Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-04-2012
Հայկ Կասպարով. «Ես երբեք չեմ մրցակցում»
Հարցազրույց երգիչ Հայկ Կասպարովի հետ:
Երգիչը «Երիտասարդ» օն-լայն պարբերականին պատմում է իր նոր նախագծի, վերջերս հեռուստաեթերում հայտնված տեսահոլովակի ու սպասվող երգերի, երկրպագուների, առաջիկա անելիքների, ինչպես նաեւ խոսում հայկական շոու-բիզնեսում տեղի ունեցող զանազան երեւույթների մասին: - Վերջերս վերադարձել եք հեռուստաեթեր. Ձեր նոր՝ «Սիրո տողեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը շատերին է հետաքրքրել: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր բացակայությունը: - Ոչ թե բացակայում էի, այլ զբաղված էի նոր երգերի ձայնագրմամբ: Ակտիվ աշխատանքային վիճակ էր ինձ մոտ: Այժմ ես մի մեծ նախագիծ ունեմ, որը կոմերցիոն չէ. այսուհետ կլինեն միայն դանդաղ երգերիս հիման վրա նկարահանված տեսահոլովակներ: Իհարկե, գուցե մեկ արագ երգի հիման վրա էլ տեսահոլովակ լինի, բայց, ինչպես ասում են, մեռնելով էլ լինի՝ պետք է նոր տեսահոլովակներս նկարահանվեն դանդաղ երգերի հիման վրա: - Բացի վերոնշյալ նախագծից` ուրիշ ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար: Ի՞նչ եք անելու այս տարվա ընթացքում: - Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ նոր տեսահոլովակ ունեմ: Նոր ձայնասկավառակի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այն, իհարկե, պատրաստ է վաղուց, բայց ինձ համար դրա թողարկելն է անիմաստ: - Եթե նոր ձայնասկավառակը պատրաստ է, ինչո՞ւ չեք ցանկանում այն թողարկել: - Նախ ասեմ, որ այդ ձայնասկավառակի 3-4 երգերի հիման վրա արդեն տեսահոլովակ կա նկարահանված: Պատրաստվում եմ մոտ ապագայում նկարահանել եւս 1-2 տեսահոլովակ: Նկարահանման աշխատանքները շուտով սկսվելու են: Կունենամ նաեւ երկու նոր զուգերգ: Եթե շուրջ 5-6 երգի հիման վրա արդեն տեսահոլովակ լինի նկարահանված, ապա իմաստ չկա այլեւս 12-13 երգերից բաղկացած ձայնասկավառակ թողարկելը: Երկու ձայնասկավառակ արդեն ունեմ, որոնցից առաջինը բավականին եկամտաբեր էր: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ ինձ ոչ ոք չէր ճանաչում: Երկրորդ ձայնասկավառակից ակնկալիքներս շատ ավելի մեծ էին, բայց այն եկամուտ չբերեց: 3-րդ ձայնասկավառակի պահը դեռեւս չի հասունացել, երբ զգամ, որ այն եկել է, այդ ձայնասկավառակն էլ կթողարկեմ: Գուցե նաեւ հետագայում նոր ձայնասկավառակ ունենամ հենց այնպես, այսինքն` զուտ ձայնասկավառակ ունենալու համար: - Ձեր երգերը նվիրվա՞ծ են ինչ-որ մարդկանց: - Այն գործերը, որոնք ես եմ գրել, բնականաբար նվիրում եմ ինձ հարազատ մարդկանց: Իհարկե, եղել են երգեր, որոնք ինձ ուղղակի նվիրել են: Այդ դեպքերում ես երգերիս հեղինակներին ասում եմ, թե ինչ հոգեվիճակում եմ գտնվում: Հեղինակը հասկանում է իմ հոգեվիճակը, նոր սկսում է ստեղծագործել: Հակառակ դեպքում այդ երգը կձախողվի. այն դուր չի գա ո՛չ ինձ, ո՛չ երկրպագուներիս: - Ո՞վ է Ձեր լսարանը: Ո՞ւմ համար եք ստեղծագործում: - Ամեն բան անում եմ ինձ համար: Աշխատում եմ ստեղծել այնպիսի երգեր, որոնք առաջին հերթին ես կլսեմ: Իմ լսարանը բազմազան է` առանց տարիքային սահմանափակումների: Ամեն ինչ կախված է երգերիս ճիշտ քարոզչությունից. եթե դրանք շատ ցուցադրվեն, ապա բոլորն էլ կսիրեն: - Եթերաժամանակ շատ չե՞ն տալիս: - Դե՛, այնպես չէ, որ ես այժմ բողոքում եմ: Ինչ էլ որ տալիս են, գոհ եւ շնորհակալ եմ: Իհարկե, լավ կլինի, որ ավելի շատ ժամանակ հատկացնեն իմ երգերին, բայց դրա համար չեմ ընկնում ծանոթի, բարեկամի կամ էլ հարուստ հարեւանի հետեւից: Շատերի պես հեռուստաեթերում հայտնվելու այդօրինակ մեխանիզմներ չեմ փնտրում: Եթե ես ինչ-որ գործ եմ անում ու գոհ եմ դրանից, ապա կարծում եմ, որ պետք է այն հասանելի լինի բոլորին: - Հայկական շոու-բիզնեսում ո՞ւմ հետ եք մրցակցում: Մրցակիցներ շատ ունե՞ք: - Ես երբեք ոչ մեկի հետ չեմ մրցակցում, բայց ահա ինձ հետ շատերն են մրցակցում: Երբ նոր գործ չունես, ամեն ինչ շատ լավ է, ու բոլորն էլ քո լավ ընկերներն են, բայց երբ նոր գործ ես անում, ապա ամեն բան վատանում է: Թվում է՝ ինչ-որ վատ բան ես արել: Շատերն են փորձում ինձ հետ մրցակցել: Ես այդ երեւույթը զգում եմ ու տեսնում: Այդ պատճառով էլ հայկական շոու-բիզնեսում ես ընկերներ չունեմ: Միայն մատներիս վրա կարող եմ հաշվել իրական ընկերներիս, սակայն իրենց վրա էլ 100 տոկոսով վստահ չեմ կարող լինել: Բոլորին գործընկերներ եմ համարում: - Չե՞ք վստահում մարդկանց: - Նախկինում շատ էի վստահում: Այժմ փորձում եմ չվստահել ոչ մեկին: - Ի՞նչ կասեք Ձեր երգարվեստի մասին: - Շատ-շատ եմ ասել, որ իմ երգացանկում եղել են շատ անիմաստ ու աննպատակ երգեր, որոնք, ցավոք սրտի, ավելի շատ գումարներ են ինձ բերել: Իհարկե, մեկ-մեկ այդպիսի երգեր պետք են լինում: - Իսկ ինչո՞ւ են հենց այդ երգերը Ձեզ եկամուտ ու գուցե նաեւ ճանաչում բերել: - Դրանք երգեր էլ չեն: Ավտոմեքենայի մեջ ուղղակի կարելի է լսել, որ տրամադրությունդ բարձրանա: Ասելիք ունեցող երգերս տեղ չեն հասնում: - Այդ հարցում հասարակությունը մեղք ունի՞: - Հասարակությունը մեղավոր չէ: Մենք ենք նրանց այդպես սովորեցրել, ու դրանից հետ բերելն արդեն շատ դժվար է: Պետք է շատ լավ երգեր լինեն, որ մարդիկ սկսեն տարբերել լավն ու վատը: Այդ ժամանակ էլ պետք է միայն արժեքավորը պահանջել: - Հաճախ երաժիշտները բողոքում են իրենց հեղինակային իրավունքների պաշտպանության անկարողությունից: Ի՞նչ կարծիք ունեք: - Ցավոք, այստեղ ոչինչ չի պաշտպանվում: Իհարկե, երբեմն հեղինակային երգերի համար որոշակի գումարներ ստանում եմ, բայց դա չի նշանակում, թե հեղինակային իրավունքները Հայաստանում 100 տոկոսով պաշտպանվում են: Վառ օրինակ բերեմ. վրացի երգիչ Դաթոն գողացել է 2009 թ-ին իմ կողմից ստեղծված եւ հաստատագրված «Ետ արի» երգի երաժշտությունը: Կրկներգի 16 նոտաներ համընկնում են, իսկ դա արդեն գողություն է: Եթե մենք ենք գողանում, ապա մեզ դատի են տալիս, իսկ եթե մեզնից են գողանում… Դաթոն այդ երգով այժմ շատ գումարներ է վաստակում: Կարծում եմ, որ ավելի ճիշտ ու արդարացի կլիներ, եթե ես նրանից ստանայի որոշակի փոխհատուցում, բայց… - Ինչո՞ւ չեք բարձրաձայնում խնդրի մասին: - Ինձ թվում է, որ մեզանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը պետք է ստանա պետական աջակցություն: Առանց դրա ամեն բան շատ դժվար է վերահսկել: Խնդիրը շատ գլոբալ է: Հսկողության հնարավորությունները մեզ մոտ շատ սահմանափակ են: Մեծ աշխարհ է, իսկ նոտաներն էլ շատ-շատ չեն, երբեմն կարող են համընկնել: Ով հենց սկզբից հայտագրում է իր երգը, ուրեմն նրան է պատկանում հեղինակային իրավունքը, իսկ մեզ մոտ այս կանոնը չի գործում: Փորձում ենք չհամակերպվել ստեղծված իրավիճակին, բայց ստիպված կրկին համակերպվում ենք: Մտածում ենք, դե՛, այսպես էլ պետք է լինի: - Երբեւէ կերգեի՞ք թեկուզ մեկ երկրպագուի համար, ով եկել է Ձեր համերգին: - Եթե ինչ-որ մարդ գնել է իմ համերգի տոմսը եւ եկել ինձ լսելու, ապա ես պարտավոր եմ մինչեւ վերջ երգել նրա համար: Մեկ հոգուց գուցե ավելի շատ էներգիա ու դրական լիցքեր ստանաս, քան հազարավորներից: Եթե նա եկել է քեզ լսելու, պարտավոր ես նրան չհիասթափեցնել: - Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն հանդիսատեսի ծափերը: - Դրանք հույս են տալիս քեզ, որ լավ գործ ես անում, ու դրդում չհեռանալ այս ասպարեզից: Այդ ծափերի շնորհիվ ես հետագայում նոր աշխատանքներ եմ կատարում: Լինում են պահեր, երբ ասում ես` վերջ, բայց ծափերը օգնում են վերադառնալ ու պայքարել: - Կուզեի՞ք արժանանալ «Տարվա լավագույն երգիչ» կոչմանը: - Իսկ ո՞վ է շնորհում այդ կոչումը: Ի՞նչ սկզբունքներով են որոշում «Տարվա լավագույն երգչին»: Երբ այդ հարցերի պատասխանը պարզ լինի, ես կասեմ, թե արդյոք լավագույնը դառնալու ցանկություն ունեմ: Իսկ ընդհանրապես ես ինձ չեմ տեսնում այդ կոչմանն արժանի: Ինձնից ավելի լավ վոկալային տվյալներ ունեցող երգիչներ էլ կան: - Ստեղծված պայմաններից գո՞հ եք: -Եթե մի ժամանակ նեղվում էի, ապա այժմ ավելի շատ եմ աշխատում: Ապացուցում եմ ինքս ինձ ու այլոց, որ նույնիսկ այս պայմաններում կարելի է լավ գործեր անել: Սկզբից քեզ պետք է ապացուցես, նոր` կողքիններիդ: Ես ամեն բան անում եմ ինձ համար, իսկ կողքիններս թող տեսնեն: Լա՞վ, թե՞ վատ կընդունեն դրանք, դա արդեն իրենց խնդիրն է: - Ի՞նչ է Ձեզ համար անձնական կյանքը: - Անձնական կյանքս խիստ գաղտնի է, փակ, ու այն միայն իմն է: Իմ ծնողներին անգամ թույլ չեմ տալիս ներխուժել այնտեղ: Այն ոչ մեկի համար հասանելի չէ: Ժամանակը կգա, մարդիկ կիմանան, թե ինչ նորություններ կան նաեւ այդ տեսանկյունից: Քիչ է մնացել, թող համբերեն: - Ձեր սանրվածքը շատ փոփոխական է, ու շատերն են այն քննարկում: Ինչո՞ւ: - Այդ փոփոխություններն անձնական ցանկությանս արդյունքն է: Կարեւորն այն է, որ հանգիստ լինեմ ու լավ զգամ, կողքիններիս հաճախ ուշադրություն չեմ դարձնում: Երբեմն մարդիկ սկսում են ինձ կրկնօրինակել, բայց` ոչինչ, թող սովորեն: Նման դեպքեր, իրոք, շատ-շատ են եղել, սակայն այս դեպքում փակագծերն արդեն չեմ բացի: Հարություն Ծատրյան