Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 09-10-2015
Սարգիս Գրիգորյան. «Իմ կյանքը փունջ է՝ լավ եւ վատ կերպարներից հյուսված…»
Հարցազրույց Սարգիս Գրիգորյանի հետ:
Տարիներ առաջ մեծ մասսայականություն վայելող «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով գեղարվեստական համանուն ֆիլմ է նկարահանվել։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այն մի մարդու պատմություն է, ով ճակատագրի բերումով հայտնվում է քրեական աշխարհում եւ փորձում պայքարել այդ աշխարհի ներկայացուցիչների դեմ։ Զուգահեռ ներկայացվում է ֆիլմի հերոսի՝ Հովիկի երիտասարդ տարիների պատմությունը: Ֆիլմում ներգրավված են «Որոգայթ»-ի ինչպես հայտնի, այնպես էլ նոր դերասաններ։ Մենք զրուցել ենք երիտասարդ Հովիկի դերակատար Սարգիս Գրիգորյանի հետ: Զրույցի թեման բազմազան էր` զուգահեռներ «Որոգայթ» ֆիլմի եւ սերիալի միջեւ, Հովիկի կերպարի առանձնահատկությունը, դերասանի մասնագիտություն, կյանքի փիլիսոփայություն, նպատակներ, երազանքներ, կին, սեր: - Սարգի՛ս, «Որոգայթ» ֆիլմում մարմնավորւմ եք երիտասարդ Հովիկի կերպարը: Ձեզ համար հե՞շտ էր այդ կերպարում հանդես գալը: - Երբ ստացա հրավերը, ինձ համար անսպասելի էր, որ կխաղամ Հովիկի դերը: Դժվար չէր ինձ համար, ես տեղյակ էի այդ ֆիլմից, 2-3 տարի այդ ֆիլմի հետ ապրել եմ: Երկար ժամանակ եմ Հովիկի դերակատարի՝ Հարություն Մովսիսյանի հետ խաղացել, ինչ-որ չափով ծանոթ էի նրա դիմախաղին, կերպարին, նրա մոտեցմանը, եւ մի քանի անգամ զրուցելով նրա հետ եւ որոշ բաներ հստակեցնելով՝ ստացվեց: - «Որոգայթ» սերիալում Դուք այլ կերպարում էիք, կերպարների տարբերությունը Ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: - Դերասանը կարող է միաժամանակ մի քանի կերպարներով հանդես գալ, ինձ չէր խանգարում. այն ինձ համար նոր նշաձող էր՝ ստեղծել եւս մեկ կերպար եւ փորձել պատասխանատվությամբ դա անել: Համենայն դեպս, ռեժիսորն ինձանից դժգոհ չէ: - Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսը խորթություն չի զգա՝ Ձեզ տեսնելով ոչ թե Գոռի, այլ երիտասարդ Հովիկի դերում: - Եթե Գոռի՝ իմ նախկին կերպարը մնար ֆիլմում, ինձ թվում է՝ հանդիսատեսը մի փոքր խորթություն կզգար, ուղղակի նրա համար, որ ուրիշ մարդու էին սովոր տեսնել: Ֆիլմում այդ կերպարը չկա, կա այն դերասանը, որ քիչ թե շատ այդ ֆիլմում սիրվեց հանդիսատեսի կողմից: Եվ հիմա նա խաղում է գլխավոր հերոսի երիտասարդությունը: - Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ Գոռի, թե Հովիկի կերպարը: - Իմ խաղացած բոլոր դերերն էլ շատ հոգեհարազատ են: Եթե ես ուզում եմ՝ մի կերպար լավ ստացվի, ուրեմն հաջողվում է: Ցանկացած կերպար մարմնավորելիս փորձում եմ այնպես անել, որ այն ինձ հոգեհարազատ դառնա: Կերպար մարմնավորելը երեխայի նման մի բան է. նրա մեջ նյարդեր, հոգի ես դնում: - Ֆիլմում կա մի հատված, որտեղ բազմաթիվ նպատակներ, երազանքներ ունեցող երիտասարդ Հովիկը հանկարծ կանգնում է փակուղու առաջ: Ֆիլմում որպես դերասան հաղթահարում եք դժվարություններ, որոնք շատ են հանդիպում նաեւ կյանքում: Ֆիլմն նաեւ կյանքում օգնո՞ւմ է դժվարությունների հաղթահարմանը: - Հանգամանքների բերումով միշտ չէ, որ մենք ստանում ենք այն, ինչ երազում ենք: Ֆիլմում մարդկային սովորական պատմություն է, ոչ մի չափազանցություն չկա: Շատերը կարող են նմանօրինակ ճակատագիր ունենալ: Ես երբեք չեմ մտածել, որ դերասան կդառնամ, նույնիսկ դա խորթ է եղել ինձ համար: Նույնն էլ Հովիկի կերպարը. նրա նպատակներն ուրիշ էին՝ դառնալ արվեստագետ, գեղեցիկը արարել, ամուսնանալ, բայց այլ բան ստացվեց: Դժվարություններն իրենց հետ բերեցին նաեւ դրական կողմեր. Հովիկը դարձավ մի կերպար, ում՝ կյանքի ճանաչողությունը բավականին բարձր է: Նա երջանիկ չէ. զոհաբերելով իր երջանկությունը՝ կարողացավ շատերին ճիշտ ճանապարհի վրա դնել եւ ճիշտ խորհուրդներ տալ: Կյանքի սովորական ճանապարհ. մեկն ինչ-որ մի բան է զոհաբերում, մյուսը դրանից օգտվում է: Ես կյանքիս մեծ մասն անցկացնում եմ իմ դերերի, ուրիշ կերպարների հետ, տարբեր գրականությունների, սցենարների մեջ, եւ բնականաբար մեկս մյուսից սովորում ենք: Ես սովորում եմ դերից, դերին էլ տալիս եմ իմ սովորածը: Թվում է՝ իմ ձեռքին մի փայտ կա, որի վրա կախված են բազմաթիվ տարբեր դիմակներ. իմ կյանքը փունջ է՝ լավ եւ վատ կերպարներից հյուսված, փորձում եմ ամեն ինչ անել, որ դրանցից շահի բարին, գեղեցիկը, ճշմարիտը: - Հովիկի կերպարից ինչ բնավորության գիծ կառանձնացնեի՞ք, որ կուզենայիք Դուք էլ ունենալ: - Կուզեի շատ հարցերում նման լինել նրան: Հովիկը սովորական երիտասարդ է՝ իր առավելություններով եւ թերություններով, շատ հարցերում՝ զիջող եւ հանդուրժող: Հովիկի կերպարը համամարդկային է, ցանկալի է, որ յուրաքանչյուրն էլ ունենա նրա բնավորության գծերից: - Երիտասարդների համար ի՞նչ ուսուցողական բան կա ֆիլմում: - Ֆիլմում ասելիք կա ընկերասեր, պատասխանատու, արժանապատիվ, մեծին հարգող մարդու մասին: Մարդ, ով կարող է օրինակ լինել բոլորի համար: Ես շատ կուզեի, որ Հովիկի մտածողության տեր մարդիկ շատ լինեին. կյանքը հրաշալի եւ ամեն ինչ իր տեղում կլինեին. ցավոք, նմանօրինակ մարդիկ շատ քիչ են: Ֆիլմը մարդ տեսակի մասին է: - Բազմաթիվ սերիալներում, ֆիլմերում եք խաղացել... Ձեզ ի՞նչը տարավ դերասանական արվեստ: - Հանգամանքները. ցավոք կամ բարեբախտաբար, ինչին մոտենում էի, ոչինչ չէր ստացվում. այդպես է կյանքը: Ամեն մարդ ունի իր ճակատագիրը: Մի քանի ուսումնական հաստատություններ եմ դիմել, սակայն չէր ստացվում, որովհետեւ ես պետք է դերասան դառնայի: Դեպի դերասանական արվեստ ընկերս ինձ ուղղորդեց: Նա փայլուն ռեժիսոր է: Ինձ տեսավ ռեժիսորի աչքով եւ հասկացավ, թե ինչ կարող է ստացվել իմ տեսակից: Երբ առաջին անգամ խաղում էի թատրոնում, զգում էի, որ իմն է, ես գտել եմ իմ տեղը, ճիշտ ճանապարհին եմ: - Ի՞նչ է պետք հաջողված դերասան լինելու համար: - Կյանքում ընդհանրապես հաջողակ լինելու համար պետք է հավատալ: Իզուր չէ ասված՝ հույս, հավատ, սեր: Սրանք ինձ համար աշխարհում ամենակարեւոր բառերն են, ամենակարեւորն են առաջ գնալու համար: Ինչ-որ անում ես կյանքում, պետք է սիրով անես, հույսը երբեք չպետք է կորցնել, եւ պետք է հավատ ունենալ ամեն գործի նկատմամբ: Երբ ինչ-որ տեղ ես մտնում, քեզ ինչ-որ բան են առաջարկում, պետք է հավատաս, որ քո ուզածով է լինելու, որ հենց քեզ կընտրեն, դու ես լավը, կարող ես, պարտավոր ես անել, ոչ մեկից վատը չես, ոչ մեկ էլ քեզանից վատը չէ: Պետք է ունենալ նաեւ աշխատասիրություն: - Կյանքում ամենից շատ ինչի՞ն եք հավատում: - Հավատում եմ, որ մի օր ճշմարտությունը կհաղթի, մարդիկ մի օր կհասկանան, որ պատերազմներ պետք չեն, հավատում եմ, որ յուրաքանչյուրը կհասկանա, որ այս կյանքում կան ավելի գեղեցիկ պահեր, ընտանիք, ընկերություն, սիրած աշխատանք, ծառեր, որ պետք չէ կտրել, հավատում եմ, որ մարդիկ կհասկանան, որ կյանքը շատ կարճ է, եւ հարստություն դիզելով՝ իրենց հետ գերեզման չեն տանի... Որքան էլ տարօրինակ է, բայց ես հավատում եմ: - Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում: - Իմ ընտանիքը: Ես դժգոհ չեմ իմ կյանքից: Հայրս է ինձ սովորեցրել, որ ամեն ինչի համար կյանքում շնորհակալ լինեմ: Ես պարտավոր եմ շնորհակալ լինել, որովհետեւ այսպիսի երկրում շատ դժվար է հաջողություններ ունենալը: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Ունեմ հրաշալի ընտանիք, աշխատանք, ապրում եմ մի երկրում, որտեղից երբեք չեմ գնա, եթե գնամ, ուրեմն իմացե՛ք, որ այստեղ ինձ լուրջ նեղացրել են: Ես 10 օրից ավելի ոչ մի տեղ չեմ կարողանում ապրել: - Ի՞նչն եք կարեւորում կին-տղամարդ հարաբերություններում: - Շատ կարեւոր է հարգանքը միմյանց նկատմամբ, մեկը մյուսի համար սահմաններ չգծելը: Յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ կինը կենդանի չէ, որ նա չպետք է տանը նստի եւ արեւի երես չտեսնի: Կինն էլ պետք է հասկանա, որ տղամարդը ազատ մարդ է, չպետք է նրան ազատությունից զրկի, թեւերը կտրի. թեւերը կտրած երիտասարդը նման է հավի, որ բակում կորեկ է ուտում: Տղամարդը պետք է արծիվ լինի, պետք է թռչի եւ վերեւից տեսնի իր որսը, իր գեղեցկությունն ու հպարտությունը ցույց տա: Կանայք պետք է հասկանան՝ իրենց հա՞վ է պետք, թե՞ արծիվ: - Երազանքներ ունե՞ք: - Մարդ պետք է երազանքներ, նպատակներ ունենա, մենք բույս չենք: Ես երբեք Աստծուն իմ ունեցածից ավելին չեմ խնդրում, այլ փորձում եմ շնորհակալ լինել: Իմ ամենակարեւոր երազանքը խաղաղությունը եւ առողջությունն է: Եթե ամեն ինչ խաղաղ լինի, ջերմ, արեւոտ, մենք ինքներս կարող ենք հասնել մեր նպատակներին: - Ի՞նչ կուզեիք ամենից շատ անել, որ մինչեւ հիմա չեք արել: - Ես ուզում եմ շատ ֆիլմերում նկարվել, իմ սիրած գործով զբաղվել: Ժամանակն այնքան արագ է անցնում, ուզում եմ ինձ հատկացված ժամանակը ճիշտ օգտագործել: - Երջանկության Ձեր պատկերացումը... - Սերը եւ միայն սերը: Ինչ անում ես, սիրով պետք է անես: Եթե ամեն ինչ սիրով անես, դրանից երջանկություն կստանաս: Պատկերասրահ՝ Սարգիս Գրիգորյան Հարցազրույցը՝ Հրաչուհի Ալմաստյանի Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի