Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-12-2015
Գրիշա Աղախանյան. «Եթե թատրոնից ստացած գումարն ինձ բավարարեր, ես կլինեի միայն թատրոնում»
Հարցազրույց Գրիշա Աղախանյանի հետ:
Երկար ժամանակ է, ինչ հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, շոումեն, դերասան, ատամնաբույժ Գրիշա Աղախանյանը վերադարձել է Հայաստան: Տաղանդաշատ Գրիշան այս տարիների ընթացքում թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, հանդես է եկել մի շարք նախագծերում: Լինելով ԱՄՆ քաղաքացի` այսօր նա բնակվում է Երեւանում: Մեզ հետ զրույցում Գրիշա Աղախանյանը պատմում է, թե ինչպես ատամնաբույժի մասնագիտություն ստանալով՝ հայտնվեց արվեստում: - Գրիշա՛, ծնվել եք Սոչիում, ապրել եւ մեծացել Հայաստանում, երկար տարիներ բնակվել եք ԱՄՆ-ում: Հետաքրքիր է՝ որտե՞ղ եք Ձեզ առավել լավ զգում: - Թվարկված երկրներից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի: Մայրիկիս կողմը բնակվում է Սոչիում, որտեղ ես ծնվել եմ, կապը միշտ եղել է, պարբերաբար այցելում եմ Սոչի: 10-12 տարի բնակվելով ԱՄՆ-ում՝ ձեռք եմ բերել ընկերներ, շրջապատ, ԱՄՆ-ն նույնպես յուրովի եմ սիրում, սակայն ինչ վերաբերում է հարազատ լինելուն, ապա միանշանակ դա Երեւանն է, քանի որ այստեղ եմ ապրել ու մեծացել: - Ճշտեցինք, որ Ձեզ համար հարազատ է Երեւանը: Ատամնաբույժ, շոումեն, հաղորդավար, դերասան, երգիչ, պրոդյուսեր. այս ցանկից ո՞րն է Ձեզ հոգեհարազատ: - Բնականաբար, արվեստն ինձ առավել հոգեհարազատ է, ուստի հենց այդ պատճառով էլ մնացի այդ ասպարեզում: Ես միշտ նշում եմ՝ ատամնաբույժի մասնագիտությունն ընտրել եմ մայրիկի ցանկությամբ, քանի որ նա ցանկանում էր, որ ես եւ եղբայրս լինենք ատամնաբույժ: Ի դեպ, երեք տարի աշխատել եմ եւ վատ ատամնաբույժ չեմ եղել: Իրականում պետք է սիրես այն ոլորտը, որտեղ պետք է աշխատես. ես այդքան էլ չէի սիրում ընտրածս մասնագիտությունը: Դեռ ուսանողական տարիներին փախչում էի դասերից, գնում թատրոն: - Արվեստ ասվածը Ձեզ մոտ բազմաճյուղ է՝ ե՛ւ դերասան եք, ե՛ւ երգիչ, ե՛ւ... - Կարծում եմ՝ արվեստի մարդը պետք է լինի ե՛ւ լավ դերասան, ե՛ւ լավ երգիչ, ինչու չէ, նաեւ շոումեն: Իրականում չեմ թաքցնի այն հանգամանքը, որ բեմի մարդը որքան բազմակողմանի եւ ճկուն է, այդքան ավելի ճանաչված է եւ սիրված: - Վերջերս տեղի ունեցավ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ Դուք յուրովի ներկայացաք: Կխոսե՞ք ֆիլմի մասին: - Դերասանի համար յուրաքանչյուր առաջարկ արդեն իսկ հետաքրքիր է, իհարկե, խոսքս նորմալ առաջարկների մասին է: «Որոգայթ»-ն ուներ անուն, անձնակազմն էլ ինձ ծանոթ էր, այդտեղ ներգրավված էին պրոֆեսիոնալներ, հետեւաբար պարզ էր՝ այդպիսի ֆիլմը վատը չէր կարող լինել: Իմ կերպարն էլ շատ հետաքրքիր էր, ամեն բան արել եմ շատ հաճույքով: Թատրոնում դրամատիկ դերեր խաղացել եմ, սակայն ֆիլմում այն ինչ-որ չափով բացահայտում էր, ու հետաքրքիր էր, թե ինչպես կստացվեր: - Հարցազրույցներից մեկում նշել եք, որ սիրում եք խաղալ բեմում: Հետաքրքիր է՝ չե՞ք ցանկանում վերադառնալ թատրոն: - Շատ մեծ ցանկություն ունեմ: Բեմ վերադառնալու միակ խնդիրը գումարն է, եթե թատրոնից ստացած գումարն ինձ բավարարեր, ես կլինեի միայն թատրոնում: - Միշտ ժպտում եք, հումորը Ձեզնից անպակաս է, կարելի՞ է ասել, որ անհոգ կյանքով եք ապրում: - Շատերին է այդպես թվում, սակայն եթե հիշենք Չապլինին, Ֆրունզիկ Մկրտչյանին, ապա կտեսնենք, որ նման մարդիկ եղել են շատ լուրջ, չեն ապրել երջանիկ կյանքով: Իմ կյանքում նույնպես եղել են ժամանակահատվածներ, որտեղ կային բազմաթիվ դժվարություններ: Ես լուռ հաղթահարել եմ այդ դժվարությունները, սակայն այսօր էլ անհոգ կյանքով չեմ ապրում: - Նոր երգերի հետ կապված պլաններ չունե՞ք: - Առաջին անգամ Ձեզ եմ ասում՝ պատրաստում ենք նոր երգ, հիմա անում ենք գործիքավորումը, իսկ ահա հաջորդ քայլը կլինի երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Մյուս տարի այն կներկայացնենք հանրության դատին: Ի դեպ, երգը լինելու է ռեմիքս տարբերակով: - Ինչպե՞ս է կոչվում երգը: - Անունը դեռ չգիտենք: - Հնարավո՞ր է, որ կրկին վերադառնանք ԱՄՆ: - Կյանքում ամեն բան հնարավոր է, սակայն ես չեմ ցանկանում: Ես, լինելով ԱՄՆ քաղաքացի, եկել եմ ու բնակվում եմ այստեղ, իմ այս քայլով ամեն բան ասվում է: - Շարունակե՛ք «Ամեն անգամ հիշում եմ...» արտահայտությունը: - Ամեն անգամ հիշում եմ մայրիկիս, ով արդեն երկու տարի է՝ չկա: - Կա՞ խորհուրդ, որով առաջնորդվում եք: - Մայրիկս շատ իմաստուն կին էր, ասում էր՝ ուրախացի՛ր կյանքով: Երբ ինչ-որ խնդիրներ էի ունենում, կիսվում էի մայրիկիս հետ, եւ նա ասում էր. «Ինչ խնդիրներ, ինչ բան, ուրախացի՛ր կյանքով»: Հիմա ինքս էլ եմ այդպես կարծում, պետք է ուրախանալ կյանքով ու գնահատել այն: - Գիտեմ, որ վախ չունեք, սակայն կա՞ ինչ-որ բան, որից սկսել եք վախենալ: - Այո՛, ես երբեք վախ չեմ ունեցել, սակայն գնալով ավելի շատ եմ սկսում հետեւել նորություններին, տեսնելով՝ ինչ է կատարվում աշխարհում, մտածում եմ՝ աշխարհին խաղաղություն լինի: Ուստի հիմա ցանկանում եմ, որ պատերազմներ չլինեն, նմանօրինակ նորություններ կարդալով՝ ավելի շատ եմ սկսում վախենալ: Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու, Լուսանկարները՝ Գրիշա Աղախանյանի անձնական արխիվից