Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 21-11-2015
Տավուշի թագուհին
Հայաստանի Տավուշի մարզում՝ Փամբակ եւ Մորղուս Արեգունյանների ընտանիքում է ծնվել Դիլիջան-Հովք Փամբակի Արեգունյանը:
Դիլիջան-Հովքն ունի 2 անուն: Նրան ընտանիքում անվանում են Հովք, իսկ դրսում հայտնի է Դիլիջան անունով: Դիլիջանն ունի մեկ եղբայր, որի անունն է Աղստեւ, եւ նրանք ապրում են հաշտ ու ներդաշնակ: Արեգունյանների տունը միշտ հյուրառատ է: Ընտանիքի մայրը, ով տնային տնտեսուհի է, բոլորին զարմացնում է իր խոհարարությամբ: Ովքեր այցելում են Արեգունյաններին, բոլորին պատմում են իրենց ընտանեկան ավանդույթների, լեգենդների մասին: Դիլիջանը, ով համեստ, խաղաղասեր, նրբանկատ, ռոմանտիկ ու զգացմունքային աղջիկ է, իր հեզությամբ գերել է բոլոր տղաների սրտերը: Անընդհատ մայրը նախատում է աղջկան. «Աղջի՛կս, դու այդքան լավն ես, երկրպագուների պակաս չունես, արագացրո՛ւ, ամուսնացի՛ր, գոնե քեզ էլ երջանիկ տեսնեմ»: Մի օր, երբ կապուտաչյա Դիլիջան թագուհին՝ մետաքսյա ոսկեկար հանդերձանքը հագին, ուսերին գցած արքայական շափյուղայի եւ ալմաստե քարերով թիկնոցը, զմրուխտե թագը գլխին, Աղստեւի ու նրա հինգ զավակների հետ շրջում էր արքունիքում, հանկարծ հայտնվում է հարեւան արքունիքի թագավորի տղա Տավուշը, ում ձեռքին կար մեծ փունջ դաշտային գունագեղ տարբեր ծաղիկներ, ու տեսնելով իշխանուհուն՝ շփոթվում է՝ կարմրելով խնդրում է, որ իրենց մենակ թողնեն: Իշխանուհի Դիլիջանն առաջին հայացքից սիրահարվում է հարեւան թագավորի տղային: Ի ուրախություն Դիլիջանի ծնողների՝ Տավուշի թոռ Դիլիջանն ամուսնանում է ու դառնում մեծ կարողության տեր: Ամուսնու հետ Դիլիջանն իր պապերի հողում կառուցում է հուշարձաններ, պատմամշակութային կոթողներ, մատուռներ, ու քանի որ նա անչափ աստվածավախ է ու հայրենասեր, իր ամուսնու հետ հիմնում է եկեղեցիներ ու անվանում իրենց զավակների անուններով. Հաղարծին, Գոշավանք, Մաթոսավանք: Եվ ծնվում են Դիլիջանի երկվորյակ զավակները: Նրանք անվանվում են իրենց մեծ պապի անունով՝ Ջուխտակ վանքեր: Դիլիջան թագուհին ունենում է հինգ զավակ՝ իր եղբոր՝ Աղստեւի նման: Դիլիջանի պապ Տավուշը միշտ երազել էր զույգ երեխաներ ունենալու մասին, ու նրա թոռն ի կատար է ածում պապի այդքան մեծ բաղձանքը: Այսօր Դիլիջան թագուհին ունի մեծ թագավորություն եւ իր նազիր-վեզիրների՝ Պարզ լճի եւ Տզրկայի հետ ստեղծել է մեծ իշխանություն: Իսկ պալատի ծառայականները՝ Թեղուտը, Հաղարծինը, Գոշը, Հովքը, Խաչարձանը ու Աղավնավանքը, խոնարհվում են իրենց թագուհու առաջ, եւ աշխատում են տոն դարձնել թագուհու եւ Տավուշ արքայի օրը: Արեգունյանների արքայությունում տոն է ամբողջ օրը, պալատական կենդանի երգչախումբն ամեն օր գովում ու փառաբանում է իր թագուհուն: Միայն տեսնել է պետք այս թագավորության բնություն համույթի համերգը: Արեգունյանների արքունիքը սկսվում է ոլորաններից: Պալատի ընդունարանում հրաշք հեքիաթային այգի է, որտեղ Գետակը սոխակների, թռչունների եւ միջատների հետ ներդաշնակ երգում ու մեծարում է իրենց թագուհուն, իսկ ծառերն ու ծաղիկները պատված են անաղարտի ու հեքիաթի երանգներով, զեփյուռի մեղմ ու հեզ օրորով քեզ առնում են իրենց ձեռքերի վրա եւ տանում արքունիքով: Անձրեւն էլ ասես իր հանդարտ ռիթմով մեղմ ծափ է տալիս: Իսկական բնության համերգ, որ միայն կարող եք տեսնել Արեգունյանների արքունիքում: Դա միայն տեսնել եւ զգալ է պետք: Փամբակ եւ Մորղուս Արեգունյանների թագավորության դարպասները միշտ բաց են իրենց արքունիք այցելողների առջեւ: Սեր, կյանք, բնություն, ներդաշնակություն, մարդկային եւ արվեստի գնահատման արժեքներ կան այս արքունիքում: Գիտեն, թե ինչպես դիմավորել ու պատշաճ, բարձրաշխարհիկ ընդունել եւ ճանապարհել հյուրին: Երեւի աշխարհի ու Հայաստանի ոչ մի անկյունում չկա նման տեղ: Հավատացե՛ք, այցելե՛ք, եւ խոսքերը գովեստ չեն դիտվի: Հեղինակ՝ Արեգունյան արքունիքի պալատական Վաչե Գրիգորյան