Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-06-2015
Հայաստանում 4 հազար երիտասարդ ընտանիք արդեն բնակարան ունի
Հարցազրույց Արսեն Քարամյանի հետ:
Հայաստանում 4 հազար երիտասարդ ընտանիք տուն ունի շնորհիվ մատչելի բնակարանների պետական ծրագրի: Հայաստանում երիտասարդ ընտանիքներին եւ մասնագետներին մատչելի պայմաններով բնակարաններ տրամադրելու գործընթացը շարունակվում է: Ծրագրերը համակարգող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հույս ունեն առաջիկա 3-4 տարվա ընթացքում բավարարել բնակարանային սուր արտահայտված կարիք ունեցող բոլոր երիտասարդ ընտանիքների պահանջարկը: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ վերջին տարիներին սկիզբ առած բնակարաններով ապահովման երկու կարեւոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ: -Ի՞նչ ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված «Մատչելի բնակարան երիատասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրն ու Նախագահի հովանու ներքո «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» բնակարանաշինության ծրագիրը: -Պետական նպատակային ծրագիրը, ըստ էության, լավագույնս սկիզբ դրվեց 2010 թվականի սկզբից, ընթացքում լրացումներ կատարեցինք ծրագրում` հաշվի առնելով կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Մասնավորապես, ժամանակին կատարված փոփոխությունները վերաբերում էին մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին էլ ավելի արտոնյալ պայմաններով վարկի տրամադրմանը: 2 տոկոսով ավելացրեցինք պետության կողմից սուբսիդավորման չափը` համեմատած երեւանաբնակ երիտասարդ ընտանիքների: Ադյունքում որոշակիորեն պատկերը բարելավվեց` հօգուտ մարզերի: «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի շրջանակներում այս տարվա մայիսի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1803 վարկ, ընդհանուր առմամբ` 13 միլիարդ 534.5 միլիոն դրամ դրամագլխով: Սա պատկառելի գումար է: Շուրջ 5 տարվա ընթացքում այսքան ընտանիքներ կարողացել են օգտվել մեր ծրագրից: Կարծում եմ, որ ծրագիրն իր մատչելիությամբ եղել է այն գրավականը, որ այսքան թվով մարդկանց հրապուրել է, ու նրանք ուղղակիորեն անհրաժեշտ են համարել իրենց բնակարանային ապահովման խնդիրը լուծել այս ծրագրի միջոցով: Ինչ վերաբերում է մեր մյուս ծրագրին, որ իրականանում է ՀՀ Նախագահի հովանու ներքո, ապա յուրաքանչյուր տարի հիմնականում ամառային սեզոնին է համընկնում մի համալիրի հանձնման արարողությունը: Ներկայում հանձնման-ընդունման գործընթացի մեջ է Քանաքեղ-Զեյթուն համայնքում կառուցվող երիտասարդ գիտնականների, արվեստագետների եւ ստեղծագործական միությունների անդամների համար նախատեսված բնակարանային համալիրը` 292 բնակարանով: Կարծում եմ, որ մինչեւ մեկ ամսվա ընթացքում այդ գործընթացը կավարտենք, ու մեր շահառուները հնարավորություն կունենան այլեւս տոնելու իրենց բնակարանամուտը: Զուգահեռաբար, Զեյթուն համայնքում մեկնարկել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որը նախատեսված է մինչ այժմ մեր ծրագրերից դուրս մնացած շահառուների համար, ովքեր ունեն բնակարանային սուր արտահայտված կարիք: Հոկտեմբերին Ավան համայնքում կմեկնարկի Ավան 5 համալիրի կառուցումը` կրկին երիտասարդ մասնագետների համար: 1950 շահառու արդեն տոնել ու առաջիկայում կտոնի բնակարանամուտը: Այս ծրագրի դեպքում շինարարական գործընթացը համակցվում է մատչելի վարկային ռեսուրսի համադրմամբ, այսինքն` շահառուները, մի կողմից` ունենում են բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց շուկայից էապես ցածր գին, դրան գումարվում է մատչելի ֆինանսական գործիք ու արդյունքում, երկու բաղադրիչի կիրարկմամբ, մեր շատ երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում է իրապես մատչելի հնարավորություն բնակարանային խնդիրները լուծելու համար: Երբ ես էի երիտասարդ ու նոր ամուսնացած, այն ժամանակ թերեւս այս կարգի հնարավորություններ չկային: Մեզ համար` որպես նոր կյանք մտնող մարդկանց, բավականին լուրջ խոչընդոտներ կային բնակարան ձեռք բերելու առումով: Իհարկե, կյանքն առանջանցիկ տեմպերով զարգանում է, փոխվում են մարդկանց հնարավորությունները, ակնկալիքները, բայց կարծում եմ, որ նորաստեղծ ընտանիքների համար սեղծված են որոշակի հնարավորություններ: Երիտասարդները, ովքեր նոր կյանք են մտնում, նրանց եկամուտները սակավ են լինում, այդ եկամուտների պարագայում այս ծրագիրը բացառիկ է դառնում իր մատչելիությամբ: -Կարող ենք ասել, որ ծրագրերի մասնակիցների թվերը խոսուն են: Արդյո՞ք ակնկալիքներն արդարացել են: -Մեր ծրագրերը մեծ պահանջարկ ու անվերապահ հեղինակություն են վայելում: Մասնակցության ցուցանիշներից գոհ ենք, քանի որ 2009-ին` երկու ծրագրերն էլ սկսելու ժամանակ, ընդհանուր վերլուծություն իրականացրեցինք երիտասարդների շրջանոււմ, ուրվագծվեց 6-7 հազար ընտանիք, ովքեր ունեին բնակարանի խնդիր: Այժմ կարող ենք ասել, որ երկու ծրագրերի արդյունքում 50 տոկոսի չափով կարողացել ենք խնդրին լուծում տալ: Ես կարծում եմ, որ ծրագրերը գոնե առաջիկա 3-4 տարիներին շարունակական կլինեն եւ այդ կիսով չափ նշաձողը մի փոքր ավելի կավելանա: Եթե ոչ 100 տոկոս, ապա մոտ կլինենք հիմնական պահանջարկի բավարարմանը: Շարունակությունը կարդացեք www.armenpress.am կայքում: