Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-12-2015
Սիսիանի երիտասարդությունն առաջ եւ այսօր…
Հարցազրույց ՀՀ երիտասարդական առաջին մայրաքաղաք Սիսիանի երիտասարդների հետ:
2014 թ.-ին Սիսիան քաղաքը ճանաչվել էր ՀՀ երիտասարդական առաջին մայրաքաղաք: Ի՞նչ տվեց այդ իրողությունը քաղաքի երիտասարդությանը, ի՞նչ խնդիրներ են լուծվել, եւ որո՞նք են մինչ այժմ հրատապ: Այս եւ այլ հարցերի մասին խոսել ենք Սիսիանի «Հելսինկյան ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Հակոբյանի, «Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» ՀԿ-ի նախագահ Մարիամ Թորոսյանի եւ ԱլՄարի «Սոցիալական զարգացման» ՀԿ-ի նախագահ Կատյա Բաբայանի հետ: - Սիսիանը ճանաչվել էր որպես ՀՀ երիտասարդական առաջին մայրաքաղաք: Այդ իրողությունը ի՞նչ փոխեց երիտասարդության կյանքում: Լիլիթ - Դա քաղաքի կյանքում զգալի փոփոխությունների հանգեցրեց. երիտասարդությունն ակտիվացավ, ստեղծվեցին մի շարք ՀԿ-ներ, որոնց իրականացրած ծրագրերն իրենց հերթին նպաստեցին երիտասարդների` հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու գործընթացին, քաղաքում բացվեց միակ երիտասարդական այգին, իրականացվեցին մի շարք տեղական եւ միջազգային հանդիպումներ, որոնց մասնակցեցին Սիսիանի երիտասարդները: Մարիամ - Մինչ այդ, եթե մի քանի երիտասարդի ցանկանում էիր մեկտեղել, հնչում էր հետեւյալ պատասխանը. «Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել, ոչինչ մեր ձեռքում չէ», իսկ այժմ վստահ են, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է, երիտասարդներին անգամ հավաքելու կարիք չկա, նրանք մշտապես կազմ-պատրաստ են, հիմնել են բազմաթիվ երիտասարդական ֆորմալ եւ ոչ ֆորմալ ակումբներ: Սիսիանում երիտասարդների եւ իշխանությունների միջեւ ձեւավորվել է երկխոսության մշակույթ: Եթե մինչ այդ շատ մեծ դժվարությամբ էին երիտասարդներին որեւէ աշխատանք վստահում, այժմ նրանք մի ամբողջ միջոցառման պատասխանատու են եւ մեծ վստահություն են վայելում: Կատյա - Երիտասարդ մայրաքաղաքը մեծ ակտիվություն բերեց սիսիանցի երիտասարդներին: Նրանք ներգրավվեցին տարբեր ծրագրերում եւ իրենց գաղափարներն իրագործելու հնարավորություն ունեցան: - Դուք մշտապես շփվում եք երիտասարդության հետ, ի՞նչ հրատապ խնդիրներ կնշեք, որոնք առկա են ձեր քաղաքում: Լիլիթ - Այսօր Սիսիանի երիտասարդը բախվում է մի շատ լուրջ եւ հրատապ խնդրի` գործազրկությանը: Դրա մակարդակն այնքան բարձր է, որ քաղաքի երիտասարդներն աշխատանքի փնտրտուքով լքում են հարազատ քաղաքն ու մեկնում արտագնա աշխատանքի կամ էլ մնալով քաղաքում՝ մատնվում են պարապության: Մարիամ - Ցանկացած մարդու համար առաջին խնդիրը ժամանակի ընթացքում մոտիվացիայի կորուստն է, ինչը նկատելի է նաեւ մեր երիտասարդության շրջանում: Պետք է ժամանակ առ ժամանակ կազմակերպվեն արվեստի եւ քաղաքական գործիչների կամ պարզապես հաջողակ բիզնեսմենների հետ հանդիպումներ, որոնք որոշ ժամանակ էլ ստեղծագործելու հնարավորություն կտան, մինչեւ հաջորդ հանդիպումը: Խնդիրները շատ են, բայց ես բոլոր խնդիրների հիմքում տեսնում եմ մոտիվացիայի պակասը: Կատյա - Քաղաքում առկա է երիտասարդների զբաղվածության խնդիր: - Ասում են՝ թիվ մեկ խնդիրը մարզերում գործազրկությունն է եւ տեղեկատվության պակասը: Ձեր քաղաքում նույնպե՞ս կան այդ խնդիրները: Լիլիթ - Հարցի պատասխանը վերեւում արդեն տվեցի: Մարիամ - Գործազրկությունը խնդիր է ոչ միայն մարզերում, այլեւ ամբողջ Հայաստանում, սակայն շատ հաճախ ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է խնդիրը, այլ հարմար աշխատանքի բացակայությունը: Պաշտոնավորներն ասում են, որ եթե աշխատատեղ չկա, դուք ինքներդ ստեղծեք այդ աշխատատեղը, սակայն ՀՀ-ում տնտեսական վիճակը շատ անկայուն է, եւ ցանկացած գործունեություն սկսելը շատ ռիսկային է: Աշխատատեղ չկա, քանի որ պետական համակարգի բոլոր օղակները զբաղված են, ինչպես ասում են՝ «Ընդունվում են աշխատանքի եւ այդտեղից էլ գնում թոշակի»: Մասնավոր սեկտորում էլ առկա աշխատատեղերը բավարար չեն, այդ պատճառով էլ բուհն ավարտելուց հետո անգամ սիրով Սիսիան վերադարձած երիտասարդը որոշ ժամանակ անց հետ է վերադառնում Երեւան կամ այլ տեղ՝ աշխատելու կամ մասնագիտական առաջընթացի համար: Կատյա -Գործազրկություն կա, կան նաեւ ոչ ֆորմալ ուսուցման կենտրոններ, որտեղ կարող են անցնել մասնագիտական դասընթացներ: - Հայկական իրականության մեջ արդիական է ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցը: Հաճախ երիտասարդների ընտրությունն ինքնանպատակ է դառնում, եւ հետագայում չեն կարողանում իրենց ստացած կրթությունը, այսպես ասած, իրացնել: Եվ այս խնդիրն ավելի առաջնային է մարզերում՝ հաշվի առնելով աշխատատեղերի սակավությունը: Ձեր ՀԿ-ն զբաղվո՞ւմ է այդ հարցով, եւ արդյո՞ք երիտասարդներին ուղղորդում եք մասնագիտության ընտրության առումով: Լիլիթ - «Սիսիանի հելսինկյան ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ի առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքները, իրազեկել եւ դասընթացների կամ քննարկումների ու այլ տարբերակների միջոցով մարդկանց զերծ պահել իրավախախտումներից: Հետեւաբար մեր կազմակերպությունը չի զբաղվում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցերով: Գուցե հետագայում, հաշվի առնելով գործազրկության ցուցանիշը, սկսենք նաեւ ուղղորդել, սակայն այս պահին`ոչ: Մարիամ - Մասնագիտական կողմնորոշման օգնության հարցն այսօր բաց է, եւ շատ աշակերտներ, հետեւելով ժամանակի միտումներին կամ ծնողների, բարեկամների խորհուրդներին, ընտրում են մասնագիտություններ, որոնք նրանց երջանկություն չեն պարգեւում, աշխատելը դառնում է տաժանակրություն: Ես ծնողներիս դրդմամբ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ-ծրագրավորող եմ, սակայն համակարգիչների եւ չոր ու ցամաք թվերի հետ աշխատելն ինձ չէր ոգեւորում, եւ սկսեցի դասավանդել, իսկ այժմ էլ սովորում եմ երկրորդ մագիստրատուրան՝ արդեն որպես ուսուցիչ: Սակայն ոչ բոլորը կունենան այդ հնարավորությունը: Եվ հենց այդտեղից էլ սկսվում են գործազրկության խնդիրները: Ճիշտ է, մեր ՀԿ-ն իր գործունեությունը ծավալում է Ճամբարակի շրջանում, սակայն ոչ մի պահ չենք դադարել մասնագիտական կողմնորոշման գործում երիտասարդներին խորհրդատվություն տրամադրելուց, տարբեր մասնագիտության տեր անձանց հետ հանդիպումներ կազմակերպելուց, ինչը ե՛ւ շատ ոգեւորիչ է, ե՛ւ շատ արդյունավետ: Կատյա - Մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է բնապահպանական եւ առողջ ապրելակերպի խնդիրներով: - Ձեր ՀԿ-ն հիմնականում ի՞նչ խնդիրներով է զբաղվում, եւ որեւէ դրական տեղաշարժ արձանագրե՞լ են ձեր կողմից իրականացված ծրագրերը: Լիլիթ - Ինչպես վերը նշվեց, մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, իրավախախտումների կանխարգելմամբ: Իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներն իրազեկվել եւ իրենց ստացած գիտելիքներն են կիրառել առօրյայում: Օրինակ` մոտ 2 տարի առաջ իրականացրինք «Ինտերակտիվ ընտրություններ» ընտրախաղը, որի ընթացքում երիտասարդները համայնքը մեկ օր կառավարելու եւ ՏԻՄ ընտրություններ իրականացնելու հնարավորություն ունեցան: Մարիամ - «ԿԱՄՔ» ԵՀԿ-ի հիմնական խնդիրներն են երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպումը, զբաղվածության խնդրի լուծումը, հայրենասիրական ոգու բարձրացումը, երիտասարդության ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքին: ՀԿ-ի իրականացրած ծրագրերից հետո եթե փաստացի զբաղվածություն էլ չենք ապահովել, ապա մասնակիցների ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները հիմք են հանդիսացել, որպեսզի նրանք ավելի հեշտ աշխատանք գտնեն: ՀԿ-ի իրականացրած ծրագրերի ժամանակ է ձեւավորվել երիտասարդների մի կորիզ, որն այսօր երիտասարդական ակումբներ է ղեկավարում: Իսկ այսօր համախմբված երիտասարդություն ունենալը շատ մեծ նվաճում է: Կատյա - Մեր կազմակերպությունն իրականացրել է թափոնների կառավարման դասընթացներ, որոնք ժամանակի ընթացքում տալիս են իրենց ցանկալի արդյունքը: - Մարզային երիտասարդությունը հաճախ է բողոքում, որ ժամանցի վայրերը քիչ են: Ինչպե՞ս եք դուք այդ բացը լրացնում, եւ որքանո՞վ է Սիսիանի երիտասարդությունը հասարակական ակտիվություն ցուցաբերում: Լիլիթ - Ժամանցի վայրեր Սիսիանում, կարելի է ասել, չկան: Սակայն ժամանակ առ ժամանակ երիտասարդական հավաքների ու տարբեր երիտասարդական միջոցառումների միջոցով փորձում ենք լրացնել այդ բացը: Մարիամ - Մինչ երիտասարդական մայրաքաղաք դառնալը ես էլ էի բողոքում, իսկ այսօր Սիսիանը իսկապես ապրում է, անկախ առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ մշակութային կյանքը վերելք է ապրում. երգ, պար, շախմատ, նկարչություն, թատրոն: Սիսիանի պես փոքրիկ քաղաքում իսկապես հերոսություն է այդ ամենն ունենալը եւ պահել կարողանալը: Եթե մեր երիտասարդները կարծում են, թե 2-3 սրճարանը քիչ է, ապա ինչ կանեին, եթե ընդհանրապես չլիներ, եւ ամբողջ քաղաքում մի կիսաավեր այգի լիներ: Մենք պարզապես պետք է սովորենք գնահատել մեր ունեցածը եւ մտածենք ուղիներ՝ նորերը հիմնելու համար: Կատյա - Տարբեր քաղաքներում տարբեր են պատկերացումները ժամանցի կենտրոնի վերաբերյալ: Սիսիանում կան մշակույթի տուն, երաժշտական եւ նկարչական դպրոցներ, մարզասրահ եւ սպորտդպրոց: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է կազմակերպում իր ժամանցը: ՀԿ-ներն էլ ակտիվ են. երիտասարդները ներգրավված են տարբեր ակցիաներում ու ծրագրերում: - Ի՞նչ ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են կամ պետք է իրականացվեն: Լիլիթ - Ներկա պահին մեր ՀԿ-ն իրականացնում է ամանորյա «Միասին ենք» ծրագիրը, որի նպատակն է բարի մարդկանց միջոցով օգնության ձեռք մեկնել անապահով եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մարիամ - Մեր ՀԿ-ն այսօր Սիսիանից շատ ավելի անմխիթար վիճակում գտնվող քաղաքում է հայտնվել՝ Ճամբարակում, որը, սահմանամերձ լինելով հանդերձ, ունի երիտասարդության այն բոլոր հիմնախնդիրները, որոնք տարիներ առաջ ուներ Սիսիանը՝ անմիաբանություն, համախմբվածության, ինքնավստահության պակաս... Միշտ կատակով ասում եմ, որ Գյումրիից հետո տարվա երիտասարդական մայրաքաղաք դառնալու հերթը Ճամբարակինն է, որպեսզի այդ քաղաքն էլ նույնպիսի վերելք ապրի, ինչպես Սիսիանը: Պարզապես աշխատել է պետք այդ ուղղությամբ: Կատյա - Այս պահին ծրագիր չունենք, բայց պատրաստվում ենք ամանորյա ակցիայի, որը կկրի «Ամանորը փոքրիկների աչքերով» խորագիրը: Հարցազրույցը՝ Սաթենիկ Խաչատրյանի