Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 31-10-2015
Էրիկ Կարապետյան. «Իմ հոգու երգերի մեջ հարսանյաց երգեր չկան»
Հարցազրույց երիտասարդ երգիչ Էրիկ Կարապետյանի հետ:
Էրիկ Կարապետյանը պատրաստվում է երկար սպասված մենահամերգին: Նա այն բացառիկ երգիչներից է, ում հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս: Աշխատասեր լինելու շնորհիվ Էրիկը շատ բաների է հասել, ինչի համար էլ այսօր հպարտանում է: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա երիտասարդ երգչի մենահամերգը, որը շատ սպասված է թե՛ հենց երգչի, թե՛ երկրպագուների կողմից: erit.am-ը փորձել է պարզել, թե որոնք են երգչի հաջողությունները, ինչպես է նա դիմակայում հիասթափություններին... Երգիչը նաեւ խոսում է իր երեք հաղթանակների մասին: - Էրի՛կ, սկսենք նրանից` արդյո՞ք սիրում ես հարցազրույցներ, թե՞ ոչ: - Սիրում եմ հարցազրույցներ, երբ դրանք լինում են տեղին: Իրականում հաճելի է, երբ զրուցակիցդ եւ նրա հարցերը հետաքրքիր են լինում: Պետք է ասել, որ չեմ սիրում, երբ հարցերը կրկնվում են: Երբ հարցազրույց եմ տալիս, հիմնականում խնդրում եմ՝ հարցերը նախապես ուղարկեն, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչի մասին է լինելու զրույցը: - Այսօր բազմաթիվ երգիչներ նկարահանվում են սերիալներում, ֆիլմերում, խաղում են անգամ ներկայացումներում, իսկ ահա քեզ հնարավոր է տեսնել միայն երգարվեստում: Հետաքրքիր է, հավատարի՞մ ես մնում քո ոլորտին, թե՞ պարզապես առաջարկներ չես ստանում: - Սերիալների հետ կապված եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն ես իմ տեսանկյունն ունեմ իմ երաժշտության վերաբերյալ: Ես յոթ տարեկանից երգում եմ ու իմ գործը համարում եմ այն, ինչով զբաղվում եմ: Ես նպատակ չունեմ, որպեսզի ինձ երկու անգամ ավելի ցուցադրեն հեռուստատեսությամբ, եթե այդպիսի բան ցանկանամ, ապա նոր տեսահոլովակ կնկարահանեմ: Ես սովոր եմ չհոգնացնել իմ հանդիսատեսին, ուստի սիրում եմ, երբ հանդիսատեսը ինձանից միշտ ինչ-որ բան է սպասում: Ամեն օր եթերում լինելը հանգեցնում է նրան, որ ի վերջո դու չես լինում եթերում: Իրականում մարդիկ սովորում են նրան, որ քեզ անընդհատ պետք է տեսնեն, սակայն գալիս է մի օր, երբ դու չես կարողանում նույն հաճախականությամբ լինել եթերում: Գեղարվեստական ֆիլմերում միշտ էլ ցանկացել եմ նկարվել, եւ վերջերս ֆիլմի մի փոքրիկ դրվագում նկարահանվելու առաջարկ եղավ, որը, իհարկե, չմերժեցի, քանի որ պրոֆեսիոնալ խումբ էր աշխատում: - Էրի՛կ, հնարավո՞ր է, որ տարիներ անց հայտնվես մեկ այլ ոլորտում: - Շատ հարմարվողական մարդ եմ, ուստի չի բացառվում, որ լինեմ նաեւ մեկ այլ ոլորտում: Իհարկե, հնարավոր է, որ մի օր ինչ-որ հաղորդում վարեմ կամ ոլորտից հեռու ինչ-որ գործով զբաղվեմ: Ես ցանկանում եմ, որ երգը մնա երգ, իսկ գործը՝ գործ: Այսօր այստեղ երգը գնում է դեպի հարսանիք, իսկ երբ երգը գնում է հարսանիք, ապա ստացվում է հարսանյաց երգ: Ես երգում եմ իմ հոգու երգերը, իսկ իմ հոգու երգերի մեջ հարսանյաց երգեր չկան: - «Քայլ առ քայլ գնում եմ առաջ, համարձակ եմ, ուժեղ ու քաջ: Քայլ առ քայլ իմն է ապագան, բայց դեռ շատ կիսատ գործեր կան». երգի այս բառերը որքանո՞վ են բնորոշում քեզ: - Հիմա արդեն ապագայում եմ, այդ տեսահոլովակից անցել է ինը տարի, շատ ու շատ բաներ են արվել, ի դեպ, շատ գործեր էլ կիսատ են մնացել: Տարիներ առաջ ես չէի պատկերացնում, որ Մարզահամերգային համալիրում մենահամերգ կունենամ: Փաստորեն բազմաթիվ համերգներից, մրցույթներից, տեսահոլովակներից հետո եկավ այն ապագան, որի մասին ես երգում էի: Սակայն պետք է խոստովանել, որ միշտ էլ կիսատ թողած գործեր են լինում, եւ անելիք միշտ էլ լինում է: - Որո՞նք են քո կյանքի երեք կարեւոր հաղթանակները: - Առաջին հաղթանակս համարում եմ այն, որ այլ երկրից մենակ եկել եմ այստեղ, դարձել եմ այս երկրի մի մասնիկը: Ես այնպես եմ արել, որ ինձ ընդունել են Հայաստանը, Երեւանը: Երկրորդը համարում եմ այն, որ իմ ընտանիքը նույնպես եկել է՝ այստեղ բնակվելու: Շատ ու շատ ընտանիքներ այդպես էլ ապրում են հեռավորության վրա, իսկ ահա ես ամեն ինչ արեցի, որ իմ ընտանիքը ժամանի Հայաստան, եւ այսօր մենք բոլորս միասին ենք ապրում: Ամենա-ամենա մեծ հաղթանակը դեռ չի եղել: Երրորդ հաղթանակս լինելու է այն ընտանիքը, որը ես եմ կազմելու: Որ ոլորտում էլ աշխատես, միեւնույնն է, ամենակարեւորն ամուր հիմքեր ունեցող ընտանիք կազմելն է: - Էրի՛կ, խոսեցինք հաղթանակների եւ հաջողությունների մասին, բայց ես գիտեմ, որ քո կյանքում հիասթափություններ նույնպես եղել են: Ինչպե՞ս ես վերաբերում հիասթափությանը: - Հիասթափություններ շատ են եղել, սակայն կարծում եմ, որ այդ հիասթափություններիշնորհիվ է, որ ավելի ամուր հիմքերի վրա եմ կանգնել, սակայն, ինչ խոսք, այդ հիասթափությունները միշտ հիշում եմ: - Պատրաստվում ես մենահամերգին... Կխոսե՞ս այդ մասին: - Նոյեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա իմ՝ երկար սպասված մենահամերգը, որի ընթացքում կհնչեն նոր եւ սիրված կատարումներ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Իրականում ամեն բան արվել է՝ գեղեցիկ ծրագիր եւ երեկո ունենալու համար, որի տեւողությունը լինելու է մոտ երկու ժամ: - Ինչո՞վ է պայմանավորված օրվա ընտրությունը: - Իրականում կոնկրետ ինչ-որ իրադարձությամբ պայմանվորված չէ: Երկար ժամանակ ցանկանում էինք կոնկրետացնել օրը, սակայն ինչ-ինչ խնդիրներ էին առաջանում: Ի վերջո ընտրվեց հենց այդ օրը: - Ապագա պլանների մասին ի՞նչ կասես: - Մենահամերգից հետո ունեմ եւս մեկ մենահամերգ, այս անգամ՝ ԱՄՆ-ում, որը հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին: Կարծում եմ՝ գալիք տարում կլինեն նմանատիպ շատ համերգներ: Իսկ մինչ մենահամերգը իմ հանդիսատեսին կներկայանամ մի շարք նորություններով, պրեմիերաներով: Պատկերասրահ՝ Էրիկ Կարապետյան Հարցազրույցը՝ Մարիամ Հովունու, Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի