Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-11-2015
Ն. Սահակյան. «Երիտասարդության մի հատված կա, որ հայրենիքը ցուցապաստառներով է սիրում»
Հարցազրույց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի հետ:
Ամենաերիտասարդ գյուղապետը մեզ հետ խոսել է գյուղի խնդիրների, ձեռքբերումների, սահմանապահ երիտասարդի ու նրա պահանջների մասին: - Պարո՛ն Սահակյան, սահմանամերձ գյուղ ասելով նախ հասկանում ենք սահմանապահ գյուղ: Ըստ այդմ՝ ինչպիսի՞ն է Բաղանիսի սահմանապահ երիտասարդությունը, ի՞նչ առանձնահատկություններ ունի: - Բաղանիսցին ուղղակի, թե անուղղակի ծնված օրից սահմանապահ է՝ օրորոցից մինչեւ ալեւոր ծերունի, ու դա մեզ համար կարգավիճակ է, մեր երիտասարդներն առանձնանում են սահմանին կանգնելու իրենց պատրաստակամությամբ: Այդուհանդերձ, ցավոք, այսօր երիտասադների մի հատված հայրենիքը սիրում է ցուցապաստառներով կամ ֆեյսբուքյան հարթակներում բոցաշունչ կոչեր անելով, բայց եթե գիշերը գյուղում մի կրակոց լսեն, մեղմ ասած, իրենց ֆեյսբուքյան գրառումներին տեր չեն կանգնի: - Մշտապես պատերազմական իրավիճակում գտնվող երիտասարդությունն այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած: - Ինչպես բոլոր գյուղական համայնքներում, Բաղանիսում էլ մեր երիտասարդությունը զբաղվածության խնդիր ունի. կարծում եմ՝ դա պետական հոգածության հարց է: - Ի՞նչ լուծումներ եք Դուք առաջարկում: - Ես՝ որպես համայնքի ղեկավար, տեղում ապրելու եւ արարելու պայմաններ ստեղծելու պարտավորվածություն եմ զգում: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար գյուղի 12 հա խաղողի այգիները եւ տնամերձ 54 հա այգիները ապահովել եմ ոռոգման ջրով, իսկ խմելու ջրի հետ կապված աշխատանքներն արդեն սկսված են: Սրանք կենսամակարդակ բարձրացնող հարցեր են: Նախատեսում ենք նաեւ Բաղանիսում պանրի փոքրիկ արտադրամաս կառուցել, որը կլուծի մոտ 10 երիտասարդի զբաղվածության հարցը: - Մտահոգիչ է մարզերում հատկապես երիտասարդների եւ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Բաղանիսում կա՞ այդ խնդիրը, եւ եթե՝ այո՛, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: - Բաղանիսը Հայաստանի մյուս գյուղերի նման եւս ունի այդ խնդիրը: Ուրախությամբ նշեմ, որ 2015 թ.-ին գյուղում երկու նոր տուն է կառուցվել. դա այս ծանր պայմաններում ոգեւորիչ փաստ է: Ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է: - Պետությունը որոշակի հատկացումներ է անում՝ ուղղված երիտասարդությանը: Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը մարզային երիտասարդությանը: - Մարզային երիտասարդությունն այսօր, ինչպես ասացի, ամենաշատը զբաղվածության հարցն է ուզում լուծված տեսնել, չէր խանգարի, որ փոքր երիտասարդական կենտրոն ունենայինք: Թեեւ գյուղի նախկին գրադարանը հատկացրել եմ մեր գյուղի երիտասարդությանը, որպեսզի ձմռան պարապ երեկոները հավաքվեն այդտեղ, բայց պայմաններն այդքան էլ լավը չեն: - Դուք եւս երիտասարդ եք, եւ վստահ եմ՝ ավելի լավ եք պատկերացնում երիտասարդության խնդիրները: Ձեր ղեկավարման ժամանակահատվածում ի՞նչ խնդիրներ են լուծվել: - Իմ գործունեության երեք տարիներին տարբեր ծրագրերի շրջանակում համայնքում մինչ այժմ կառուցվել է 7.5 կմ ջրագիծ, գյուղն ամբողջովին ապահովել եմ գիշերային լուսավորությամբ, գյուղտեխնիկա ենք ձեռք բերել: Ժամանակակից 5 կանգառներ եւ 15 աղբարկղեր են դրվել գյուղի տարբեր թաղամասերում: Աղբահանությունն իրականացվում է կազմակերպված ձեւով: Այդուհանդերձ, անելիքներ դեռ շատ կան: - Վերջերս երգչուհի Քրիստինե Պեպելյանը գեղեցիկ ժեստ արեց՝ ուղղված Բաղանիսին: Եղե՞լ են նմանօրինակ այլ դեպքեր, որոնց մասին չեն բարձրաձայնվել, եւ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի նախաձեռնություններին: - Եթե իմ ֆեյսբուքյան էջը նայեք, ապա անձնական ոչ մի նյութ գրեթե չեք տեսնի. բոլոր իմ հղումները վերաբերում են իմ գործունեությանը, այսինքն՝ կարելի է ասել, որ իմ էջը Բաղանիսի պաշտոնական էջն է. արված յուրաքանչյուր քայլի մասին ես տեղյակ եմ պահում Ֆեյսբուքի միջոցով: Օրինակ՝ ամերիկաբնակ Հարություն Կարմիրյանի հետ ծանոթացել եմ համացանցի միջոցով, եւ արդեն երկու տարի է՝ Հարութը դարձել է Բաղանիսի լավ բարեկամը՝ ֆինանսավորելով շուրջ 5 ծրագիր, եւ դրա մասին գիտեն բոլորը: Իսկ Պեպելյանի քայլը գովեստի արժանի է: Դա էլ մեծ քայլ էր, որի շնորհիվ առաջիկայում երկու փոքր թաղամաս եւս կունենա գիշերային լուսավորություն: - Թերեւս գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղում ապրելը ռիսկային է: Կա՞ մտավախություն, որ երիտասարդությունը կձգտի դուրս գալ գյուղից: - Մտավախություն միշտ էլ կա, բայց նրանք դեռ տեղում են, եւ եթե լուծվեն թվարկված խնդիրները, ապա նրանք կմնան իրենց գյուղում: - Որպես երիտասարդ ղեկավար՝ ի՞նչ կմաղթեք սահմանամերձ համայնքներում ապրող երիտասարդներին: - Ես մի բան եմ միշտ ասում. վաղուց արդեն ժամանակն է, որ անկախության սերունդը մասնակցի մեր երկրի կառավարմանը: Եղե՛ք ակտիվ, ձգտող, սիրե՛ք մեր հայրենիքը՝ անկախ այն բանից, ուժեղ է, թե թույլ: Ուժեղ հայրենիքը կսիրեն բոլորը, իսկական հայրենասերը նա է, ով իր հայրենիքը սիրում է նաեւ թույլ վիճակում: Հայրենիքն էլ ծնող է, իսկ ծնողը երբեք վատը չի լինում: Հայրենիքն այն միակն է, որին պետք է տալ՝ առանց վերցնելու: Առո՛ղջ եղեք: Հարցազրույցը՝ Սաթենիկ Խաչատրյանի, Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից