Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 12-12-2015
«Ո՞րն է ֆանատիզմի թույլատրելի սահմանը…»
Ի՞նչ ասել է ֆանատիզմ, արդյո՞ք այդ երեւույթը չափազանցված է, թե՞ իսկապես ունի իր բացասական, հաճախ նաեւ անդառնալի հետեւանքները:
Ովքե՞ր են ֆանատները, ինչպե՞ս են դառնում այդպիսին, եւ մինչեւ ուր կարող է տանել նրանց սերը այս կամ այն մարդու նկատմամբ: Մենք փորձել ենք համակողմանիորեն ուսումնասիրել երեւույթն ու ներկայացնել ձեզ: Մելինեն ուսանողուհի է, երկրպագում է երգիչ Ջասթին Բիբերին. չի կարող բացատրել, թե՝ ինչու, բայց միանգամից ժխտում է այն տարածված կարծիքը, թե Բիբերին սիրում են տեսքի համար. «Նա լավ ձայն ունի, լավ է երգում, երկրպագուների հետ ակտիվ շփվում է, բացի դրանից՝ նա այն քչերից է, ովքեր մասնակցում են մեծ թվով բարեգործական ծրագրերի»: Երգչի մասին Մելինեն ամեն ինչ գիտի, բաց չի թողնում ոչ մի նորություն ու հետաքրքիր փաստ: Գիտի նույնիսկ այնպիսի մանրամասներ, որ քչերս գիտենք մեր մասին. «Բիբերը ծնվել է մարտի 1-ին՝ 12:56-ին՝ երեքշաբթի, անձրեւոտ մի օր»: Այն հարցին, թե ինչ կանի, եթե երբեւէ տեսնի Բիբերին, Մելինեն պատասխանում է. «Կգրկեմ, կհամբուրեմ, կասեմ, որ հպարտանում եմ իրենով եւ կխոստովանեմ, որ իր երգերն ինձ կյանքում շատ են օգնել ու քաջալերել»: Ֆանատիզմն ինքնին հասարակության մեջ արմատացած է որպես բացասական երեւույթ. այն հաճախ նույնացվում է դեռահասության, մոլեռանդության, խելագարության ու ծայրահեղության հետ: Ֆանատիզմի լուրջ դրսեւորումներ մենք հաճախ տեսնում ենք աշխարհահռչակ արտիստների համերգների ժամանակ, երբ մի խումբ երիտասարդներ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն այն բանի, որ մի պահ դիպչեն իրենց կուռքին կամ հայացք փոխանակեն: Մելինեն չի ընդունում ֆանատիզմի ծայրահեղ դրսեւորումներն ու քննադատում է նրանց, ովքեր իրենց վնասում են՝ հանուն որեւէ մեկի. «Իմ կարծիքով՝ դա արդեն ոչ թե ֆանատիզմ է, այլ շեղվածություն, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: Մեր մյուս հերոսուհին՝ Լիանան, ապագա լեզվաբան է, արդեն 5 տարի է, ինչ երկրպագում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին. հետեւում է բոլոր խաղերին, տղաների մասին գիտի ամեն ինչ, իսկ թե ինչպես է հետեւում խաղերին, ամենալավը գիտեն տանն ու հարեւանները, բայց դա այդքան էլ չի անհանգստացնում Լիանային. «Կապ չունի՝ դա առաջին գոլն է, թե հինգերորդ, միեւնույնն է, ես նույն կերպ եմ արձագանքում. ինչքան ուժ ունեմ, գոռում եմ գոոոո՜լ ու սկսում թռվռալ… Այդ պահին չեմ մտածում, թե ժամը քանիսն է, եւ կարող եմ արթնացնել հարեւաններին, այնքան եմ ուրախանում, որ չեմ կարողանում ինձ զսպել»: Լիանան մեծ խանդավառությամբ պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել ներկա գտնվել «Բարսելոնա»-«Սեւիլյա» ֆուտբոլային հանդիպմանը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում. «Ես ու ընկերուհիս մեծ դժվարությամբ ձեռք բերեցինք տոմսերը. դա մի անբացատրելի զգացողություն էր, նույնիսկ վերադառնալիս չէի հավատում, որ իրականում ես եղել եմ այնտեղ, իսկ այն, ինչ կատարվում էր մարզադաշտում, պարզապես անպատմելի է»: Լիանան մեզ հետ զրույցում հատուկ շեշտեց, որ ֆանատիզմը վատ երեւույթ չէ, եւ այն ոչ միայն իրեն երբեւէ չի վնասել, այլեւ օժտել է լավագույն հատկանիշներով. «Հավատարմություն, ընկերասիրություն, մարդասիրություն. ես սրանք եմ սովորել «Բարսելոնայից»»: «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգեբանական տեսանկյունից ֆանատիզմն անձի կողմից ծայրահեղացված իդեալի ստեղծումն է. «Ֆանատիզմը համարվում է ոչ նորմալ երեւույթ: Քանի որ անձը ոչ թե ձգտում է ինքնազարգացմամբ հասնել այդ իդեալին, այլ պարզապես նմանակում է նրան: Գաղափարական ֆանատիզմի դեպքում էլ, կտրվելով իրականությունից, կուրորեն տարվում են որոշակի գաղափարներով, իսկ դրանց հասնելը դառնում է ինքնանպատակ: Կրոնական, գաղափարական եւ քաղաքական ֆանատիզմի վառ օրինակ են բազմաթիվ կրոնական աղանդները, «Իսլամական պետություն» կոչվող կրոնաքաղաքական շարժումը եւ այլն: Այս ամենի ֆանատիկ գործունեության բացասական հետեւանքները մեր օրերում նույնպես ակնհայտ են եւ ակտուալ»: Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ֆանատիկին ինչ է տալիս ինչ-որ մի բանով կամ ինչ-որ մեկով այդքան տարվելը, հոգեբանը նկատում է, որ ֆանատիզմը հոգեբանական պաշտպանական մեխանիզմի նման երեւույթ է, երբ անձը, իրականության մեջ ունենալով իրեն չբավարարող հոգեվիճակ, «ստեղծում է» ցանկալի մի աշխարհ, որի մեջ իրեն զգում է ավելի լավ. «Հատկանշական է, որ մարդիկ ֆանատիզմով տարվում են կյանքի որոշակի ժամանակահատվածում, երբ անձն ունի ինքնահաստատման, ինքնաբավարարվածության զգացման պակաս, գտնվում է տարիքային զարգացման անցումային շրջանում: Սկսած դեռահասության ճգնաժամից եւ երիտասարդության տարիքն ընդգրկող ողջ ժամանակահատվածում անձը ինքնակայացման եւ ինքնահաստատման գործընթացների մեջ է, եւ հենց այդ տարիքում կյանքի ակտիվ կենսագործունեությունից բխող բուռն ապրումներն ու զգացումները երիտասարդներին մղում են նման տարվածությունների»: Մինչդեռ հարկ է հստակ սահմանազատել. արդյո՞ք որեւէ թիմի կամ արտիստի երկրպագելը նշանակում է տառապել ֆանատիզմով: Հոգեբանները եկել են այն եզրահանգմանը, որ յուրաքանչյուր անհատ իր կյանքի առաջին կեսում կարող է ենթարկվել ֆանատիզմի ազդեցության: Մինչդեռ յուրաքանչյուր մարդ կարող է պահպանել սահմանագիծը եւ չընկնել ծայրահեղությունների գիրկը, որը հետագայում կարող է վատ ազդեցություն ունենալ կյանքի վրա: Սաթենիկ Խաչատրյան