական ոլորտում էին, այլեւ անձնական կյանքում: Արդեն վեց ամիս է՝ Արթուր Աբրահամն ամուսնացել է: Այս շաբաթ բռնցքամարտիկը հանդես եկավ մամուլի ասուլիսով, իսկ ահա ասուլիսից անմիջապես հետո eritasard.am-ն Արթուրի հետ զրուցելու հնարավորություն ունեցավ: - Քիչ առաջ այստեղ էին քսանից ավելի լրագրողներ, հետաքրքիր է` չե՞ք խուսափում լրագրողներից: - Ո՛չ, ես առհասարակ լրագրողներից չեմ խուսափում, որովհետեւ առանց լրագրողների ժողովուրդը պարզապես չի կարող տեղեկացված լինել: Հենց այս մասնագետների օգնությամբ է հասարակությունը իրազեկված, ուստի կարծում եմ՝ լրագրողների դերը շատ ավելի կարեւոր է: - Տարին լի էր հաղթանակներով, կոչումներով, կառանձնացնե՞ք այս տարվա ձեռքբերումներից որեւէ մեկը: - Յուրաքանչյուր հաղթանակ, կոչում ինձ համար շատ կարեւոր են: Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ մեկը: Կարծում եմ՝ շատ մեծ հաղթանակ էր այն, որ Բեռլինում ես ճանաչվեցի լավագույն մարզիկ: Հույս ունեմ՝ մինչեւ տարվա ավարտը Բեռլինում կճանաչվեմ նաեւ լավագույն բռնցքամարտիկ: Երբ Հայաստանից գնում ես Գերմանիա եւ այնտեղ արժանանում նմանօրինակ կոչման, ապա հավատացե՛ք՝ դա շատ մեծ պատիվ է ինձ համար: - Կես տարի է՝ ամուսնացած եք. ինչո՞ւ էիք դա գաղտնի պահում: - Ամուսնության արարողությունը չհասարակայնացնելու որոշումը կապված է իմ անձնական կյանքը լուսաբանել չցանկանալու հանգամանքով, իսկ ահա այսօրվանից դա այլեւս գաղտնիք չէ: - Ասուլիսի ընթացքում նշեցիք, որ երազում եք երեք բալիկ ունենալու մասին, իսկ Ձեզ համար սեռը նշանակություն ո՞ւնի: - Անկեղծ ասած, ցանկանում եմ երեք տղա ունենալ, բայց դա միայն ցանկություն է: Ասեմ, որ աղջկա դեպքում էլ պակաս երջանիկ չեմ լինի: - Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր ուղին… - Իհարկե, կցանկանայի, որ երեխաս զբաղվեր սպորտով, բայց չէի ցանկանա, որ այդ սպորտաձեւը լիներ բռնցքամարտը: Սա շատ դժվարին ճանապարհ է, իսկ ահա եթե դա լինի երեխայիս շատ մեծ ցանկությունը, իհարկե, ես չեմ միջամտի: - Վեց ամիս է արդեն՝ ամուսնացած եք, ի՞նչն եք կարեւորում կին-տղամարդ հարաբերություններում: - Սեր, անկեղծություն, ջերմություն, հավատարմություն. կարծում եմ՝ սրանք այդ փոխհարաբերության ամենակարեւոր բաղադրիչներն են, իսկ ահա մնացած բաները երկրորդական են: - Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Երեւանը Ձեր երազանքների քաղաքն է: Ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք այստեղ՝ Երեւանում: - Երեւանը շատ հարազատ վայր է ինձ համար, այստեղ ես ծնվել ու մեծացել եմ: Ես կցանկանայի, որ իմ երեխաները Հայաստանի հետ միշտ կապ ունենան, ինչպես ես: Իրականում չես կարող միշտ այստեղ լինել եւ ոչ մի պետության հետ շփում չունենալ, բայց ես մեծ հույս ունեմ, որ իմ երեխաները կպահպանեն կապը Երեւանի հետ, քանի որ այստեղ մարդու հոգին բարիանում է, ջերմությունը շատ է, մարդկային որակներն էլ այստեղ այլ են: Այս ամենն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ ամեն բան չէ, որ գումարի մեջ է: - Ե՞րբ կթողնեք ռինգը: - Հավանաբար 2 տարի դեռ կմնամ ռինգում՝ մինչեւ 37 տարեկան, որից հետո միայն կհեռանամ: Կարծում եմ՝ կհեռանամ հաղթանակած: Գիտեք, ինձ համար էլ շատ դժվար է անդադար ապրել մարզական խիստ ռեժիմով: Մեկ-մեկ կարոտում եմ՝ ուղղակի պառկել տան բազմոցին ու հեռուստացույց դիտել: - Չե՞ք ցանկանում մշտական բնակություն հաստատել Հայաստանում: - Դժվար է ասել, որ ես երբեւէ կվերադառնամ Հայաստան՝ մշտական բնակության, բայց ինձ դուր է գալիս, որ ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ այստեղ: Ես Հայաստանում իսկապես հանգստանում եմ: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, իսկ ամենակարեւորն այն է, որ ես հաղթում եմ եւ իմ տարած ամեն հաղթանակ անպայման տոնում եմ հենց Հայաստանում: - Ի՞նչ սպասելիքներ ունեք 2016 թվականից: - Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի նույնքան հաղթանակներով լի, որքան այս տարին էր, իսկ ընտանիքում կցանկանամ, որ լինեն շատ բալիկներ: Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու, Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի