Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-11-2015
Դիանա Շատվերյան. «Իմ երջանկությունը կատարյալ է…»
Հարցազրույց Դիանա Շատվերյանի հետ:
Դիանայի հետ հանդիպեցինք հենց իր նորաձեւության կենտրոնում: Հաճելի էր , տեսնել, թե ինչպես են ստեղծվում նրա աշխատանքները, ինչպես են մարդիկ պատվիրում իրենց երազանքների հագուստը, եւ թե ինչ հաճելի իրարանցում կարող է լինել նորաձեւության տներում: Աշխատանքային մթնոլորտում Դիանան մեզ պատմեց իր մասնագիտության ընտրության, տեղական նորաձեւության, առողջ մրցակցության, իր ընտանիքի եւ կատարյալ երջանիկ լինելու մասին: - Դիանա՛, մի՞շտ եք նորաձեւ եղել. խոսքն աշակերտական եւ ուսանողական տարիների մասին է: - Դրա մասին ես չէ, որ պետք է խոսեմ, բայց սիրել եմ միշտ նորաձեւ եւ ճաշակով հագնվել: Չեմ կարող ասել, որ հետեւել եմ նորաձեւությանը, քանի որ այդ տարիներին շատ դժվար էր՝ համացանց չկար, բայց մեր համացանցը մեր մայրիկներն էին, եւ շատ ուրախ եմ, որ մայրս շատ ճաշակով է եղել: Առաջնորդվելով մայրիկիս ճաշակով՝ ինձ համար հագուստներ էի ընտրում, իհարկե՝ չափի եւ հնարավորությունների սահմանում: Երեխային ճաշակով դաստիարակելը շատ կարեւոր է: - Ինչպե՞ս եք ընտրել մոդելավորողի մասնագիտությունը: Դա տիկնիկների համար շորեր կարելո՞ւց է սկսվել: - Տիկնիկների համար գրեթե բոլոր աղջիկներն են շորեր կարում, բայց բոլորը չեն, որ մոդելավորող են դառնում: Ես կասեի ինձ համար զգեստների մեջ նորամուծություններ անելուց է սկսվել այդ սերը: Հիշում եմ, թե «Ստրկուհի Իզաուրա» սերիալի հերոսուհու շորերից տպավորված՝ ինչպես էի մի անգամ մայրիկիս կիսաշրջազգեստը ամբողջովին ձեւափոխել. կիսաշրջազգեստի ամբողջ եզրով մետաղալար էի կարել, որպեսզի ստանամ այդ ձեւը: Ես հիմա եմ հասկանում, թե դա ինչ բարդ գործ է եղել, եւ զարմանում եմ, թե ինչ համբերություն եմ ունեցել դրա համար: Երեւի հենց այդտեղից էլ ընդգծվել է իմ հատուկ վերաբերմունքը զգեստներ ստեղծելու հանդեպ: Միշտ եմ սիրել այս ամենը… Ինձ համար ճաշակով հագնված մարդիկ այլ նշանակություն են ունեցել: - Ինչպե՞ս են ծնվում Ձեր հեղինակած զգեստները: - Դրանք իմ մտքում պարզապես հայտնվում են: Եթե խոսքը հավաքածուների մասին է, ապա դրանք կարող են շատ անկանխատեսելի կերպով ստեղծվել՝ իհարկե հաշվի առնելով թրենդները: Գուցե ես այսօր մի բան պլանավորեմ, բայց հաջորդ օրը բոլորովին այլ բան ստացվի: Դա պահի ազդեցությամբ է լինում, եւ իհարկե արվեստի մեջ ոչ մի պարտադրված բան չի կարող լինել: Հիմա բոլոր գույները նորաձեւ են, ճիշտ է, մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ քիչ, բայց այնքան մեծ է ընտրության հնարավորությունը, որ դու չես սահմանափակվում եւ կարող ես ոգեշնչվել քո ուզած իրից, նկարից, բնությունից եւ ցանկացած այլ հետաքրքրող բաներից: - Կա՞ ինչ-որ ազգային առանձնահատկություն կամ մոդելավորող, որից Դուք ոգեշնչվում եք: - Եթե կուռքերի մասին ենք խոսում, ապա կուռքեր ստեղծել չեմ սիրում, բայց կարող եմ հիանալ մարդկանց աշխատանքներով: Կան համաշխարհային աստղեր, ովքեր ուղղակի հիացրել եւ հիացնում են ինձ իրենց աշխատանքներով: Նրանցով պարզապես չես կարող չհիանալ, եւ նրանք ինձ վրա որոշակի ազդեցություն ունեցել են: Նրանց աշխատանքներին ուղղակի նայելով՝ կարող եմ ոգեշնչվել, որովհետեւ անհնար է չանդրադառնալ նրանց աշխատանքներին: Նորաձեւությունը միշտ կրկնվում է: Նոր բան հնարելը եւ նոր զգեստ ստեղծելը բացարձակ անհնար են, որովհետեւ այն, ինչ հնարավոր էր, արդեն արվել է, պարզապես այդ ամենը դու պետք է նկարագրես ու ներկայացնես յուրովի: Դու պետք է քո տեսանկյունը ներկայացնես: - Կա՞ որեւէ տարր կամ գույն, որը պարբերաբար կրկնվում է Ձեր աշխատանքներում: - Շատ եմ սիրում միքսել կտորները: Նույնիսկ անհամատեղելի թվացող կտորները ես սիրում եմ համադրել, դա իմ սիրելի զբաղմունքն է, եւ այն կարմիր գծի պես կարող է անցնել բոլոր աշխատանքներում: Մնացած հարցերում բացարձակապես անսահմանափակ եմ մտածում, չունեմ որեւէ սիրելի գույն, եւ ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ սիրում եմ բոլոր գույները եւ ինձ ու ինձ շրջապատող մարդկանց չեմ սահմանափակում կոնկրետ գույներով: Հավաքածուն հաճախ կարող է լինել իմ տրամադրության, հոգեվիճակի արտահայտությունը: - Ո՞վ է Ձեր գնորդը, Ձեր հաճախորդն ի՞նչ ճաշակի տեր մարդ է: - Իմ ճաշակի տեր մարդ է: Այդ պահին ստեղծված հավաքածուն նախընտրող մարդիկ են իմ գնորդները, նրանք շատ տարբեր են: - Ձեր ծառայություններից օգտվելը շա՞տ թանկ է, դրանք հասանելի՞ են միջին խավի մարդկանց: - Իհարկե դրանք շատ էժան չեն, բայց միջին խավին հասանելի են: Ամեն մարդ յուրովի է գնահատում իր միտքը, իսկ այն այսօրվա դրությամբ աշխարհում ամենաթանկ բանն է: Չեմ կարող չնշել իմ բարձրակարգ աշխատողների մասին, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն եւ դրսում վերապատրաստված մասնագետներ են, ինչով գնահատում եմ նաեւ իմ աշխատանքը: Կտորները եւս որակյալ են, դրանք ես Իտալիայից եմ բերում: Այդ ամենը հաշվի առնելով է որոշվում իմ աշխատանքների արժեքը: - Շոու բիզնեսից կա՞ն հայտնիներ, որ Ձեզ մոտ զգեստ են պատվիրում կամ Ձեր հիմնական հաճախորդներն են: - Իհարկե կան այդպիսիք, պարզապես չեմ ցանկանում անուններ նշել: Ես կարծում եմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները բոլոր մոդելավորողների հետ էլ համագործակցում են, ինչը, ըստ իս, ճիշտ է: - Ըստ Ձեզ՝ մեր շոու բիզնեսի ամենաոճայինն ու ճաշակովն ո՞վ է: - Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այսօր կարող է մեկը լինել, վաղը՝ մյուսը: Պարզապես կնշեմ, որ ճաշակի առումով դրական տեղաշարժ է նկատվում կանանց շրջանում: Բեմից փորձում են բեմական տեսքով ներկայանալ: Բեմական եւ առօրեական տեսքը պետք է տարբերվի, բեմականը պետք է անհասանելի լինի սովորական մարդկանց: Երբ բոլորը կարող են հագնել նմանատիպ հագուստ, դա ես բեմական չեմ համարում: - Այսօր հայ աղջիկներն ընդհանուր առմամբ ճաշակով են հագնվո՞ւմ: - Իհարկե, ինչը շատ ողջունելի է: Այդ դրական միտումն ավելի շատ տեսանելի է դեռահասների շրջանում: Շուկան էլ է նրանց ստիպում լավ հագնվել, որովհետեւ նրանց համար ճաշակով եւ մատչելի հագուստ առաջարկող խանութներն այսօր մեզանում շատ են: Նույնը չի կարելի ասել 26 տարեկանից բարձր կանանց մասին: Այդ տարիքային խմբի համար նախատեսված խանութներն այդքան էլ շատ չեն, եւ նրանք դժվարանում են համապատասխան հագուստ գտնել: - Ինչպե՞ս են թրենդները ստեղծվում, ովքե՞ր են այսօր աշխարհում ճաշակ թելադրողները: - Համաշխարհային դեմքերը, ովքեր մշտապես ճաշակ են թելադրել: Կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այդ գործով եւ շարունակում են զբաղվել: - Հայկական իրականության մեջ զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում, այսպես ասած, տեղական նորաձեւությունը: Ըստ Ձեզ՝ մեր մոդելավորողներին հաջողվո՞ւմ է նորաձեւություն թելադրել: - Չեմ կարող ասել, որ փայլում ենք այդ ոլորտում: Նույնիսկ նորաձեւության շաբաթ չունենք: Չկան այնպիսի միջոցառումներ, որոնք առանց գովազդների մոդելավորողներին կհամախմբեն մի գաղափարի շուրջ: - Մեզանում առողջ մրցակցություն կա՞, թե՞ հաճախ են միմյանցից արտատպում: - Ես շատ ուրախ կլինեմ, որ իսկապես լինի առողջ մրցակցություն, այն չհանդիսանա նախանձի գործիք, այլ հակառակը՝ եթե ինչ-որ մեկի աշխատանքը լավ իմաստով նկատելի է, կարելի է նրան հետեւել, եւ ինքդ էլ կարող ես լավ ներկայանալ: Սակայն երբ մարդիկ մանր քայլերի են դիմում, դա արժեզրկում է ոչ միայն իրենց, այլեւ իրենց արած աշխատանքը: Անհնար է, որ բոլոր հագուստները միմյանցից տարբեր լինեն եւ որոշակի նմանություն չունենան, այդքան խորանալը, կարծում եմ, անիմաստ է: - Ձեր աղջկա լուսանկարները հաճախ ենք տեսնում «Ֆեյսբուք» սոցցանցում, նա է՞լ է մայրիկի նման նորաձեւ, արդեն նկատո՞ւմ եք, որ ուզում է իր ճաշակը թելադրել: - Նա շատ է սիրում լավ հագնվել, պաշտում է աքսեսուարները: Ժամերով կանգնում է հայելու առաջ, որպեսզի գնահատի իր վերջնական տեսքը, բայց չեմ կարող ասել, որ դա ինչ-որ հիմք կհանդիսանա, որ նա մոդելավորող դառնա: - Դուք զբաղված կին եք, դժվա՞ր չէ ընտանեկան հոգսերի հետ համատեղել այդ զբաղվածությունը: - Դրանք ընտանեկան հոգսեր չեմ կարող համարել: Նախ շատ շնորհակալ եմ երկու տատիկներին, ովքեր օգնում են երեխային խնամելու հարցում, եւ շնորհակալ եմ ամուսնուս, ով, ինձ հասկանալով, անչափ խրախուսում է աշխատանքս ու օգնում է ինձ: Միշտ չէ, որ հանդիպում են նման կողակիցներ, եւ երջանիկ եմ, որ հենց նա է իմ կողքին: - Իսկ պահանջկո՞տ կին եք: - Պահանջկոտ չեմ կարող ասել, գիտեք, կարեւորն այդ տանդեմը գտնելն ու ճիշտ հարաբերություններ հաստատելն է: Երբ առողջ մթնոլորտ է ստեղծվում, կարիք չկա որեւէ բան պահանջելու: Երբեք ոչինչ չեմ պահանջել. մեր փոխհարաբերությունները ճիշտ հիմքի վրա են: - Ինչպիսի՞ մայր եք: - Պետք է դաստիարակել երեխային, կապ չունի տարիքը, կապ չունի, թե դու որքան ես սիրում երեխայիդ: Նույնիսկ անիմաստ է խոսել, թե մայրն ինչքան կարող է սիրել իր երեխային, բայց եթե նա ինչ-որ սխալ է գործում, դա պետք է նրան պարտադիր ասվի: Եթե ես նրան ոչ մի դիտողություն չանեմ, ապա նա սխալ կընկալի կյանքը եւ առաջին հերթին իրեն վատ կզգա: Երեխային չվնասելու համար պետք է նրա սխալներն ուղղել: - Ձեր երջանկությունը կատարյալ կլիներ, եթե՞… - Իմ երջանկությունը կատարյալ է… Պատկերասրահ՝ Դիանա Շատվերյան Հարցազրույցը՝ Սաթենիկ Խաչատրյանի, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի