Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-09-2015
Հյուբերտ Թաբս. «Մեծ կապեր ունեմ հայերի հետ»
Հարցազրույց Հյուբերտ Թաբսի հետ:
Երբ երգում է Հյուբերտ Թաբսը, ունկնդրողը մի երաժշտական ճամփորդության է ուղեւորվում՝ լի զգացմունքներով եւ խորը ապրումներով։ Լսարանը ծիծաղում ու լացում է, պարում եւ ուշադիր լսում է նրան։ Նա իր երաժշտական ճանապարհը սկսել է Դալլասում, որտեղ եկեղեցական երգչախմբում էր երգում։ Իր մարտական ընկերների համար երգել է նաեւ Վիետնամում։ Վերադառնալուց հետո Թաբսն ընկերների հետ ստեղծում է «Blue Mountain» խումբը, որի երեք մենակատարներից մեկն էր։ Այդ կազմը շատ արագ ճանաչում ստացավ Սան Ֆրանցիսկոյում ու հարակից շրջաններում եւ շուտով սկսեց բացել այնպիսի կատարողների համերգները, ինչպիսիք են Բադդի Մայլսը, Կառլոս Սանտանան եւ «Tower of Power» խումբը։ Վերջինիս հետ Հյուբերտ Թաբսը պայմանագիր է կնքում եւ սկսում ելույթ ունենալ որպես առաջատար մենակատար։ Այդ խմբի հետ նա շրջագայում է աշխարհով մեկ, համագործակցում այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ջո Սեմփլը, Հերբի Հենքոքը, «Ռոլինգ Սթոունզ» եւ «Ջազ Քրուսեյդերս» խմբերը եւ ուրիշներ։ «Tower of Power»-ի հետ մի քանի տարվա համագործակցությունից եւ դրա կազմում 4 ալբոմ ձայնագրելուց հետո Թաբսը դուրս եկավ իր խմբից եւ աշխատելով Լոս Անջելեսում՝ իրեն դրսեւորեց որպես արտակարգ մենակատար եւ ստուդիական երաժիշտ։ Հետո նա մեկնեց Ավստրիա, որտեղ ապրում եւ երգում է արդեն 15 տարի՝ կատարելով ռիթմ-ն-բլյուզ, ֆանք եւ սոուլ ոճի երաժշտություն։ Այս երաժշտի ճանաչման մասին է խոսում այն փաստը, որ նրա վերջին՝ «We Are Beautiful» աշխատանքը, որը նա ձայնագրել է «Panzer Flower» ֆրանսիական խմբի հետ, արդեն 5 միլիոն դիտում ունի YouTube սոցիալական ցանցում, եւ այդ թիվը շարունակում է աճել։ Այս հիանալի երաժիշտը հյուրընկալվեց մեր քաղաքում՝ մասնակցելով սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանում անցկացվող ջազի միջազգային փառատոնին։ - Պարո՛ն Թաբս, ինչո՞վ կարելի է բացատրել ամբողջ աշխարհում ֆանք ոճի երաժշտության ճանաչումը։ Չէ՞ որ մարդիկ հիմա էլ հաճույքով լսում են Ջեյմս Բրաունի, Ռուֆուս Թոմասի, «Tower of Power»-ի հին ձայնագրությունները... - Ֆանքը սիրված է այդ երաժշտության մեջ եղած գրուվի համար, որը ստիպում է մեզ շարժվել եւ ուղիղ կապ ունի մարդկային զգացմունքների ու ապրումների հետ։ Յուրաքանչյուր ստեղծագործություն տարբերվում է մյուսից, բայց բոլորին միավորում է համընդհանուր մի բան. դրանք բոլորն էլ հուզում են մարդկային հոգին։ Իհարկե, տարբեր երկրների տարբեր համերգասրահներում լսարանները նույնպես երբեմն չափազանց տարբեր են։ Մեկն ավելի «թեժ» բաներ է սիրում, մյուսը գերադասում է կոշտ ռիթմեր, երրորդը՝ մեղեդային երաժշտություն… Բայց մեծ հաշվով ֆանք երաժշտության եւ ռիթմ-ն-բլյուզի համերգներին եկող մարդկանց արձագանքը շատ նման է՝ անկախ նրանից, թե որ երկրից են։ Չէ՞ որ երաժշտությունը սահմաններ չունի, եւ եթե լավ են կատարում, ապա այն հասկանում եւ ընդունում է ցանկացած լսարան։ - Դուք միայն ֆանք եւ ռիթմ-ն-բլյո՞ւզ եք երգում, իսկ ի՞նչ կասեք ջազի մասին։ - Դե՛, չէ, իհարկե, ես միայն ֆանք չեմ երգում։ Ես սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերն ու ոճերը՝ ջազ, ռոք-ն-ռոլ, ռիթմ-ն-բլյուզ, բլյուզ, քանթրի… Սիրում եմ այն երաժշտությունը, որը կպչում է սրտիս, եւ այդ առումով դժվարանում եմ որեւէ ժանր կամ ոճ առանձնացնել։ Ես նույնիսկ դասական ստեղծագործություններ եմ կատարել եւ պետք է խոստովանեմ, որ ամենադժվարը «Ave Maria»-ն ստացվեց։ Իսկ ընդհանրապես ես առաջնորդվում եմ «Կիսի՛ր քո երաժշտությունն ամբողջ աշխարհի հետ» սկզբունքով։ - Կպատմե՞ք, թե ինչպես դարձաք «Tower of Power» լեգենդար խմբի անդամ։ - Մի անգամ ես իմ «Blue Mountain» խմբի հետ ելույթ էի ունենում Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի երկրամասում։ «Tower of Power»-ը նույնպես ելույթ էր ունենալու։ Ավելին՝ մենք բացելու էինք նրանց համերգը, եւ մի քանի համատեղ համերգներից հետո «Tower of Power»-ի մենակատարը մոտեցավ ինձ եւ ասաց. «Լսի՛ր, ընկե՛րս, ինձ քո հեռախոսի համարը տո՛ւր։ Ինձ թվում է՝ շուտով դու իմ խմբի առաջատար մենակատարն ես դառնալու»։ Մեկ տարի հետո նա զանգեց, մենք հանդիպեցինք, այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ… - Իսկ ինչո՞ւ մի քանի տարվա հաջողված հյուրախաղերից ու ձայնագրություններից հետո Դուք հեռացաք խմբից։ - Դե՛, միշտ պետք է հասկանաս, որ ամեն գործում մարդիկ կարող են տարբեր տեսակետներ ունենալ նույն հարցի շուրջ։ Եվ եթե դու շարունակ չես անում այն, ինչ քեզանից ակնկալում են, դու կարող ես կորցնել քո տեղը։ Ինձ հետ հենց այդպես էլ պատահեց։ - «Tower of Power»-ի երեւանյան երկրպագուները շատ են սիրում այն տեսանյութը, որը նկարահանվել է խմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ։ Այնտեղ ելույթ էին ունեցել խմբի բոլոր մասնակիցները՝ հին ու նոր, բայց Դուք չկայիք։ Ինչո՞ւ Ձեզ չէին կանչել, չէ՞ որ Դուք երկար ժամանակ հաջողությամբ աշխատել էիք խմբում։ - Պատասխանը շատ պարզ է. գործերս այդ ժամանակ այնքան էլ լավ չէին, եւ ես պարզապես տոմսի գումար չունեի։ Խմբի ադմինիստրացիան ինձ հրավեր էր ուղարկել, բայց ես նրանց տեղեկացրել էի, որ ի վիճակի չեմ հոգալ ճանապարհածախսը եւ խնդրել էի օգնել։ Պատասխան այդպես էլ չստացա։ - Ի՞նչ նախասիրություններ ունեք երաժշտության մեջ, ովքե՞ր են Ձեր սիրելի երաժիշտները։ - Աստվա՛ծ իմ, սիրելի երաժիշտներ շատ-շատ ունեմ։ Այնուամենայնիվ, կառանձնացնեմ մեկին՝ Ռոյ Համիլթոնին։ Միգուցե նա աշխարհում այնքան էլ հայտնի չէ, բայց այդ երաժիշտն ուղղակի ցնցել է ինձ իր կատարման ոճով, ինչն անձամբ իմ ներսում զգացմունքների փոթորիկ է առաջացնում։ Առաջին անգամ ես նրան լսել եմ դեռեւս մանուկ հասակում, եւ այդ օրվանից նա իմ միակ եւ անկրկնելի կուռքն է։ - Որքանով գիտեմ՝ Դուք վաղուց եք ընկերացել ավստրիահայ Մայք Մոսեսյանի հետ… - Մայքն ինձ համար գերազանց քրուներ է, կարելի է ասել՝ հայկական Ֆրենք Սինատրան է։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, լավ ենք հասկանում իրար։ Ես մեծ հաճույք եմ ստանում նրա համերգներից եւ կարծում եմ, որ նա էլ նույնը կարող է ասել իմ ելույթների մասին։ Իսկ ամենակարեւորն այն է, որ Մայքը կարգին տղա է։ Եթե նրան մի բան խնդրես, եւ եթե նա կարող է դա անել, ապա վստա՛հ եղիր՝ անպայման կանի։ Մայքն այն մարդկանցից է, ովքեր միշտ պատրաստ են օգնել։ Այդպես նա միշտ իր ընկերներին հրավիրում է իմ համերգներին, իսկ դա, հավատացե՛ք, ցանկացած երաժշտի համար շատ կարեւոր է։ Իմանալով, որ Հայաստան եմ գալու, Մայքը կապվեց իր երեւանյան ընկերների հետ ու խնդրեց նրանց, որպեսզի իմ կողքին լինեն, եթե ինձ մոտ ինչ-որ խնդիր լինի կամ օգնության կարիք ունենամ։ Մի խոսքով՝ հիանալի մարդ եւ իսկական ընկեր է։ - Քանի որ խոսեցինք Երեւանի մասին, առհասարակ ի՞նչ գիտեք Հայաստանի մասին եւ ի՞նչ եք ակնկալում Երեւանում Ձեր ելույթից։ - Իրականում Հայաստանի մասին շատ բան չգիտեմ։ Մի բան կարող եմ ասել՝ բոլոր այն հայերը, որոնց հանդիպել եմ Ավստրիայում, հրաշալի մարդիկ են, միշտ պատրաստ օգնության հասնել, անգամ եթե դուք գրեթե անծանոթ եք, եւ իրենք էլ խնդիրների պակաս չունեն։ Այնպես որ՝ անհամբեր սպասում եմ Ձեր երկրին ու մարդկանց հետ հանդիպմանը։ - Դուք երգելու եք Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Ծանո՞թ եք այդ նվագախմբին եւ ընդհանրապես հայ երաժիշտներին։ - Իմ կարծիքով՝ նվագախումբն ուղղակի հոյակապ է։ Առցանց եմ լսել նվագախմբի ելույթը եւ, հավատացե՛ք, ուղղակի ցնցված էի կատարման որակից։ Հուզմունքով եմ սպասում հայ երաժիշտների հետ հանդիպմանը, ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ ելույթ ունենալը, եւ ես վստահ եմ, որ դա մեծ ու արժեքավոր փորձ է լինելու ինձ համար։ Լսելով նվագախմբի կատարումը՝ ես զգացի, թե ինչպես են հայ երաժիշտները մոտենում ստեղծագործության կատարմանը՝ բաց հոգով ու սրտով։ Նրանք գրուվը շատ լավ զգացող երաժիշտներ են։ Մեկ էլ գիտեմ, որ հայերը սիրում եւ սատարում են իրենց երաժիշտներին ու առհասարակ սրտի թրթիռով են մոտենում արվեստին ու երաժշտությանը, ընդ որում՝ հենց այն երաժշտությանը, որը դուր է գալիս նաեւ ինձ։ - Եվ վերջին՝ ավանդական հարցը ստեղծագործական պլանների մասին։ - Հիմա ես պատրաստում եմ իմ հերթական տեսահոլովակը, որի երգը գրել եմ իմ մեկ այլ հայ ընկերոջ՝ Վիգենի հետ, ով հրաշալի երաժիշտ է, եւ ինքն է ինձ ծանոթացրել Մայքի հետ։ Երգը կոչվում է «Girl Like That», մենք հույս ունենք նկարահանումներն ավարտել նախքան իմ Երեւան մեկնելը։ Բացի դրանից՝ ես աշխատում եմ իմ հաջորդ հեղինակային ալբոմի երգերի շուրջ եւ պատրաստվում հյուրախաղերի մեկնել իմ «Sweat» կոչվող համույթով։ Դե՛, իսկ երբ Վիեննայում եմ ելույթ ունենում, սովորաբար ինձ նվագակցում է հիանալի երաժիշտ եւ մարդ Ջերի «Սաքս» Սարգսյանը։ Արտակարգ սաքսոֆոնահար է։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, ես մեծ կապեր ունեմ հայերի հետ եւ հույս ունեմ էլ ավելի ընդլայնել դրանք երեւանյան փառատոնի օրերին։ Արմեն Մանուկյան