Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 29-11-2015
Անդրանիկ Հարությունյան. «Էլենն իմ կյանքը փոխեց ամբողջությամբ»
Հարցազրույց դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ:
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը, 2004 թվականին ավարտելով Երեւանի պետական կամերային թատրոնին կից ստուդիան, որպես դերասան աշխատել է թատրոնում: Մարտի 8-ին ծնված դերասանը խոստովանում է՝ այդ օրը ոչ մեկին նվեր չի տալիս. բացառություն է միայն դուստրը: Սիրված դերասանը հավատարիմ է իր մասնագիտությանը, կնոջը եւ թատրոնին: eritasard.am-ն այս անգամ զրուցել է յուրօրինակ դերասանի հետ, ով խնդիրները բարձրաձայնում է հումորի միջոցով: - Անդրանի՛կ, նախ սկսենք հետեւյալ հարցից. արդյո՞ք խուսափում եք լրագրողներից: - Շատ հաճախ լրագրողները զանգահարում են, սակայն հարցազրույցն ունենում է ոչ թե մշակութային, այլ քաղաքական բնույթ: Սիրով տալիս եմ հարցազրույցներ, եթե դրանք կապված են իմ գործունեության հետ, իսկ ահա եթե հարցերն առնչվում են իմ անձնական կյանքին կամ քաղաքականությանը, ապա մերժում եմ: - Հարցազրույցներից մեկում նշել եք, որ միշտ հավատարիմ եք Ձեր կնոջը, ակնհայտ է՝ հավատարիմ եք նաեւ թատրոնին եւ մասնագիտությանը: Հետաքրքիր է՝ կյանքի բոլոր ոլորտներում ե՞ք հավատարիմ, թե՞ կան բացառություններ: - Վա՛յ, շատ հավատարիմ եմ իմ գործին, հավատացե՛ք՝ այնքան հավատարիմ եմ, որ ցանկության դեպքում էլ չեմ կարող փոխել իմ ասպարեզը: Ո՞նց ասեմ, եթե հիվանդ եմ լինում, ունենում եմ հազ, տաքություն, ապա բավական է՝ բարձրանամ բեմ, ու ամեն բան անցնում է: Փորձում եմ հավատարիմ մնալ այն ամենին, ինչն իմն է: - Անդրանի՛կ, բեմում կարեւոր խնդիրները ներկայացնում եք հումորի միջոցով: Կյանքո՞ւմ էլ եք նույն կերպ վարվում: - Բնականաբար, խնդիրներին պետք է հումորով վերաբերել: Պետք է ասել, որ ասելիքը հումորով ավելի լավ է տեղ հասնում, քան «չորով»: Երբ «չորով» ես ասում ինչ-որ բան, ապա ճիշտ չի ընկալվում: Փորձում եմ կյանքում էլ խնդիրներին հումորով վերաբերվել եւ դրանք հարթել հումորի միջոցով: Օրինակ՝ երբ կնոջս հետ վիճում ենք, ապա պարտադիր պետք է այնպես անեմ, որ, ի վերջո, նա ժպտա: - Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում սերիալներում. առաջարկներ չկա՞ն, թե՞ դրանք Ձեզ համար ընդունելի չեն: - Շատ կցանկանայի հանդես գալ հումորային սերիալներում՝ սիթ-քոմերում, սակայն չկան առաջարկներ: Այսօր հեռուստաընկերությունները չեն ցանկանում գումար ծախսել որակով բան ստանալու համար, ուստի հենց դա է պատճառը, որ այսօր սերիալներում, սիթ-քոմերներում կարելի է տեսնել երգիչ-երգչուհիներին: Մենք էլ մտածում ենք՝ չկա, ուրեմն ավելի լավ է, որ մենք մեր մշակութային գործունեությամբ զբաղվենք: - Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: - Առաջիկայում հանդես կգանք նոր նախագծով, որն անում ենք կնքահորս՝ Արմեն Վարդանյանի հետ: Փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ «Դեպուտատի շոու»-ն շուտով կներկայացնենք հայ հանդիսատեսի դատին: Կա եւս մեկ հետաքրքիր նախագիծ, որն իրականացնում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը, այն կոչվում է «Վերջին չվերթ» եւ կբեմադրվի հունվարից հետո: Հիմնականում փորձում եմ բեմում լինել, ինչը, կարծում եմ, ավելի լավ է: - Շատերի համար հայկական մեծ քիթը իսկական գլխացավանք է, իսկ ահա Ձեր դեպքում քիթը նորանոր դռներ է բացում: Չե՞ք ցանկանում վիրահատվել եւ ձերբազատվել հայկական քթից: - Այնպես չէ, որ քթով գումար եմ աշխատում: «Քիթ-Cut»-ում ներկայացնում ենք, որ քթի վիրահատությունից կորչում է գեն կոչվածը, ի վերջո, հայը տարբերվում է նաեւ իր քթով: Աղջիկների դեպքում ընդունելի է քթի վիրահատությունը, սակայն տղաների պարագայում անհասկանալի է: Կարծում եմ՝ մարդ ինչպես ծնվել է, այնպես էլ պետք է հեռանա, հետեւաբար չեմ պատրաստվում վիրահատել քիթս, այն ինձ երբեք չի խանգարել: - Անցում կատարենք փոքրիկ Էլենին. որքանո՞վ դուստրը փոխեց Ձեր կյանքը: - Ես կյանքում չեմ մտածել, որ առաջնեկս լինի տղա: Փոխարենը մտածել եմ, որ նա լինի առողջ, ժպտերես, ինչու չէ, նաեւ չարաճճի երեխա: Ուրախ եմ՝ թվարկածս ամեն բան տեսել եմ: Էլենն իմ կյանքը փոխեց ամբողջությամբ: Նրա հետ անգամ մեկ վայրկյան չես կարող ձանձրանալ: Երբ առավոտյան դուստրս արթնանում է, նախ ասում է՝ բարի լույս, հետո պատմում է՝ ինչ երազ է տեսել: Մինչ ամուսնանալս ապրում էի մի օրով, սակայն հիմա պարզապես անհնար է ապրել օրով, քանի որ հիմա ունեմ Էլեն, մտածում եմ նրա ապագայի, նրա վաղվա օրվա մասին: - Մշտազբաղ գրաֆիկը թո՞ւյլ տալիս է՝ կատարեք Ձեր հայրական պարտականությունները: - Չկա ներկայացում, որ դուստրս ներկա չլինի, սա էլ է ինչ-որ առումով հայրական պարտականություն, որ նրան տանում եմ դեպի մշակույթ: Հիմա Կամերային թատրոնում կան ներկայացումներ, որոնք նա անգիր գիտի: Հաճախ Էլենն ասում է. «Պա՛պ, կնստես՝ «Կառավարական համերգից» մի կտոր խաղամ»: Մինչեւ օրվա վերջին րոպեն փորձում եմ անցկացնել դստերս հետ: - Անդրանի՛կ, միասին չարաճճիություններ անո՞ւմ եք: - Բնականաբար: Միասին խաղում ենք տանը, գնդակներով հարվածում ենք բաժակներին, գալիս է ու թռվռում է փորիս վրա: Շատ աշխույժ երեխա է, ինչի համար էլ շատ ուրախ եմ: - Չե՞ք ցանկանում ընտանիքը համալրել եւս մեկ անդամով: - Հիմա շատ եմ ցանկանում տղա ունենալ, քանի որ եղբայրս երկու դուստր ունի, ես՝ մեկը: Մեծ է որդի ունենալու ցանկությունը, ում էլ կկնքեմ հայրիկիս անունով: - Մի քանի օրից ձմեռ է, հետաքրքիր է՝ սիրում ե՞ք ձմեռը եւ պատրաստվո՞ւմ եք Ամանորին: - Իրականում չեմ սիրում ցուրտ եղանակը, ինչպես նաեւ Ամանորը: Ամեն տարի նույն բանն է՝ նույն ուտեստները, նույն երշիկները… Կցանկանայի, որ ավանդույթը մի փոքր փոխվեր, կամ Ամանորին 15-20 օրով մեկնեի Հայաստանից, հետո կրկին վերադառնայի: - Շարունակե՛ք «Ես մանկուց երազել եմ…» միտքը: - Ես մանկուց երազել եմ դերասան դառնալու մասին, բայց չգիտեմ՝ ինչքանով եմ դարձել: Չեմ ավարտել, դիպլոմ չունեմ, սակայն այսօր Երեւանի մի փոքրիկ անկյունում գտնվող Կամերային թատրոնում եմ աշխատում, որտեղ դիպլոմ ունենալը բավարար չէ: Այդ թատրոնում կարեւոր է տաղանդավոր, կերպարային, սիրված լինելը, եթե դու ունես այդ հատկանիշները, ապա տեղ կունենաս այդ թատրոնում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արա Երնջակյանին, ով ինձ տեղ տվեց այդ թատրոնում, եւ հենց այդտեղից էլ սկսվեց իմ ճանաչումը: - Անդրանի՛կ, զրույցի ընթացքում ծխախոտը ձեռքից վայր չդրեցիք, ի՞նչ է՝ նյարդայնանում էիք: - Բացարձակ: Պարզապես սուրճ չկար, ասացի՝ ծխեմ: Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու, Լուսանկարները՝ Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից