Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-11-2015
Ավետ Բարսեղյան. «Հանդիսատեսից ստացած սիրո էներգիան ամենամեծ հաղթանակն է»
Հարցազրույց Ավետ Բարսեղյանի հետ:
Հաղորդավար, մի շարք հիթերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն այն բացառիկ մարդկանցից է, ովքեր հավատում են հեքիաթին, այդ թվում` սիրո հեքիաթին: Մեզ հետ զրույցում Ավետը խոստովանում է, որ յուրաքանչյուր երգ գրելիս փորձում է մի «իմաստիկ» ներդնել այդտեղ: Դրական լիցքեր հաղորդող, ժպտերես Ավետի հետ հարցազրույցն անցկացրինք ռադիոտան իր աշխատասենյակում:Մեր աչքից չէր կարող վրիպել հաղորդավարի անչափ գեղեցիկ դիմանկարը, որը դրված էր նրա աթոռի կողքին: - Ավե՛տ, կպատմե՞ք դիմանկարի պատմությունը եւ նշեք, թե ինչո՞ւ այն փակցված չէ պատին: - Այս դիմանկարն ինձ ուղարկել է Ասլան անունով մի հրաշալի անձնավորություն, ով իրականում շատ հետաքրքիր նկարներ է անում: Նկարը փակցված էր պատին, սակայն ինչ-ինչ խնդիրներ առաջացան ամրակի հետ կապված, ուստի հիմա երկու Ավետներով կողք կողքի ենք նստում: - Գիտեմ, որ եկել եք նկարահանումից եւ հարցազրույցից հետո ռադիոեթերի եք, հետաքրքիր է՝ չեք հոգնո՞ւմ մշտապես եթերում լինելուց: - Բնականաբար եթերներից ե՛ւ հոգնում եմ, ե՛ւ սպառվում: Եթերում մշտապես լինելը աշխատանք է, որը քեզանից էներգիա է տանում, բայց միեւնույն ժամանակ` տալիս, դա մի փոխադարձ դիֆուզիոն կապ է: Մի պահ է գալիս, երբ ցանկություն չես ունենում խոսելու, սակայն հենց գալիս է եթերի ժամը, դու հավաքվում ես եւ դառնում մի մարդ, ով հանդիսատեսին, հեռուստադիտողին կամ ռադիոունկնդրին պետք է տա այն էներգիան, որը պահանջվում է: - Կարելի՞ է ասել, որ եթերն էլ է անբուժելի հիվանդություն: - Խոստովանեմ, որ ունեցել եմ տարի, երբ եթերում չեմ եղել: Այդ ժամանակ ինքս իմ մեջ փորձել եմ հաղթահարել այդ զգացողությունը՝ այդ «թմրաեթերի» զգացողությունը: Կարելի է ասել, որ ես ինքս ինձ հետ խոսել եմ եւ հասկացել, որ ի վերջո գալու է մի օր, երբ ես եթերում չեմ լինելու: Իրականում շատ դժվար է, երբ եթերին սվորում ես, եւ գալիս է մի օր, երբ դու եթերում չես լինում: - Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված ինտելեկտուալ խաղերի հանդեպ Ձեր սերը, քանի որ վարել եք «Բունու» «Խելք խելքի», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարերը: - Եթե մի դաշտում չկա սովորելու բան, ինձ համար այդ դաշտը շուտով դառնում է ձանձրալի: Իմ աշխատանքային կյանքում վարել եմ նաեւ երաժշտական հաղորդումներ, որոնք կրկին ունեցել են ինտելեկտուալ մասնիկ: Նմանօրինակ նախագծերի շրջանակում էլ հնչում են երաժիշտների անուններ, ստեղծագործություններ, եւ այդ կերպ փորձում ենք հաղորդաշարը դարձնել ճանաչողական: Հաղորդման այդ տեսակը ես ինքս էլ շատ եմ սիրում, ի վերջո հաճելի է, որ գնում ես աշխատանքի եւ ինքդ էլ նոր բան ես սովորում ու գիտելիքներով հարուստ վերադառնում տուն: Յուրաքանչյուր բան, որն ունի ինտելեկտի տարր, ինձ գրավում է: Ինտելեկտուալ այդ հաղորդումների շրջանակում աշխատում են շատ խելացի խմբագիրներ, ուստի ես այդ խաղերի մի փոքր մասնիկն եմ: - Արդյո՞ք կարելի է ինտելեկտուալ այդ խաղերի հանդեպ սերը կապել Ձեր առաջին մասնագիտության հետ: (Ի դեպ, Ավետը ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը): - Ես կարող եմ ասել, որ աշխատանքն առհասարակ կարելի է կապել մանկավարժության հետ: Իմ կյանքում դասավանդել եմ տարբեր հաստատություններում եւ հանգել եմ այն կարծիքին, որ նախ քո մեջի մանկանը պետք է կրթես եւ հետո այդ գիտելիքները հրամցնես ուրիշներին կա՛մ շոուի, կա՛մ էլ մեկ այլ ձեւով: Հեռուստատեսությունն ու ռադիոն հանրությանը գիտելիք ստանալու հնարավորություն են տալիս: Ինչ վերաբերում է իմ կրթությանը, ապա ասեմ, որ թե՛ պատմաիրավաբանի, թե՛ մանկավարժի մասնագիտությունը իմ հաղորդավարական աշխատանքում մեծ դեր ունեն: - Ավե՛տ, Ձեր գրած յուրաքանչյուր երգ հիթ է դառնում. Ձեր պատմությունն ուրիշի շուրթերից լսելը դժվա՞ր չէ: - Միշտ չէ, որ ես գրում եմ իմ պատմությունը, գրածս երգերի մեջ կան նաեւ սիրող զույգերի պատմություններ: Յուրաքանչյուր պատմություն, միեւնույնն է, անցկացնում եմ իմ պրիզմայով: Երբ գրածս երգերը լսում եմ ուրիշի շուրթերից, ապա ուրախանում եմ, ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ երգն իր ճանապարհն է գտնում եւ մարդկանց համար դառնում է սիրելի: Ֆանտաստիկ երեւույթ է, երբ անձեռոցիկի կամ մի փոքրիկ թղթի կտորի վրա գրված երգը փոքր տնից դուրս է գալիս եւ հասարակության շրջանակում դառնում սիրելի: - Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաղթանակը: - Ամեն օր արթնանալով ու հասկանալով, որ իմ մանկության երազանքները ինչ-որ չափով իրականացել են, երջանկություն եմ ապրում: Այն, որ ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, հաղթանակ է, հաղթանակ եմ համարում այն, որ դրսում մի անծանոթ տատիկ մոտենում է եւ ասում. «Ավե՛տ ջան, քեզ շատ եմ սիրում»: Կարծում եմ՝ դրանք իրականում աշխատանքի, հոգու, ապրելակերպի հաղթանակներ են: Հանդիսատեսից ստացած սիրո էներգիան ամենամեծ հաղթանակն է: - «Ես Ավետ Բարսեղյանն եմ, ով կարող է...». շարունակե՛ք միտքը: - Ը՜մմմ... Ես Ավետ Բարսեղյանն եմ, ով կարող է ծիծաղել ինքն իր վրա, ով կարող է իր հույզերը բառերի, նախադասությունների տեսքով արտահայտել, ես կարող եմ շատ սիրել, նվիրվել ու նվիրել: - Կա՞ ինչ-որ բան, որ շատ եք ցանկանում անել, սակայն այդպես էլ ժամանակ չեք գտնում: -Կցանկանայի տպագրել իմ բանաստեղծությունները հայերեն եւ ռուսերեն տարբերակովներ, հույս ունեմ՝ մի օր կտպագրեմ: Բանաստեղծությունները տպված տեսնելու գաղափարը միշտ մղվում է երկրորդական պլան: Իմ չիրականացված ցանկություններից մեկն է ստեղծագործություններս տպագրելը: - Ավե՛տ, գիտեմ, որ երազկոտ եք, ինչպես նաեւ հավատում եք սիրո հեքիաթին. չե՞ք վախենում հիասթափվելուց: - Ես շատ երազկոտ եմ, եւ ավելին՝ հավատում եմ, որ հեքիաթներն իրականանում են: Սիրո հեքիաթին նույնպես հավատում եմ եւ չեմ վախենում հիասթափվելուց: Սերն այնքան ինքնաբավ եւ երջանկացնող իրողություն է, որ չեմ կարծում, թե կհիասթափվեմ: Սիրում եմ, որ սիրո հեքիաթն ունենում է սկիզբ, զարգացում, ավարտ: Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու, Լուսանկարները՝ Ավետ Բարսեղյանի անձնական արխիվից